ԵՐՈՒՍԱՂԵՄՆ ԻՐ ՈՂՋ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՄԲ Հ. Ծ. Ցուցահանդես Նյու Յորքի Մետրոպոլիտենում «Պատերազմի եւ խաղաղ ժամանակաշրջանների ականատես եղած Երուսաղեմը մեր թվարկության 11-15-րդ դարերում, հավանաբար, աշխարհի մշակութային առումով ամենաբազմազան քաղաքն էր, որն իր գրավչությամբ հազարավոր արհեստավորների, գիտնականների, վաճառականների, ուխտագնացների եւ զբոսաշրջիկների համար դարձել էր այցելության բաղձալի վայր», գրում է Ֆլորենս Ավագյանը Նյու Յորքից անդրադառնալով մինչեւ հունվարի 8-ը այդ քաղաքի ամենահեղինակավորՙ «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում գործող «Երուսաղեմի գանձերը» խորագրով ցուցահանդեսին: Դեկտեմբերի վերջերին, Նյու Յորքի «Զոհրապ տեղեկատվական կենտրոնի» հովանավորությամբ անցկացված միջոցառման ընթացքում, այդ կառույցի տնօրեն հայր Դանիել Ֆնդըքյանը ներկայացրել է բացառիկ այս ցուցահանդեսի կուրատորներինՙ հանձինս Բարբարա Դրեյկ Բոեմի եւ Մելանի Հոլկոմի : Վերջիններս էկրանի վրա լուսացույցով մանրամասն մեկնաբանել են ավելի քան 200 ցուցանմուշները, կենտրոնանալով հատկապես հայկական գանձերի վրա: Ուշագրավ են եղել մասնավորապես Հիսուսի քաղաքի «Նազարեթյան խոյակները», որոնց ցուցադրման համար ջանք չի խնայել միջազգային ճանաչման արժանացած քանդակների պահապան Ջեկ Սուլթանյանը : Ցուցահանդեսի կայացմանը մեծապես աջակցել են նաեւ Մետրոպոլիտեն թանգարանի բյուզանդական բաժնի հայազգի գիտնական դոկտ. Հելեն Էվանսը , ով նաեւ գրել է «Երուսաղեմ 1000-1400 թթ.» գեղեցիկ ալբոմի հայկական արվեստին նվիրված գլուխը, ֆրանցիսկյան եղբայրության հայր Հարութ Սիմոնյանը եւ հայ համայնքի գործուն անդամներից Գարեգին Արզումանյանը : Ցուցահանդեսի «Երուսաղեմյան ձայներ» բաժնում ներկայացված տեսաժապավենում Հայր Սամվել Անտոնյանը խոսել է քաղաքի չորս հիմնական (հայկական, քրիստոնեական, հրեական եւ մահմեդական) թաղամասերի համագործակցության եւ ընդհարումների մասին: Դասախոսության ավարտին դոկտ. Հելեն Էվանսը նշել է, որ 2018 թվականին նախատեսվում է Մետրոպոլիտենում կազմակերպել նաեւ ամբողջովին հայկական արվեստին նվիրված մի ցուցահանդես, որի ցուցանմուշները բերվելու են Մատենադարանից, Երուսաղեմից, Անթիլիասից, Վիեննայից եւ Վենետիկից: Ավելացնենք, որ դոկտ. Էվանսն ու Ջեկ Սուլթանյանը ժամանակին Հայաստանից մի հրաշալի խաչքար էին տարել Նյու Յորք, որն այժմ կանգնեցված է Մետրոպոլիտեն թանգարանում: |