ԳԵՎՈՐԳ ՄՇԵՑԻ-ՋԱՎՐՈՒՇՅԱՆԻ «ԺԱՄԱՆԱԿxԺԱՄԱՆԱԿxԺԱՄԱՆԱԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՙ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ Երեկ, սեպտեմբերի 29-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Գեւորգ Մշեցի-Ջավրուշյանի գործերի «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 9-ը: Նկարիչ, քանդակագործ Գեւորգ Մշեցին այս անգամ կներկայանա դեռեւս չցուցադրված կոլաժների հավաքածուով, որը ներառում է ավելի քան 60 աթոռ-կոլաժ: Արվեստագետը յուրովի ներկայացնում է Հայաստանի հասարակական եւ մշակութային կյանքի անցյալը, ներկան եւ ապագան: Կոլաժներն արտահայտում են մեր իրականության մեջ հեղինակին հուզող խնդիրները, մարդ էակի ներաշխարհըՙ ողջ բազմազանությամբ: Գեւորգ Մշեցին Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա գործերը ներկայացվել են շուրջ երկու տասնյակ անհատական եւ մի շարք խմբակային ցուցահանդեսներում: Արվեստագետի գործերը պահվում են ինչպես Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր թանգարաններում, այնպես էլ մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Շվեդիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Իրան, Կիպրոս, Սուդան, Լիբանան): |