RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 13-01-2017



«ԹԱՓԱՌԱԿԱՆ» ՆԿԱՐԻՉԸ

Տեղադրվել է` 2017-01-12 22:49:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 3740, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷԿԶՈՏԻԿԱ ԸՍՏ ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

37-ամյա գեղանկարիչ եւ լուսանկարիչ Տարոն Սիմոնյանն աշխարհի քաղաքացի է: Ասում է, որ տուն եւ ընտանիք ունի աշխարհի տարբեր երկրներում: Ծնողներըՙ քանդակագործ Ցոլակ Սիմոնյանը եւ բանասեր Անահիտ Մինասյանը, 1963 թվականից ապրել են Պետերբուրգում, սակայն Տարոնը «հաջողեցրել է» աշխարհ գալ Հայաստանումՙ Արմավիրում: Քառասուն օրական է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Ռուսաստան, եւ այդ ժամանակվանից ի վեր Տարոնի կյանքն անցնում է երկու քաղաքներումՙ Պետերբուրգում եւ Երեւանում: Գեղարվեստի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Տարոն Սիմոնյանը վերականգնող նկարչի մասնագիտություն է ստացել Պետերբուրգի պետական գեղարվեստական ակադեմիայում, ապա ուսանել Լյուբեկի (Գերմանիա) հաղորդակցական դիզայնի դպրոցում: Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 19 տարեկանում, 1998-ինՙ Աախեն քաղաքում, այնուհետեւՙ Գերմանիայի այլ քաղաքներում, Ռուսաստանում, Հայաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում: 2015-ին Նեապոլի վավերագրական ֆիլմերի փառատոնում ամեն տարի ներկայացվող մեկ նկարչի աշխատանքների ցուցահանդեսին Տարոնը ներկայացել է հայոց նշանավոր հնավայրերից մեկինՙ Զորաց քարերին նվիրված ցուցահանդեսով եւ Հայաստանի մասին դասախոսությամբ...

Իմ զրույցը Տարոնի հետ կայացավ նրա երեւանյան տանը, նրա սիրալիր ծնողների ներկայությամբ, ամբողջովին գեղարվեստով շնչող միջավայրում, Արարատի եւ երեւանյան համայնապատկերի խորապատկերին...


- Կան արվեստագետներ, որոնք կարիք չունեն նոր տպավորությունների, չեն ճամփորդում, սակայն փակ տարածության մեջ, ապավինելով իրենց երեւակայությանըՙ ստեղծում են նորանոր աշխարհներ: Տարո՛ն, քեզ մոտ հակառակն է, քո արվեստը սնվում է տարբեր, հատկապես տարաշխարհիկ երկրներ կատարած ուղեւորություններից...

- Կա՛մ պետք է փակվել, կա՛մ բացվել մինչեւ վերջ: Ամեն մարդ պիտի իր ներաշխարհին համահունչ լինի: Մանկուց ճանապարհորդել եմ, եւ ինձ մոտ առաջացել եւ տարեցտարի զարգացել է սերը նոր հորիզոնների հայտնաբերման հանդեպ: Ես միշտ ուզել եմ իմանալ, թե ի՞նչ կա պատից այն կողմ: Ինձ միշտ ձգել են մեզ համար անսովոր երկրներն ու մշակույթները: 2006 թվականին առաջին անգամ եղա Ճապոնիայում եւ մնացի երկուսուկես ամիս: Կիոտոյում պատահաբար ծանոթացա տեղի հայտնի քանդակագործներից Յասո Յասիկավայի հետ, որը սեփական բար ուներՙ տեղի արվեստագետների հավաքատեղի: Նրա շնորհիվ ճանաչեցի ճապոնացի բազմաթիվ նկարիչների, մուտք գործեցի Կիոտոյի ավանդական եւ մոդեռն արվեստի ակադեմիաներ: Ճապոնիայում էսքիզներ էի կատարում, բայց միայնՙ գիշերը, իսկ ցերեկն ամեն վայրկյանն ուզում էի օգտագործել, բաց չթողնել որեւէ ինֆորմացիա. ամեն ինչ նորություն էր ինձ համար: Երկրորդ անգամ Ճապոնիա մեկնեցի 2010-ին, աշխատեցի տեղացի նկարիչների հետ, ճամփորդեցի գրեթե ողջ երկրում: Հարավից հյուսիս շարժվելովՙ երկրի տարբեր մասերում կարծես հետեւում էի սակուրայի աստիճանական ծաղկմանը: Գարնանը մարդու էներգիան փոխվում է, եւ ամեն անգամ նոր էներգիայի զարթոնք էի ապրում: Այդպես հասա Հոկայդո եւ Սապպորոյում երկու ցուցահանդես ունեցաՙ «Զբոսանք Պետերբուրգում» վերնագրով:

- Ճապոնացիները քեզ ճանաչեցին որպես պետերբուրգցի՞ նկարչի:

- Ոչ այնքան: Ճիշտ է, ես ներկայացրել էի Մարիիինյան թատրոնի օպերայի ու բալետի ներկայացումների մոտիվներով կատարված աշխատանքներս, սակայն ճապոնացիներն ասացին, որ ներկայացրածս շարքում հայկական գույներ կան: Եվ ես հիշեցի իմ անատոմիայի ուսուցչի ասածը, որ գործածածս գույները շատ վառ են, մինչդեռ Պետերբուրգում իշխում են պաստելային տոները...

- Ես հիշում եմ քո «Ճապոնիայի գույները» լուսանկարչական շարքը 2006-ին, մեր պատկերասրահում կայացած հայ-ճապոնական համատեղ ցուցահանդեսում:

- «Արարատից Ֆուջիյամա» ցուցահանդեսը կազմակերպեցին ճապոնական արվեստի գիտակներ, պետերբուրգցի կուրատորներ Անդրեյ եւ Իրինա Միխայլովներըՙ 13 ճապոնացի արվեստագետների (նկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ, կոնցեպտուալ արտիստ) մասնակցությամբ: Այդ արվեստագետներից մեկը մնում էր մեր տանը եւ ամեն առավոտ Արարատի տեսարանի առջեւ մեդիտացիա էր անում: Իմ կյանքի համար մեծ փորձառություն եղավ շփումը ճապոնական իրականության հետ: Մի հետաքրքրական բան հիշեմ. Ճապոնիայում գտնվելուս առաջին ամսին կիմոնո գնեցի, եւ նույն խանութն այցելեցի վերադառնալուցս առաջ: Խանութի տերը հիշեց ինձ եւ գնահատելով, որ երեք ամիս մնացել եմ իր երկրում եւ երկրորդ անգամ եմ այցելում իր խանութըՙ ինձ միանգամից յոթ կիմոնո նվիրեց: Ճապոնիան որոշ առումով հղկեց ինձ. այն անուղղակիորեն պարտադրում է կանոններ, որոնք դժվար էին, սակայնՙ ընդունելի ու շատ հետաքրքրական: Երբ մարդ տեսնում է նորություն եւ հասկանում է, որ դա իր համար ճիշտ է, լավ է եւ առողջարար, սկսում է միանգամից փոխակերպվել: Ճապոնիայից մենք շատ բան ունենք վերցնելու, առաջին հերթինՙ սերը եւ նրբազգացությունը բնության հանդեպ: Մի անգամ, երբ ճապոնացի հյուրերի հետ վերադառնում էինք Գեղարդից, մեքենայից դուրս եկա ու վերցրի ճամփեզրին ընկած մի կլոր քար ու բերեցի տուն, իսկ մեզ հետ եղած ճապոնուհին ասացՙ դու իզուր վերցրիր այդ քարը, դու կտրեցիր նրան իր ընտանիքից...

- Ճապո՞նիան եղավ քո ստեղծագործական բումը:

- Իրականումՙ Ինդոնեզիան: Այնտեղ մնացի մեկ տարուց ավելի, քանի որ, ի տարբերություն Ճապոնիայի, կյանքն այնտեղ թանկ չէ. ակտիվ ստեղծագործեցի եւ հետագայում էլի այցելեցի: Ինդոնեզիայում դեռ շատ վառ են ազգային ավանդույթները. թեեւ մահմեդականները փորձում են ողջ երկիրը մուսուլմանացնել, սակայն մասնավորապես Բալիի ժողովուրդը դեռ ջանք է թափում ամեն գնով պահպանելու իր ինքնությունը եւ մշակույթը: Ճապոնիայի պետական կրոն սինտոիզմը վերածվել է մի տեսակ թանգարանային կրոնի (քանի որ տեխնոկրատ իրականությունը չի կարող չազդել մարդկանց աշխարհայացքի վրա), թեեւ Բալիում էլ տեղական հավատալիքներն ու մշակույթը կարծես վերջին շնչում են: Այնտեղ ապրեցի եւ ստեղծագործեցի արվեստի մի մեծ կենտրոնում, որտեղ ամբողջ աշխարհից մարդիկ են գալիս: Մի անգամ մի փերֆորմանս կատարեցի տարբեր ազգերի նկարիչների հետ. վերցրինք կտավներ, գնացինք բրնձի դաշտերը եւ տեղում սկսեցինք նկարել: Սա պարզապես փորձարարություն էր, զգացմունքային պայթյուն, ոչ թե ստեղծագործական աշխատանք: Ինդոնեզական նկարներիս շարքըՙ մոտ քսան մեծ կտավ, չորս ուրիշ նկարիչների գործերի հետ ցուցադրեցի Երեւանի Ժողովրդական արվեստի թանգարանում:

- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր Աֆրիկայում:

- Մինչեւ Աֆրիկան եղավ Նեպալը, որը նույնպես շատ ուժեղ էներգետիկ վայր էր: Այնտեղ մնացի մեկ ամիս, բարձրացա Հիմալայան լեռները, ուզում էի երկար մնալ այնտեղ, սակայն երկրում բռնկված հեղափոխության պատճառով ստիպված թողեցի ճամպրուկներս ու միայն կտավներս գրկածՙ փախա այդ երկրից: Նեպալյան նկարներս նույնպես ցուցադրեցի Երեւանումՙ Ռուսական արվեստի թանգարանում: Իսկ Աֆրիկան, Տանզանիան այնքան ուժեղ տպավորություն թողեց վրաս, որ երկու տարի կյանքիցս հետ գցեց, որոշ ժամանակ չկարողացա ստեղծագործել: Հայտնվելով Աֆրիկայումՙ հասկանում ես, որ այն մեր ողջ մոլորակի ամենաուժեղ, ամենահետաքրքրական տարածքն է: Ամենադժվար, ամենասոված, ամենաաղքատ, բայց եւՙ ամենազարմանալի: Այնտեղ է ամեն ինչի ակունքըՙ քաղաքակրթության, նորաձեւության, դիզայնի, երաժշտության, սպորտի, մարմնական գեղեցկության: Մինչ օրս շատ ոգեւորված եմ Աֆրիկայով: Այնտեղ մեկնեցի արվեստաբան ռուս ընկերոջս հետ: 80 կիլոգրամ ներկ ու կտավ էի տարել հետս: Ինձ հատկապես հետաքրքրում էին մասայները, մոտ մեկ միլիոնանոց կիսաքոչվոր մի ժողովուրդ, որն ապրում է Տանզանիայում եւ Քենիայում, Կիլիմանջարոյի մոտ, ազգային պարկում: Չուզեցինք մնալ Տանզանիայի մայրաքաղաք Դար էս Սալամում, որտեղ չորս միլիոնից ավելի մարդ է ապրում. այնտեղ արվեստով զբաղվելն անհնար է, կյանքդ վտանգի կենթարկես: Երեք ամիս անցկացրինք գյուղում, Զանզիբարում, որը տուրիստական կղզի է եւ որտեղ աշխատեցի շատ արդյունավետ: Զանզիբարում ծանոթացանք երկու մասայների հետ ու նրանց հետ մեկնեցինք մայրցամաք, կտրեցինք 1500-2000 կիլոմետր տարածություն: Երբ մտանք ազգային պարկ, կապն աշխարհի հետ կտրվեց, հեռախոսները դադարեցին գործել. վե՛րջ, հասկանում ես, որ գտնվում ես այլ չափման մեջ: 40-50 րոպե գնում էինք խավարի մեջ, թվում էր, որ հետդարձի ճանապարհ չի լինի, եթե ուղեկիցներդ հանկարծ թողնեն քեզ: Մի տեսակ խաղում ես մահվան ու կյանքի սահմանագծին, բայց հավատը քեզ տանում է այնտեղ, որտեղ որ պետք է լինես: Եվ այդպես հասանք մասայների գյուղըՙ Լեսոիտո: Չնայած գիշեր էր, բնակիչները եկան մեզ դիմավորելու, սկսեցին մեր շուրջը պարել մեր պատվին: Պատկերացրեք, որ մարդ մենակ է, ամբողջությամբ շրջապատված աֆրիկյան բնիկներով, լսում է նրանց ձայները ու իրեն զգում է մեկ այլ մոլորակում, որտեղ չկա ոչ մի արհեստական, քիմիական բան, ուստիեւ չկա աղբ, մարդիկ ամեն ինչ վերցնում են բնությունից...

- Ի՞նչ հետաքրքրական դրվագ կպատմես մասայների հետ քո փորձառությունից:

- Մի անգամ գիշերը տնակը, որտեղ ես մնում էի, ցրտեց: Այո, երբեմն Աֆրիկայում էլ կարելի է մրսել: Ասացի, որ ցուրտ է, եւ տնակը տաքացնելու համար ներս բերեցին մի... ցուլ: Եվ այդ կենդանու շնչից իսկապես տնակը տաքացավ... Մասայների մեջ մնացի մեկ շաբաթ, հագնվում էի նրանց պես, ունեի իմ մամա Յոյոն, որը հոգում էր ինձ համար: Ականատես եղանք մասայների Լիալուսնի տոնին, որ տարին երկու անգամ է լինում, դա տղամարդուՙ որսորդ դառնալու ծեսն է: Հետս ներկեր չէի տարել, միայն լուսանկարում ու տեսանկարահանում էի, որովհետեւ, ինչպես առաջին անգամ Ճապոնիայում, չէի ուզում ոչ մի վայրկյանս բաց թողնել: Պետք էր ամեն բան արագ ընկալել, կուտակել, կուտակել, ու երբ զգացի, որ այլեւս չեմ կարողանում ավելի ինֆորմացիա ստանալ, ցերեկը ժամը 2-ին ասացիՙ վե՛րջ, այսքանը բավական է, պետք է շտապ վերադառնալ: Կա էներգիայի մի տեսակ, որը մարդուն այլեւս անհրաժեշտ չէ: Սահմանը չպետք է անցնեի, որպեսզի տպավորությունը չփչանար: Վերադառնալով Զանզիբարՙ միանգամից ստեղծեցի աֆրիկյան նկարաշարս ու ցուցահանդեսներ բացեցի Դուբայում եւ Աբու Դաբիում: Այնտեղի «Արթ միֆ» ամսագիրը ցուցահանդեսը համարեց տարվա լավագույնը: Նույնպես արդյունքում ունեցա քսան մեծ կտավ, որոնք բերեցի Երեւան, բայց դեռ ցուցահանդես չեմ ունեցել:

- Ճապոնիա, Ինդոնեզիա, Նեպալ, մասայներ... ո՞րն է լինելու հաջորդը:

- Չգիտեմ: Միգուցե Մե՞քսիկան: Ես ինձ լավ եմ զգում նոր վայրերում, էներգիա եմ ստանում նորանոր մարդկանց հետ շփումից, շատ եմ սիրում հաղորդակցվել էթնիկ մշակույթներին, որի մեջ շատ ավելի զգացմունքային արվեստ եմ տեսնում: Եվրոպայում նման բան չկա: Պետերբուրգում նկարիչներն իրենց արվեստանոցում նստած գլուխ են ջարդում, թե ինչ նոր բաներ կարող են հնարել: Մինչդեռ Բալիում, եթե ոչ մի գաղափար չունես, կարող ես պարզապես դուրս գալ փողոց, ու բնությունը, միջավայրը միանգամից քեզ գաղափարներ կնվիրեն: Նույնիսկ գերզարգացած Ճապոնիայում ավելի հեշտ է այդ առումով, թեեւ ճապոնացիներն իրենց գաղափարներն ավելի շատ կյանքի են կոչում իրենց աշխատասիրությամբ: Իմ օրինակով կարող եմ ասել, որ ճամփորդությունները շատ են զարգացնում մարդուն, լայնացնում են նրա աշխարհայացքը ու հատկապես կարեւոր են արվեստագետի համար...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 13-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ