RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 13-01-2017



Տեղադրվել է` 2017-01-12 22:49:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2484, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 0

2017-Ի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ

Նաիր ՅԱՆ

Արմեն Ամիրյանի ծրագրային տեսլականը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պաշտոնավարմամբ հանրության ու հատկապես մշակույթի մարդկանց շրջանում թաքուն փայփայված հույսերը, թեՙ չլինի՞ իսկապես մի բան փոխվելու է, շշուկներից կամաց-կամաց վերածվում են բարձրաձայն կարծիքների ու ցանկությունների: Երեք ամիսը մշակութային նոր քաղաքականություն ու կառավարման նոր մոտեցում ցույց տալու համար, համաձայնեք, սուղ ժամանակահատված է: Նախարարը պարբերաբար կրկնել էՙ մշակութային բոլոր ոլորտների խնդիրներին միանգամից ծանոթանալն ուղղակի անհնար է, այնպես որ, ամեն ինչ բնականոն հունով է գնում, յուրաքանչյուր ոլորտ համակողմանի ուշադրության կարժանանա:

Դեռ տարեվերջին հայտնի դարձավ, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի (պետական ոչ առեւտրային կազմակերպություն) երկարամյա տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ազատվելու է աշխատանքից: Նախարարը լուրը հաստատեց ու հավելեցՙ հենց Վլադիմիր Պողոսյանի առողջական վիճակը բարելավվի, ինքը կստորագրի ազատման հրամանը, իսկ դա սպասվում է հենց հունվարին: Աուդիտական ստուգումների արդյունքում ՊՈԱԿ-ում խախտումներ են հայտնաբերվել, ինչի հետեւանքով էլ տնօրենն ազատվել է պաշտոնից: Ստուգումներ են սկսվել նաեւ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս ՊՈԱԿ-ներում: Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ մշակույթի նախարարությունում մոտ քսան տոկոս կրճատումներ են սպասվում: «Աշխատակազմը մի քիչ ավելի է, քան պետք է, եթե վիրահատություն չլինի, առողջացում չի լինի»,-համակարգային փոփոխությունների ու կրճատումների առնչությամբ նկատեց Արմեն Ամիրյանը:

Նախարարը 2017-ի հենց սկզբից նախատեսել է իրականացնել մի շարք նորամուծություններՙ կառավարման, պետական գումարների բաշխման, մշակութային արժեքների հանրահռչակման համակարգային փոփոխություններ: Մի քանի հաստատություններ վերակազմավորվել են. գրապալատը միացել է Ազգային գրադարանին, երաժշտագիտական թանգարանըՙ Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, ցուցահանդեսային կենտրոնըՙ Ազգային պատկերասրահին: «Ոչ թե լուծարում, այլ վերակազմավորում. դրանք տարբեր բաներ են,- հորդորում է նկատի ունենալ Արմեն Ամիրյանը,- բոլորի գործառույթներն էլ պահպավելու են, բայց նորացվելու եւ ավելի նպատակային են դառնալու»:

Եթե նախկինում պետպատվերով հրատարակվող գրքերի արժեքի 50 տոկոսն էր վճարում պետությունը, ապա այսուհետեւ պետական աջակցությունը կցուցաբերվի հետեւյալ կերպ. պետությունը կգնի հրատարակվող գրքի ամբողջ տպաքանակը եւ կբաժանի գրադարաններին ու դպրոցներին: Եթե նախկինում նախարարության սենյակներում էր որոշվում, թե որ գիրքն է արժանանում պետական հովանավորության, ապա այսուհետեւ հեռուստատեսային եթերից բաց ու թափանցիկ ընտրությամբ հայտնի կդառնան պետպատվերով հրատարակվելիք գրքերը: Հրատարակիչների, մտավորականների, նաեւ հեռուստադիտողների ներկայությամբ գրողները կներկայացնեն իրենց անտիպները. նրանց այդ հարցում կօգնեն դերասաններն ու ասմունքողները: Հաղորդաշարի ավարտին հրատարակիչներն ու մտավորականները կընտրեն իրենց դուր եկած գրքերը, որոնք էլ կհրատարակվեն: Այսպիսով, հանրության շրջանում հետաքրքրություն կառաջանա դեռ չհրատարակված գրքի նկատմամբ, ու մարդիկ անհամբերությամբ կսպասեն, թե երբ է այն լույս տեսնելու եւ հայտնվելու իրենց ձեռքին: Գաղտնիք չէ, որ նախկինում գրքերի հրատարակումը տարերային բնույթ էր կրում. երբ գրքի հեղինակին հարցնում էիրՙ տպաքանակն ինչքա՞ն է, պատասխանում էրՙ ասում ենՙ 500 օրինակ, բայց ես միայն մի տասը-քսանն եմ տեսել: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչն ինչոց է, ու հույս ունենքՙ նախարարի առաջարկած նոր տարբերակը գրահրատարակության ոլորտում շոշափելի առաջընթաց կապահովիՙ կանխելով պետական գումարների փոշիացումն ու գրպանումը: Անտիպները բաց, անթաքույց ներկայացնելու եւ ըստ արժանվույն գնահատելու ծրագիրը հավատ կներշնչի նաեւ այն գրողներին, որոնց «շերեփները թղթից են եղել»: Իսկ հայտնի ճշմարտություն է, որ կա իշխանություններին մոտ կանգնած գրողների մի խումբ, որոնց «երկաթե շերեփները» միայն իրավունք ունեն ամեն տարի մխրճվել պետբյուջեի կաթսա ու հանրային փողերով հրատարակել հերթական գրական խոտանը: Բոլորը միշտ բողոքել են պետպատվերով հրատարակված գրքերի մեծ մասի որակից ու գեղարվեստական արժեքից, բայց մինչեւ այժմ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելՙ ի՞նչ հիմքով, ո՞ր իրավունքով է գրական խոտանն արժանանում պետբյուջեի սուղ միջոցներին:

Արմեն Ամիրյանի տեղեկություններովՙ նորարարություններ են սպասվում նաեւ կինոյի ոլորտում: Լուծարվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Նախարարը դրա փոխարեն պատկերացնում է մի կառույց, որը ռոտացիոն կարգով կառավարվելու է կինոարտադրող ընկերությունների ղեկավարներից կազմված տնօրենների խորհրդի կողմից: Կառույցն ունենալու է ֆինանսիստ-տնօրեն, որը վերահսկելու է միայն գումարային հարցերը: Եթե գտնվեն ներդրողներ, ապա մտադրություն կա վերանորոգել ու վերազինել «Հայֆիլմ» կինոստուդիայի գոնե որոշ տաղավարներ:

«Հայաստանը պետք է գրավիչ դառնա արտասահմանցի կինոարտադրողների համար: Ժամանակակից տեխնիկա, մասնագետներ, նկարահանման հրապարակներ, նաեւ օրենսդրական արտոնություններ. ու օտարազգիներն անպայման կուզենան մեր երկրում ֆիլմ նկարահանել, Հայաստանին եւս մասնակից դարձնել իրենց կինոնախագծերին: Շուտով պատրաստ կլինի կինոյի մասին օրենքը, ըստ որի 20 տոկոս ԱԱՀ-ից կազատվեն արտասահմանյան այն ընկերությունները, որոնք կհամագործակցեն մեզ հետ ու մեր երկրում ֆիլմ կնկարահանեն: Կփոխվի նաեւ կինոնախագծերի ընդունման, ընտրության կարգը: Ժամանակից առաջ չընկնենք, բայց իմ պատկերացմամբ այս նոր կառույցը կփոխի կինոարտադրությանՙ մինչ այժմ եղած կարգն ու ձեւը: Պետք է երիտասարդներին դեբյուտային ֆիլմերի, ինքնադրսեւորման մեծ հնարավորություն տալ»,- կարծում է Արմեն Ամիրյանը:

Հուշարձանների պահպանության ոլորտին հատկացված գումարը դարձյալ նույնն էՙ 250 միլիոն դրամ: Այդ գումարով կվերականգնվի յոթ հուշարձան: Նախարարը հույս ունի, որ այս տարի պետություն-մասնավոր հատված համագործակցության օրինակներ կլինեն, ու որոշ հուշարձաններ կարժանանան անհատ բարերարների հոգածությանը:

Արդեն հաստատված ծրագիր կա, ըստ որիՙ այս տարի հանրապետության մարզերում նախատեսվում են 400-ից ավելի մշակութային միջոցառումներՙ համերգներ, ներկայացումներ: Իսկ ապրիլի 24-ին առաջին անգամ ելույթ կունենա համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որի կազմում ներգրավվելու են աշխարհի տարբեր նվագախմբերում աշխատող հայ երաժիշտները: Նվագախմբի կազմը պարբերաբար կփոխվի, կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների գործեր, այդ թվումՙ ժամանակակիցների: Ապրիլքսանչորսյան համերգի համար նախարարությունը Տիգրան Մանսուրյանին պատվիրել է փոքրածավալ ստեղծագործությունՙ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին: Համահայկական նվագախումբը ելույթներ կունենա աշխարհի հայաշատ համայնքներում եւ կղեկավարվի երեք դիրիժորներիՙ Էդվարդ Թոփչյանի, Կարեն Դուրգարյանի եւ Սերգեյ Սմբատյանի կողմից:

2017-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի լեգոյի բաժին. լեգոներով կներկայացվեն մեր պատմության հիշարժան դրվագները: Կունենանք նաեւ տիկնիկների նոր թանգարան, որտեղ կցուցադրվեն տարբեր ազգերի ու տարբեր ժամանակների տիկնիկներ. այս նախագծերը թանգարանները երեխաների համար ավելի գրավիչ ու հետաքրքրական դարձնելու համար են: Կունենանք նաեւ գորգերի եւ լուսանկարչության թանգարաններ: Սեւանում կբացվի ջրասուզակների թանգարան: Արմեն Ամիրյանի կարծիքովՙ սոցռեալիզմի ժամանակաշրջանի մեր քանդակները պետք է ի ցույց դրվեն մեր հանրությանն ու զբոսաշրջիկներին, իսկ նման արձանները շատ են: Սեւանի ափինՙ ջրի հատակում, 2,5-3 մ. խորության վրա կտեղադրվեն այդ քանդակները, իսկ ջրասուզակները հնարավորություն կունենան դրանք տեսնելու էքստրեմալ, անսովոր պայմաններում: Այցելուներն անգամ հնարավորություն կունենան ջրի տակ գանձեր որոնելու եւ ջրանցուղիներով լողալու:

Նախարարը մեր թատրոնները պատկերացնում է հրաշալի խաղացանկով: Մտադիր է բեմերում տեղադրել սարքեր, որոնք արտասահմանցիների համար տարբեր լեզուներով վազող տողով կներկայացնեն օպերայի լիբրետոն կամ ներկայացման պիեսը: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ են որակյալ, արժեքավոր, հետաքրքրական բեմադրություններ: Այս ուղղությամբ նա թատրոնի մարդկանց հորդորում է շատ ու ջանասիրաբար աշխատել: Նա հույս ունի, որ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ղուկասյանը, Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի նոր տնօրեն Ագնեսա Շահնազարյանը, Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նոր տնօրեն Տիգրան Վիրաբյանն ու առհասարակ կադրային այն փոփոխությունները, որ ինքը կատարում եւ կատարելու է, մշակույթի ոլորտները ճիշտ ռելսերի վրա կդնեն, ու մենք կամաց-կամաց մեզ կզգանք մշակութապես պաշտպանված ու ինքնաբավ: Տեսնենք...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 13-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ