ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄՆ ՕՍԱԿԱՅԻ «ՏԱՐԵՑ ԿԱՆԱՆՑ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ» Ճապոնիայի Օսակա քաղաքում նոյեմբերին անցկացվում է մի փոքր եւ անսովոր կինոփառատոնՙ «Տարեց կանանց կինոփառատոնը», որին մասնակցում են կա՛մ 60-ն անց կին ռեժիսորների ֆիլմեր, կա՛մ ֆիլմեր, որոնք պատմում են տարեց կանանց մասին: Այս տարի փառատոնի հյուրն էր հայաստանցի կինոռեժիսոր Մարիամ Օհանյանը, որը ներկայացրեց իր «Նախնիների անհետացող ստվերները» 30 րոպեանոց վավերագրական կինոնկարըՙ անգլերեն եւ ճապոներեն ենթագրերով: Ֆիլմը պատմում է ռեժիսորի մորաքրոջՙ քանդակագործ Հերիքնազ Գալստյանի (1959-2015) մասին: Փառատոնի շրջանակներում կայացավ հատուկ հայկական երեկո, որի ընթացքում Մարիամ Օհանյանը ցուցադրեց 2001-ին իր նկարահանած «Հայ կանայք եւ քաղաքականությունը» վավերագրական կինոնկարը: Այս ֆիլմի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այնտեղ, ի թիվս անցյալի ականավոր մի շարք հայուհիների, ներկայացված է նաեւ Ճապոնիայում բնակված հրապարակախոս, ազգային գործիչ եւ այդ երկրում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Դիանա Աղաբեկ Աբգարը: Ներկաներն Օհանյանին հարցեր տվեցին Հայաստանի վերաբերյալ, իսկ վերջում համտեսեցին հայկական ուտեստներ: Մարիամ Օհանյանը հեղինակ է տասնյակից ավելի վավերագրական կինոնկարների, որոնց զգալի մասը կանանց մասին է: 2004-ին հիմնել է Երեւանի «Կին» միջազգային կինոփառատոնը: |