RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-17 00:23:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2356, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՆԴՈՆԻ «ԿՈՄԻՏԱՍ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸՙ ՔԱՐԴԻՖՈՒՄ

ՍԵԴԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Նոյեմբերի 6-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցավ Պոլիֆոնիկ երգչախմբի եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ մարմնի 3-ամյա «Կոմիտաս» երգչախմբի բացառիկ համերգը: Կազմակերպիչներն էին «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սիփան Օլահը, Քարդիֆի Պոլիֆոնիկ երգչախմբի պատասխանատուներից Մայք Փեփերը, գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Դեյվիդ Յանգը եւ Ուելսի եկեղեցական ծխական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանը:

Համերգի գաղափարը ճանաչողական, ուսուցողական, մշակույթների եւ լեզուների փոխանակման նպատակ ուներ. խորհրդանշում էր երկու ազգերիՙ հայերի եւ ուելսցիների բարեկամությունը: Ձեռնարկը նաեւ կնպաստեր երգչախմբային երաժշտության, ինչպես նաեւ երկու ժողովուրդների մշակութային ժառանգության տարածմանը: Համերգն աննախադեպ էր, քանզի «Կոմիտասը» առաջին հայկական երգչախումբը դարձավ, որ ելույթով հանդես եկավ Քարդիֆում:

Երաժշտական երեկոյին ներկա էին հոգեւորականներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, երաժիշտներ, ներկայացուցիչներ Լոնդոնի հայակական մշակութային միություններից, Քարդիֆի ջերմ եւ սիրալիր ուելսցի հանդիսատեսը, ինչպես նաեւ հայեր Բաթից, Թեթբըրիից, Փլիմըթից, Սոզբըրիից եւ Սուինդընից:

Համերգային ծրագիրը մանրակրկիտ մշակվել էր խմբավարներ Սիփան Օլահի եւ Դեյվիդ Յանգի կողմից. նպատակն էր երգերի եւ նրանց թարգմանությունների միջոցով, որոնք զետեղված էին գրքույկում, հանդիսատեսին ներկայացնել երկու ժողովուրդների պատմությունը, մշակույթը, ավանդույթներն ու հավատալիքները:

Համերգի առաջին մասում «Կոմիտաս» երգչախմբի կատարմամբ եւ խմբավար Սիփան Օլահի ղեկավարությամբ հնչեցին բացառապես հայկական երգերՙ Ա. Դոլուխանյանի «Երեւանի գիշերները կապուտակ», Ա. Աճեմյանի «Ծաղկած բալենի», մենակատարՙ Հ. Եղիկյան, Կոմիտասի «Իմ չինարի յարը», Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ամպի տակից» եւ «Համբարձում», Ս. Շաքարյանի «Հայակական ժողովրդական երգեր» պոպուրին: Առաջին մասի վերջին երկու երգերըՙ Ս. Լուսիկյանի «Նոր Հայաստան» եւ Է. Հովհաննիսյանի «Սարդարապատ», միացյալ կատարեցին «Կոմիտաս» եւ Պոլիֆոնիկ երգչախմբերը, մեծ անակնկալ մատուցելով ուելսցի եւ հայ հանդիսատեսին: Հատկանշական էր ուելսցիների կողմից հայերեն խոսքերի հստակ արտաբերումը եւ միացյալ երգչախմբերի 85 երգիչների համահունչ կատարումը:

Համերգի երկրորդ մասում Պոլիֆենիկ երգչախմբի կատարմամբ եւ դիրիժոր Դեյվիդ Յանգի ղեկավարությամբ հնչեցին անգլերեն եւ ուելսերեն բարձրաճաշակ երգերՙ Ջ. Վեբերի «Լիսա Լան», Գ. Հոյստի «Ես սիրում եմ իմ սիրեցյալին», Վ. Մաթիասի «Չորս ուելսական ժողովրդական երգեր», Ռ. Վաուգանի «Հոգիները արդարների» (այս հոգեկերտ երգի հեղինակը ներկա էր համերգին): Պոլիֆոնիկ երգչախմբին միացավ «Կոմիտասը»ՙ ուելսերեն լեզվով կատարելու վերջին երկու երգերըՙ Փ. Այրեսի «Սուո Գան» օրորոցայինը եւ Է. Ջոնսի «Խաղաղություն ստեղծողները»: «Կոմիտաս» երգչախմբի երգացանկի առաջին ուելսերեն երգերը բարձր մակարդակով ներկայացվեցին այս համատեղ ելույթի ընթացքում եւ երկրորդ անգամ անակնկալ մատուցեցին հանիսատեսին:

Եվ սա դեռ ամենը չէր: Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը արժանապատիվ Հայր Թորգոմ Տոնոյանի հետ կատարեցին հատուկ արարողություն, որի ընթացքում Հայր Սուրբի կատարմամբ հնչեց «Ի կոյս գերեզմանէն» միջնադարյան շարականը: Գիրք նվիրաբերվեց Ուելսի Խաղաղության տաճարի տնօրեն Ստեֆան Թոմասին Ուելսումՙ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեծ ավանդ ունենալու համար:

Համերգից եւ բարեգործական ընթրիքից հանգանակված հասույթը կազմակերպիչ Ջ. Թորոսյանի գլխավորությամբ ուղղվելու է Սիրիայի բարեգործական ֆոնդինՙ եւս մեկ հայ ընտանիք Սիրիայից Հայաստան տեղափոխելու նպատակով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ