RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 03-06-2016



ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ

Տեղադրվել է` 2016-06-03 23:26:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2228, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՒՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ - PERPETIUM MOBILE

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Սուրեն Գեղամի Զոհրաբյանն այն մարդկանցից է, ովքեր լեգենդ են դառնում իրենց կենդանության օրոք: Նրա կատարած վիրահատություններն այնքան բարդ են, բազմահազար ու վերտուոզ, որ ի զորու էին կյանքի կոչվելու միայն լեգենդար մարդու կողմից: Նրա անցած կյանքի ուղինՙ Մեծ հայրենականի ռազմաճակատային վիրաբույժից մինչեւ նեյրովիրաբուժության հիմնադիրը Հայաստանում, գիտնական, որը ղեկավարել է հեղինակավոր բուժհաստատություններ Մոսկվայում եւ Երեւանում, ստեղծել նյարդաբանական կենտրոններ Իրաքում եւ Զամբիայում, մարդ, որն այսօր աշխատում է իր իսկ անունը կրող ամբիոնում, թույլ են տալիս նրան կոչել բժշկագիտության լեգենդար կազմակերպիչ: Սուրեն Գեղամիչը ծնված օրիցՙ 1921 թվականից մինչեւ այսօր ապրում է, աշխատում է ի նպաստ մեր հայրենիքի: Եվ աշխարհի յուրաքանչյուր անկյունում, ուր նա հանդես է եկել որպես վիրաբույժ եւ գիտնական, բարձր է պահել հայի անունը: Այնպես որ, նրա համարյա մեկդարյա կյանքի պատմությունը կարող է համարվել եւ իր հայրենիքի պատմությունը:

Նա մեր ժամանակակիցն է, շատերիս բարեկամն ու ուսուցիչը, մեր մեծ խորհրդատուն եւ ընկերը:

***

Ավետիք Իսահակյանի կյանքի վերջին Նոր տարինՙ 1957 թվականը, բանաստեղծի մենատունՙ Պլեխանովի 32, եկել էին շնորհավորելու մի շարք հայ անվանի բժիշկներ, որոնց թվում էին նրա հին ընկերներըՙ Լեւոն Անդրեեւիչ Հովհաննիսյանը, Ռուբեն Յոլյանը, Քրիստափոր Պետրոսյանը, Մելիք-Փարսադանյանը, Ռուբեն Պարոնյանը եւ նրանց հետՙ բոլորովին երիտասարդներՙ Պարգեւ Մարգարյանը, Ավետ Մինդոյանը եւ Սուրեն Զոհրաբյանը: Այսօր այս «ոսկյա համաստեղությունից» մեզ հետ է միայն Սուրեն Զոհրաբյանը:

Սուրեն Գեղամիչը պատմում է, որ հայ բժիշկների հետ Վարպետի ունեցած զրույցից իրենց շատ զարմացրել էին բանաստեղծի հարուստ գիտելիքները բժշկության բնագավառում: Երբ Վարպետին հարցրել են այդ մասին, նա պատասխանել էր. «Մի՛ մոռացեք, որ ես Վիեննայում, 1893 թվականին մեկ տարի ուսանել եմ տեղի համալսարանի Անտրոպոլոգիայի (մարդաբանության) ֆակուլտետում, հետագայում էլ մշտապես հետաքրքրվել եմ բժշկագիտության նվաճումներով: Եվ տարիներ շարունակ ընկերություն եմ արել ձեզ հետՙ իմ շատ սիրելի բժիշկներ»:

***

Նույնպես շատ վաղ շրջանիցՙ 1954 թվականից, Սուրեն Զոհրաբյանը ընկերական ջերմ հարաբերություններ է ունեցել Մարտիրոս Սարյանի հետ: Տաղանդավոր երիտասարդը առաջին իսկ հանդիպումից իր գիտելիքներով, իր հետաքրքրական մտածողությամբ գրավել է Մարտիրոս Սերգեեւիչի ուշադրությունը: Եվ այն շրջանում, երբ Սուրեն Գեղամիչը աշխատում էր Մոսկվայում, ակադեմիկոս Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության համամիութենական ինստիտուտում, Սարյանը շատ հաճախ էր լինում Մոսկվայում, եւ նրանք հանդիպումներ են ունեցել նկարչի մոսկովյան բնակարան-արվեստանոցում:

Եվ քանի որ Սարյանի ավագ որդինՙ Սարգիսը (որն այդ տարիներին սովորում էր Մոսկվայում), ուներ առողջական որոշ խնդիրներՙ կապված գլխուղեղի հետ, նրանք առավել հաճախ էին հանդիպում: Փաստորեն այդ շրջանումՙ 1954 թվականին Մոսկվայում, իսկ հետագա տարիներին նաեւ Երեւանում Սուրեն Զոհրաբյանը հանդիսացել է Սարյանի ավագ որդուՙ Սարգսի բուժող բժիշկը:

Երբ ես գրում էի իմ այս հուշերը, մի զարմանալի զուգադիպությամբ, կինսՙ Ռուզանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհին եւ նրա տուն-թանգարանի տնօրենը, Սարյանի արխիվում հայտնաբերեց մի ձեռագիր նամակ, որը նույնպես հաստատում է այն կարեւոր դերը, որն ունեցել է Սուրեն Գեղամիչը Մոսկվայում 1950-ական թվականներին Սարյանի որդու բուժման գործում: Ահա թե ինչ է գրում Մոսկվայից 1954 թ. նոյեմբերի 21-ին Սարյանն իր տիկնոջըՙ Լուսիկին.

«Շատ սիրելի Լուսիկ ջան.

Այսօր 11 օր է, ինչ որ այստեղ ենք, ժամանակը սլանում է մեծ արագությամբ: ... բայց գլխավոր հարցերի վերաբերյալ որոշ առաջադիմություն կա:

Սարիկին ցույց տվեցինք Нейрохирургический институт-ի մեկ հատ մասնագետ երիտասարդ հայ բժշկիՙ Սուրեն Գեղամի Զոհրաբյանին, որը մանրամասն հետազոտեց ջղային դրությունը եւ գտավ միանգամայն նորմալ դրության մեջ, ստուգեցին, աչքը նույնպես ոչ մի բան չունի: Բժիշկն ասաց, որ չարորակ ոչ մի բան չկա, որով ձեզ կարող եմ շնորհավորել, դա ուռուցք չի, ինչ որ ուրիշ բան է: Սա առաջին էտապն է, հիմա սկսվելու է երկրորդը»: (Մարտիրոս Սարյանի արխիվ, տպագրվում է առաջին անգամ):

Իր հուշերումՙ նվիրված Մարտիրոս Սարյանին, Սուրեն Զոհրաբյանը պատմում է այն հանդիպումների մասին, որ ունեցել է նկարչի հետ 1950-ական թվականներին Մոսկվայում եւ 1960-ական թթ. Երեւանում: Այդ հուշերը շատ արժեքավոր են, ուր պատմվում է մինչպատերազմյան Երեւանի մասին, Սարյանենց տան մասին, վկայաբերվում են պահեր մեծ նկարչի ստեղծագործական աշխատանքից, նաեւ նրա խորհրդածությունները բնության մասին, մարդկային կյանքի այս կամ այն երեւույթի մասին: Ահա Սարյանը պատմում է. «Երբ ես բնանկար եմ ստեղծում, ես բնության առանձին մասերը, առանձին դրվագները երբեմն ավելացնում եմ կամ խոշորացնում, եւ կամ թե փոքրացնում եմ, բայց իմ արածը բնության սխալների սրբագրում չէ, դա պարզապես անհրաժեշտ է իմ կողմից բնության ստեղծագործական ընկալումն առավել զորեղացնելու համար... Եվ ես այդպես եմ անում, քանզի դա պահանջում է իմ գեղարվեստական մտահղացումը, բնության իմ կամային, ստեղծագործական ընկալումը» («Նովոյե վրեմյա» թերթ, Երեւան, 2012):

1955 թվականին Վարպետը կերտում է Սուրեն Զոհրաբյանի, ապա եւ նրա շատ համակրելի տիկնոջՙ Լարիսայի յուղաներկ մեծադիր դիմանկարները: Մեր առջեւ, իրոք որ զարմանալի ներդաշնակ, բարեհամբույր խառնվածքի տեր մարդկանց բարձրարվեստ դիմանկարներ են, որոնք ի հիշատակ իրենց բարեկամության, վրձնի մեծ վարպետը նվիրել է բժշկագիտության ռահվիրային: «Այդ դիմանկարները մեր տան ամենաթանկ ու ամենանվիրական մասունքներն են», - հիշատակածս հուշերում գրում է Սուրեն Զոհրաբյանը:

***

Տողերիս հեղինակը «իր թափառ կյանքում» ունեցել է բազմաթիվ հանդիպումներ Սուրեն Գեղամիչի հետՙ արդեն Իսահակյանի մահից հետո ընկած շրջանում:

Առաջինը, որ կուզեի հիշատակել, 1960 թվականին էր, Գագրայի «Արմենիա» առողջարանում, օգոստոս ամսին: Իմ մանկության ընկեր Ռուբիկ Հակոբյանի մայրըՙ տիկին Սոնյան (հրաշալի հոգու տեր մի կին) այդ ամառ Ռուբիկին եւ ինձ տարել էր Գագրայում գտնվող գեղատեսիլ «Արմենիա» առողջարանը, որը պատկանում էր Հայաստանին: Անչափ գեղեցիկ վայր էր: Ժամանակին, միութենական բյուրոյի թույլտվությամբ, Գագրայի անտառոտ բարձունքներից մեկում հայ ճարտարապետների կողմից այն կառուցվել էր, եւ 1951 թվականին Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Գ. Ա. Հարությունյանը այն հանձնել էր Հայաստանի կառավարությանը: Շքեղության հանդեպ անտարբեր Գրիգորի Արտեմովիչը այդպես էլ ոչ մի օր չվայելեց այդ հանգստավայրը:

Մենք վարձով ապրում էինք առողջարանի մոտակայքում գտնվող մի հայկական ընտանիքի տանը եւ օգտվում էինք «Արմենիայի» ճաշարանից: «Արմենիայում» 1960 թվականի ամռանը հանգստանում էին բավականին հայտնի պետական գործիչներՙ Բաբկեն Սարկիսովը, Գառնիկ Թադեւոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Իվան Սոչինսկին, նաեւ անվանի բժիշկներՙ Զ. Նարիմանյանը, Կ. Շուքուրյանը, Ի. Տոկտալոն եւ մեր հուշերի հերոս Ս. Զոհրաբյանը, մի շարք անվանի դերասաններ եւ երգիչներՙ Գոհար Գասպարյանը, Ժակ Դուվալյանը, Տիգրան Լեւոնյանը, Հարություն Հակոբյանը, հայ բեմի աստղ Մետաքսյա Սիմոնյանը, որը կատարյալ գեղեցկուհի էր եւ մեծ ժողովրդայնություն էր վայելում:

Գագրայում էինք եւ երեք հասակակից ընկերՙ Ա. Քոչինյանի որդինՙ Էդիկը, Ռուբիկ Հակոբյանը եւ ես: Պետք է ասեմ, որ մենք աչքի էինք ընկնում լավ լողալով: Երեքս էլ ջրին մանկուց սովոր էինք եւ լողում էինք շատ հեռու, մինչեւ նավակների սահմանը, որը նշված էր դրոշակներով: Եթե հեռվում մի նավակ երեւար, մոտենում, բռնվում էինք նավակից, մի քանի րոպե շունչ հավաքում եւ էլի շարունակում մեր ճամփան: Այդ օրն էլ նկատեցինք հեռվում մի նավակ, մեկը թիավարում էր, մի կին էլ նստած էրՙ ուսին թիկն տված կիսախուփ զոնտը: Մի քանի ակնթարթից մենք հասանք նավակին եւ բռնվեցինք ետեւամասի եզրից: Բնականաբար բարեւելով եւ հարցնելովՙ կարո՞ղ ենք մի երկու րոպե շունչներս տեղը բերել:

Քանի որ մենք արդեն մի երկու շաբաթ օգտվում էինք «Արմենիա» առողջարանի ճաշարանից եւ լողափից, եւ իրար հեռակա կարգով ճանաչում էինք: Սակայն թիավարողը բարկացկոտ հայացքով ուղղվեց մեզ.

- Ինչու՞ եք այսքան խորը գնացել, որ հիմա էլ շունչներդ կտրվում է:

Իսկ նավակում արեւի լոգանք ընդունող տիկինը, մեղմ ժպտալով ու զարմանալի քաղցր ձայնով ասաց մեզ.

- Իհարկե՛, իհարկե՛, տղաներ, կարող ե՛ք, եթե հոգնել եք, մենք ձեզ կարող ենք նաեւ մինչեւ ափ հասցնել, պինդ բռնվեցեք:

Այստեղ ես ճանաչեցի, որ թիավարողը պրոֆեսոր Զոհրաբյանն է, մեր ընկերոջՙ Արշակի հայրը, իսկ տիկինը Մետաքսյա Սիմոնյանն է, որին հիանալի գիտեին թե՛ հայրս, թե՛ մայրս: Դե ես արեւից սեւացած, մազերս թաց, հազիվ թե նրա միտը գայի, արագ-արագ ասացի.

- Չէ, չէ, շնորհակալ ենք, մենք դեռ պիտի հասնենք մինչեւ նավակների դրոշակը:

Ու պոկվեցինք նավակից, շարունակեցինք մեր ճամփան:

Շատ տարիներ անց անվանի ճանապարհաշինարար ու նաեւ բանաստեղծ Ռազմիկ Գարանյանի հետ Նազրվանումՙ Սուրեն Գեղամիչի ամառանոցում էինք: Ես, որ երկար ժամանակ չէի տեսել պրոֆեսորին, հարցրի նրան.

- Հիշու՞մ եք, թե որտե՞ղ ենք մենք վերջին անգամ հանդիպել եւ ո՜ւմ հետ էիք Դուք:

- Չէ՛, չեմ կարող հիշել, ասա՛:

- Գագրայում, ծովի խորքերում, Դուք թիավարում էիք, մենք երեք ընկերով բռնվեցինք ձեր նավակից, իսկ նավակում Մետաքսյա Սիմոնյանն էր:

Սուրեն Գեղամիչն իրեն հատուկ մեղմ ժպտաց եւ անկեղծաբար ասաց.

- Երանի էդ օրվան:

***

Սրտաբաց ընկերություն էին անում Սուրեն Գեղամիչն ու Ռազմիկ Գարանյանը, թեեւ ինժեներ ճանապարհաշինարար, սակայն զարմանալի ռոմանտիկ հոգու տեր մարդ էր Ռազմիկ Բաբկենիչը: Մեզ ծանոթացրել էր Վարդգես Պետրոսյանը հենց իր մոր թաղման օրը: Նրանք երկուսն էլ Աշտարակից էին:

- Ծանոթացիր, կուռքիդ թոռն է: Այլեւս բան չունեմ ավելացնելու:

Գարանյանը երեք կուռք ուներՙ Ավետիք Իսահակյանը, Արագած լեռը եւ գեղեցիկ կանայք:

Բնության մեծ սիրահար էր, ամեն տարի գարնանամուտին պետք է գնայինք Արագածի փեշերը «դիմավորելու ծառերի ծաղկունքը»: Հաճախ էլ գնում էինք Սուրեն Գեղամիչի ամառանոցը, մի գեղեցիկ մենատուն Նազրվան գյուղում: Երբեմն մեզ միանում էր արձակագիր Գեւորգ Արշակյանը եւ Գարանյանի հետ հաճախ էր լինում տրանսպորտի ոլորտի վաստակավոր աշխատող Գագիկ Սահակյանը:

Սուրեն Գեղամիչը հյուրասեր մարդ էր, մինչեւ Գարանյանի վարորդ Հենրիկը (որը հարյուրավոր անգամներ Գարանյանի հետ «Վոլգայով» բարձրացել էին Արագածի գագաթի լիճը), կդներ խորովածը, պրոֆեսորը հյուրասիրում էր մեզ զանազան տեսակի տնային օղիներով, բոլորն էլ ընտիր քաշած, ձեռք բերած կամ նվեր ստացած այդ գործի վարպետներից:

«Մրգային օղիները, տանը քաշած, շատ մաքուր են եւ ուղեղի վրա վատ ազդեցություն չեն թողնում: Ա՛յ, սա մաքուր ղարաբաղյան թութ է, իսկ սա նույնպես թութ է, բայց Զանգեզուրի Քարահունջ գյուղից: Իրար հետ կարող են մրցել, բայց ես առաջնությունը տալիս եմ Քարահունջի օղուն, որը երբ խմում ես, քիմքիդ մնում է չրի վերածված թթի համը, իսկ ղարաբաղյանը թարմ թթի համ ունի: Հոնի օղիների մեջ ամենալավը Տավուշինն է, Կոթի գյուղինը, նրա մեջ հոնի համից բացի հոնի բույր կա եւ երկար ժամանակ այն զգում ես, ինչպես մի հասուն գեղեցկուհի կնոջ համբույրը», - Սուրեն Գեղամիչը իր տարերքի մեջ էր:

Նրա եւ Ռազմիկ Բաբկենիչի կուռքերի շարքից մեկը համընկնում էրՙ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները... Եվ սակայն եթե շատ մարդկանց համար ոչ դյուրին գործ էր կնոջ սիրտ նվաճելը, ինչպես օրինակ Գարանյանի համար, ապա Սուրեն Գեղամիչի դեպքում իրենք էին նրա վզով ընկնում... Եվ ինչու չէ, բնությունից գեղեցիկ, միշտ մաքուր սափրված, ճաշակով հագնված, սլացիկ հասակով, թեթեւ կազմվածքով, առանց մեկ գրամ ավելորդ քաշի եւ ամենակարեւորըՙ ուղեղի մեծ գիտակը գիտեր ինչպես նվաճել կանանց հոգիները... Սուրեն Գեղամիչը եւս մեկ սեր ուներ, դա պոեզիան էր: Ինչպիսի՜ հպարտությամբ էր պատմում, որ Պուշկինը իր մահից առաջ իր վերջին բժշկինՙ հայտնի վիրաբույժ Արրենտին է նվիրում փղոսկրե բռնակով իր ձեռնափայտը: Շատ տարիներ անց Արրենտի ծոռը, նույնպես հայտնի նեյրովիրաբույժ (որը, սակայն, ժառանգներ չի ունեցել), այդ ձեռնափայտը Մոսկվայում նվիրել է Սուրեն Գեղամիչին: Ես բազմիցս տեսել եմ այդ ձեռնափայտը, ուշագրավ է, որ այն երկար չէ, իսկը համապատասխան Պուշկինի բոյին: Բռնել եմ խորին հարգանքով, այն արվեստի կատարյալ գործ է, բռնակի շուրջ, նույնպես փղոսկրից, քանդակված է գալարվող օձըՙ բժշկության վաղեմի խորհրդանիշը: Այժմ էլ այն սիրով պահպանվում է Սուրեն Գեղամիչի տանը:

Տեղն եկած պահին Սուրեն Գեղամիչը կարող է ամբողջական հատվածներ արտասանել Թումանյանից եւ Իսահակյանից: Հրաշալի գիտեր Պուշկինի պոեզիան եւ երբեմն սիրում էր իր խոսքը զարդարել պուշկինյան տողերով:

Մարտիրոս Սարյանի ծննդյան 80-ամյակի օրը (1960 թ.) նկարչի ավագ որդինՙ Սարգիսը, իրենց տանը ծանոթացրել էր Սուրեն Գեղամիչին Պարույր Սեւակի հետ: Այս փաստը միշտ սիրով է հիշատակում Սուրեն Գեղամիչը, քանի որ ապրելով նույն քաղաքում, իրենք ծանոթ չեն եղել, եւ ահա Վարպետի տանը նրանք ընկերանում են ու հետագայում հաճախակի հանդիպում:

«Ոչ բոլոր պոետներն են, - սիրում է ասել Սուրեն Գեղամիչը, - որ իսկապես Աստծո ընտրյալներ են: Ինչ է, պատահակա՞ն է, որ Եղեռնի վերաբերյալ տասնյակ տարիների լռությունից հետո պետք է գրվեր «Անլռելի զանգակատունը», որը ռումբի պես պայթեց Եղեռնի 50-ամյակի նախօրեին»:

Չգիտեմ, գիտե՞ր արդյոք Սուրեն Գեղամիչը, որ իր ընկերըՙ Ռազմիկ Գարանյանը բանաստեղծություններ էր գրում, բայց լավ հիշում եմ, որ երբ լույս տեսավ Գարանյանի առաջին գիրքըՙ «Հոգու հրկիզումներ», Ռազմիկը որոշեց առաջիններից մեկը այն նվիրել իր անվանի ընկերոջը: Գիրքը հակիրճ թերթելուց հետո Սուրեն Գեղամիչը ծիծաղելով ասաց. «Ինչպես կյանքում, այնպես էլ գրքում դու ունես երեք մշտական թեմաներՙ Ավետիք Իսահակյան, Արագած եւ քո սիրային հերոսուհիները: Լավ է, որ մարդու արածն ու գրածը իրարից չեն տարբերվում»:

Ռազմիկը սովորություն ուներ գիրքը նվիրելուց հետո ընծան ստացողին ասել.

- Դե հիմա լավ մտածիր ու բաց արա գիրքը մի որեւէ էջի վրա, այնտեղ կգտնես տողեր, որոնք վերաբերում են նաեւ քեզ:

Հիմա չեմ հիշում, թե ինչ բանաստեղծություն «բախտ» ընկավ Սուրեն Գեղամիչին, բայց այն սիրո թեմայով էր եւ մի քիչ էլ երկիմաստ...

- Բնական է, Ռազմիկ, դու առանց կանանց կյանք չունես:

- Ես այդ գործում, սիրելի պրոֆեսոր, ընդամենը քո աշակերտն եմ:

- Լավ, լավ, շատ մի՛ խեղճացիր, էլ հայկական այբբենարանի տառ չես թողել, որոնց անուններով սկսվող բանաստեղծություն նվիրած չլինես քո ընկերուհիներին:

Գարանյանը բավական շուտ հեռացավ կյանքից: Մենք նրան հաճախ ենք հիշում Սուրեն Գեղամիչի հետ. «Էլ ո՞վ պիտի մեզ տանի գարնան սկզբներին Աշտարակի այգիներըՙ դիմավորելու ծիրանենիների առաջին ծաղկումը», կարծես ինքն իրեն հարցրեց մեծանուն բժիշկը:

***

Ինձ թվում էՙ վերջին տարիներին Սուրեն Գեղամիչը ամենից շատ սիրում է լինել Էջմիածնում: Ամեն տարի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատիկի տոներին նա անպայման գալիս է Էջմիածին: Մարդկային ուղեղի լավագույն գիտակներից մեկը պատահական չէ, որ խորապես հավատացյալ մարդ է: Յուրաքանչյուր մարդ ունի հավատի իր ակունքները: Ինձ թվում էՙ Սուրեն Գեղամիչի համար նման ակունք է Աստծո ստեղծած մեծագույն հրաշքըՙ մարդկային ուղեղը:

***

Գարնան հաճելի երեկո է: Իր սիրածՙ մուգ կապույտ գույնի կոստյումը հագին, որը կարծես ավելի երիտասարդացնում է պրոֆեսորին, մեղմ, իր խառնվածքից անբաժան ժպիտը դեմքին դիմավորում է իր մեծարման երեկույթին «Էլեն» ռեստորան հրավիրված հյուրերին, բոլորի համար գտնում մի բնորոշ, բարի խոսք: Ինքը ճշգրիտ չափով լցնում էր ֆիննական օղին իր դիմացի փոքրիկ բյուրեղյա բաժակը, լցնում էր նաեւ աջ կողմում նստած իր տեղակալիՙ հայտնի նեյրովիրաբույժ Ռուդոլֆ Վարոսյանի եւ ձախ կողմում նստած իր բավական երիտասարդ ասիստենտուհու բաժակները: Մեծ հաճույքով խմում էր, համտես անում խորտիկները, հաճախ ինքը կենացներ առաջարկում: Մեկ-երկու անգամ էլ շատ հաճելի, նոստալգիկ երաժշտության ներքո պարեց իր կրտսեր դստերՙ գեղեցկուհի Նանայի հետՙ մեջքը երիտասարդ սպայի նման ձիգ պահած, պարում էր շատ ռիթմիկ եւ համահունչ երաժշտությանը: Իսկ երբ իր բժիշկ որդուՙ իմ մանկության ընկեր Արշակի թոռնուհին արտասանում էր պապին նվիրած իր բանաստեղծությունը, ողջ դահլիճում չկար ավելի երջանիկ մարդ, քան պրոֆեսորը:

Երբ բերեցին «Հոբելյանական» տորթըՙ վառվող մոմերով եւ 95 անհավատալի թվանիշով, հրավիրեցին մեր հոբելյարին առաջինը մասնատելու այն, եւ երբ նա աներեր ձեռքով, այնպիսի վարպետությամբ դանակը գործի դրեց, որ բոլորը կռահեցին, որ գործիքը մեծ վիրաբույժի ձեռքում է, ինչպես ջութակը Պագանինիի ձեռքում:

«Ի՞նչ բան է ծնունդը մարդուՙ անակնկալ պարգեւ, ի՞նչ բան է կյանքըՙ մաքառում եւ սեր, ի՞նչ է մահըՙ ոչ ոք չգիտե» - եզրափակեց իր խոսքը երեկոյի ամենաերիտասարդ մարդըՙ 95-ամյա հոբելյարը, ակադեմիկոս Զոհրաբյանը:

Երբ «Էլենից» դուրս եկանք, մեղմ անձրեւ էր տեղում, եւ ես հիշեցի նրա ծննդյան թվականըՙ 1921: Փաստորեն մի բախտորոշ ժամանակ նա լույս աշխարհ եկավ, ապրեց սիրով ու մաքառումով ու գնում է հավերժության իր ճամփով...

2016 ապրիլ 5-12

Նկար 1. Մ. Սարյան. Լարիսա եւ Սուրեն Զոհրաբյանների դիմանկարները: Տպագրվում են առաջին անգամ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 03-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ