RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 03-06-2016



ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԿԱՀԻՐԵՈՒՄ

Տեղադրվել է` 2016-06-03 23:26:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1153, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Նաիր ՅԱՆ

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը նորից Հայաստանում է: 15 տարի առաջ է առաջին անգամ մեր երկիր եկել ու ժամանակի ընթացքում ավելի թարմացնելով իմացությունները հայ մշակույթի մասին` ուղղակի սիրահարվել է Հայաստանին: Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալով` նա Ամերիկայի տարբեր միջավայրերում պաշտպանել է պատմական ճշմարտությունը:

Դանիել Դեքերի հայաստանյան այցերը մշտապես կապված են կոմպոզիտոր, երաժիշտ Արա Գեւորգյանի նոր նախագծերի հետ: Ամերիկացի երգիչը հայկական երգերի մի ամբողջ շարք ունի` «Դլե յաման», «Ադանա», «Կիլիկիա», «Նազանի». ձայնագրել է նաեւ «Ես հայ եմ` իմ ընտրությամբ» ձայնասկավառակը: Թող զարմանալի չթվա այս խորագիրը. Դանիելն անցյալ տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ՀՀ քաղաքացիություն է ստացել: Նրա հայկական անձնագիրը ցուցադրվել է BBC-ի ուղիղ եթերում: Այդ ժամանակ էլ հենց նա կատարել է «Կիլիկիա» երգը, որին հետեւել է թուրք-ադրբեջանական վայնասունը: Համացանցով Դեքերն այսօր էլ սպառնալիքներով լի բազմաթիվ նամակներ է ստանում: «Ես ամենայն մանրամասնորեն ներկայացնում եմ թուրքերին պատմական ճշմարտությունը: Միայն տեսնել է պետք, թե նրանք ինչպես են փափկում. սպառնալիքները տեղի են տալիս մեղայական արտահայտություններին: Թուրքերը խոստովանում են, որ երբեք չեն իմացել Հայոց ցեղասպանության մասին, ընդհակառակը` թուրքական իշխանությունների պնդմամբ` հայերն են կոտորել թուրքերին: Ահա թե որտեղից է ծագում հայատյացությունը Թուրքիայում»,- պատմում է Դանիել Դեքերը:

Մի անգամ Սիրիայում Դեքերը ենթարկվել է թուրք հսկիչի հարձակմանը: Ծեծկռտուքի պատճառը եղել են նրա «Ադանա» եւ «Կիլիկիա» երգերը: Երգիչը վարժվել է թուրքական ագրեսիային եւ շարունակում է երգի միջոցով, երաժշտության լեզվով միջազգային հանրությանը տեղեկացնել Մեծ եղեռնի մասին:

Արա Գեւորգյանի երաժշտության հիման վրա Դեքերն անգլերեն տեքստ է գրել: Նախ ուսումնասիրում է թեման. այդպես է ծնվել «Ադանա» ստեղծագործությունը: Երգիչը մեկ տարի պատմական տեղեկություններ է քաղել Ադանայի հայկական ջարդերի մասին ու գրել երգի բառերը: Երգը թարգմանվել է 20 լեզվով:

Արա Գեւորգյանը նոր երաժշտություն է գրել: Այդ առիթով էլ Դանիել Դեքերը նորից Հայաստանում է: Լսել է նոր ստեղծագործությունը եւ վճռել բառեր գրել: Երգը կոչվելու է «Արաքս»: Հայկական թեման շարունակվում է: Դեքերը պատմում է.«Տարիներ առաջ ես եղել եմ Արաքսի ափին: Տեսել եմ գետի մյուս ափին կանգնած զինվորներին, որոնց հրացաններն ուղղված էին Հայաստանի կողմը: Անարդար է. այդ հողերը հայկական են` բռնազավթված թուրքերի կողմից: Վաղուց ժամանակն է, որ Արաքսը ոչ թե բաժանի, այլ միավորի հայկական երկու հայրենիքները»:

«Արաքս» երգը պատմելու է հեղինակի հենց այս զգացողությունների ու համոզմունքների մասին: Դանիել Դեքերը սեպտեմբերին հանդես կգա մենահամերգով ու կնչեցնի իր երկացանկի բոլոր հայկական երգերը: «Արաքսի» պրեմիերան տեղի կունենա հենց այդ ժամանակ: Մինչեւ աշուն երգը կձայնագրվի: Դեքերը մեծ ցանկություն ունի ելույթ ունենալ նաեւ Արցախում: Գիտե, որ այդ համերգն իր վրա կհրավիրի օտարերկրացիների, նաեւ ադրբեջանցիների ուշադրությունը: Այն համոզմունքը, որ նա հայտնում է տարբեր միջավայրերում, թե Արցախը հայերի հայրենիքն է, նա կհնչեցնի նաեւ բեմից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ