ՏԵՐԵՒԱԹԱՓԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է... Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Դավիթ Էվերեկլյան 2015-2016 թատերաշրջանի ավարտի վերջին վարագույրով փակվել են հայ բեմի մեծ նվիրյալներից մեկիՙ Դավիթ Էվերեկլյանի հոգնատանջ աչքերը: Պատանեկան տարիներից շուրջ յոթ տասնամյակ նրա հիմնական զբաղմունքը եղել է հայ թատերական կյանքի առաջընթացին նպաստելը: Թատերական աշխարհում չկա մի բնագավառ, որին ակտիվորեն մասնակցած չլինի Էվերեկլյանը: Սկսել է դերասանությամբ, բեմադրություններ տվել, թատերախմբեր կազմակերպել ու ղեկավարել. թատերախմբի խաղացանկը նոր պիեսներով համալրելու նպատակով պիեսներ գրել անցյալի ու ժամանակակից թեմաներով: Զբաղվել է բեմահարդարությամբ ու դիմահարդարությամբ, ներկայացումների ազդագրեր կազմելով ու տպագրելով, շատ անուններ փրկել մոռացումից: Էվերեկլյանը միակ թատերական գործիչն է եղել, որ տարիներ շարունակ թուղթ ու գրիչը ձեռքին, որտեղ պատահի, հարցազրույցներ է վարել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, հուշ ու հոդվածներ է գրել Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ամերիկայի, Կանադայի, բազմաթիվ դերասան-դերասանուհիների, ասմունքողների, երաժիշտների ու երգիչների մասին: 1953-ից Էվերեկլյանը երկար տարիներ եղել է Կ. Պոլսի «Քուլիս» թատերական հանդեսի մշտական թղթակիցը, արձագանքել, լուսաբանել թատերական կյանքի նորությունները, հոբելյանական հանդես-մեծարումները: Նամակագրական կապեր է ունեցել սփյուռքահայ անվանի դերասան Էդուարդ Չափրաստի եւ ուրիշների հետ: Դավիթ Էվերեկլյանը եղել է 20-րդ դարի երկրորդ կեսի սփյուռքահայ թատրոնի միակ պատմաբանը, որն արժեքավոր տեղեկություններ է թողել այդ պատմությունն ուսումնասիրողների համար: Տարբեր թեմաներով գրած գործերի հետ մատենագիտական ստույգ աղբյուրներ է կազմելՙ դյուրացնելով հետազոտողների աշխատանքը: Լայն ու բազմազան են եղել Էվերեկլյանի հետաքրքրությունները: Նա, միաժամանակ, պատկանում է թատերական այն գերդաստաններին, որոնք ամբողջ ընտանիքով նվիրվել են բեմական արվեստին: Դավիթ Էվերեկլյանը ծնվել է 1927-ի մայիսի 1-ին Բեյրութում, թուրքերի կողմից բարբարոսական կոտորածների ժամանակ որբացած կեսարացի Հակոբի եւ անկարացի Կյուլենիայի ընտանիքում: Փոքր տարիքում մորից գորգագործություն սովորած Հակոբը գաղթելով Բեյրութ, զբաղվել է գորգի աշխատանքով եւ վարպետացել նրա նորոգման արհեստ-արվեստով: Հոր մասնագիտությունը յուրացրել է նաեւ Դավիթը եւ որոշ աշխատանք տարել: Նախնական կրթությունը Դավիթն ստացել է Ս. Եղիա ժողովրդապետական վարժարանում, իսկ 1942-ին ավարտել է Պուրճ Համուտի Հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարանը: Պատանեկան տարիներից Էվերեկլյանը հակում է ցուցաբերել դեպի գրականությունն ու թատերական արվեստը եւ անբաժան մնացել նրանցից: Դա սկսվել է 1942-ից: Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, պիեսներ, 1943-ից նվիրվել թատերական արվեստին: 1950-1970-ական թթ. լիբանանահայ թատրոնի պատմությունն ուսումնասիրողների համար Էվերեկլյանի թողած գրական-թատերական ժառանգությունը գրված է սիրով ու սրտով, ականատեսի ու մասնակցի անմիջական վերաբերմունքով, պարզ, մատչելի, հարուստ բառապաշարով, որոնց համատեղումը սկզբնաղբյուրի մեծ արժեք ունեն: Իր այս հատկանիշներով նա շարունակել է 19-րդ դարի երկրորդ կեսի հայ մեծ թատերական գործիչ Գեւորգ Չմշկյանի (1837-1915) կիսատ թողած աշխատանքը: Էվերեկլյանի գրական-թատերական գործունեության դեռեւս կես ճանապարհին, ահա թե ինչպիսի բարձր ու բնորոշ գնահատական է տվել նրան լիբանանահայ հանրահայտ գրող-խմբագիր Սիմոն Սիմոնյանը: Էվերեկլյանի առաջինՙ «Թատերայուշեր եւ նիւթեր լիբանանահայ թատրոնի պատմութեան» գրքի (Բեյրութ, 1971) իբրեւ առաջաբան «Այս գիրքը...» խոսքում Սիմոնյանը գրել է. «Լիբանանահայ թատրոնի պատմութեան մէջ անպայման պիտի չմոռցուի խոնարհ մէկը, որ կկոչուի Դավիթ Յ. Էվերեկլեան , որ առաջին անգամ 1943-ին ոտք դրաւ հայ բեմին տախտակներուն եւ այդ թուականէն մինչեւ մեր օրերը կ"ապրի եւ կը գործէ միմիայն Լիբանանի հայ թատրոնի համար- դերասանութեամբ, բեմադրութեամբ, թատերախումբեր հիմնելով, թատրերգութիւններ, թատերական քրոնիկներ, թղթակցութիւններ ու տեսակցութիւններ գրելով, մասնակցութիւն բերելով տեղական ու այցելու բազմաթիւ դերասաններու եւ թատերական խումբերու խաղարկութեանց, նոյնիսկ... յանկարծական բացակայող կամ հիւանդացող դերակատարներ փոխարինելով»: Էվերեկլյանն առաջին անգամ բեմական զգեստ է հագել 1943-ի ապրիլի 4-ին: Մեսրոպյան Սանուց միության թատերախմբում կատարել է Հրանտ Իշխանի դերը «Երեք քաջեր» կատակերգության մեջ: Խանդավառված «Հայ գիր» ամսագրի խմբագիր Վազգեն Այգունու (Գեւորգ Պաղճյան) ղեկավարությամբ գործող «Ռուբեն Մամուլյան» թատերախմբի ներկայացումներով ու գեղարվեստական հանդեսներով, Էվերեկլյանը հակվել է դեպի այդ կողմը: Բեմական առաջին լուրջ հաճույքը թատերասեր երիտասարդն ստացել է լիբանանահայ երախտաշատ թատերական գործիչ Պողոս Մենտիլյանի բեմադրածՙ Ալ. Աբելյանի «Պլը-Պուղի» կատակերգության բեմադրությունից: Մենտիլյանի խմբի հետ Էվերեկլյանը մասնակցել է նախ անխոս դերով («Թմկաբերդի առումը»), ապա հանդես եկել Բաբկենի դերով Ավ. Ահարոնյանի «Արցունքի հովիտը» պիեսի բեմադրության մեջ: Վերադառնալով Մեսրոպյան վարժարանի «Միհր» թատերախումբ, Էվերեկլյանն արդեն հանդես է եկել որպես ձեւավորված դերասան, դարձել բեմադրիչ ու դրամատուրգ: Այդ թատերախմբում են առաջին անգամ խաղացվել նրա գրած «Պատճառը ես եղայ» ողբերգությունը (1945, ապրիլի 8) եւ «Բանաստեղծ» երգիծախաղը (1945, դեկտեմբերի 3): Բեմական որոշ փորձառություն ձեռք բերելուց հետո Էվերեկլյանը ցուցաբերել է նաեւ կազմակերպչական ընդունակություններ: 1946-ի սեպտեմբերին նա կազմակերպել է «Լիբանանահայ թատերախումբը», որը գործել է մինչեւ 1954 թվականը: Հիմնադիր կազմը բաղկացած է եղել հինգ հոգուց: Բացումը կատարվել է 1947-ի հունվարի 10-ինՙ իր գրած «Իսուբը» պիեսով, որի թեման վերցրել է Ղարաբաղի մելիքների կյանքից: Բեմադրողն ու Մելիք Թամրազի դերակատարը եղել է հեղինակը: Այս բեմադրության առթիվ «Արարատ» թերթի աշխատակից Հրանդ Գանգրունին հետեւյալ խրախուսական տողերն է գրելՙ «Լիբանանահայ թատերախումբը կազմող այս խումբ մը երիտասարդ եւ պատանիները կրնան իրապէս հպարտ զգալ ինքզինքնինՙ իրենց 3-4 ամսուան աշխատանքին եւ յարատեւ ճիգին արդիւնք «Իսուբ»-ի ներկայացումով... կրցաւ գոհացնել ներկաները» (Արարատ, 1947, N 1788): «Լիբանանահայ թատերախմբում» Էվերեկլյանի պիեսներից խաղացվել են նաեւ «Ծաղկավաճառուհին» (1948), «Մեռեալ կեանքեր» (1950) դրամաները, որոնցում շոշափվել են ժամանակակից կյանքում տեղի ունեցող բարքերին, մարդկային հարաբերություններին նվիրված հարցեր: Էվերեկլյանի թատերական գործունեությունը շարունակվել է նաեւ «Պետրոս Ադամեան», «Գերմանիկ» թատերախմբերի, «Պէյրութահայ քուլիսականներու թատերախումբի» ստեղծագործական միջավայրում թե՛ որպես դերակատար եւ թե՛ որպես ռեժիսոր: Այս շրջանում նա հանդես է եկել պատմական ու ժամանակակից, դրամատիկ ու կատակերգական մի շարք պիեսների բեմադրություններում: Խաղացել է Էլիզբարյանի («Պատվի համար»), Ծերունի Հակոբի («Արտիստը»), Սանատրուկի («Սանդուխտ կույս»), Ասլանի («Արցունքի հովիտը»), Անանիա Հայրապետի («Աբաս»), Մոգպետի («Հրաշալի հաղթանակ»), Վահեի («Շատերէն մէկը կամ Վերջին վարագոյրը»), Մանուկ աղայի («Մեծապատիւ մուրացկաններ») խաղընկերն է եղել Աբիսողոմ աղայի դերակատար Էդուարդ Չափրաստի եւ այլ դերեր ինքնուրույն եւ թարգմանական դրամատուրգիայում: Բեյրութի մոտ ու հեռու վայրերի հայ ազգաբնակչության գեղարվեստական պահանջմունքները բավարարելու նպատակով Էվերեկլյանը հյուրախաղային ներկայացումներ է տվել Զահլեում, Շթորայում, Լաթաքիայում, Այնճարում, Դամասկոսում եւ այլ վայրերում, բարեգործական օգնություն ցույց տվել դպրոցներին, ծերանոցներին եւ այլ կարիքավորների: Էվերեկլյանը մեկն է այն թատերական գործիչներից, որը դեռեւս երիտասարդ տարիքումՙ 1959-ին` եվրոպական թատերական կյանքին ծանոթանալու նպատակով ուխտագնացություն է կատարել Շեքսպիրի ծննդավայրըՙ Ստրատֆորդ քաղաքը, ուսումնասիրություններ կատարել: Ճիշտ է, նա Շեքսպիր չի բեմադրել, շեքսպիրյան դերեր չի խաղացել, բայց նրա դարաշրջանին, միջավայրին ծանոթանալը նպաստել է նրա աշխատանքային գործունեությանը: Լիբանանյան քաղաքական կյանքի վատթարացման շրջանում, 1977-ին, Էվերեկլյանն ընտանիքով փոխադրվել է Կանադա: 1978-1985 թթ. Էվերեկլյանները մասնակցել են Մոնրեալի «Արմենյան» թատերախմբի ներկայացումներին («Վարդանանք», «Հարս ու կեսուր», «Դէպի երկիր», «Արցունքի հովիտը», «Աղջիկտես» եւ այլն): «Արմենյան» թատերախմբում Էվերեկլյանի բեմադրույթուններից լավ տպավորություն է թողել Գեւորգ Պաղճյանի «Դէպի երկիր» հայրենասիրական պիեսի ներկայացումը 1980-ին: Այդ բեմադրության կապակցությամբ Էվերեկլյանը գրել է. «Սոյն հայրենասիրական թատերախաղը, որ զանազան երկրներէ գաղթածՙ հուսկ Գանատա հաստատուած հայերուս ներաշխարհին անձկալից փոթորկումներուն պատկերը կը ցոլացնէր, կը ջանայի անօրինակ հարազատութեամբ, արտասուախառն յուզումով ու հոգւոյս ամբողջ թափով նրեկայացնել»: Ինքը կատարել է հայրենի երկրին կարոտ, կարոտից մեռնող Խորենի դերը: 1979-1989 թթ. Գեւորգ Պաղճյանի հետ Էվերեկլյանը վարել է «Արձագանգ հայ աշխարհէն» թեմայով հեռուստատեսային հաղորդումների շարքը: Էվերեկլյանը գնահատվել, մեծարվել է թե իր լույս ընծայած գրքերի շնորհանդեսներին եւ թե բեմական գործունեության 40 եւ 50 (1983 եւ 2002)-ամյակներին: Նրա գրական եւ թատերական գործունեության մասին տարբեր առիթներով բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ են գրվել. գնահատվել, խրախուսվել են նրա աշխատանքը, անկեղծությունը, բարեխղճությունը եւ պատասխանատվությունը կատարածի հանդեպ: Հայաստանյան մտավորականությունից առաջին ու միակ գնահատողը հանդիսացել է տողերիս հեղինակըՙ նրա ծննդյան 70-ամյակի առթիվ («Թատերական օրացույց», Երեւան, 1997, էջ 15-16): Էվերեկլյանն ունեցել է բեղմնավոր գրիչ: Գրել է բանաստեղծություններ, գրախոսականներ, թատերախոսականներ, հուշեր-հանդիպումներ, դրամատիկական եւ կատակերգական պիեսներ, հարցազրույցներ կազմակերպել: Նրա գրած պիեսների թվին են պատկանումՙ «Պատճառը ես եղայ», «Բանաստեղծ», «Ծաղկավաճառուհին», «Ոճիրՙ ոճիրներ», «Մեր հայելին», «Իսուբը», «Մռայլ կեանքեր», «Հրաշալի յաղթանակը», «Մումիայի վաճառականը», «Կեանքի ելեւէջը», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» գործի բեմականացումը: Էվերեկլյանը նաեւ թատրոնի սքանչելի պատմաբան է: Իր ողջ ստեղծագործական կյանքում նա հավաքել է թատերական կյանքին վերաբերող ամեն տեսակի ձեռագիր եւ տպագիր նյութեր, ներկայացումների ազդագրեր, ծրագրեր, լուսանկարներ, թերթեր, նամակներ եւ այլ կարգի փաստաթղթեր, որոնք նա օգտագործել է իր գրվածքներում: Նա ազգային թատրոնի պատմությանն է թողել «Թատերայուշեր եւ նիւթեր լիբանանահայ թատրոնի պատմութեան» (Բեյրութ, 1971), «Թատերական կեանքիս ճամբուն վրա» (Լոս Անջելես, 1989), «Պահ մը Դաւիթ Յ. Էվերեկլեանի հետ...» (Մոնրեալ, 1995), «Միշտ... թատերական կեանքիս ճամբուն վրայ» (Լոս Անջելես, 1999) գրքերը: Այսօրվա եւ գալիք սերնդի համար գրված գրքերում հեղինակը ամենայն բարեխղճությաբ, անկեղծությամբ, ակնածանքով ու մեծարումներով բնութագրություններ ու բնորոշումներ է թողել տասնյակից ավելի թատերական գործիչների մասին, որոնց անունները շատերին չէ, որ հայտնի են: Նա վերակենդանացրել է թատերական արվեստի երախտավորներ Պողոս Մենտիլյանի, Բարսեղ Աբովյանի, Աշոտ Մատաթյանի, Մանվել Մարությանի, Տիրան Աճեմյանի, Արփիար Վարդյանի, Ժորժ Սարգիսյանի, Էդուարդ Չափրաստի, Կայծակ Գնդունու, Արաքսի Օհանյանի, Խորեն Տետեյանի, Արմեն Մկրտումյանի, ասմունքողներ Թորոս Սպիտանյանի, Խաչիկ Արարատյանի, Հակոբ Կյուլոյանի, քյամանչահար Ռուբեն Կարախանյանի եւ շատ ուրիշների պայծառ հիշատակը: Անհաշիվ են նրա տեսակցությունները Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Ամերիկայի եւ Կանադայի հայկական թատերական կյանքի ներկայացուցիչների հետ, որոնց մասին Էվերեկլյանի բերած տվյալները հազիվ թե ուրիշների մոտ գտնվեն: Դավիթ Էվերեկլյանի բուռն ցանկություններից մեկը եղել է Հայաստան գալը: Առաջին անգամ Հայաստան եկավ 2000 թվականի հոկտեմբերին: Մինչ այդ մենք հեռվից գիտեինք իրար: Մեր առաջին հանդիպումը կայացավ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի թատերական բաժնում, իմ աշխատասենյակում: Մի քանի տարի անց Դավիթը եկավ կանադահայերի խմբով: Հանդիպումներ ունեցանք, ուրախացանք: Մի օր էլ կազմակերպեցի նրա հանդիպումը (մեր տանը) Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի նախկին դերասան եւ ատենապետ Վահե Սամուելյանի հետ, որպես վաղեմի գործակիցներ: ...Եվ այսպես, լուռ ու մունջ հեռանում ենք աշխարհից, դառնում լուսաբնակներ, ինչպես ասում էր իմ եղբայր Դավիթ Էվերեկլյանը: (հապավումներով) |