RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 01-07-2016



ԱՆՑՅԱԼԻՑ

Տեղադրվել է` 2016-06-30 22:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1331, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՅ ԹՈՄԱՋԱՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԷԼԻԱ ԿԱԶԱՆԻ ՖԻԼՄՈՒՄ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Կինոբանասերի ճշտումներ

Տարիներ շարունակ մեր գրականության մեջ ու մամուլում շրջանառվել են փաստեր, որոնք ընթերցողին հետաքրքրել են, զարմացրել եւ ուրախացրել, սակայն դրանք ստուգելը եղել է անհնար, հատկապես եթե դրանք վերաբերել են աշխարհի տարբեր անկյունների պահոցներում ծվարած գրքերի, թերթերի, լսատեսողական նյութերի: Ուսումնասիրողները եւ լրագրողները ստիպված կրկնել են արդեն ասվածըՙ հղելով մեկ կամ լավագույն դեպքում երկու սկզբնաղբյուրի:

Վերջին ժամանակներս աշխարհի հետ ավելի բաց հարաբերվելու եւ հատկապես Համացանցի անսպառ հնարավորություններն ու շտեմարանները գործածելու շնորհիվ հնարավոր է դառնում կատարել տարբեր կարգի ստուգումներ ու ճշտումներ: Խոսքը վերաբերում է հատկապես կինոյի պատմությամբ զբաղվողներիս, որոնց համար երբեմնի անմատչելի կինոնկարների գրեթե մեծ մասն այսօր հնարավոր է դիտել համացանցով, սեփական տանը...

Ահա մի շարք ճշտումներից մեկը:

Հայ կենսագրությունների լավագույն աղբյուրներից մեկումՙ Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարանի» առաջին հատորում կարդում ենք. «ԹՈՄԱՅԱՆ Կայ.- Կինոռեժիսոր, դերասան: Ծնվել է Նյու Յորքում, որտեղ ստացել է կրթությունը, հետեւել կինոարվեստին: Նյու Յորքի բեմերում Շառլ Բաուերի հետ խաղացել է «Կարմիր ձեռնոցներ» պիեսում: «Բաժանման կետը» ֆիլմում նույնպես կատարել է կարեւոր մի դեր: Ավելի փայլել է իր մասնակցությամբ բեմադրված «Եռուզեռ փողոցում» ֆիլմում, որտեղ խոսում է հայերեն»: (Տես Գառնիկ Ստեփանյան, «Կենսագրական բառարանի», հատոր Ա, Երեւան, 1973, էջ 367):

Իրականում այդ դերասանի ազգանունը եղել է ոչ թե Թոմայան, այլ Թոմաջան (անունը անգլերեն գրվում է Գայ, տրված է արեւմտահայ տառադարձությամբ), նա ծնվել է ոչ թե Նյու Յորքում, այլ Ուորչեսթրում (Մասաչուսեթս), Նյու Յորքի բեմերում նրա խաղընկերոջ անունը եղել է ոչ թե Շառլ Բաուեր, այլ Շառլ Բուայե, ֆիլմը կոչվել է ոչ թե «Բաժանման կետը», այլ «Բեկումնային պահը», իսկ մյուս կինոնկարի վերնագիրը ոչ թե «Եռուզեռ փողոցում» է, այլ «Խուճապ փողոցներում» (Panic in the Street)...

Տվյալ դեպքում մեզ ամենից հետաքրքրողը 1950 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմում հայազգի դերասանի կողմից հայոց լեզուն հնչեցնելն է: Իսկապես, հազվագյուտ բան էՙ օտար արտադրության ֆիլմում լսել հայերեն խոսք, այն էլՙ այդ ժամանակաշրջանի կինոյում:

Թվում էր, թե այս տեղեկությունը սպառիչ կերպով լուսաբանվել է 1988 թվականին Երեւանի «Ֆիլմ» թերթում տպագրված «Կայ Թումայան» (sic) հոդվածում (հեղինակՙ Ս. Հարությունյան), որտեղ այնքան մանրամասնորեն է պատմվում այդ ֆիլմում դերասանի կողմից հայերեն խոսելու պատմությունը, ասես հոդվածի հեղինակն առնվազն նկարահանումների տաղավարում է եղել: Մեջբերենք այդ հատվածը.

«Էլիա Կազանի «Պանիկը (sic) փողոցում» ֆիլմում էր, նկարահանված 1950 թ., որտեղ գործունյա Պոլդին ամբողջ մենախոսություններ է արտասանում հայոց լեզվով:

Ինչպե՞ս եղավ, որ դերասանը հանկարծ էկրանից խոսեց... հայերեն: Պատմում են թե...

...Այդ ֆիլմի միզանսցեններից մեկի նկարահանման ընթացքում ռեժիսորին երկար ժամանակ չէր հաջողվում հավաստիություն հաղորդել այն տեսարաններից մեկին, որին մասնակցում էր Կ. Թումայանը:

Արեւելյան կաֆե-բարի սպասասեղանի այն կողմում բարմենն է (Կ. Թումայանը): Նրան են մոտեցել լավ «թրջված» երկու հաճախորդ, նրանց լեզուները համարյա թե չեն պտտվում բերաններում, որ բարմենին բացատրեն, թե ի՞նչ են ուզում: Բարմենը մտահոգված, տարակուսանքով եւ ապա զայրույթով սպասում է դեպքերի զարգացմանը...

Կայ,- հայերեն դիմում է Է. Կազանը դերասանին (Է. Կազանը ծնվել եւ մեծացել է Կ. Պոլսի Բերա հայաշատ թաղամասում եւ սահուն խոսում է հայերեն),- քիչ մը աշխուժություն տուր գործին:

Ի՞նչ ընեմ, որ սա ապուշները մոռցեր են իրենց ըսելիքը,- զուտ հայկական շարժուձեւերով, ցասումով, զայրույթով թնդում է Թումայանը:

Այնքան անսպասելի, անհասկանալի եւ անակնկալ է եղել այս մոլեգին պոռթկումը, որ դերասաններ Թոմի Կուկը եւ Արթուր Քեննեդին (իրականում ֆիլմում նկարահանվել է Էդուարդ Քենեդին - Ա. Բ.) ապշած, ակամայից ստեղծել են հիանալի մի տեսարան... : Հետագայում, ֆիլմի մյուս տեսարանների նկարահանման ընթացքում նման «հնարանքները» դարձել են «ծրագրավորված անակնկալներ», որոնց ժամանակ ֆիլմի ժապավենի վրա պահպանվել են խրոխտ ձայնով մեր հայրենակցի «չոռ», «գրողի ծոցը» եւ հայերեն այլ խոսակցական «գոհարներ» (տես «Ֆիլմ», 20.06.1988):

Բայց այդպե՞ս էր որ:

Այսօր այս կինոնկարը նույնպես հասանելի է համացանցում: Ֆիլմում առկա են որոշ հայկական նշմարներՙ գործող անձանցից մեկն ասում է, թե զոհված անծանոթը կարող է լինել «հայ, չեխ կամ մեկ այլ արեւելաեվրոպացի», խոսք է լինում հայկական ռեստորանի մասին: Գայ Թումաջանի հերոս Պոլդիի մայրը հայերեն մրմնջում է հերոսներից մեկի հետ, որից հասկանալի է «ինչո՞ւ կերթա» խոսքը, ֆիլմի ամենասկզբում Պոլդին արտասանում է «հա՛յդե նստիր» եւ «հերսը մի՛ հաներ», վերջումՙ «ինծի մի՛ չարչարե» խոսքերը, սակայնՙ ոչ մի «ամբողջ մենախոսություններ հայոց լեզվով», ոչ մի «չոռ» կամ «գրողի ծոցը»... Գառնիկ Ստեփանյանը իր տեղեկությունը վստահաբար քաղել է սփյուռքահայ մամուլից, որն էլ ուզածի պես ճոխացրել է Ս. Հարությունյանը: Ի դեպ, վերջինս դերասանի ծննդյան եւ մահվան թվականներն էլ նշել է 1902-1981, մինչդեռ իրականում եղել է 1919-2005: Իրականությանը չի համապատասխանում նաեւ նրա վկայությունը, որ իբր ամերիկյան մեծանուն կինոբեմադրիչ Էլիա Կազանը ծնվել է Բերա թաղամասում եւ սահուն խոսել է հայերեն: Նա իսկապես ծնվել է Կոստանդնուպոլսում, սակայնՙ Ֆեներ թաղամասում, եւ որեւէ տվյալ չկա, թե նա տիրապետել է հայերենին:

Ի դեպ, Գառնիկ Ստեփանյանիՙ վերոնշյալ բառարանի առաջին հատորում (էջ 213) տեղ է գտել նաեւ Էլիա Կազանը (Գազան), իսկական ազգանունովՙ իբրեւ Գազանճյան: Սա նույնպես հավանաբար ժամանակի սփյուռքահայ մամուլ սպրդած սխալներից էր: Կազանը եղել է ազգությամբ հույն, իսկ նրա իսկական ազգանունը եղել է Կազանջօղլու:

Սույն օրինակները հետազոտողներին եւ մշակույթի պատմաբաններին կրկին հիշեցնում են, թե որքան զգույշ է պետք վարվել տպագիր խոսքի հետ, երբեք հարյուր տոկոսով չվստահել ամեն տեսակ վկայություններին եւ առաջին իսկ հնարավորության դեպքում մշտապես ստուգել սկզբնաղբյուրը...

Նկար 1. Գայ Թոմաջանը (կենտրոնում) «Խուճապը փողոցներում» կինոնկարում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 01-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ