«ԵԹԵ ՄԵՆԱԿ ԵՍ, 1-2 ԿՄ ԿՎԱԶԵՍ, ԵԹԵ ՀԵՏԴ ՄԵԿԸ ԼԻՆԻ` 5» Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ Քանդակագործ Գեւորգ Ջորջ Կասաբյան Հոկտեմբերի 28-ի երեկոյան Բեռլինի «InteriorDAsein» պատկերասրահում բացվեց քանդակագործ, նկարիչ Գեւորգ Ջորջ Կասաբյանի «Ընտրած դիտարկումներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Հալեպահայ, երեւանաբնակ քանդակագործն այստեղ էր նկարիչ Արչի Գալենցի (գեղանկարիչ Հարություն Կալենցի թոռը) հրավերով` իր իսկ արվեստի սրահում ներկայանալու: Նա ցուցադրության համար ընտրել էր շուրջ 40 գրաֆիկ աշխատանքներ եւ մի շարք մինիմալիստական քանդակների լուսանկարներ միայն: Դրանք առավելապես ներկայացնում էին կնոջ մարմնի տարբեր մասերը: Այս ամենին զուգահեռ նրա աշխատանքների մասին էին պատմում երկու տեսաֆիլմեր: «Քանի որ ես մինիմալիստ եմ, չեմ կարող կանացի մարմին նկարել, այլ նկարում եւ քանդակում եմ մարմնի մասերը: Կինն ինձ համար էներգետիկայի սիմվոլ է: Առանց կնոջ մարդը մոթիվեյշն ու էներգիա չունի, որովհետեւ այդ ձգտումը չի կարող ունենալ, ես դրան եմ հավատում: Կնոջ կուրծքն օրինակ` ես դիտում եմ էներգիայի աղբյուր, որովհետեւ երեխան ծնված պարագային անմիջապես փնտրում է այն` իր գոյություն ունենալու առաջին նախաճաշը»,- մեզ հետ զրույցի ընթացքում պարզաբանեց քանդակագործը: Բեռլինի հանդիսատեսին հեղինակը ներկայացրել էր իր 300 գծանկարներից շուրջ չորս տասնյակը: Վարպետը նշեց, որ սրանցով ինքն ուզում է ցույց տալ, որ հայերը 6000 տարուց ավել գոյություն ունեցող մշակույթ ունեն եւ նմանատիպ քանդակներ են արել իրենց տների, գերեզմանաքարերի եւ առհասարակ տարատեսակ կառույցների վրա: «Արչին քովս եկած էր, երբ որ ստուդիոս այցելեց, տեսավ արվեստի այս տեսակ մոտեցումս, կործանման եզրին կանգնած, անտիկվար շենքերու եւ քարերու գծանկարները, որոշեց, որ արժանի են ցուցադրության: Ընտրեցի այսքանը, իսկ քանդակները բնականաբար ծավալի եւ քաշի առումով հնարավոր չէր տեղափոխելը, դրա համար ֆոտոներն եք տեսնում»,- պարզաբանեց քանդակագործը: Մինիմալիստական ուղղության հետեւորդ արվեստագետը պատմում է, որ երբ 1999-ին Հայաստան է եկել եւ հայկական տուֆն է տեսել, այն իր համար էներգետիկ նոր դաշտ է բացել: «70-ականներին Կանադայում արված գծանկարներ ունեի, դրանցից տարբեր նյութերով քանդակներ էի արել, բայց հոգեկան աուրայի հետ կապ չկար: Երբ եկա Հայաստանՙ տուֆը շոշափեցի, հասկացա, որ դրա վրա պիտի հոգի ստանամ: Նկարիչների միությունում կայացած ցուցահանդեսում որ տեսան, շատերը զարմացան, թե ինչպես կարելի է տուֆի վրա քանդակել: Հիմա ես ժամանակակից տեխնոլոգիա եմ օգտագործում, ժամանակակից նյութեր ու մետաղ: Ես 21-րդ դարի մարդ եմ, իսկ 21-րդ դարի մարդը պետք է 21-րդ դարի տվյալներ օգտագործի: Ու ամենակարեւորը` մենք մեր կողքինին պիտի սիրենք, որովհետեւ, եթե մենակ եսՙ 1-2 կմ կվազես, եթե հետդ մեկը լինի` 5»,- հավաստիացնում է զրուցակիցս: Գեւորգ Ջորջ Կասաբյանը ցուցահանդեսով Բեռլինում ներկայանում էր առաջին անգամ: Նրա մինիմալիստական աշխատանքները «InteriorDAsein» պատկերասրահի պատերը զարդարեցին մինչեւ նոյեմբերի 6-ը: |