ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ Ա. Բ. Անցեալ տարի Մեքսիկայում հրատարակուող «Իստոր. միջազգային պատմութեան հանդէս» պարբերականի աշնանային թողարկումը (թիւ 62) ամբողջովին նուիրուած էր Հայաստանին («Հայաստանՙ մի պատմութիւն» ընդհանուր վերտառութեամբ): Շնորհակալ այս աշխատանքը կեանքի է կոչուել հայազգի մեքսիկական մարդաբան Կառլոս Անթառամեանի ջանքերով, որը համախմբելով աշխարհի տարբեր երկրների մասնագէտներիՙ իսպանալեզու ընթերցողին է ներկայացրել հայութեան տարբեր երեսները ներկայացնող - գիտական պատշաճ մակարդակով գրուած յօդուած-ուսումնասիրութիւններ: Հատորը բացւում է ազգութեամբ ֆրանսիացի-մեքսիկացի ականաւոր պատմաբան Ժան Մեյէի «Հայաստան. մի պատմութիւն» փոքր յօդուածով, որտեղ հեղինակը Հայաստան կատարած իր ուղեւորության հետ մեկտեղ ընդհանուր ուրուագծերով տալիս է հայոց պատմութիւնը: Յաջորդը Կառլոս Անթառամյանի «Հայերը. ցեղասպանութիւն եւ մշակութային ցրվածութիւն» ուսումնասիրութիւնն է: «Իստորի» հիմնական բաժինը վերնագրուած է «Թղթածրար», որտեղ ընդգրկուած են Կլոդ Մութաֆեանի (Ֆրանսիա) «Հայաստան. մի պատմական անհանգիստ ուղեգիծ», Ռիչարդ Անթառամեանի «Վերադասաւորել օսմանցիներին. գործելու պատմական կարողութեան վերապատկերացումը Օսմանեան կայսրութեան ուշ շրջանում», Ռիչարդ Յովհաննիսեանի «Հայոց ցեղասպանութիւնը. ռազմական արմատականացո՞ւմ, թէ՞ կանխամտածուած շարունակական գործընթաց», Ուղուր Ումիթ Ունգեորի (Նիդեռլանդներ) «Որբեր, դաւանափոխներ եւ մարմնավաճառներ. պատերազմի եւ հալածանքների սոցիալական հետեւանքները Օսմանյան կայսրութիւնում, 1914-1923 թթ.», Սեպուհ Ասլանեանի «Հայոց պատմութեան մարմարը. հայոց պատմութիւնը որպէս համաշխարհային պատմութիւն», Վարդան Մատթէոսեանի (ԱՄՆ) եւ Արծուի Բախչինեանի (Հայաստան) «Արմէն Օհանեան. աշխարհին նայած մի հայուհի», Հեյզըլ Անթառամեան Հոֆմանի (ԱՄՆ) «Հայրենադարձութիւն եւ նենգութիւն. Խորհրդային Հայաստանը Երկրորդ աշխարհամարտից յետոյ» յօդուածները: «Վերականգնուած տեքստեր» բաժնում տեղ է գտել «Միութիւն եւ առաջադիմութիւն» կոմիտէի պատուիրանները» նիւթը: «Պատուհան առ աշխարհ» բաժնում հայազգի մեքսիկական պետական գործիչ Խոսէ Սարուխանի «Ինչո՞ւ ծնուեցի եւ մնացինք Մեքսիկայում» յօդուածն է իր ընտանիքիՙ Մեքսիկայում հաստատուելու մասին: «Պատմութիւն եւ գրականութիւն» բաժնում ներկայացուած է Սեւան Ղարիբեանի (Շվեյցարիա) «Յօշոտուած Հայաստանը» (1919) Վալտեր Բենիամինի հեռանկարից. մտորումներ մի ֆիլմ-վկայութեան մասին» յօդուածը: «Նմանութիւններ եւ տարբերութիւններ» բաժնում ընդգրկուել է Ֆաթմա Միւգէ Գեոչեքի (ԱՄՆ) «Թուրքական պետութիւնը եւ հայերի դէմ գործադրուած բռնութեան ժխտումը» յօդուածը: «Գրախօսութիւններ» բաժնում ներկայացուած են Ստեֆան Իրիգի «Աթաթիւրքը նացիստների երեւակայութեան մէջ» հատորը (հեղինակՙ Քումրու Թոքթամիս) եւ Էրիք Պօղոսեանի «Նեմեսիս» գործողութիւնը» գիրքը (հեղինակՙ Անդրես Վարդապետեան): Հ.Գ. - Կարեւոր այս երեւույթին մէկ տարի ուշացումով անդրադառնալուս պատճառը զուտ տեխնիկական է. Մեքսիկայից ինձ ուղարկված հատորը չգիտես ինչ թիւրիմացութեամբ յայտնուել ու մնացել էր... Խոր Վիրապ գիւղում: |