RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016



40 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Տեղադրվել է` 2016-11-17 00:23:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2637, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՀԱՅՐԵՐԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ

Շահեն ԹԱԹԻԿՅԱՆ

Այս տարի լրանում է Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» կինոնկարի ստեղծման 40 տարին: Այդ առթիվ թարգմանաբար հրատարակում ենք Երեւանի «Կոմունիստ» ռուսալեզու թերթում 38 տարի առաջ (11.01.1978) տպագրված ճանաչված արձակագիր եւ սցենարիստ Շահեն Թաթիկյանի (1924-1992) հոդվածը:


«Դուք պե՛տք է ապրեք,- ասում է Մյասնիկյանը հիվանդություններից, քաղցից, ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներից հուսալքված մի բուռ գաղթականներին,- դուք պետք է ապրե՛ք, որպեսզի արդարացնեք ձեր հայրերի տառապանքները»: Նա այդ բառերն արտասանում է ներքին հսկայական ուժով եւ թվում է, թե նրա հոգեկան հզորությունը կցնցի թշվառներին, նրանց ուժ կներարկի:

Բայց այդպես թվում է մեզՙ կատարվածն այսօրվա լույսով ընկալողներին: Իսկ էկրանին անտուն, թշվառ մարդիկ են, նրանք անհաղորդ են, բառերն անուժ են, անհնար է ինչ-որ բան բացատրել կամ ապացուցել նրանց: Նրանց անհրաժեշտ է հագցնել, կերակրել, պատսպարել: Բաց չկա դեղորայք, չկա հագուստ, չկա սնունդ, օթեւան: Իսկ հո՞ղը...

- Ո՞ւր ա հողը, սա՞ ա հողը, էս քարերը՞,- ճչում է վշտերից ու տառապանքներից խենթացած մի գաղթական, եւ ծանր քարը թռչում է Մյասնիկյանի վրա...

«Հայֆիլմում» նկարահանված «Երկունք» ֆիլմից բերված այս դրվագը կատարված է առանց հատուկ ընտրության: Բայց, ինչպես այս, այնպես էլ բոլոր դրվագները նկարահանված են համոզիչ: Այդ պատճառով էլ հավատում ես, որ այդպես էլ եղել է:

Ֆիլմում բացակայում են հատուկ կառուցված «հերոսական» դրվագները: Անգամ ֆիլմի գլխաւոր հերոսըՙ Ալ. Մյասնիկյանը, զուրկ է հատուկ ընդգծված, կարելի է ասել, հերոսական գծերից: Թերեւս ֆիլմի գլխավոր հերոսը ժամանակն է, որի նշաններով են առանձնանում գործող անձինք: Իսկ թե ժամանակի հատկապես ինչպիսի՛ նշաններով են նրանք առանձնանում, դա պայմանավորված է այն դերով, որ բաժին է ընկել իրենցՙ երկունքի հիրավի այդ ծանր տարիներին:

Ֆիլմն սկսվում է փաստագրական դրվագներով: Դրանք ընտրված են չափի խիստ զգացումով ու թեեւ վերարտադրում են հայ ժողովրդի կյանքի ամենածանր ժամանակները, մենք չենք ապրում մոլի սենտիմենտալիզմ: Այստեղ զգացվում է արվեստագետ վերլուծողի խորաթափանց հայացքը եւ վարպետի լրջախոհ մոնտաժը: Այդ դրվագների ֆոնի վրա խոսնակը մեզ զուսպ տանում է դէպի այդ ժամանակը, դարձնում նրա մասնակիցը:

Եվ այսպես, Լենինի հանձնարարությամբ Ալ. Մյասնիկյանը գալիս է Հայաստան: Նա իր հետ վագոններով բերում է հացՙ բոլշեւիկյան Ռուսաստանի օգնությունը:

Մյասնիկյանն իսկական ղեկավար եւ կազմակերպիչ է: Բայց ֆիլմի հեղինակները տեսնում են Մյասնիկյան մարդու այլ որակներըՙ սիրող, տխրող, տաքարյուն, ուշադիր եւ հոգատար մարդկանց նկատմամբ, կրքոտ, սակայն կրքերը զսպել կարողացող, ամուր, դիմացկուն, գործին մինչեւ հոգու վերջին մասնիկը նվիրված: Ու եթե հեղինակները չնկատեին ղեկավարի եւ կազմակերպչի բնավորության ետեւում նրա խորը մարդկային գծերըՙ հազիվ թե գլխավոր հերոսի կերպարն այդպես համոզիչ ստացվեր:

Այս դերում Խորեն Աբրահամյանը մեծ հաջողության հասավ, ձուլվեց իր ստեղծած հերոսին, խորացավ կերպարի էության մեջ: Իհարկե, կարելի է վիճել ե՛ւ բեմադրիչի, ե՛ւ Աբրահամյան-Մյասնիկյանի հետՙ որոշ ավելորդ շեշտադրումների համար, բայց դրանք ստվեր չեն գցում այն հաջողության վրա, որին հասել է դերասանը:

Ֆիլմում կերտված են այն ժամանակվա մի շարք հայտնի մարդկանց կերպարներՙ Օրջոնիկիձե, Չարենց, Կուրղինյան, Երզնկյան, Մարտիրոս Սարյան, Լուկաշին: Յուրաքանչյուրի կերպարն ընկալվում է կարդացածի եւ զգացածի լույսի ներքո: Հենց այդ պատճառով են ծագում վիճաբանությունները Չարենցի կերպարի կերտման շուրջ: Իմ կարծիքովՙ կերպարը հաջողվել է: Բանաստեղծի արտառոց վարքագծին խորթ ոչ մի բան չեմ տեսնում: Նա այնքա՜ն ճիշտ է արտահայտում ժամանակի նյարդը, այդ պատճառով էլ հաճախակի է արդարացվում նրա վարքագծի արտառոցությունը: Եվ պոռթկուն Չարենց բանաստեղծը, ու կրքոտ, բայց հավասարակշիռ պետական եւ քավաքական գործիչ Մյասնիկյանը միմյանց փոխադարձաբար լրացնող անհատականություններ են: Նրանք զուտ հակառակ բեւեռներ չեն: Նրանց կերպարներում ժամանակն է տարբեր ձեւերով դրսեւորված:

Շարժանկարի ամենադրամատիկ կերպարներից է Օսիպ Բեկ-Փիրումովը, որի դերում Լեւոն Ներսիսյանն է: Տպավորիչ իր հայացքներով եւ համոզմունքներովՙ նա երկակի անձնավորություն է: Նա իր պատուհանից այնպիսի հուզմունքով է դիտում մի ընտանիքի, որ, թվում է, պետք է հաղթահարի իր տատանումները եւ մնա Հայաստանում: Սակայն դա տեղի չի ունենում:

Ի դեպ, այդ ընտանիքի պատմությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա առանձին նովել է, բայց այնպես ամուր է կապված ֆիլմի հիմնական թեմային, որ դժվար է պատկերացնել ֆիլմն առանց այդ պատմության: Ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները սկզբում տեսնում ենք Մյասնիկյանի, ապաՙ Բեկ-Փիրումովի աչքերով, եւ մենք հավատում ենք այն ամենին, ինչ որ ցուցադրում է ստեղծագործական խումբը:

Այդպես ավարտուն է նաեւ գերությունից վերադարձող Համո Դալալյանի մասին նովելը: Այդ դրվագը թերեւս ունի ինքուրոյն կարճամետրաժ ֆիլմի արժեք:

Ավարտուն նովելի է նման նաեւ ռուսական հացով բեռնված վագոնի մոտի ցնցող տեսարանը: Քաղցած, հավատը կորցրած, կատաղած, գազազած ամբոխը մոլեգնում է: Դա պատմության ընթացքի նկարագրություն է, շարժում, որ չունի շեշտակի արտահայտված ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ: Բայց եւ այնպես, ամբողջ ֆիլմի ընթացքում հեղինակները տալիս են ավարտուն պատկերներՙ դեպքեր, հանդիպումներ, դրամատիկ բախումներ:

«Երկունքը» լուրջ խորհրդածություններ է ծնում: Կուզեի երկու խոսք ասել պատմահեղափոխական թեմայի մասին: Այս թեմայով նկարահանվել եւ դեռեւս պիտի նկարահանվեն ֆիլմեր: Զուգորդություններ չեմ անցկացնում դրանց հետ: Հիշեմ միայն «Սարոյան եղբայրներ» շարժանկարը: Տարբեր են այդ երկու ֆիլմերի խնդիրներն ու ծավալները, թեեւ երկուսն էլ վերակենդանացնում են ժամանակի նույն հատվածները: Այդ ֆիլմերում անվիճելիորեն զգացվում է դրանց հեղինակների ձեռագրի առավելությունը. ստեղծագործական որոնումները մարդուն տանում են դեպի հերոսների ներքին, հոգեբանական աշխարհը. չկան առաջ քաշված հարցերի առճակատ լուծումներ, հերոսներն օժտված են իրենց անհատական գծերով: Մենք հետեւում ենք հերոսների վարքագծին եւ դրանց միջոցով ընկալում ժամանակը, պատմական խոշոր իրադարձություները, որոնք ցուցադրվում են առանց հատուկ ջանքերի: Իհարկե, ջանքեր կան, բայց դրանք մնացել են դրվագի ետեւում:

Այս տեսանկյունից «Երկունքը» լավագույնն է նմանատիպ ֆիլմերի մեջ: Այնտեղ չկան «ճերմակ» կետեր: Կարծես թե չկան գլխավոր եւ երկրորդական գործող անձինք, առաջին, երկրորդ, երրորդ պլաններ: Ֆիլմում կարծես թե աննշան, երկրորդական մանրամասներ էլ չկան: «Անցումային» դրվագներն իրականացված են մտածված, մանրակրկիտ ձեւով: Ընտանիքի տեսարանում, օրինակ, երիտասարդ կնոջ պատկերը մեզ չի թվում, թե կառուցված է պակաս մանրազննութեամբ, քան, ասենք, ինչ-որ առաջնային կերպար: Ինձ թույլ եմ տալիս կրկնելՙ ֆիլմի գործող անձինք իրենց ժամանակի բնութագրերը կրողներն են, կրողները այն գեղարվեստական-գաղափարական բեռան, որը դրված է նրանց վրայ: Կյանքը բարդ է, եւ ֆիլմում չկան նույն կաղապարով ստեղծված կերպարներՙ դրական թե բացասական: Դրա վառ ապացոյցը Օ. Բեկ-Փիրումովն է: Նա բացասական է այնքան, որքան բացասական է նրա դերը պատմական դրամայում, սակայն նա մարդ է, որի նկատմամբ մենք, անկախ մեր կամքից, կարեկցանք չենք զգում:

«Երկունքը» ժողովրդական դրամա է, այնտեղ ցույց է տրված պատմական որոշակի ժամանակաշրջանի ողբերգությունը: Այսօր մենք կարող ենք վստահ ասել, որ այն լավատեսական ողբերգություն է: Լավատեսական է ոչ միայն այն պատճառով, որ այսօր մենք վայելում ենք վերածննդի պտուղները, այլ նրա համար, որ ֆիլմի հերոսի մեծ գործը հաղթանակեց:

«Երկունք» ֆիլմն ուսուցողական է: Այն պատմություն է ժամանակի մասին, մեր անցած ուղու մասին, հրաշալի լենինյան Մյասնիկյանի մասին: Պետք է առանց որեւէ վերապահության խոստովանել, որ այն ֆիլմի ամբողջ ստեղծագործական կոլեկտիվի եւ առաջին հերթին սցենարիստ Արմեն Զուրաբովի, բեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի, օպերատոր Ալբերտ Յավուրյանի եւ բեմադրող նկարիչ Ստեփան Անդրանիկյանի լիարժեք հաղթանակն է: Նրանք համոզում են, որ զուր տեղը չեն անցել մեր հայրերի տառապանքները:

Ռուսերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Խմբագրի կողմից.- Ֆրունզե Դովլաթյանը սովորություն ուներ հաճախ «Ազգ»ի խմբագրություն այցելելուՙ զրույցի: Նույն սովորությունն ուներ նաեւ գաղափարախոսության գծով Խ. Հայաստանի Կենտկոմի նախկին քարտուղար Կառլեն Դալլաքյանը: Եվ մի օր այս երկու մեծերը խմբագրությունում հանդիպեցին միմյանց, եւ ստացվեց մի դաժան զրույց, ավելի ճիշտՙ հետահայաց գովերգում եւ անզոր բողոքարկում, որը արժե այստեղ արձանագրել, ինչպես ասում ենՙ պատմության համար: Բողոքարկողը Ֆրունզեն էր, գովեստի խոսքեր ասողըՙ Դալլաքյանը:

Պարզվում է, որ «Երկունք» ֆիլմի գրաքննությունից դեռեւս չանցած տարբերակում եղել է մի տեսարան, ուր Ալեքսանդր Մյասնիկյանը (Խորեն Աբրահամյան) բավական գինով վիճակում ազգային-քաղաքական խիստ ուշագրավ մի պոռթկում է ունենում: Ահա հենց այդ տեսարանի մասին Դալլաքյանը, որն ըստ երեւույթին վաղուց չէր հանդիպել Դովլաթյանին, հիացական տոնով ասաց. «Ֆրունզ, այդ ի՜նչ տեսարան էր, ազգային-պետական այդ ի՜նչ պոռթկում էր, ինչպե՜ս էր մատուցված ողջ իրականությունը, ի՜նչ հանճարեղ կադր էր»... Մինչդեռ Ֆրունզեն, ափերից դուրս եկած, արդեն գոռում էր ջղային. «Բայց, Կառլեն, դու ի՛նքդ հանեցիր այդՙ քո ասած հանճարեղ տեսարանը: Այ մարդ, հանում էիք, հանեիք, բայց գոնե մի տեղ պահեիք մկրատված ժապավենը. հիմի կկպցնեինք, կվերականգնեինք»...

Եվ այսպեսՙ շարունակվում էր բողոքն ու ափսոսանքը մկրատված տեսարանի համար, որ դժվարահաճ Դալլաքյանի համար հանճարեղ էր, բայց ճակատագրի հեգնանքովՙ հենց ինքն էր ֆիլմից հանել տվել այն:

Խորհրդային իրականություն, կույր գաղափարապաշտություն, որի համար կարեւոր չէր հանճարեղ լինելը:

Նկար 1. Ֆրունզե Դովլաթյան

Նկար 2. Կադր «Երկունք» ֆիլմից

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ