ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ Նաիր ՅԱՆ 2015-ի աշնանից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգման մեջ էր: Սունդուկյանցիներն այդ ընթացքում խաղացել են Պարոնյանի անվան թատրոնի բեմում, նաեւ շրջագայել Հայաստանի մարզերում: Թատրոնի ղեկավարությունը գոհ էր. հիմնանորոգվելու եւ վերազինվելու էր բեմը: Անցել է մեկ տարի ու երկու ամիս. մայր թատրոնը պատրաստ է ընդունել հանդիսատեսին: Սունդուկյանի «Պեպոյով» էլ կբացվի վերազինված ու նորոգված բեմը: Իսկ մինչ այդՙ սունդուկյանցիները հյուրընկալեցին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ու լրագրողներին, ցուցադրեցին բեմի տեխիկական հնարավորությունները: Գունեղ, փոփոխվող լույսեր, պտտվող բեմ, առաստաղից իջնող ու տարբեր շարժումներ ընդունող 47 շտանգետներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 300 կգ. դեկորացիա: Եթե նախկինում բեմն ուներ մեկ շտանգետ եւ որը շարժվելիս անասելի աղմուկ էր բարձրացնում, ապա հիմա նոր սարքերն աշխատում են բացարձակ անաղմուկ, եթե անգամ 47-ը շարժվում են միաժամանակ: Նորագույն տեխնիկան ռեժիսորին հնարավորություն կտա իրականացնել երեւակայության աներեւակայելի թռիչքներն ու գաղափարները: Փոխվել են դահլիճի 850 նստարանները, մանրահատակը: Մայր թատրոնը վերազինելու համար կառավարությունը պայմանագիր է կնքել Ավստրիայի հետՙ այդ երկրից վերցնելով 8 միլիոն եվրոյի վարկ: Հենց ավստրիական «Վագներ» ընկերությունն էլ իրականացրել է բեմական վերազինումն ու տեխնիկայի տեղադրումը: Թատրոնն էլ իր հերթին եկամուտներից ստացված 45 միլիոն դրամով նորոգել է ձմեռային այգու առաստաղը, ճեմասրահները, բազրիքները, փոխել է մանրահատակը: Իհարկե, նման ծավալի փոփոխությունները շատ տպավորիչ են, բայց տրամաբանական հարց է առաջանում. իսկ արդյո՞ք տեղաշարժ, փոփոխություն կարող ենք ակնկալել նաեւ թատրոնի խաղացանկից, ռեժիսորների, դերասանական կազմի մասնագիտական որակներից: Ձեւը, փաստորեն, ապահովված է, իսկ բովանդակությո՞ւնը: Նախարար Արմեն Ամիրյանն , անդրադառնալով, մայր թատրոնի բովանդակային խնդրին, նշեց. «Մենք պետք է ձեւավորենք քաղաքականությունՙ կապված ներկայացումների բովանդակության ու որակի հետ: Թեեւ օրենքով արգելված է, որ նախարարությունը խառնվի նման հարցերին, բայց թատրոնի հետ համագործակցելու արդյունքում պետք է խաղացանկային փոփոխությունների գնանք: Պետք է ընտրվեն հետաքրքիր պիեսներ, որոնք կգրավեն հանդիսատեսին ու իրենց մեջ կկրեն ազգային արժեհամակարգ: Հարկավոր է ճիշտ PR կազմակերպել, որպեսզի ներկայացումը հանդիսատես բերի: Պետությունը թատրոնի միջոցով կարող է ազգային մտածելակերպ, գաղափարներ հաղորդել ժողովրդին »: Մի պետություն, որն ամեն օր վառոդի հոդ է շնչում ու պատերազմի վտանգն ամեն բացվող օրվա հետ է զգում, 8 միլիոն եվրոյի վարկ է վերցրելՙ մայր թատրոնը տեխնիկապես հագեցնելու համար: 8 միլիոն եվրոյի վարկ մի թատրոնի համար, որի խաղացանկից ու դերասանական կազմից դժգոհ է անգամ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը : Ու ամենեւին էլ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, թե իբր այս թատրոնի նստատեղերը շատ են, ու երբ 200-300 տեղ է զբաղեցված լինում, թվում էՙ դահլիճը դատարկ է: Դատարկ է, որովհետեւ իսկապես դատարկ է: Իսկ բոլոր հարցերի պատասխանները կարելի է ուղղակի կարդալ մայր թատրոնի խաղացանկումՙ ներկայացումների վերնագրերում ու դերասանական կազմի անվանացանկում: Վերջապես կարելի է, չէ՞, բեմադրությունը հենց փորձերի ժամանակ իջեցնել բեմից, եթե այն որակ, արժեք, արվեստ չի ներկայացնում: Բայց մեզանում ընդունված չէ այդ կարգը: Փողը պետբյուջեից հանվել-նվիրվել է, որ պիեսը բեմադրվի, ուրեմն պիտի բեմադրվի ու վերջ: Ոչինչ, մի-երկու հոգու վրա կգոռգոռան, նկատողություն կտան, վերեւներից մատ թափ կտան, պրեմիերան կլինի, կլղոզեն, պատերի տակ կքննադատեն, կանցնի-կգնա, հետո Աստված մեծ է, տարեկան մեկ-երկու անգամ կխաղացվի ու այդպես աննկատ դուրս կմղվի խաղացանկից: Թե ՀՀ քաղաքացիներից քանիսի աշխատավարձից է այդ գումարը կտրվում, ուղարկվում պետբյուջե ու այս կերպ մսխվում, վատնվում, ոչ ոքի չի հուզում: Մի ձեռք չկա, որ վատ աշխատանքի, վատ ներկայացման, վատ ֆիլմի համար մեղավորին պատժի, ու պատժիՙ ուղղակիորեն նրա գրպանին խփելով, որակազրկելով ու հրապարակավ քննադատելով: Տեխնիկապես վերազինված, լիովին նորոգ, խնամված Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր խնդիրը մնում է չլուծվածՙ մայր թատրոնի անվանը սազական ստեղծագործական աշխատանք ու մթնոլորտ: Մյուս կողմից, իր անվանը սազական ստեղծագործական աշխատանքից ու մթնոլորտից երբեւէ չեն դժգոհել ո՛չ հանրությունը, ո՛չ էլ Սարյան ընտանիքը: Սակայն գեղանկարչի ժառանգները պարբերաբար դժգոհում էին տուն-թանգարանի շենքային պայմաններից: Սարյանի թոռնուհինՙ Ռուզան Սարյանը, 2011 թվականին բոլոր խնդիրները ներկայացրել է անձամբ ՀՀ նախագահին: Նա էլ հանձնարարականներ է տվելՙ հիմնանորոգել շենքը: 2013, 2015 թվականների պետբյուջեից հատկացվել է 462 միլիոն դրամ, 55,5 միլիոն էլՙ արտաբյուջետային միջոցներից: Ընդհանուր առմամբ 518 միլիոն դրամով ամրացվել են շենքի հիմքերը, պատերը, կառուցվել են տարհանման աստիճաններ, լրացուցիչ 4-րդ հարկՙ միջոցառումների համար նախատեսված համերգային դահլիճով ու նկարչական ստուդիայով: Շենքը տեխնիկապես վերազինվել է, տեղադրվել է վերելակ, կառուցվել են թեքահարթակներ, փոխվել են ջրահեռացման, ջրամատակարարման, հոսանքի սնուցման համակարգերը: Ցուցասրահներն ապահովվել են թանգարանային ժամանակակից լուսավորմամբ: 1967 թվականին կառուցված թանգարանի շենքը բաղկացած է 1932-ին կառուցված երկհարկանի առանձնատնից, որտեղ Մարտիրոս Սարյանն ապրել է 40 տարիՙ մինչեւ 1972 թվականը: Տան հատակագծի հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է: Շենքի հիմնանորոգման ընթացքում թանգարանին է միացվել այն հատվածը, որտեղ ապրել է Վարպետը, իսկ նրա մահից հետո այնտեղ բնակվել է թոռնուհինՙ Սոֆի Սարյանը: Հուշասրահներից մեկում ներկայացված են Մարտիրոս Սարյանի անձնական իրերըՙ այն դաշնամուրը, որը նվագել են Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, սրճի սպասքը, որն օգտագործել են Սարյանի հյուրերը: Պահպանվել է նաեւ հնամյա ժամացույցը, որի ղողանջներն ամեն օրՙ ժամը 18:00-ին, Վարպետին ու նրա ընտանիքին համախմբել է ընթրիքի սեղանի շուրջը: Վերաբացված տուն-թանգարանի առաջին հյուրերից էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը : «Ես հաճախ եմ եղել այս տանը: Վայելել եմ Վարպետի ու նրա որդուՙ Ղազարոս Սարյանի ընկերակցությունը: Քիչ բան չէ. յոթ տարի Ղազարոս Սարյանի ուսանողն եմ եղել: Հիշում եմ. մի անգամ ռադիոյով լսեցի, թե ինչպես էր Շոստակովիչը հիացմունքով խոսում Մարտիրոս Սարյանի մասին ու ասում, որ Վարպետն իր դիմանկարն արել է մեկ ժամում: Հաջորդ օրը ես այցելեցի Սարյանին: Նա ընկղմված էր սպիտակ բազմոցի մեջ: Ասացի. «Վարպետ, երեկ Շոստակովիչը Ձեր մասին էր խոսում ռադիոյով, ասում էր, որ Դուք նրա դիմանկարը նկարել եք ընդամենը մեկ ժամում»: «Կես ժամում»,- միամիտ հայացքով ընդհատեց Վարպետը: Միամիտ, երեխայական բնավորություն ուներ նա ու մարդկանց մեջ առաջին հերթին հենց այդ հատկանիշն էր գնահատում»,-պատմեց Տիգրան Մանսուրյանը: Հուշասրահի մյուս սենյակը պրոֆեսոր Ղազարոս Սարյանի աշխատասենյակն է: Աթոռին դեռ կախված է նրա պիջակը. սեղանին ակնոցն է, կողքինՙ երկտողՙ «Ես կգամ ժամը 3-ին. սպասեք: Սարյան»: |