ԻՆՉ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՈՒՄ ՀԱՅ ԳՐՔԻՆ Տիգրան ԵԿԱՎՅԱՆ Այս տարվա ամռանը վախճանվեցին Արմեն եւ Ալիս Սամվելյանները: Ֆրանսիայում նրանց վախճանով փակվեց հայ գրքի պատմության մի ամբողջ էջ: Ներկայումս ֆրանսահայ համայնքն ապրում է գլխավորապես հիշողություններով, եւ քչերն են խորհում ապագայի մասին: Փիլիսոփայության դասախոս, հայ գրականության սալոնի գիտաժողովների կազմակերպիչ Ժերար Մալխասյանը տվյալ կարեւոր հարցի առնչությամբ իր խոհերն է արտահայտել «Ֆրանս-Արմենի» հանդեսին տված հարցազրույցում:
- Գոյույթուն ունի՞ արդյոք «Յառաջ»-յանՙ «Ինձնից հետո ջրհեղեղ» համախտանիշ: Ձեր կարծիքով, արեւելյան գրախանութը կկարողանա՞ վերապրել Ալիս եւ Արմեն Սամվելյաններին: - Անշուշտ, առկա է ընդհանրություն հայր եւ դուստր Միսաքյանների «Յառաջ»-ի պարագայի հետ, եթե նկատի առնենք, որ խոսքն այնպիսի գործունեության մասին է, երբ պատասխանատուները ունեցվածք են ժառանգել իրենց ծնողներից ու հիմնադիրներից. իրենց համար խորհրդանշական բարձրարժեք ժառանգություն: Մեզ վերաբերող երկու դեպքերում էլ, հավանաբար, առկա է սերնդի եւ խորհրդանիշի գործոնը: Դրան միանում են նաեւ այլ պատճառներ: Սամվելյանները չկարողացան գրախանութը փոխանցել իրենց զավակներին, քանի որ նրանց ժառանգներից ոչ մեկը, որքան ինձ հայտնի է, գործը շարունակելու մտադրություն չի ունեցել, ինչը կարող է հաստատել մոտալուտ փակման վարկածը: Սակայն երկու դեպքերում էլ ես նկատում եմ ներկա իրավիճակի կատարյալ իմացությամբ զուգորդված ներըմբռնում, ներկայումս սեփական գործունեության շարունակման հարաճուն դժվարությունների գիտակցում: Արփիկ Միսաքյանը հիանալի գիտեր, որ Ֆրանսիայում արեւմտահայերեն կարդացողների թիվն անկասելիորեն կրճատվում է: Այդ լեզվով օրաթերթ կամ պարբերական պահելը առանց ֆրանսերեն մաս ներածելու ավելի ու ավելի դժվար կլիներ: Ինչ վերաբերում է «Սամվելյան» գրախանութին, ամենքս գիտակցում ենք, որ մշակութային մեկ ոլորտի կամ լեզվաբանական եւ աշխարհագրական մեկ ճյուղի մեջ մասնագիտացված գրախանութ պահելը Փարիզում գրեթե անհնար է դարձել: Նկատի ունեցեք, որ Փարիզում այլեւս չկան գերմանական եւ իսպանական գրախանութներ, իսկ լեհական գրախանութը պարզապես դիմանում է «Նուար սյուր բլան» հրատարակչության միջոցով «Լիբելլա» խոշոր հրատարակչական խմբի ցուցաբերած աջակցության շնորհիվ: Անշեղ միտում է դարձել մասնագիտական գրականության հարաճուն մատչելիությունը համացանցային գրախանութներում համարժեք եւ նույնիսկ ավելի ցածր գներով: - Ի՞նչ կասեիք նոր գրախանութների բացմանը Փարիզի քաղաքապետարանի հատկացրած օգնության մասին: - Առաջին հերթին գոյություն ունի պետական օգնություն: Գրքի ազգային կենտրոնը կարող է որեւէ գրախանութի ստեղծմանը կամ աշխատանքի վերականգմանը մասնակցել մասնավորապես ֆոնդերի գնման միջոցով: Կարող են միջամտել նաեւ ուրիշ լիազորված կառույցներ: Փարիզում եւ տարածքային այլ վարչատարածքային կազմավորումներում հնարավորություններն առկա են, բայց նաեւ հարկավոր են կենսունակ նախագիծ առաջարկողներ: Եվ սա է ամբողջ խնդիրը. բոլոր պայմաններն արդյոք առկա՞ են, որպեսզի շահագրգիռ մարդիկ Փարիզում վերականգնեն որեւէ արեւելյան (բառիս լայն իմաստով հայկական) գրախանութ այն ժամանակ, երբ շուկան ավելի ու ավելի է սահմանափակվում, եւ մասնագիտացված գրախանութները փակվում են մեկը մյուսը հետեւից: - Հայկական գրախանութը 21-րդ դարի Փարիզում ինչպիսի՞ պայմաններում կկարողանար կենսունակ լինել: Որո՞նք են գլխավոր խոչընդոտները: - Թերեւս կկարողանար, բայցՙ մշակութային առաջարկը բազմազան դարձնելու, դեպի նոր գաղափարներ կողմնորոշվելու, օրինակ, սրճարան-գրախանութ կամ մշակութային միջավայր դառնալու պայմանով: Սակայն կծառանա Փարիզի կենտրոնում կամ գավառում անչափ բարձր վարձավճար եւ տուրքեր մուծելու հարցը: Դա վերաբերում է մանավանդ բարձրորակ եւ ըստ այդմ առավել թանկ անձնակազմ ունեցող մշակութային խանութներին: Խոսքը քիչ եկամտաբեր եւ միայն սիրելով ընտրվող զբաղմունքի մասին է: Այստեղից էլՙ լավ կառուցված ու ներդաշնակ նախագիծ ունեցող անձանց անհրաժեշտությունը... Պետությունը կարող է ապահովել չնչին օժանդակություն, փոխառություններ ու վարկեր, բայց դա մնում է անբավարար: Հարկավոր է գտնել այլ ճանապարհներ: Կարելի է նախատեսել միջանկյալ լուծում, ինչպիսին է գրախանութի ստեղծումը որեւէ թանգարանում կամ մշակութային կենտրոնում: Փարիզում առաջին հերթին պակասում է հենց մշակութային կենտրոնի համարժեքը, որը չպետք է շփոթել վերջերս լայն տարածում գտած հուշակենտրոնի հետ: Մի խոսքով, դա պետք է լինի մի վայր, որտեղ կներկայացվեն ժամանակակից հայ մշակույթի գլխավոր կողմերը: Սա է նախընտրելի ուղին: Դա կլիներ Հայաստանի ու սփյուռքի ներկայիս անցուդարձի փոխանցման հրաշալի միջոց: Ինչ վերաբերում է ֆրանսահայ հրատարակիչներին, որոնք մեծ մասամբ դժվար կացության մեջ են (Parenthe`ses, Thadde՛e, Sigest, Cercle d՛e՛crits caucasiens) շատ սահմանափակ շուկայի պատճառով, նրանք արդեն իսկ ստիպված են բազմապիսի դարձնել իրենց գործունեությունը: Վերցնենք Մարսելի Parenthe`ses-ի օրինակը, որը ի սկզբանե իր հրատարակչական արտադրանքի մեծ մասը նվիրում է ճարտարապետական բարձրարժեք գրքերին, ինչը թույլ է տալիս հայկական մատենաշարով լույս ընծայել տարեկան մեկ-երկու գիրք: Ես նկատում եմ, որ համանման վիճակ է Հայաստանում: Վերցնենք Երեւանի «Ամարաս» հրատարակչությունը, որը թերեւս ամենաակտիվն է հրատարակչական շուկայում: Նա այդ տեղը զբաղեցնում է հաղորդակցության ոլորտում իր գործունեության շնորհիվ, ինչը թույլ է տալիս հրատարակել բազմապիսի եւ լուրջ գրական ստեղծագործություններ, համակերպվելով դրանք վնասով արտադրելու մտքին: Հայաստանում եւ այլուր դեռեւս շահութաբեր ոլորտներից մեկը մանկական գիրքն է, որը կարող է հիմք ծառայել մյուս ոլորտների զարգացման համար: Մանկական գիրքը ներուժ ունի ուսումնական վերամուտների համար. դա ճիշտ ճանապարհ է: - «Հայգրքի» եւ Ֆրանսահայոց մշակութային միության սալոնները, Շենի իսպառ վաճառքը արդյոք բավարարո՞ւմ են խայտաբղետ, տարանջատված եւ հետզհետե պակաս հայախոս ընթերցողների պահանջարկը: - Այդ սալոնների գործունեությունը բացատրվում է նրանով, որ դրանք լայն առաջարկով հանդես են գալիս որոշակի օրերի (տարեվերջի տոներ), երբ մարդիկ պատրաստ են գրքեր գնել: Այդ սալոնների արժանիքը գոյատեւելն է: Հարկավոր է դրանց օժանդակել, որպեսզի ընդլայնեն մշակութային առաջարկը: Սակայն դրանք չեն փոխհատուցում հայկական գրքի փոքրածավալ վաճառքը տարվա մնացյալ մասում. պատճառը մատչելիության եւ բավարար տեղեկատվության պակասն է: Նաեւ հայտնի է, որ տոների ժամանակ գնումները «կողմնորոշված» են. մարդիկ նախընտրում են գնել նվիրելու «գեղեցիկ գրքեր» կամ «թեթեւ» պատմության գործեր, հանրամատչելի գրական ժանրերի ստեղծագործություններ, ինչպես նաեւ խոհարարական ուղեցույցներ: Գրքի, ցուցադրությունների կազմակերպիչներին հաճախ կշտամբում են սակավ ժողովրդական ոլորտների հաշվին տարվա վաճառքը խթանելու մեջ: Հարկավոր է իմանալ (եւ ես կարողացել եմ դա հավաստել սալոնում իմ հրապարակային դասախոսությունների ժամանակ), որ երբ մարդկանց գրքեր են առաջարկում, նրանք գնում են դրանցից: Հիշում եմՙ երբ վերջին անգամ Մարկ Նշանյանը ներկա էր, նա իր աշխատություններից վաճառեց տասներեք օրինակ, ինչը քիչ չէ, եթե նկատի ունենանք դասախոսության մասնակիցների թիվը: Կարեւոր է, ցեղի ու հիշողության դրսեւորումներից բացի, ավելի մեծ տեղ հատկացնել նաեւ գրական ու գեղարվեստական արարմանը: - Տեղափոխության անչափ մեծ ծախսերը փոխհատուցելու նպատակով արդյոք հնարավոր չէ՞ ստեղծել պահեստավորման բազա, որը թույլ կտար հիմնել հայկական «Ամազոնի» պես մի բան: - Գաղափարը հետաքրքրական է, բայց քիչ եկամտաբեր կամ անշահութաբեր, եթե չգտնվեն մեկենասներ, որոնք կհամաձայնեին ֆինանսավորել Հայաստանի եւ սփյուռքի գրքերի զանգվածային պահեստավորումը: Ճիշտ է, կա Լոս Անջելեսի Abril Books-ը, որը միաժամանակ թե՛ գրախանութ է եւ թե՛ էլկետրոնային վաճառքի կայքէջ: Abril Books-ը կարողանում է մի կերպ հավասարակշռություն պահպանել, բայց հարկ է ասել, որ նա ընդգրկում է ամերիկյան եւ կանադական շուկան, որտեղ առկա է հայալեզու ընթերցողների ցանց: - Եվ որտեղ եղել է նաեւ կատարյալ հաջող սերնդափոխություն... Վերադառնանք ծագումով հայ աշակերտների աջակցման հարցին: Ամեն տարի գանգատվում ենք հայերենի ավարտական քննությունների մասնակիցների ծիծաղաշարժ թվից, բայց մինչեւ օրս ոչինչ չի ձեռնարկվել պատանիներին ANABAC-ի տիպի արտադպրոցական աշխատություններ առաջարկելու ուղղությամբ, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստվեն այդ քննությանը: - Շուկայի ներկայիս սամհանափակության պատճառով դա շատ թանկ կնստեր հրատարակիչների վրա: Ներկայումս նախասիրական ընտրությունից (LV1, LV2, LV3) դուրս բակալավրիատի հայերեն ստուգարք հանձնողների թիվը չի անցնում մի քանի տասնյակից... Համեմատության համար նշենք, որ հրեերեն հանձնողների թիվը 6000 է, թուրքերենՙ 3000-ից մինչեւ 4000: Հայերենի նման թույլ պահանջարկի պայմաններում դժվար է պատկերացնել, թե միջնակարգ դպրոցի ուսուցչի դիպլոմ (CAPES) ստացած մանկավարժը ինչպես կարող է դասավանդել հայազգի մեծաթիվ աշակերտներ ունեցող վարժարանում: Ինքնախաբեությամբ չզբաղվենք. եթե ավարտական քննություններում հայերենի ընտրությունը դեռ պահանջվում է, դա նամանվանդ հայերի լոբբիստական ջանքերի արդյունքն է: Սա կարեւոր մարտահրավեր է. մեր համայնքային կառույցները պարտավոր են լրջորեն զբաղվել խնդրով եւ միջոցներ գտնել ընտանիքներին ավելի շատ շահագրգռելու հայերենիՙ որպես դպրոցական դասավանդման առարկայի ուսուցմամբ: Դա նաեւ պահանջում է հայոց լեզվի դասավանդման կտրուկ մասնագիտացում: France-Arme՛nie, octobre 2016, Ֆրանս. թարգմ. Պ. Ք. |