«ԳՈՒԹԱՆԻ» ԵՐՐՈՐԴ ԱԿՈՍԸ Նաիր ՅԱՆ Արդեն երրորդ տարին էՙ հենց որ մեր գյուղերում սկսվում է աշնան վար ու ցանքը, Երեւանում մեկնարկում է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: Նախաձեռնությունն իրականացնում է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը: Քանի որ փառատոնը բացօթյա է, ուստի խիստ անհրաժեշտ է, որ օդերեւութաբանների կանխատեսումներում «Գութանի» օրը լինի արեւոտ ու առանց տեղումների: Այս տարվա սեպտեմբերի 28-ը հենց այդպիսին էր: Կասկադում իրար էին խառնվել հայկական տարազների կարմիրն ու նարնջագույնը, կապույտն ու դարչնագույնը, ավանդական երգն ու պարը. միանգամից 15 խումբ նույն վայրում էր: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր Հայոց աշխարհի տարբեր նահանգների մշակույթըՙ երգն ու պարը, տարազները: Այս տարի առաջին անգամ «Գութանի» բեմ դուրս եկավ մանկապատանեկան «Ծովակ» խումբը, որը թեեւ վաղուց է ձեւավորվել, բայց սերնդափոխության պատճառով հաստատուն կազմ չի ունեցել: Իսկ այսօր «Ծովակը» ներկայանում է որպես երգի-պարի լիարժեք կազմավորված անսամբլ: Երբ երեք տարի առաջ երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո) ձեռնարկեց «Գութան» փառատոնը, նպատակ ուներ նույն գաղափարի շուրջը համախմբել մեր ավանդական երգի-պարի խմբերին ու հանրությանը մոտեցնել ազգային մշակույթին: Ոչ թե բեմից մատուցել այդ մշակույթը, այլ ջնջել բեմի ու հանդիսատեսի միջեւ անջրպետը, բաց շփման միջոցով հասարակությանը ներգրավել ազգային երգ ու պարում, հատկապես երիտասարդներին ոգեւորել ու ոգեշնչել, վարակել ու իրենց հետեւից տանել: «Մենք ուզում ենք ժողովրդի սեփականությունը վերադարձնել ժողովրդին. չէ՞ որ այս երգերի ու պարերի հեղինակը սասունցին, մշեցին, համշենահայը, ջավախքցին է: Մենք սովոր ենք, որ այս մշակույթը մատուցվի միայն մասնագիտական, ազգագրական շրջանակներում, մինչդեռ վաղուց ժամանակն է դրանց առօրյա կիրառությունը տեսնել հենց հասարակության մեջ: Դա նաեւ կկանխի օտարամուտ, ապազգային երեւույթների հոսքը դեպի մեր տներն ու բեմերը: Հայաստանը հայության սիրտն է. ամբողջ Սփյուռքի հայացքն այստեղ է ուղղված: Մենք պարտավոր ենք ներկայացնել զտարյուն հայկական մշակույթ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս, որպեսզի նույն պատասխանն ստանանք Սփյուռքի գաղթօջախներից: Նրանց համար մենք օրինակ ենք: Մեր նպատակն է «Գութանը» տանել նաեւ Հայաստանի մարզեր, հատկապես սահմանապահ գյուղեր: Տավուշցին սահմանի այս ու այն կողմերից նույն երաժշտությունն է լսում: Թուրքական, քրդական, արաբական հորձանուտի դեմ պայքարել է պետքՙ ժողովրդին մոտեցնելով իր արմատներին, ինքնությանը, իր պապերի ստեղծած մշակույթին, որը հզոր քաղաքակրթություն, արժեքներ, իմաստություն է պարունակում: Շատ ենք ուզում, որ «Գութանը» շրջի Հայոց աշխարհով մեկ. այդպես քաղաքից քաղաք գնալովՙ մի օր էլ Սասուն ենք հասնելու»,- իր ցանկություններում հաստատակամՙ ասաց Արսեն Գրիգորյանը : Փառատոնի համերգային ծրագրում ընդգրկվել էին ոչ միան ազգագրական, այլեւ հայրենասիրական, ֆիդայական երգեր: Ամբողջ ծրագիրը նվիրված էր անկախության սերնդի մեր հերոսներին, որոնք իրենց արյամբ սրբագրեցին մեր հայրենիքի սահմանները: Փառատոնի մասնակիցները հավատացած ենՙ ինչպես տարիներ առաջ Մոնթեի, Դուշման Վարդանի մասին երգեր ստեղծվեցին, այնպես էլ ծնունդ կառնեն ապրիլյան մարտերում նահատակված մեր հերոս տղաների մասին երգերը: Ու միգուցե հաջորդ «Գութանին» հնչեն Ադամ Սահակյանի, Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի եւ մյուսների մասին նորաստեղծ երգերը: «Գութան» փառատոնն ուզում է ժողովրդի մեջ ակոսել սեր ազգայինի նկատմամբ: «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Լուսինե Նազարյանը համոզված էՙ մարդը սիրում է այն, ինչը ճանաչում է: Եթե մենք չենք ճանաչում մեր մշակույթը, չգիտենքՙ որտեղից են ծագել մեր երգերը, բանահյուսական արժեքները, ինչ ասելիք է թաքնված դրանց խորքերում, ազգապահպան ինչ խորհրդանիշեր են պարունակում «Քոչարու», «Յարխուշտայի» «Իշխանաց պարի», «Փափուռիի» շարժումներում, ուրեմն չենք կարող սիրել ու գնահատել, առավել եւս սովորել այդ արժեքները: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը պատմում է. «Պարսկահայքումՙ հենց Թեհրանում, հայկական պարախմբերից մեկը պարեց «Լեզգինկա», «Կինտոների պար», «Գնչուական պար»: Զարմացա. չէ՞ որ հենց այդտեղ եմ ես սովորել «Քաջերի խաղն» ու «Իշխանաց պարը», ինչո՞ւ էին տեղի հայերը օտար պարեր ներկայացնում: Պատասխանեցին, որ Հայաստանից գալիս ու պնդում են, թե դրանք քրդական են: Մի անգամ էլ լսեցի, թե Ռուսաստանի հայերն ինչպես են բողոքումՙ ինչու մենք էլ վրացիների պես «Լեզգինկա» չունենք: Զավեշտ է իսկականՙ հայն ու «Լեզգինկան»: Անգամ չգիտեին, որ «Լեզգինկան» լեզգիների պար է, ոչ թե վրացիների»: «Գութան» փառատոնն ավանդաբար սկսվեց Կոմիտասի ձայնով: Սա եւս խորհրդանշական իմաստ ունի. Կոմիտասը զտեց, զատեց, մաքրեց, մաղեց հայ երգն ու երաժշտությունը: «Գութանն» էլ հավակնում է մերօրյա երաժշտական քաոսից զատել ազգային, անխառն արվեստն ու մատուցել հանրությանը: Այս տարի առաջին անգամ Արցախը եւս մասնակցում է «Գութանին»: Ազգային երգ ու պարի խմբերը հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հանդես կգան համերգով: Փառատոնը համահայկական դարձնելու ցանկությունը մեծ է: Կազմակերպիչները շատ են ուզում հրավիրել համշենահայերին, Ուրուգվայում գործող մարաշահայերի խմբին, ջավախքցիներին, Դոնի Ռոստովի հայերին, բայց հարկավոր է հայրենիքին վայել հրավեր կազմակերպելՙ բոլոր ծախսերը հոգալով: Դրա հնարավորությունն առայժմ չունեն: |