RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-30 11:28:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2413, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՅԼՈՒՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Լիլիթ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2016 թվականի սեպտեմբերի 26-ը հիշարժան դարձավ Երեւանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի համար: Լեփ-լեցուն դահլիճում եւ հանդիսատեսի ջերմ ընդունելության ներքո թատրոնը այս տարվա թատերաշրջանը սկսեց պրեմիերայովՙ 20-րդ դարի ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Սաշա Գիթրիի «Արի երազենք» պիեսով: Այս թատերաշրջանը հոբելյանական է Համազգային թատրոնի համար, որի հիմնադրման 25-ամյակն է: Բացման խոսքում թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը նշեց, որ այս թատերաշրջանը նվիրվում է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակներին:

Այս իմաստով թատերաշրջանի բացումը դարձավ ավելի խորհրդանշական եւ պարտավորեցնող: Այդ հաճելի ու դժվար բեռն իր ուսերին վերցրեց ֆրանսահայ հայտնի դերասան, ռեժիսոր, թատերագետ Ժիրայր Փափազյանը (Բաբազյանը): Վերջին ժամանակներս սիրված արվեստագետը մեկը մյուսից հետաքրքրական ծրագրերով ու նախաձեռնություններով է ժամանում հայրենիք: Այս անգամ նա Հայաստանում էր Համազգային թատրոնի ռեժիսոր Վարդան Մկրտչյանի հրավերով, ում հետ Ժ. Փափազյանը իրականացեց իր առաջին ռեժիսորական աշխատանքը հայաստանյան թատրոնի բեմում: Բեմադրության համար ընտրվեց Ս. Գիթրիի «Արի երազենք» պիեսը: 2016 թվականի հուլիսին Ժ. Փափազյանը այցելեց Երեւան, ծանոթացավ Համազգայինի դերասանական կազմի հետ, դիտեց ներկայացումները, փորձերը, ինչի արդյունքում կատարվեց պիեսի դերաբաշխումը: Գլխավոր դերերում ընտրվեցին Նարինե Գրիգորյանը , Մխիթար Ավետիսյանը , Արման Նավասարդյանը եւ Նարեկ Բաղդասարյանը :

Սեպտեմբերի սկզբից Ժ. Փափազյանը Համազգայինի բեմում ամբողջ թափով սկսեց ներկայացման փորձերը: Բեմանկարիչըՙ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը , Հայաստան է վերադարձել Շվեյցարիայից, որտեղ նա հիմնադրել է FRUCTUS ARMENIKUS տիկնիկային թատրոնը: Ընդամենը մեկ ամիս տեւած պրոֆեսիոնալ բացառիկ աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 26-ին թատրոնը ներկայացրեց իր նոր գործը: Պրեմիերայից պարզ դարձավ, որ այն հավակնում է դառնալ թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումը:

Բացման խոսքում թատրոնի ղեկավար Վ. Մկրտչյանը նշեց, որ իր սպասելիքները միանգամայն արդարացված են: Անվանի դերասան եւ ռեժիսոր Ժիրայր Փափազյանի աշխատանքը նոր էսթետիկա եւ նոր մտածողություն հաղորդեց հայ բեմին, թարմ շունչ բերեց երեւանյան թատերական կյանքի մեջ: Այս նախաձեռնությունը Հայաստան-Սփյուռք կապի եւս մի կարեւոր ու ամուր հիմք է, մշակութային երկխոսության գեղեցիկ ու վարակիչ օրինակ:

Պատահական չէ, որ սիրով ընդունելով Համազգայինի ղեկավարի հրավերըՙ Ժ. Փափազյանը ընտրեց Ս. Գիթրի պիեսը: Գիթրին իր գործերում ներկայացնում է ֆրանսիան, Փարիզըՙ ֆրանսիական նուրբ հումորի ու սրամտության լեզվով: «Արի երազենք» պիեսը կատակերգական ժանրի ստեղծագործություն է, բայց նրանում բարձրացված խնդիրները շատ ավելի խորն ու հուզիչ են: Դա ուրախ պատմություն է երազող, երազանքի ետեւից գնացող մարդու եւ երազանքը վերապրելու խենթ-խիզախության մասին: Հերոսները թույլ են տալիս իրենց թեկուզ կարճատեւ երջանիկ զգալՙ իրենց հետագա կյանքի տարիները այդ երջանկության հուշով ու հրաշքով ապրելու համար: Եվ այդ խենթ արկածը այնքան գեղեցիկ, նուրբ ու թեթեւ է ներկայացված, որ ոչ միայն չի փշրում, այլ չի էլ դիպչում բարոյականության երկաթյա պատնեշին:

Բեմադրիչ Ժիրայր Փափազյանը, քաջ ծանոթ լինելով թե՛ հեղինակի գործերին եւ թե՛ փարիզյան կյանքի ինտրիգներին, կարողացել է հանդիսատեսի դատին հանձնել տիպիկ ֆրանսիական կոլորիտ ունեցող ներկայացում: Դերասանների խաղի, շարժումների ու բեմական խոսքի մեջ հստակ տեսանելի է անվանի բեմադրիչի ինքանտիպ ձեռագիրը, որից ներկայացումը կրկնակի շահել է: Նրաՙ պրոֆեսիոնալի ինտուիցիան անսխալ է կատարել նաեւ դերասանների ընտրությունը: Գլխավոր դերերում հանդես եկող Մխիթար Ավետիսյանը, Նարինե Գրիգորյանը, Արման Նավասարդյանը եւ Նարեկ Բաղդասարյանը հրաշալի ըմբռնել են իրենց հերոսների հոգեբանությունը, ստեղծել արկածախնդիր, ուժեղ, ուրախ, համակրելի, մարդկային արժանապատվությունը չոտնահարող կերպարների փոքրիկ պատկերասրահ:

Շնորհակալություն սիրելի բեմադրիչին, դերասաններին, թատրոնի ղեկավարին եւ տեխնիկական անձնակազմին, ներկայացման աջակիցներ Բորիս եւ Քաթրին Հայրապետյաններին , Արա Խանջյանին , Հովհաննես Չիլինկիրյանին ՙ այսպիսի բարձրարվեստ բեմականացում հանիդատեսին հանձնելու համար: Այն անմոռանալի տոն էր, որ հանդիսատեսը տարավ իր հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 30-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ