ԿԱՄԵՐԱՅԻՆ ԱՂԱՉԱՆՔ Նաիր ՅԱՆ Աստծուն ու աշխարհին Կամերային թատրոնի խաղացանկում նոր ներկայացում է ընդգրկվելՙ «Ճերմակ արագիլները»: Թեման ապրիլյան քառօրյան է: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Արա Երնջակյանը պրեմիերայից առաջ պատմեց նոր բեմադրության մտահղացման պատճառների, նպատակների մասին: «Կամերային թատրոնը միշտ արձագանքել է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, եւ բնական է, որ ապրիլյան պատերազմը եւս արտացոլվեց մեր խաղացանկում: Ամեն ինչ արվել է ընդամենը մեկ ամսում: Տասը-տասներկու օրում եմ գրել պիեսը: Մեր կարծիքովՙ այս ներկայացումը պետք է բոլորը դիտեն, որովհետեւ սա յուրաքանչյուր հայի սրտի խոսքն է: Ծանր զգացողություններ կունենա հանդիսատեսը: Այստեղ չկա դերասանական խաղ. սա ներկայացում չի, այլ քառաձայն մոնոլոգ: «Ճերմակ արագիլները» նվիրվում է մեր զոհված տղաների հիշատակին: Պիեսի հորդորն էՙ բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,-ներկայացրեց Արա Երնջակյանը: Չորս դերասաններՙ Մխիթար Ավետիսյանը , Ռաֆայել Երանոսյանը , Վահե Զիրոյանը եւ Սենիկ Բարսեղյանը արտասանեցին մոնոլոգներ, որոնք երբեմն հարցուպատասխանի էին վերածվում: Իսկ մեծ մասամբ դրանք դատապարտող, քննադատող, մեղադրող խոսքեր էին: Դերասանները ոչ թե կերպար էին մարմնավորում, դեր տանում, այլ ասմունքում, տեքստեր էին արտասանումՙ հնչեցնելով նաեւ ապրիլյան պատերազմում մեր զոհված տղաների անունները: Արա Երնջակյանը քաղաքական, պատմական էքսկուրս էր կատարելՙ անդրադառնալով ցեղասպանությանը, անտարբեր Եվրոպայի երկդիմի քաղաքականությանը, Թուրքիայի հայատյաց, հայակործան նպատակներին, մեծ տերությունների շահադիտական դիրքորոշումներին: Ինչպիսին եղել են նրանք մեկ դար առաջ, նույնպիսին մնացել են, ու այդ ժամանակահատվածում միայն խաբել են Հայաստանին, դավաճանել, ճշմարտության առաջ աչք փակել ու պաշտպանել ուժեղի, բռնակալի, սանձարձակի շահը: Մենախոսություն-ներկայացումն ամբողջովին բողոք ու նախատինք էր, ամբողջովին ողբ ու հայհոյանքՙ ուղղղված Ամերիկային, Եվրոպային, Ռուսաստանին եւ, իհարկե, Թուրքիային ու Ադրբեջանին: Փաստորեն, նրանք են մեղավոր, որ Ադրբեջանն անարգել, ուխտադրուժ կերպով ապրիլմեկյան գիշերը գաղտագողի մոտեցավ մեր սահմաններին ու հանկարծակիի բերեց մեր զինվորներին, հարձակվեց արցախյան գյուղերի վրաՙ սանձահարելով նոր պատերազմ ու նոր սպանդ: Կամերային թատրոնի նոր ներկայացումը բողոքի ճիչ էրՙ ուղղված անարդար ու անգութ աշխարհին, որի աչքի առաջ Ռամիլ Սաֆարովը կացնահարում է հայ սպային ու հերոսի կոչում ստանում, Ադրբեջանն իր ժամանակակից սպառազինությամբ գրոհել է Արցախի վրա ու սպանել մեր պատանի զինվորներին, գլուխները կտրել ու դարձյալ անպատիժ մնացել: Պաթետիկ, վերամբարձ-զգացմունքային, հուզմունք կորզող արտահայտություններից բացի, ծաղրանքի, հայհոյանքի, նախատինքի ու լուտանքի տարափ տեղաց անտարբեր Եվրոպայի ու Ռուսաստանի գլխին, որովհետեւ նրանք իրենց շահերն են առաջ տանում ու նավթադոլարները գերադասում արդարությունից ու ճշմարտությունից: Հռետորական հարցեր, դժգոհության աղաղակներ, կուրծքծեծոցի, թե ինչու է աշխարհն այսքան անարդար, ինչու մեծ տերություններն այդքան կույր են ու կողմնակալ, չեն տեսնում, որ թուրքացման վտանգը նաեւ Եվրոպային է սպառնում: Իսկ մենքՙ փոքրիկ մի երկիր, խեղճ, հինավուրց, շատ բան կորցրած, անընդհատ կառչում ենք մեծերի փեշից ու նորից խաբվում, նորից հիասթափվում ու հարվածներ ուտում մեր գլխին ու թիկունքին: Ու նորից մեր զոհված պատանիների կորստյան ցավը մրմռացնում է մեր սրտերը, նորից ողբաձայն արդարություն ենք աղերսում: Բայց ումի՞ց. աշխարհի՞ց: Օ՜, ո՛չ, արդեն որերորդ անգամ մենք խաբված ու լքված ենք դուրս գալիս խաղից: Ու այ քեզ բան, Աստված էլ է մեզնից արդեն որերորդ անգամ երես թեքել: Երբ Ռուսաստանը զենք էր ծախում Ադրբեջանին, Աստված ու Եվրոպան ինչո՞ւ չէին կանխում դա, չգիտեի՞ն, որ Ադրբեջանը ոչ բարի նպատակներով է այդ զենքն առնում: Իսկ այդ նույն Ռուսաստանն ինչո՞ւ չպաշտպանեց իր պստիկ եղբորը: Իսկ երբ ադրբեջանցիները կրակում էին մեր զինվորների վրա, Աստված ինչո՞ւ այդ գնդակների ճանապարհը չշեղեց դեպի այլ կողմ ու այնպես արեց, որ դրանք խոցեն ու սպանեն մեր տղաներին: Աստծուն ուղղված մեղադրանքների, բողոքի տարափն ավելի անխնա ու անզուսպ էր: Ախր մենք հավատավոր ազգ ենք, Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ թուրքերն ապրեն աշխարհի երեսին, ինչո՞ւ չի վերացնում այդ կեղտոտ քոչվորներին: Իսկ գեյերով ու անբարո բարքերի դրսեւորումներով լցված Եվրոպան, որ ծաղրանքի ու էժանագին վերաբերմունքի է արժանի, որտե՞ղ է թաքցրել իր խիղճը: Հռետորական հարցերի, ժողովրդախոսակցական բառաֆոնդով արտայատված ծաղրանքի հորձանքը չխնայեց ոչ Օբամային ու Մերկելին, ոչ Մեդվեդեւին ու Նազարբաեւին, ոչ Լուկաշենկոյին ու Մեհրիբանին, ոչ էլ, առավել եւս, Ալիեւին ու էրդողանին: Բայց գթասրտորեն ու նրբանկատորեն խնայեց մեր ներսի մեղավորներին ու հանցավորներին: Մենք զենք չունենք. Ռուսաստանն է մեղավոր, մեր սահմանները բզկտվում ու գնդակոծվում են. Օբաման ու Մերկելն են մեղավոր, Ծովից ծով Հայաստանից ու քառասուն միլիոն հայերից մի թզաչափ հող ու մեկուկես միլիոն բնակչություն է մնացել. Աստվածն է մեղավոր: Ո՞ւմ էին ուղղված կամերային թատրոնի դերասանների բողոքի ճիչերը, ո՞վ է նրանց երբեւէ լսելուՙ Օբամա՞ն, Մերկելը, թե՞ Պուտինը: Հազար ու միլիոն անգամ ապացուցված պատմական ճշմարտությունները, ողբերգական ներկան նորից ներկայացնել հանրությանը եւ այն էլ բեմից, ի՞նչ իմաստ ունի, երբ որեւէ ելք, լուծում, ճանապարհ, իրավիճակը հաղթահարելու գաղափար առաջ չի քաշվում: Երբ ասածիդ մեջ ուղերձ չկա, կոչ չկա: Ընդհակառակըՙ հստակ բացատրվում է, որ մենք անզոր, կոտրված մեջքով, սրա-նրա ոտքի կոխան դարձած երկիր ենք, որն անզոր է սեփական ուժերով որեւէ խնդիր լուծել, իր շահերն առաջ տանել, անկարող, անունակ է պաշտպանել ինքն իրեն: Եվ այս նրկայացումը կամերային թատրոնը մտադիր է տանել Արցախՙ զորամասեր: Ո՜վ հայ ժողովուրդ, դու անզոր ես, կախյալ, անօգնական, քո զավակները թշնամու թնդանոթների բերանին մերկ կանգնած են, աշխարհը կույր է ու խուլ, իսկ Աստվածՙ մեզնից երես թեքած ու զարմանալիորեն սառնասիրտ: Պաթետիկ, հուզումնառատ, լալահառաչ ողբասացության բազմաթիվ հաջողված ու անհաջող օրինակներ ունենք մեր գրականության մեջ: Դրանք բազմիցս բեմ են հանվել, արցունք ու բողոքի անհասցե աղաղակներ կորզել, կուրծք ծեծելու ու հեծեծելու պատճառ դարձել, իսկ ի՞նչ են տվել հանդիսատեսին, ի՞նչ լուծումներ են առաջ քաշել, պայքարի, աշխարհի հետ հավասար իրավունքներով ոտք գցելու ի՞նչ տեսլական են նախանշել: Հարյուր տարի առաջ Սիամանթոն, Վարուժանը, նրանցից հետոՙ Կապուտիկյանը, Սեւակը իրենց գրական երկերում նույն հեծեծանքն ու ողբն են բարձրացրել. լավ, հարյուր տարի անց ոչինչ չի՞ փոխվել: «Ո՜վ արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ»-ը դեռ ուժի մեջ է: Փաստորեն: Էլի Եվրոպային, Ռուսատանին ու Աստծո՞ւն ենք մեղադրում: Ուրիշ մեղավորներ չկա՞ն, թե իրական մեղավորների մասին չի թույլատրվում խոսել: Ինչքա՞ն կարելի է թոզ փչել ժողովրդի աչքերին ու այն էլՙ բեմից: Կոտրված, վախվորած սրտի խոսք մեր զինվորներին պետք չէ, պարոնա՛յք, մեր հանդիսատեսն էլ դրա կարիքը չունի: Անթիրախ, անփամփուշտ կրակոցներ պետք չեն մեզ: Բեմը, արտիստը, ռեժիսորը պետք է գեղարվեստի լեզվով սթափության, զգոնության, պայքարի, կենսական ճիշտ մոտեցումների, ազգային գաղափարախոսության կոչեր անեն, ոչ թե անզորության, անճարության սերմեր ցանեն, ձեռքը փրփուրին գցած խեղդվողի հոգեբանություն տարածեն: Ցավալին այն է, որ նման մտածելակերպ, խոսք հրամցվում է կենսագրություն ունեցող մտավորական-արվեստագետի կողմից, ու ավելի ցավալի է, որ նա լայն լսարան է ունենալու: Սա սովետական դպրոցի սովետական ուսուցչի նախաձեռնած թեմատիկ հանդես չէ, այլ պետական թատրոնի խաղացանկային ներկայացում: Եթե մերօրյա մտավորական-արվեստագետը չի կարող ճշմարտության աչքերին համարձակ նայել, ուրեմն թող բարեխղճություն ունենա չմոտենալ ազգային թեմաներին, ազգային ցավին, թող ձեռքերը հեռու պահի մեր բաց վերքից, որի վրա աղ լցնողներն ամենեւին էլ Եվրոպան, Թուրքիան, Ռուսատանը եւ առավել եւսՙ Աստվածը չէ: Գոռոց-աղաղակով, սրտաճմլիկ հեծեծանքով, հառաչանք ու արցունք փախցնելու ձգտումով բեմադրություն չեն կառուցի: Ազնիվ չէ, պարոնայք: Ճշմարիտ է այն խոսքը, որը գիտակցության քնած բջիջ է արթնացնում, զգացմունքի լարը շարժում, պայքարի կրակ բորբոքում, լավին, առաջընթացին, ապագային ձգտելու հեռանկարներ ստեղծում: Թե չէ օձի գլուխը թողածՙ նրա պոչի հետ կռիվ եք տալիս: Բեմից լավամարդ երեւալու խնդի՞ր ունեք, պարոնա՛յք: 25 մայիս 2016 |