RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016



Տեղադրվել է` 2016-07-07 20:52:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1713, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՐԱՐՏՈՒՆ ԻՐ ՈՂՋ ՇՔԵՂՈՒԹՅԱՄԲՙ ԷԿՐԱՆԻՆ

Նաիր ՅԱՆ

Հայոց պատմությունը բացառիկ հարուստ նյութ է կինոյի համար: Մեր անցյալի բացահայտված ու առեղծվածային էջերը հետաքրքրական ֆիլմերի վերածվելու բոլոր նախադրյալներն ունեն, բայց էկրան բարձրանալու բախտին հազվադեպ են արժանանում: Հոլիվուդը, նաեւ այլ երկրների կինոարտադրություններ հաճախ պատմական ֆիլմեր են նկարահանումՙ մեծ մասամբ հիմնված հորինվածքի վրա, քարոզում ու հանրահռչակում են այս կամ այն ժողովրդի, հատկապես հրեաների հետ երեւակայական առնչություն ունեցող անիրական պատմություններ: Այստեղ են ասելՙ մածունն ում են տվել, ախորժակնՙ ում:

Բերենք ղազախական օրինակը. Ղազախստանը պետական լուրջ գումարներ է հատկացնում այն ֆիլմերին, որոնք արծարծում են իր ազգային պատմությունը: Այդ երկիրն անգամ հարկային արտոնություններ է սահմանել այն հովանավորների համար, ովքեր գումարներ կտրամադրեն ազգային թեմաներով ֆիլմերի ստեղծմանը: Եվ ամեն տարի աստղաբաշխական գումարներ են դուրս գալիս Ղազախստանի բյուջեից. միայն թե ֆիլմ նկարվի, օրինակՙ անապատներում ուղտ ու ոչխար պահող քոչվոր մի շեղաչքի մասին, որի ընտանիքը բազմանում է ձիու գավակին ու որը լավ դափ է խփում:

Չնայած մեր պետությունն ազգային թեմաներով ֆիլմեր չի պատվիրում ու չի ֆինանսավորում եւ առանձնապես շահագրգռված չէ նման ֆիլմերի քարոզչությամբ ու հանրահռչակմամբ, բայցեւայնպես, մեր իրականության մեջ կան անհատներ, որոնք սեփական նախաձեռնությամբ (իսկ դա նշանակում էՙ մեծ դժվարություններ հաղթահարելով, մի կերպ գումարներ հայթայթելով, ընկերների ու մտերիմների աջակցությամբ) էկրան են բարձրացնում ազգային, պետական շահերից բխող ֆիլմեր:

Պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը 5-6 տարի առաջ մտահղացել է ստեղծել Ուրարտու հայկական պետության մասին լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմ: Հարուստ ու հսկայածավալ նյութին լիարժեք տիրապետելովՙ նա մշակել է ֆիլմը ներկայացնելու մոտեցումներն ու առանցքային խնդիրները, գրել սցենարն ու իր հեղինակային ֆիլմի գաղափարը ներկայացրել ռեժիսոր Արտակ Ավդալյանին , որի հետ համագործակցելու նախադեպն արդեն կար: Մինչ այս կինոնախագիծը, նրանք միասին ստեղծել են նաեւ «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմըՙ նվիրված հայոց դպրության պատմությանըՙ սկզբից մինչեւ Մեսրոպ Մաշտոց, ապա «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» եւ «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմերը, որոնք մեր քաղաքամայր Երեւանի հինավուրց կենսագրությունը ներկայացնելովՙ պատմական փաստերի լեզվով հակադարձում են ադրբեջանցիների զավեշտալի բարբաջանքներին, թե իբր Երեւանն իրենք են հիմնադրել:

Հերթը Ուրարտուինն է: Արտակ Մովսիսյանն ու Արտակ Ավդալյանն արդեն 5 տարի պատրաստում են «Արարատի թագավորությունը (Ուրարտու)» փաստավավերագրական ֆիլմը, որը շատ հարցերի պատասխաններ կտա, կներկայացնի Ք.ա. 9-7-րդ դարերում Հայկական լեռնաշխարհում հիմնադրված Ուրարտու պետության պատմությունը, մշակույթը, ավանդույթները, կրոնը, հոգեւոր ու աշխարհիկ ճարտարապետությունը, կենցաղը. 300 տարվա բարձրագույն քաղաքակրթություն, որի էթնիկ կրողներն ու ստեղծողները հայերս ենք:

«Ուրարտուն Հայաստանի ասորաբաբելական անվանումն է, բայց գիտության մեջ ընդունված է Ուրարտու անունով կոչել միայն Վանի թագավորությունը (Բիայնա, Ուրարտու, Արարատ): Մեր պատմության համար Վանի թագավորությունն առանցքային դեր է ունեցել: Հայկական պետականությունն իր սահմանները գծել է Հայկական լեռնաշխարհի վրա, որը համապատասխանում է հետագա Մեծ Հայքին: Վանի տիրակալները ողջ Հայկական լեռնաշխարհը միավորել են մեկ միասնական պետության մեջ: Վանի թագավորությունն առաջին համահայկական պետությունն է, որը միաձույլ ամբողջություն է դարձրել հայ ժողովրդին եւ 1500 տարվա լիցք է տվել մեզՙ Ք.ա. 1-ին հազարամյակի սկզբից մինչեւ մ.թ 5-րդ դարը: Ուրարտունՙ որպես ֆենոմեն, լիարժեք գնահատված չէ անգամ մեր դասագրքերում: Պետք է պատմական ճշմարտությունը բոլորն իմանան. Վանի թագավորության գերիշխող էթնոսը հայերն են: Վաղուց կա անհրաժեշտությունՙ Ուրարտուն համակողմանիորեն ներկայացնելու, մեր պատմության կարեւորագույն դրվագները ցույց տալու ոչ միայն օտարազգիներին, այլեւ հենց մեզ: Դպրոցներին ուսումնական ֆիլմեր են պետք. դաշտը դատարկ է: Էլ ինչի՞ համար է պատմությունը, եթե այն այսօրվան ու վաղվան չի ծառայելու»,- նկատում է պատմաբան, ֆիլմի հեղինակ Արտակ Մովսիսյանը:

Տասնամյակներ շարունակ հակասական տեսակետներ են հրապարակվել Ուրարտուի վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ սովետական տարիներին վերեւներից հատուկ հրահանգ է իջեցվելՙ Ուրարտուն օտարել հայ ժողովրդի պատմությունից ու անցյալից, անգամ դասագրքերում այն ներկայացնելՙ որպես ԽՍՀՄ-ի տարածքի առաջին եւ միակ ստրկատիրական, բայց ոչ երբեք հայկական էթնիկ պետություն: Արտակ Մովսիսյանը պատմության կամակոր խմբագիրներից օրինակ բերեց Ստալինին, որն անդրկովկասյան երկրների պատվիրակությունների առաջ ելույթ ունենալիս շեշտել է. «Դուքՙ հայերդ, խաղաղ, ստեղծագործ ժողովուրդ եք, դուք նվաճող ուրարտացիների հետեւորդները չեք, պա՞րզ է»: Պարզ է, որ ժողովուրդների առաջնորդին ոչ ոք չէր կարող հակաճառել, անգամ պատմական փաստերը վկայակոչել: Սովետական տարիներին քաղաքական ճնշումների հիմնական նպատակն այն է եղել, որ հայերը ԽՍՀՄ ժողովուրդներից ոչնչով չառանձնանան եւ հանկարծ ազգային գաղափարներով չսնվեն, համոզմունք չտածեն, թե իրենք սովետական մյուս ազգերից ամենահինն են, հինավուրց պատմություն ու մշակույթ ունեն:

Հիմա քաղաքական ճնշումներ, պարտադրանքներ չկան, բայց չկա նաեւ մեր պատմության փառահեղ էջերը վեր հանելու, ճանաչելի դարձնելու, մեր հզոր պետականությունըՙ որպես օրինակ ու դաս ուսուցանելու պետական շահագրգռվածություն ու հայեցակարգային պարզ ցանկություն: Մինչդեռ թուրքերն, օրինակ, ուրարտական քաղաքակրթությունն ու մշակույթը ջանասիրաբար ներկայացնում են իբրեւ իրենց նախնիների կերտած պատմություն: Սրա հիմքերը ոչ վաղ անցյալում են ու դարձյալ պետական ծրագրված մոտեցման արդյունք: Արտակ Մովսիսյանը վկայակոչում է պատմության մեկ այլ կամակոր խմբագրիՙ Քեմալ Աթաթուրքին, որը թուրք պատմաբաններին հանձնարարել է Թուրքիայի տարածքի բոլոր հին քաղաքակրթությունների հետ կապել թուրքերին: Այդ մոլուցքով առաջնորդվելովՙ Առաջավոր Ասիայի բոլոր ժողովուրդներին նրանք իրենց նախնիներ են համարում, ինչպես օրինակՙ ուրարտացիներին, խեթերին, անգամ շումերներին: Աթաթուրքի հանձնարարականը մինչեւ հիմա սրբորեն իրագործվում է, դրանով դաստիարակվում, կրթվում ու ոգեշնչվում են թուրքերի բոլոր սերունդները:

Բացի պատմական հարուստ ժառանգությունից ու ծավալուն ասելիքից, «Արարատի թագավորությունը (Ուրարտու)» ֆիլմի ստեղծման պատճառ են հանդիսացել նաեւ ազգային պատվախնդրությունն ու ճշմարտությունը վեր հանելու, ճշմարտության մասին իրազեկելու բնական ձգտումները: Ֆիլմի ստեղծագործական խումբը 8-9 ճամփորդություն է կատարել Ուրարտուի տարածքումՙ Արեւմտյան Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում, Պարսկաստանում: Այն, ինչ տեսել ու զգացել են նրանք, արձանագրել է նաեւ տեսախցիկը: Նկարահանվել է ծավալուն նյութՙ հնավայրեր, թանգարաններ, սեպագիր արձանագրություններ, հուշարձաններ, դաշտավայրեր, մի խոսքովՙ հին հայկական պետություն ու քաղաքակրթությունՙ իրենց իրեղեն ու ոգեղեն վկայություններով, անջինջ հետքերով ու խոսուն ներկայությամբ: Ֆիլմում ընդգրկված են նաեւ 13-14 գիտնականների վերլուծություններ: Բանախոսների մեծ մասն օտարերկրացի է: Ֆիլմը կպատրաստվի չորս լեզվովՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն: Ռեժիսոր Արտակ Ավդալյանը շատ կուզենար, որ լինեին նաեւ խաղարկային հատվածներ, բայց լիովին գիտակցում է, որ յուրաքանչյուր ցանկություն իրագործելու համար գումար է պետք: «Արարատի թագավորությունը (Ուրարտու)» ֆիլմի աշխատանքների կեսից ավելին արված է: Ինչպես են հայթայթվել գումարները, հեղինակն ու ռեժիսորը ժպիտով պատասխանում ենՙ այսուայնտեղից, ընկերներից, սեփական գրպանից. կոնկրետ հաստատված բյուջե չենք ունեցել:

Ֆիլմը հետարտադրական փուլում է, որը նույնպես ծախսեր է պահանջում, ընդհանուր առմամբՙ 10-13 հազար դոլար: Հեղինակները մինչեւ հիմա ապավինել են մասնավոր անձանց բարի կամքին ու պատվախնդրությանը, հույս ունենՙ աջակիցներ էլի կհայտնվեն: Նման ֆիլմերը կինոդիտողի համար նաեւ պատմական էքսկուրս ենՙ անիմացիայի եւ 3D-ի միջոցով շոշափելիորեն ու առարկայական ցուցադրելով պատմական տարածքները, քարտեզները, ճարտարապետական հուշարձանները: Նման հնարքները վաղուց արդեն ընդունված ու սովորական ձեւաչափ են կինոյում, ընդ որումՙ ոչ թե շռայլություն, այլ անհրաժեշտություն:

«Արարատի թագավորությունը (Ուրարտու)» փաստավավերագրական ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը լիահույս են, որ հնարավորություն կունենանՙ իրենց ֆիլմը համալրելու եւ հագեցնելու տեխնիկական այդ հնարքներով, հայ եւ միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական հնագույն պետություն-երկրիՙ Ուրարտուի մասին համակողմանիորեն պատմող երկմասանի ֆիլմ: Այն սկսվելու է աստվածաշնչյան վկայությամբ եւ ավարտվելու է ուղերձովՙ ի լուր բոլորիՙ Ուրարտուն եղել է հայկական հզոր պետություն, որը խարսխված է եղել ոչ թե բռնակալության ու արյունահեղության, այլ ստեղծարար, խաղաղ, պետականաշեն հիմերի վրա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ