RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 01-07-2016



ՀԻՆ ՎԵՃ

Տեղադրվել է` 2016-06-30 22:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2198, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՄԱԿ... ՀԻՆ ՀԱՍՑԵՈՎ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

1969 թ. ամբողջ հայությունը` Հայաստան եւ Սփյուռք, նշում էր Կոմիտասի ծննդյան 100-ամյակը: Այդ օրերին, «Սփյուռք» ճանաչված շաբաթաթերթը, որ լույս էր տեսնում Բեյրութում Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ, արտատպեց Շահան Շահնուրի «Ազատն Կոմիտաս» հոդվածը, զլանալով նշել, որ այդ նյութն առաջին անգամ տպագրվել է 1935թ., Փարիզի «Ապագայ» թերթում:

Այսպիսով, հոդվածը, 30-ականներին Սփյուռքում տիրապետող հոռետեսական համատեքստից հանվեց եւ մտցվեց հարյուրամյակի հոբելյանական խանդավառ մթնոլորտի մեջ: Մասնագիտական այս կոպիտ վրիպումը պատճառ դարձավ, որ ՀՍՍՀ Մինիստրների սովետին կից Սփյուռքի կոմիտեի նախագահի տեղակալ, բանաստեղծ Վահագն Դավթյանը «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում (21 հունվարի 1970թ.) հանդես գա Շ. Շահնուրին հասցեագրված բաց նամակով: Հարձակողական ոգով գրված մի տեքստ, որտեղ «նամակագիրը» պարզապես վիրավորում էր մեծ գրողին:

Վ. Դավթյանը եթե իմանար, որ խնդրո առարկա հոդվածը լույս է տեսել մոտ քառորդ դար առաջ, գուցե չգրեր իր նամակը կամ գրեր ավելի զուսպ եւ բարեկիրթ շեշտադրումներով: Բոլոր դեպքերում, ի պաշտոնե նա ոչ միայն պարտավոր էր իմանալ շահնուրյան հրապարակումին առնչվող բոլոր մանրամասները, այլեւ նման նյութ տպագրելուց առաջ թերեւս պետք էր խորհրդակցել սփյուռքահայ գրականության մասնագետների, շահնուրագետների հետ: Ինչը, ցավոք, չարեց, եւ մի սխալին հաջորդեց մյուսը, ավելի կոպիտը:

Սփյուռքն անմիջապես անդրադարձավ «բաց նամակ»-ին: Հակազդումը երբեմն ավելի ուժգին եղավ, քան «ազդումը», ինչպես, օրինակ` Սիմոն Սիմոնյանի պատասխանը նույն «Սփիւռք»-ի էջերին: Պատասխանեց նաեւ Շ. Շահնուրը` Փարիզի «Յառաջ»-ում (ապրիլ, 1970թ.) տպագրելով «Վաղը» հոդվածը:

Բայց հայաստանյան մամուլը լուռ էր եւ լուռ էլ մնաց:

Այդ օրերին մենք փորձեցինք ոչ այնքան մասնակցել այդ` արհեստականորեն առաջացած բանավեճին, որքան մեր վերաբերմունքը ցուցաբերել ցավալի թյուրիմացության հանդեպ եւ դրա հետ կապված անհրաժեշտ որոշ գիտելիքներ մատուցել 20-30-ական թվակաների սփյուռքահայ գրականությունից: Սակայն «Հայրենիքի ձայն»-ը մերժեց տպագրել մեր հոդվածը, ասելով, որ այդ խնդրին այլեւս չեն ուզում անդրադառնալ: Խմբագրությունն, այնուամենայնիվ, անդրադարձավ` նույն տարվա ապրիլին տպագրելով Վ. Դավթյանի հերթական նամակը, այս անգամ խմբագրությանը, «Շահան Շահնուրին ուղղված իմ բաց նամակի առիթով» վերնագրով, որն իր հարձակողականությամբ եւ իր գաղափարախոսությամբ փաստորեն նախորդի շարունակությունն էր:

Մեր հոդվածն այսօր տպագրվում է ոճական աննշան խմբագրումներով:

Ա. Թ.


Շահան Շահնուրը եւ իր գրականությունը նորություն չեն մեր ընթերցողների համար: Պատերազմից անմիջապես հետոՙ «Արտասահմանի հայ գրողներ» անթոլոգիայում տպագրվեց նրա մեկ պատմվածքը, այնուհետեւՙ հատընտիրը: Նրա գործերը թարգմանվեցին ռուսերեն, տարբեր առիթներով մեր գրողները եւ գրականագետները քննության առարկա դարձրին նրա գրական ժառանգությունը, մի խոսքով, վերջին տասը տարում Շ. Շահնուրը ընդունվեց եւ սիրելի դարձավ մեր ընթերցողներին:

Բայց ահա, այս տարվա հունվարի 21-ի «Հայրենիքի ձայն»ում Վահագն Դավթյանը տպագրեց իր «Բաց նամակը Շահան Շահնուրին»ՙ ծանր մեղադրանքներ ուղղելով սփյուռքահայ ականավոր գրողին: Պատճառը Բեյրութում տպագրվող «Սփիւռք» թերթի Կոմիտասի 100-ամյակին նվիրված բացառիկ համարում լույս տեսած «Ազատն Կոմիտաս» հոդվածն էՙ Շահնուրի ստորագրությամբ:

Միանգամից ասենք, որ հոդվածը նոր չի գրվել (ինչպես հավանաբար կարծել է նամակի հեղինակը), այլ տպագրվել է մոտ 25 տարի առաջ, եւ «Սփիւռք»-ը հիմա պարզապես արտատպել է, առանց նշելու սկզբնաղբյուրը: Բայց միջադեպը դրանով չի սպառվում: Շահնուրի հոդվածը, անգամ իր տասնյակ տարիների հնությամբ, դարձյալ կարող է արտառոց թվալ շատ ու շատ ընթերցողների, որոնք ծանոթ չեն (կամ քիչ են ծանոթ) հոդվածի պատճառ դարձած պայմաններին եւ իրականությանը: Եվ ոչ միայն այս հոդվածը: Չէ որ, սրանից ութ տարի առաջ, երբ մեզանում լույս տեսավ Շահնուրի հատորյակը, ընթերցողները դժվարությամբ կարողացան հասկանալ գրքում տպագրված բազմաթիվ անսովոր տողեր: «Նահանջը առանց երգի» վեպում կային մոտավորապես նույնպիսի մտքեր, ինչ «Ազատն Կոմիտաս» հոդվածում: Գրական ուզած ժանրի, ուզած գործը եթե արհեստականորեն հանվի իր ժամանակի շրջանակներից, ապա թյուրիմացությունների տեղիք կտա:

Մինչդեռ սփյուռքահայ գրականությունը (մանավանդ ֆրանսահայ արձակը) հայ գրականության արհեստականորեն ընդհատված շղթայի այն շարունակությունն է, որ այսօրվա ընթերցողին հասնելու համար անպայման կարոտ է անհրաժեշտ գիտական մեկնաբանումների:

Ֆրանսահայ արձակը, որի փայլուն ներկայացուցիչներից մեկն է Շ. Շահնուրը, կազմավորվեց բարդ եւ դժվարին պայմաններում: Խոսելով սփյուռքահայ գրական առաջին սերնդի մասին, Վազգեն Շուշանյանը գրում էր. «Հին սերունդի պայքարը պարզ էրՙ կռվիլ տապալելու համար բռնությունը կամ զարգացնել մշակույթը: Պայքարը պարզ չէ այսօր: Ընկերային խնդիրները խիստ սուր բնույթ կկրեն: Քաղաքական, տնտեսական, գրական-փիլիսոփայական արժեքներու ընդհանուր փլուզում: Հի՞ն, թե՞ նոր քաղաքակրթություն: Անոնց համար, որ հարցը այլ կերպ դրված է, ո՞րն է գրական ուղղությունը: Կքալենք մութին մեջ»:

Ահա այս ծանր խնդիրների առջեւ էին կանգնած քսանհինգամյա երիտասարդները, որոնք փրկվելով ֆիզիկական բնաջնջումից, այժմ ականատեսն էին մեկ ուրիշ ազգային աղետիՙ հայ ժողովրդի ուծացումը, ձուլումը օտար երկրներում: Գրական նոր սերունդն իր առաջին քայլերն էր անում համարյա դատարկ հողի վրա: Ստեղծվում էր մի նոր գրական դպրոց, հոսանք, ուղղություն, որը կոչված էր պատասխան տալու նոր հայացքների, նկարագրելու մի իրականություն, իրավիճակ, որը «նախատեսված» չէր, ոչ Վարուժանի, ոչ Սիամանթոյի, ոչ էլ արեւմտահայ մյուս գրողների երկերում: Եթե սովետական Հայաստանը դեպքերի դիալեկտիկ զարգացման անխուսափելի ծնունդն էր եւ սովետահայ գրականությունն էլ արտացոլեց յուրացնելով Թումանյանի, Իսահակյանի, Շիրվանզադեի եւ Տերյանի ժառանգությունը, ապա իրադարձությունների աննախընթաց ողբերգական եւ անսպասելի շրջադարձը դժվարալույծ խնդրի առջեւ էր դրել սփյուռքահայ գրողինՙ «կքալենք մութին մեջ»: Նոր գրականության ծնունդը անցյալի ժառանգության գնահատումը եղավ: Հոգեւոր եւ բարոյական ժառանգության արժեքավորումը թերեւս երբեք այդքան դժվարին չի եղել հայ գրողի համար: Շահնուրի, Վ. Շուշանյանի, Զ. Որբունու եւ Հրաչ Զարդարյանի գործերում արտացոլվեց ազգային արժեքների եւ ազգային նկարագրի կորուստը նոր իրականության մեջ: 1929 թ. տպագրված «Նահանջ առանց երգի» վեպում (որն իր ողբերգական շեշտերով կարելի է համեմատել «Վերքի» հետ) ցույց էր տալիս ամենասոսկալինՙ Պոլսից եկած հայ երիտասարդների բարոյական անօրինակ անկումը: Այդ համակերպումը կատարվում էր անվերադարձ կորուստների հաշվին, եւ այստեղ ողբերգականը միայն նոր իրականության դաժան օրենքների հաստատումից չէր գալիս, այլեւ հին երազների եւ ծրագրերի կործանումից: Այդ ծրագրերը փաստորեն ավելի քան տասը տարի առաջ արդեն զրկվել էին իրականություն դառնալուց, բայց սփյուռքահայ կյանքի մեջ շարունակում էին իրենց անմարմին գոյությունը: Շահնուրի վեպի վերնագիրը այդ անողոք փաստն էր հավաստում. նահանջ հին դիրքերից, հին երազներից: «Սակայն մենք, հայության այս թեւը, դատապարտված ենք կորստյան:

Պիտի այլասերինք ամենքս ալ, պիտի կորսվինք բոլորս ալ:

Իսկ մենք, կվճարենք իբրեւ վերջին փրկագին այն, որ պիտի գա: Իբրեւ վերջին փրկագինՙ մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային»,- ասում է վեպի հերոսներից մեկըՙ Սուրենը:

Վազգեն Շուշանյանի հերոսները փորձում են հին գաղափարների եւ իդեալների շարունակությունը գտնել նոր իրականության մեջ, բայց ստիպված են ընդունել նրանց կորուստը համակերպվել նոր իրականությանը: «Սիրոյ եւ արկածի տղաքը» վեպից մինչեւ «Տենդեր» եւ «Ամրան գիշերներ» (1923 թ. մինչեւ 1933 թ.) ահա Շուշանյանի վիպական հերոսի վիպական կենսագրությունը, որն ավարտվում է հերոսի անցյալ իրականության, անցյալ բնավորության որոնումով: «Անցյալը կզինե մեզ», խոստովանում է շուշանյանական հերոսը: Ազգային բնավորության կորուստը, ահա թե ինչն է հատկանշական շուշանյանական արձակի եւ ընդհանրապես այդ շրջանի ֆրանսահայ մյուս արձակագիրների համար: Հերոսը նոր իրականության մեջ չի կարողանում նոր բնավորություն ձեռք բերել, նրա հոգեկան եւ բարոյական զինանոցը կազմված է անցյալի արժեքներից եւ աստիճանաբար դժգունում է նոր իրականության մեջ: Եվ «Նահանջի» տարիներին ծնված նույն ծանր հուսահատության մի բռնկումն էր, որ 1932 թ. Շուշանյանին ստիպում էր իր «Ալեկոծ տարիներ»-ում գրել. «Որքան ախտաժետ ու հակակրելի է այժմ, այս մուրացկան կնոջ ափերը աշխարհին պարզած տրտում մայրը, որ կկոչվի թափառական, աքսորական Հայաստան: Զայն իրապես սիրելու համար հարկ է անձնուրաց հեղափոխականի հոգի ունենալ եւ կամ նմանիլ այն սուրբին, որ բորոտներուն կմոտենար աներկյուղ սրտով, որ կպառկեր անոնց հետ»: Շուշանյանը մեկ տարի անց «Մենք» ամսագրի էջերից պիտի ավելի խիստ խոսքեր ուղղեր իր ժամանակակից, գուցե եւ իրեն նախորդած մտավորականներին.

«Բառերով կերակրեցինք հայոց այս սակավապետ ու հառաջապահ ժողովուրդըՙ ամբողջ տարիներ: Ու երբ ան սկսավ զարթնումՙ ուրիշ բառերով օրորեցինք զայն: Բառերով երկիր մը կառուցանեցինք ու այդ երկիրը ընդարձակ էր, կտարածվեր ափե ափ: Ու երբ երազը փլավ, կրկին ձեզի ապաստանեցանք մեր անկրկնելի արդարացումին համար»: Հրաչ Զարդարյանը «Մեր կեանքը» (1934 թ.) վեպում դարձյալ մռայլ գույներով նկարագրում էր հայ ժողովրդի հարատեւման կարեւոր հիմքերից մեկիՙ ընտանիքի քայքայումը ֆրանսիական իրականության մեջ: Զարդարյանն էլ Շահնուրի նման «հանցանքը» որոնում էր նաեւ անցյալի մեջ: Զարեհ Որբունին «Փորձը» վեպում ցույց էր տալիս հայ ընտանիքի նյութական եւ բարոյական ծայրահեղ սնանկացումը: Վեպի հերոսը աստիճանաբար իջնում է փարիզյան հասարակության տականքիՙ կլոշարի աստիճանին, դառնում այն պարիաներից մեկը, որոնց մասին, այդքան դառնացած գրել է Շահնուր իր հոդվածում: Հուսահատության եւ բարոյալքման ընդհանուր ֆոնի վրա, թերեւս եզակի երեւույթ է, ԼԱՍԻ «Հարցականի ուղիներով» վեպը (1936 թ.): Այստեղ էլ մռայլ գույներով է նկարագրված հայության վիճակը Ֆրանսիայում, բայց հերոսները երկար որոնումներից հետո գտնում են փրկության ճշմարիտ ուղինՙ նրանք գալիս են Սովետական Հայաստան:

Այսօր, երբ Սովետական Հայաստանը ամուր հիմք է աշխարհի ուզած ծայրում ապրող հային մայր հողի հետ կապելու համար, չափազանցված կարող են հնչել Շահնուրի 20-30-ական թվականներին տպագրված հոդվածները: Բայց մի սերունդ, որը ժառանգորդն էր դարձել «բառերով կառուցված երկրի», չէր կարող վարդագույնով ներկայացնել իրականությունը:

«Պետք կա՞ ըսելու, թե հայրենիքին լավ կծառայե այն գրագետը, որ ապրող երկ մը կթողու իր ազգին, այդ երկը իր ազգակիցներուն համար ըլլա նպաստավոր, թե աննպաստ»,- գրում էր Շահնուրը: Իսկ Շուշանյանը «Ալեկոծ տարիներ»-ի մեջ գրում էր. «Ինձ կթվի, թե այլեւս շատ ավելի արդյունավետ է մեր վհատ ու բարոյլաքված ժողովրդին իր իրական պատկերը ցույց տալ, մամուլի ու գրականության հայելիին մեջ, քան թե գորովով վեր հանել կարգ մը արի հատկություններ, որ աստիճանաբար կորսվելու վրա են»: Շահնուրը եղեռնի «մեղավորներին» որոնում էր, ամբողջ անցած հազարամյակի մեջՙ Նարեկացուց մինչեւ Րաֆֆի եւ այն կուսակցական գործիչները, որոնք «Ժընեվեն հեղափոխություն կվարեին թրքահայոց գլուխին»:

Իմիջիայլոց Շահնուրը «Նահանջ»ում կարծես կանխատեսում էր այն մեղադրանքները, որոնք հետագայում պիտի ասվեին նրա հասցեին. «Քեզ անմիջապես դավաճան, ազգուրաց, վատասերած պիտի անվանեն,- ասում է Սիսակը Սուրենին, որի մտքերը, փոքր-ինչ տարբեր, հետագայում իր հոդվածների մեջ պիտի շարունակեր Շահնուրը: Եվ այսօր, երբ քառորդ դար է անցել «Ազատն Կոմիտաս»-ի տպագրման օրից, անհիմն են այն վտանգները, որոնք նամակի հեղինակը տեսնում է հոդվածում: Ավելորդ չի լինի այս առիթով հիշել Շահնուրի հետեւյալ տողերը. «Մեծամիտ գրագետներն են միայն, որ կհավակնին հայուն մեջ վառ պահել ազգասիրությունը շնորհիվ իրենց գիրքերուն: Գիրքերը ավելի արդյունքներ են, քան թե պատճառներ»:

Շահնուրի այդ տարիներին գրած հոդվածները (այդ թվում նաեւ «Ազատն Կոմիտասը») արդյունք են ավելի շատ ծանր իրավիճակից ծնված մղումների, քան գիտական խոր վերլուծության: Հետագայում նա որոշ խմբագրություններ արեց: 1958 թվականին, Բեյրութում լույս տեսավ նրա հոդվածների ժողովածունՙ «Թերթիս կիրակնօրեայ թիւը» խորագրի տակ, որտեղ մի շարք սուր եւ հակասալի հոդվածների հետ վերահրատարակման չի արժանացել նաեւ Կոմիտասին նվիրված հոդվածը: Գրքի վերջաբանում հեղինակը գրում է. «Եթե կա աշխատություն մը, որ անհրաժեշտ է, ան ալ վերաքննությունն է լրագրական հին էջերու, որոնք գրված ըլլալով աճապարանոք, միշտ ալ կկարոտին սրբագրության: Վերստին հրատարակված ըլլալով ընտրովի, անոնք դեռ ըսել կուզեն, թե հեղինակը երկրորդ հրատարակության մը անարժան նկատած է ուրիշ նմանօրինակ հոդվածներ (ընդգծումն մերն է- Ա.Թ.): Ոչինչ այնքան կտժգունի, որքան այժմեականը, որ միայն այժմեական է»:

Նահանջի, հուսալքման տարիներին գրված մի շարք հոդվածներ «այժմեական» տրամադրության արդյունք էին, եւ եթե Շահնուրը արժանի չի համարել վերահրատարկել դրանք, նշանակում է, որ նա արդեն խմբագրել էր իր մի շարք կարծիքները: Այս հանգամանքը պետք է որ անպայման նկատի ունենար «Սփյուռք»-ը: «Ազատն Կոմիտաս»-ը արտատպելիս ոչ միայն պիտի նշվեր սկզբնաղբյուրը, այլեւ անհրաժեշտ բացատրություն պիտի տրվեր խմբագրության կողմից:

Թե՛ «Սփիւռք»-ը, թե՛ Վ. Դավթյանը չի բացառվում, որ կարող էին նաեւ չիմանալ Շահնուրի հեղինակային վերջաբանում ասված կարեւոր նշումը, բայց փաստ է, որ Շահան Շահնուրի գրականությունը, հայության երկու հատվածների հոգեւոր հարստության արժեքավոր էջերից է, ուստի հարկ է հոգատար ու գիտական մերձեցումով գնահատել նույնիսկ նրա ծայրահեղ դատումները:

Փետրվար, 1970 թ., Երեւան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 01-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ