ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ-90 Նաիր ՅԱՆ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շքահամերգով եզրափակեց իր 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: Համերգից առաջ Մաշտոց 43 հասցեում բացվեց Հայաստանի առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Արշակ Ադամյանի հիշատակին նվիրված հուշատախտակը: Մեծ եղեռնից ընդամենը 10 տարի անց, հիմնվելով կոնսերվատորիայիՙ Ռոմանոս Մելիքյանի հավաքած առաջին կուրսի վրա, Արշակ Ադամյանը ստեղծեց սիմֆոնիկ նվագախումբ, որը հետագայում համալրվեց ու դարձավ մեր երկրի գլխավոր երաժշտախումբը եւ այդպիսին է ցայսօր: Այս տարվա մարտի 4-ից 7 տարբեր համերգներով Հայաստանի ֆիլհարմոնիկը տոնել է հոբելյանը, բայց արվեստասեր հանրությունն անհամբերությամբ սպասում էր հատկապես եզրափակիչ շքահամերգին: Տոմսերը վաղ էին սպառվել. ազդագրերի վրա նշված անունները (Հասմիկ Պապյան, Բարսեղ Թումանյան, Սերգեյ Խաչատրյան, Ալեքսանդր Չաուշյան, Վահագն Պապյան) արվեստասերներին հուշում էին, որ շքեղ համերգ է լինելու: Չնայած զբաղվածությանըՙ այլ երկրներում ապրող ու ստեղծագործող արտիստներին հաջողվել էր թեկուզ մի քանի օրով գալ Հայաստան ՙ մասնակցելու ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական երեկոյին: Բարեկամությունը նվագախմբի ու դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հետ տասնամյակների պատմություն ունի, այդ բարեկամությունն էլ նրանց հայրենիք էր բերել: Բոլորը նշեցինՙ հպարտ են, որ Հայաստանն ունի 90-ամյա սիմֆոնիկ նվագախումբՙ բարի ու ամուր ավանդույթներով, համաշխարհային դասականների երկացանկով ու բարձրակարգ երաժիշտներով: ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը , շնորհավորելով ֆիլհարմոնիկցիներինՙ նկատեց. «Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին ներկա եմ եղել նաեւ արտասահմանում, կարդացել եմ օտարազգի մամուլի հիացական արձագանքները եւ մեծ հպարտություն ապրել: Այս տարի լրանում է իմ բեմական գործունեության երեսնամյակը: Չէի ասի, թե ֆիլհարմոնիկն իմ կյանքում առանցքային դեր է ունեցել. ես օպերային երգչուհի եմ, բայց հաճախ եմ համագործակցել այս նվագախմբի եւ դիրիժորներ Օհան Դուրյանի, Լորիս Ճգնավորյանի, Էմիլ Խաչատուրյանի հետ: 22 տարվա ընդմիջումից հետոՙ երեք տարի առաջ, սկսվեց նաեւ Էդվարդ Թոփչյանի հետ համագործակցությունը: Ուզում եմ իմ ելույթով ողջունել ու շնորհավորել մեր երաժիշտներին, նաեւ հայ ժողովրդին, որ այսպիսի նվագախումբ ունի»: Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը նշեց, որ իրենք որոշել են նվագախմբի հոբելյանին նվիրված համերգին հրավիրել բացառապես հայ աստղերի: Նա հետադարձ հայացքով արժեւորեց նվագախմբի անցած ճանապարհն ու այն հաջողություները, որոնցում մեծ ներդրում են ունեցել մի շարք նվիրյալ դիրիժորներ: «Մեր փոքր երկիրն 90 տարեկան նվագախումբ ունի, որը տարբեր ժամանակներում ղեկավարել են մեկը մյուսից ընտիր դիրիժորներ. նկատի ունեմՙ մինչեւ ինձ: Օհան Դուրյանը, չգիտես ինչու, կարճ ժամանակ է ղեկավարել: Պատմում են, թե որքան նվիրված է եղել նվագախմբին Դավիթ Խանջյանը, որն անհնարինն է արելՙ գործիքներ ձեռք բերելու համար: Շոստակովիչ, Շտրաուս, Մալեր, Բրուկներ. առաջին անգամ նրա օրոք են այս կոմպոզիտորների ամենաբարդ սիմֆոնիաները կատարվել: Հանրահայտ Գերգիեւն է հինգ տարի ղեկավարել նվագախումբը: Մեծ գնահատանքի է արժանի Լորիս Ճգնավորյանը, որը բարդ ու դժվարին 90-ականներին կարողացավ պահպանել ֆիլհարմոնիկը, կարգուկանոն սահմանել, ամեն շաբաթ համերգներ կազմակերպել, երկացանկ մշակել: Շատ խորհրդանշական է, որ Վահագն Պապյանը, որը Գերգիեւից հետո ղեկավարել է նվագախումբը, ելույթ է ունենալու մեր համերգին: Սա հայ երաժիշտների տոնն է: Նրանք չափազանց զբաղված են, բայց կարողացան գալ Հայաստան, որովհետեւ նրանց միավորել է գաղափարը, սերը, նվիրումը եւ այն հարազատ կապը, որ զգում ենք յուրաքանչյուրս միմյանց հանդեպ»,- համերգի նախօրեին ասաց Էդվարդ Թոփչյանը: Նա հավելեց, որ համերգի ծրագիրը համաձայնեցրել են երգիչների ու երաժիշտների հետՙ հաշվի առնելով նրանց ցանկություններն ու նախասիրությունները: Եթե բեմում ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանն է, ուրեմն ենթադրելի է, որ հնչելու են Վերդիի «Դոն Կարլոս» օպերայից Ֆիլիպի արիան, Բիզեի «Կարմենից» Էսկամիլիոյի քառյակները: Բարսեղ Թումանյանը ֆիլհարմոնիկ նվագախմբի դերն ու նշանակությունը չափում է դրսի ու ներսի հայացքներով. «Եթե մենք ուզում ենք խոսել պետականության, բարձր քաղաքակրթության մասին, ուրեմն պետք է որպես ցայտուն օրինակ բերենք մեր ֆիլհարմոնիկ նվագախմբին: Բոլորիս եմ շնորհավորում, որ այսպիսի նվագախումբ ունենք: Արդեն չեմ էլ հիշում, թե Էդվարդի հետ քանի տարի է, ինչ համագործակցում եմ: Նշեմ, որ նա լուրջ գաղափարի ու նպատակների տեր արվեստագետ է, որն ամբողջ էությամբ նվիրված է իր գործին, երաժշտությանն ու մեր մշակույթին»: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տարբեր առիթներով ելույթ է ունեցել երիտասարդ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը : Էդվարդ Թոփչյանը հիշում է առաջին համագործակցությունը, երբ Սերգեյը դեռեւս 8 տարեկան էր: Իսկ Սերգեյն էլ իր հերթին է հիշում այն մեծ համերգասրահը, նույնքան մեծ նվագախումբը, որի հետ ելույթ ունենալը փոքրիկ ջութակահարի համար մեծ հպարտություն ու նվաճում էր: Այդ ժամանակ ֆիլհարմոնիկի ղեկավարը Լորիս Ճգնավորյանն էր: Անցել են տարիներ. նվագախումբը հատել է եվրոպական երկրների սահմանները, կանգնել հեղինակավոր բեմերում: Հատկապես դրսում ապրող ու ստեղծագործող երաժիշտների համար մեծ հպարտություն է, երբ հայաստանյան նվագախումբը հիացնում է եվրոպացիներին, ստիպում ընդունել, որ ոչնչով չի զիջում տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար ֆինանսավորում ունեցող արտասահմանյան նվագախմբերին: «Պետք է նկատի ունենանք, որ ոչ բոլոր նվագախմբերն ունեն այսպիսի հարուստ կենսագրություն ու պատմություն, այսպիսի ավանդույթներ: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ նվագախումբը շատ հարազատ է դարձել ինձ: Շատ եմ ուզում, որ մեր դժվար ժամանակներում ֆիլհարմոնիկը կարողանա պահպանել իր բարի ավանդույթները եւ հարատեւ կենսագրություն ունենա»,- նկատեց Սերգեյ Խաչատրյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին նվիրված հոբելյանական շքահամերգին մենակատարները փայլեցին, ելույթ ունեցան իրենց տաղանդի ամբողջ ուժով ու կարողությամբ: Բոլոր շնորհավորանքներն ու մաղթանքներըՙ խոսքերի ու երաժշտական կատարումների տեսքով, նվիրված էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին: Խմբագրության կողմից ավելացնենք, որ կազմակերպչական իմաստով շքահամերգը թեեւ ուներ մի շարք բացթողումներ, սակայն կատարումների առումով այն գերազանցեց ինքզինք, ինչպես ասում են արեւմտահայերը: Աշխարհահռչակ մեր երաժիշտների ելույթները գերազանցեցին միմյանց, որոնց զարդն ու պսակը դարձան նվագախմբի կատարումներըՙ հայկական կոմպոզիտորական դպրոցի լավագույն ստեղծագործությունների ներկայացմամբ: Հատկապես երկար էր խոսքի բաժինը, որը եզրափակվեց հանրապետության նախագահի հրամանագրերի ընթերցմամբ. նվագախմբի գեղղեկ եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ տուբահար Վաղարշակ Պեպանյանին եւ շեփորահարների խմբի կոնցերտմայստեր Շահեն Գեւորգյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: ՀՀ մշակույթի նախարարության ոսկե շքանշանին արժանացան նվագախմբի երաժիշտներից մի քանիսը: Շքահամերգն ավարտվեց շատ ուշ երեկոյան, սակայն երաժշտասեր բազմությունը, որը խճողել էր անգամ դահլիճի աստիճանները, մինչեւ վերջ իր խանդավառ ծափողջյուններով երախտագիտություն էր հայտնում արտիստներին եւ 90-ամյա նվագախմբին: |