RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 01-07-2016



Տեղադրվել է` 2016-06-30 22:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1576, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՔԸ ԳՆԱՑ ՊԻՆԴ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Առաջին հանդիպումը շատ տպավորիչ էր: Հատկապես «Հայրենիքի ձայն» թերթը, որ մեր տանը ծայրից ծայր էր կարդացվում, նրանՙ Հրաչյա Մաթեւոսյան հեղինակին ինձ արդեն սիրելի անուն էր դարձրել: Ու երբ համալսարանում մեր դիպլոմայինների պաշտպանությանը հանդիպեցի, մի տաք դող դեպի սիրտ վազեց:

Ես Բակունցի, նրա գրական ժառանգության մասին էի գրել, իսկ ինքը, որ մեր լսարանից շատերի դիպլոմայինի պաշտպանության ժամանակ որպես ընդդիմախոս էր ներկա, իմ կարդացած նյութիՙ Բակունցի էկոաշխարհի իրական օրինակն էր: Նա, կուղղեք ինձ, Թումանյանի հողի ծնունդ է, իսկ ես համառորեն բաժանարար գիծ չեմ քաշի Բակունցի ու Թումանյանի աշխարհների միջեւ, քանի որ Հրաչյա ու Հրանտ Մաթեւոսյաններն ու Համո Սահյանն ինձ համար հայրենի եզերքի հազարավոր կիլոմետրերն այնքան խաղաղ էին մոտեցրել իրար, որ նրանց ցանքը կամ տունկը ինձ համար նույն քարոտ, ժայռոտ աշխարհը թթվածնով հարստացած բնանկար էր դառնում, որտեղ մարդ ու բնություն մի աշխարհ ենՙ իրար կառչած, իրարաստեղծ: Երեւանի պետական համալսարանում մեր դիպլոմայինի պաշտպանության հանդիսավոր օրը նա կոչումով ընդդիմախոս, ավելի շուտ պաշտպան էր, նկատեցի:

Գրիչ բռնելու համարձակությունը խրախուսում, երիտասարդ շնորհալի անունները մտապահում ու բարձրաձայնումՙ ոգեւորում էր, ինձ էլ է բաժին հասել նրա խոսք- նշխարներից: Ի պատիվ մեզ, «Ազգ»-ի հեղինակներից էր ու մեր թերթի փետրվարի 16- ին լրացած 25- ամյակի առթիվ հեռախոսով այսպես պատկերավոր ձեւակերպեցՙ «իսկական պսակվելու ժամանակն է»: Ինքը խոսքը չէր պաճուճում, ժանյակ չէր կախում պատկերից, հյութեղ հյուսեր, թե չոր, բարություն բառը տեսանելի ավիշ էր դառնում իր գրած տեքստի բոլոր բառերին, իսկ արդարությունըՙ հենակ: «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան» թերթերում ժամանակագրություն- կենսագրություն թողած լրագրող էր, որ գրել ու գրում էր ծառի, ծաղկի, անտառի, մարդու մասին հավասար հոգատարությամբ ու իր բյուրեղյա խոշորացույցը տպագիր տեքստ դառնալուց հետո մեկ էլ պաշտոնական հեռախոսազանգ կամ կնիք էր դառնումՙ ճակատագիր փոխելով շատերի համար: Հրապարակախոս էր, որտեղ ընդդիմախոսի իր հակաճառությունն այնքան անառարկելի էր, գրող էր, որ ակնածանքով դեպի մեծ եղբորՙ Հրանտ Մաթեւոսյանի գիրը, իրեն չէր գերագնահատել տալիս, մարդ էր, որ խոնարհությամբ, համեստությամբ «ճոխ սեղանի քով» վերջինն էր տեղ զբաղեցնումՙ ոգու սովը մեզանից վանել տալու հույսով:

Գրում էր մեծերի ու փոքրերի համար հավասար ջանքով, նրա ստեղծագործությունները Մարգո Ղուկասյանի, Վարդգես Պետրոսյանի ստեղծածի կողքին այսօր բարեբախտաբար հավաքվել են «Մայրենի» դպրոցական դասագրքի տարբեր հատորներում, որ ուղղորդելու են նաեւ վաղվա լրագրողին: Սեր են փոխանցելու այն հողի հանդեպ, որի վրա ապրում են, այն մարդու հանդեպ, որ արարում է, այն երկրի հանդեպ, որի անունը Հայաստան է:

Գնաց մենակ, ինչպես եկել էր, մնաց առվի ու գետակի, ծառի ու անտառի, ծաղկի ու մեղվի, աղբյուրի ու սարերի շշունջի մեջ: Մնաց մեր լրագրության պատմության ազնիվ էջերում, ուր ընթերցողն արդեն նրա հուշարձանը վաղուց կերտել է: Մնաց ճակատագրեր փոխած մարդկանց առօրյայում, որ ամեն բացվող արշալույսի հետ պարտադրելու է իր սիրած խոսքըՙ «պի՛նդ կացեք»: 79 տարի հայրենի հողին այդպես պինդ կանգնել էր, հիմա խոնարհվել, գրկելու է նույն հողը, որ այն պակասող ծառերի պատճառով չսահի, մեզ աղետի նոր գոտի գծագրելով:

«Ազգ»-ի խորազգաց ցավակցությունները Հրաչյա Մաթեւոսյանի ընտանիքինՙ Արտակին, Վահագնին, Արտեմիսին, Արեւիկին, Մանեին, Սոնային, եղբորըՙ Համոյին, ինչպես նաեւՙ Դավիթ, Շողեր Մաթեւոսյաններին:

Հոգեհանգիստը` հուլիսի 2-ին ժ. 18:00-ից Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը` հուլիսի 3-ին, ժ. 14:00-ին Գրողների միությունից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 01-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ