RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016



ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՆԴԵՍՆԵՐ

Տեղադրվել է` 2016-07-07 20:52:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1366, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԴՊՐԵՎԱՆՔԻ «ԳԼԱՁՈՐԻ» ՆՈՐ ՀԱՏՈՐԸ

Երուանդ ՏԷՐ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

Հազիվ թե կարիք կա բացատրելու կամ թե առանձնապես հիմնավորելու, թե ինչ բացառիկ, նույնիսկ ավելինՙ ճակատագրական դեր եւ նշանակություն ունի դպրոցը կամ կրթական հաստատությունը որեւէ ժողովրդի կյանքում: Համենայն դեպս, մեր պարագային այդ դերը իրոք ճակատագրական է: Իսկական դպրոցը կամ կրթական հաստատությունը ազգային էության, այսինքնՙ ազգային մտածողության եւ գիտակցության, ասել է թեՙ մեր ինքնության ու մշակույթի կարեւորագույն նախահիմքերից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը:

Եվ ահա, մեր գրավոր մշակույթի եւ մանավանդ մեր նոր գրականության մեջ առկա է շատ հետաքրքրական մի երեւույթ, մի իրողություն, որ, ցավոք, մինչեւ այսօր մանրամասնաբար ուսումնասիրված չէ: Իմ խոսքը դպրոցական, աշակերտական եւ ուսանողական ձեռագիր կամ խմորատիպ թերթերի, հանդեսների եւ ամսագրերի մասին է, որպիսիք շատ էին մանավանդ 19-րդ դարի վերջին տասնամյակների եւ 20-րդ դարի առաջին տասնամյակի մեր դպրոցներում, մանավանդ արեւմտահայ իրականության մեջ: Մեր նշանավոր շատ գրողների ու բանաստեղծների, գրական այլ գործիչների առաջին փորձերը հրապարակվել են այդ մամուլի էջերում: Սակայն այդ հանդեսների մեծ մասը չի պահպանվել, մի զգալի մասի նույնիսկ նկարագրությունները չկան: Այսօր դրանք չկան, բայց գրական-մշակութային ավանդույթը շարունակվում է: Դրա վկայությունը Անթիլիասի Դպրեվանքի «Գլաձոր» խորագրով տարեգիրքն է, որն այսօր արդեն ո՛չ ձեռագիր է եւ ո՛չ էլ խմորատիպ, այլ ճաշակով ձեւավորված շքեղ հրատարակություն է («Գլաձոր», Տարեգիրք դպրեվանուց, ԺԷ տարի (2015-2016), Պիքֆայա, 2016, 330 էջ):

Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքը հիմնադրել են Սահակ կաթողիկոսը եւ Բաբկեն աթոռակից կաթողիկոսը, մասնակցությամբ Շահե արքեպիսկոպոս Գասպարյանի, 1930 թվականին: Դպրեվանքի պատմական առաքելությունը շատ դիպուկ ու ճշգրիտ է ձեւակերպել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը. «Ուրկէ՞ պիտի գան ծառայասէր, նախանձախնդիր մարդիկ իրենց անձերը ընծայաբերելու մեր ժողովուրդին, եթէ ոչՙ Դպրեվանքէն:

Այսօր ունինք երեք դպրեվանքերՙ Ս. Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղէմ:

Կ՛ուզէ՞ք Հայաստանեայց Եկեղեցին զօրացնել իր առաքելութեան մէջ: Եկէք զօրացնենք մեր դպրեվանքերը:

Կ՛ուզէ՞ք Հայաստանեայց Եկեղեցին պայծառացնել, եկէք հզօրացնենք մեր դպրեվանքերըՙ որակով եւ հոգեմտաւոր կեանքով»:

Լավ է նկատված, որ Դպրեվանքը չի եղել սովորական կրթական հաստատություն, որ Դպրեվանքը «...երբեք չեղաւ միաբանական, վանական հաստատութիւն մը, կրօնական իր նեղ շրջագծով, այլՙ եղաւ ու մնաց Կաթողիկոսության հոգեւոր, ազգային, կրթական եւ մշակութային բազմաճիւղ գործունէութեան համար ծառայողներ պատրաստող դարբնոցը», «Դպրեվանքը մեր կեանքին համար երբեք չեղաւ ինքն իր մէջ կղզիացած կրօնական մենաստան մը, այլՙ եղաւ հայ կեանքին բացուած տեւական դարպաս մը, ուրկէ դուրս եկողները իրենց արժանի տեղը ունեցան վերջին 85 տարիներու մեր պատմութեան մէջ», «Դպրեվանքը մեր կեանքին համար չեղաւ քրիստոնէական սուրբ կրօնի սկզբունքները եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ հարազատ աւանդութիւնները ուսուցանողն ու պահպանողը միայն, այլՙ եղաւ այդ բոլորը մեր կեանքին մէջ անմիջական, ուղղակի եւ առօրեայ կերպով ապրեցնող օճախը»: Այս սկզբունքներով առաջնորդվող, այս մթնոլորտով ապրող Դպրեվանքում ուսանողների մեջ առկա է գովելի հակումը գիտական կրոնագիտության եւ հայագիտության հանդեպ: Դրա վառ վկայությունը, ահա, Դպրեվանքի «Գլաձոր» տարեգիրքն է, որի հերթական այս հատորը լույս է տեսել «Կիլիկիայէն Անթիլիաս» բնաբանով եւ նվիրված է Դպրեվանքի հիմնադրության 85-ամյակին:

Հատորի խմբագրական կազմը ներկայացնում են Դպրեվանքի ուսուցիչներ Վիգեն Ավագյանը, Ժիրայր Դանիելյանը, Կարո Հովհաննեսյանը, Վահե Էլմաճյանը եւ... Քրիստափոր Միքայելյանը: Հատորի պատասխանատու խմբագիրն է Դպրեվանքի տեսուչ հայր Թորգոմ վարդապետ Տոնոյանը:

Ես ծանոթ եմ «Գլաձորի»-ի նախորդ պրակներին եւ կարող եմ վկայել, որ այս հատորը մեծապես տարբերվում է նախորդներից թե՛ իր որդեգրած սկզբունքներով, թե՛ բովանդակությամբ եւ թե՛ նպատակամղվածությամբ: Եվ տարբերվում է շահեկանորեն:

Նախ, առաջին անգամը լինելով, հատորը միասնականացրել է դասախոսներին եւ ուսանողներին, ուսուցիչներին եւ աշակերտներին: Դպրեվանքը ներկայանում է այս հատորում ոչ միայն իբրեւ ամբողջական միաբանություն, այլեւ իբրեւ միասնական ընտանիք: Եվ հետո, հատորը վկայում է Դպրեվանքի սաների հոգեմտավոր դաստիարակության, ինչպես նաեւ ուսանողության գիտական մտածողության ձեւավորման նպատակամետ ընթացքը:

«Գլաձոր»-ի այս հատորը բացվում է Դպրեվանքի տեսուչ հայր Թորգոմ վարդապետ Տոնոյանի ողջույնի խոսքով եւ խմբագրականով եւ ունի ծավալուն մի քանի բաժին:

Առաջին բաժինը կոչվում է «Մտորումներ նախկին տեսուչներու գրասեղանէն» եւ ներկայացնում է Դպրեվանքի դասախոսների եւ ուսուցիչների խոսքերը, խոհերն ու մտորումները Դպրեվանքի անցած ուղու, նրա պատմական դերի ու նշանակության, Դպրեվանքի անցյալի ու պատմության շուրջ:

Ուշագրավ, հետաքրքրական ու բովանդակալից են Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանի («Կիլիկեան Դպրեվանքըՙ Սփիւռքեան հոգեմտաւոր ջրտուք»), Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանի («Դպրեվանքէն, Դպրեվանքին»), Մեսրոպ քահանա Քերքեզյանի («Դպրեվանքը դարբնոց մարդակերտումի եւ հայակերտումի»), Վիգեն Ավագյանի («Իմաստ եւ վաստակ»), Ժիրայր Դանիելյանի («Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքի փառաւոր ուղին»), Կարո Հովհաննեսյանի («Նկարագիրի դարբնոց») եւ այլ դասախոսների եւ ուսուցիչների հոդվածները, վկայություններն ու սրտի ջերմ խոսքերը Դպրեվանքի ու իր անցած իրոք փառավոր ուղու մասին: Տպագրված է նաեւ սիրելի բանաստեղծ, գրող, թարգմանիչ, Դպրեվանքի երկարամյա ուսուցիչ Սարգիս Կիրակոսյանի «Տիրամայրն ու իր որդին» ոգեկան էսսեն, որ ողբացյալ գրողի թերեւս վերջին գրավոր խոսքն է, որ լույս է տեսնում իր մահից հետո: Հատորի այս բաժնում հոգեւորական եւ աշխարհական ուսուցիչների խոսքը վերստեղծում է Դպրեվանքի կյանքի եւ մթնոլորտի ամբողջական նկարագիրը, կրոնական ու գիտական, հոգեւոր ու մշակութային մթնոլորտի եւ միջավայրի վավերական պատկերը:

Հատորի հաջորդ բաժինը ներկայացնում է Դպրեվանքի 2012-2015 տարեշրջանների ավարտական սարկավագների քարոզների մի մասըՙ 14 քարոզ:

Այս քարոզները վկայում են երիտասարդ հոգեւորականների կրոնական պատշաճ պատրաստվածությունը եւ, ինչն ամենակարեւորն է, հակումը դեպի գիտական աստվածաբանություն: Հայ գիտական աստվածաբանական միտքը իր մեջ կարող է ներառնել մեր ժողովրդի ստեղծած գրական ու գրավոր մշակույթի մեծագույն մասը, ստեղծել մեր ժողովրդի փիլիսոփայական, իմաստասիրական, պատմական, հոգեբանական, գրական ու լեզվաբանական մտքի մեկ-միասնական ամբողջական պատկերը: Հայագիտական ու պատմագիտական, արվեստաբանական ու մշակութաբանական նյութերի աստվածաբանական շրջանակը նոր իմաստ եւ բովանդակություն կտա հայ մտքի շարժումի ու ընթացքի պատմությանը: Եվ դրա սկիզբը դրվում է նաեւ այստեղ, կիլիկյան Դպրեվանքում, ինչպես եւ մեր մյուս դպրեվանքերումՙ Հայաստանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճեմարանում, Վազգենյան դպրեվանքում, Երուսաղեմում:

Հատորի առավել ծավալուն բաժինը կոչվում է «Ընծայարանական ուսանողներու աշխատասիրությունները»: Բաժինը ընդգրկում է 20 աշխատանք: Դրանց թվում կան անցյալի ու ներկայի հայ հոգեւոր ու մշակութային կյանքի մեծ նվիրյալների ու խոշորագույն դեմքերի գրական դիմանկարներ, պատմագիտական բնույթի շարադրանքներ, վերլուծական փորձեր, իմաստալից կենսագրականներ ու զուտ նկարագրական էջեր: Թեեւ այդ աշխատասիրությունները հիմնականում համադրական շարադրանքներ են, հիմնված գիտական աշխարհում հայտնի մասնագետների ուսումնասիրությունների եւ գիտական պրպտումների վրա, այնուամենայնիվ դրանց մեջ կան շարադրական տպավորիչ էջեր, որոնք վկայում են երիտասարդ աստվածաբանների ու հայագետների իմացությունն ու ձիրքը, ձգտումն ու ջանքըՙ նյութը ներկայացնելու պատշաճ գիտական լեզվով եւ մակարդակով: Չեմ ուզում առանձնացնել նրանցից որեւէ մեկին, թեպետեւ շատերն են արժանի անունով նշվելու, միայն եւ միայն բոլոր հեղինակներին ջատագովելու, բոլորին իրենց ապագա ուսումնասիրական աշխատանքների մեջ հաջողություն ցանկանալու ու մաղթելու համար:

Հատորի հաջորդ բաժինը ներկայացնում է Ժառանգավորացի ուսանողների սրտի խոսքերըՙ ուղղված կիլիկյան Դպրեվանքին:

Դպրեվանքի 85-րդ կրթական տարեշրջանը ներկայացնող տեսչական հանգամանալից տեղեկագրից հետո եկող «Քրոնիկ» բաժինը ներկայացնում է Դպրեվանքի ներքին կյանքն ու առօրյան 2014-2015 եւ 2015-2016 տարեշրջաններին: Այս «քրոնիկ»-ները հիանալի պատկերացում են տալիս Դպրեվանքի կրթական ու դաստիարակչական աշխատանքների ու մթնոլորտի, Դպրեվանքից ներս ուսանողների եւ աշակերտների համար կազմակերպված գիտական զեկուցումների ու դասախոսությունների, մշակութային ու գեղարվեստական երեկոների, հետաքրքրական հանդիպումների, վերջապեսՙ հանգստի եւ զվարճանքի միջոցառումների մասին: Այս ամենի վերաբերյալ հաղորդումներն ու տեղեկատվությունները ուղեկցվում են լուսանկարներով, որոնք ընթերցողի տպավորությունը դարձնում են առավել հավաստի:

Հատորի վերջին բաժինը կոչվում է «Հունձք» եւ ներկայացնում է 2012-2015 թվականներին ձեռնադրված երիտասարդ վանականներինՙ լուսանկարով եւ համառոտ կենսագրականներով:

Հատորին մանրամասնաբար ծանոթանալուց հետո կարելի է վստահորեն ասել, որ Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում հայ պատանիների կրթության եւ դաստիարակության գործը, այն էՙ նոր սերնդի հայ աստվածաբանական ու հայագիտական մտքի ու մտածողության ձեւավորումը, ինչպես Հայաստանում են ասում, դրված է բարձր հիմքերի վրա:

«Գլաձոր»-ը, լինելով ու մնալով նախորդ հատորների շարունակությունը, նոր ու հրաշալի ճանապարհի վրա է: Սպասենք հաջորդ հատորներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ