RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-01-26 22:10:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2309, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՈՒՂԵԾՐՈՒՄ

Նաիր ՅԱՆ

Ծննդյան 93 ամյակի առթիվ

Նրա հիշողություններում ինքը ռեժիսոր, արտիստ է եղել դեռ մանկուց, երբ ցանկացած իրավիճակում ստեղծել է բեմ, շրջապատող առարկաները դարձրել գործող անձինք ու հանպատրաստից ներկայացում բեմադրել: «Ռեժիսոր ծնվում են: Եթե չեն ծնվում, ուրեմն երբեք չեն էլ դառնում: Ոչ մի բուհ, ոչ էլ ՎԳԻԿ-ը չի կարող մարդուն ռեժիսոր դարձնել, եթե նա դեռ իր մոր արգանդում ռեժիսոր չի եղել: Մայրս արտիստ էր, հայրս էլ. արտիստիզմն ինձ է անցել գեներով»,- հարցազրույցներից մեկում ասել է Սերգեյ Փարաջանովը:

Որքան էլ կինոգետներն ու քննադատները փորձել են նրա արվեստը համեմատել ժամանակակիցների, անգամ նրա ուսուցիչների ստեղծածի հետ, պարտվել են, որովհետեւ համեմատության եզրերն ու հիմքերն անբավարար են: Երբ Փարաջանովը մոլդովական հեքիաթների հիման վրա նկարել է իր դիպլոմային աշխատանքըՙ «Անդրիեշը», ՎԳԻԿ-ի մասնագետները շտապել են կարծիք հայտնելՙ էպիկականությամբ Փարաջանովը վերարտադրել է Ալեքսանդր Դովժենկոյին: Դովժենկոն անմիջապես փակել է բոլորի բերանըՙ ոչ, Փարաջանովը նման չէ ոչ մեկին, այդ թվումՙ իրեն:

Իգոր Սավչենկոն վստահ էրՙ իր սաներըՙ Փրաջանովը, Ալովը, Նումովը, հրաշքներ են գործելու: Փարաջանովը հիշում է. «Սավչենկոն մահացավ, երբ ընդամենը 43 տարեկան էր, բայց նա այնքան հասուն էր երեւում: Նրա աշակերտներն իրենից տարիքով մեծ էին, բայց այնպես էին պատկառում իրենց Վարպետից: Դովժենկոն ու Սավչենկոն թշնամիներ էին, սաստիկ տարբեր իրենց բնույթով ու արվեստով, բայց մանկավարժության մեջ հրաշալի կերպով լրացնում էին միմյանց»:

Ռեժիսուրան, ըստ Փարաջանովի, հենց ինքըՙ ճշմարտությունն է, որն արտահայտում է տխրություն ու գեղեցկություն, ցավ եւ ուրախություն: «Ես իմ սցենարները պատմում եմ ընկերներիս ու հարցնումՙ ի՞նչ եք կարծում. ճշմարի՞տ են դրանք: Նրանք պատասխանում ենՙ ոչ, հորինված են: Իսկ ես ասում եմՙ դրանք ճշմարտություն են, որոնք ես հորինել եմ: Սցենար կարող է դառնալ մանկության մի հուշը, տպավորված մի պահը: Սցենար դարձավ մորս պատմած հեքիաթը աշուղ Ղարիբի մասին, որը մի թրքուհի պատմել էր Լերմոնտովին, ու նա այն դարձրել էր գեղարվեստական հրաշալի մի գործ: Ես նկարեցի «Աշուղ Ղարիբը», որը մահմեդականների «Աստվածաշունչն» է ու նվիրեցի լավագույն ընկերոջսՙ Անդրեյ Տարկովսկու վառ հիշատակին: Այդ ֆիլմը նկարելուց հետո կուզեի մեռնել: Ճիշտը դա է: Այն ստեղծագործությունը, որը շատ ես սիրում, պիտի ստեղծես ու մեռնես»:

Փարաջանովին հետաքրքրում էր ազգային ֆոլկլյորը, թաքնված սովորույթները, ավանդույթները: Ազգագրագետները գլուխ են ջարդելՙ պարզելու «Սայաթ-Նովա», «Մեր նախնիների ստվերները» եւ մյուս ֆիլմերում ցուցադրված ավանդույթներն իսկապե՞ս եղել են, թե հորինվածք են: Աղբյուրի մոտ ոչխար մորթելն ու արյուն հեղելը, միմյանց վրա բրինձ շաղ տալն արդյո՞ք ազգային սովորույթներ են: Ազգագրագետներից եւ ոչ մեկը կասկած անգամ չունի, որ, այո՛, հինավուրց ավանդույթներ են: Իսկ իրականում դրանք Փարաջանովի հնարածներն են: Սակայն նա այնքան համոզիչ, բնական ու գեղեցիկ է մատուցում, որ դրանց ճշմարտացիությունը կասկածից վեր է թվում: Ասում ենՙ Փարաջանովի հորինած գուցուլական ավանդույթներից հետո ուկրաինացիներն իրենց հարսանիքներն անց են կացրել այն սցենարով, որը ներկայացված է ֆիլմում:

Փարաջանովը շատ էր ուզում նկարել «Երգ Հայավաթի մասին» ֆիլմը: Վստահ էրՙ «Ֆաուստից» առաջ դա պետք է նկարելՙ դարձյալ փոքր ազգերի մեծ սովորույթների, խոր ավանդույթների ու նկարագրի մասին, որը կինոդիտողին պատկերացում կտար, թե ինչ կյանքով է ապրել հին ցեղերից մեկը, ինչ հզոր ու իմաստուն առաջնորդ է ունեցել, ինչքան մոտ է եղել բնությանն ու մաքուր, անաղարտ բարքերին:

Փարաջանովը բազմաթիվ չիրականացված գաղափարներ ու սցենարներ է ունեցել: Բանտից դուրս է եկել 6 պատրաստի սցենարով, 100 նովելով, 800 կոլաժով ու նկարով: Այդ սցենարներից մեկըՙ «Կարապի լիճը. զոնան», նկարահանել է Յուրի Իլենկոն, բայց ոչ ոք այն չընդունեցՙ որպես փարաջանովյան ֆիլմ, որովհետեւ այնտեղ չկա ոչ նրա ձեռագիրը, ոչ ոճն ու մտածողությունը: Իլենկոն ճշգրտորեն վերարտադրել է Փարաջանովի սցենարը...ընդամենը: Մինչդեռ Փարաջանովը բոլորովին այլ ֆիլմ էր պատկերացնում: Բանտից դուրս գալուց հետո նա իր սցենարները պատմել է մտերիմներին ու ընկերներին. նրանք քարացել են, ապշել, հիացել, արտասվել: Փարաջանովյան գեղագիտությունը, փիլիսոփայությունը, գեղեցիկի ընկալումները բանտային հինգ դաժան տարիների ընթացքում ավելի էին սրվել ու նրբացել, կատարելության հասել: «Ես մի առաքելություն ունեիՙ ֆիլմերի վերածել կալանավորների խոստովանությունները, որ նրանք շշնջացել էին իմ ականջին: Դրանք ողբերգական ու լուսավոր պատմություններ էին: Այն, ինչ չկարողացա նկարահանել բանտում, նկարեցի ու գրեցի թղթի վրա: Դրանք վերածեցի կոլաժների, որոնք երեք ամիս շարունակ ցուցադրվում էին Երեւանում: Հետո, երբ ցուցահանդեսը փակվեց, կիլոմետրանոց հերթերը դեռ մնում էին: Մի առաքելություն էլ ունեմ. պարտք ունեմ կատարելու Հայաստանի առջեւ: Ուզում եմ իմ խոստովանությունը նկարահանել, խոստովանությունՙ արմատներիս ու նախնիներիս: Դա իմ անձնական «Աստվածաշունչն» է լինելու, իմ ողբերգությունը: Երբ Երեւանում ոչնչացվեց գերեզմանոցը, որպեսզի տեղում կառուցվի առաջատար կոմունիստ Կիրովի անունը կրող զբոսայգի, իմ նախնիների հոգիները փախան-եկան ինձ մոտ: Նրանք չգիտենՙ ինչ է կոմկուսը, պետանվտանգությունը, միլիցիան, չգիտենՙ ինչ է վախն ու չարիքը: Նրանք ուրիշ ենՙ անչար ու միամիտ: Ես պարտք ունեմ նրանց առաջ կատարելու, որպեսզի ապացուցեմ, թե ինչքան եմ սիրում նրանց»,- մահից երկու տարի առաջ ասել է Փարաջանովըՙ ոչ այնքան վստահ, թե ինքը երբեւէ նորից կկանգնի կինոհրապարակում:

Չիրականացված երազանքներից մեկն էլ Վարդան Մամիկոնյանի դստերՙ սուրբ Շուշանիկի մասին ֆիլմ նկարահանելն էր: Շուշանիկը միակ հայն է, որը վրացիների սրբերի շարքում է դասված: Փարաջանովը մտադիր էր Շուշանիկի դերում նկարել իր հավերժական մուսայինՙ Սոֆիկո Ճիաուրելիին: Սոֆիկոն շատ լավ գիտեր, որ այդ դերը նրան «Օսկար» է բերելու եւ դառնալու է իր արտիստական կարիերայի թագն ու պսակը: Բայց վրացիները համաձայն չէին, որ սուրբ Շուշանիկի տանջանքների մասին ֆիլմի հեղինակն ու ռեժիսորն ազգությամբ հայ լինի: Ամեն ինչ արվեց, որ ֆիլմը չնկարահանվի: Սոֆիկո Ճիաուրելին արգելք հանդիսացողներին «անարգանքի սյունին գամեց», շատ խիստ ելույթ ունեցավ, բայց դրանից ոչինչ չփոխվեց:

Նրա ֆիլմերը սվիններով էին ընդունվում, նորից մոնտաժվում, հազար ձեռքով անցնում, որովհետեւ չէին համապատասխանում սոցռեալիզմի հաստատագրած կանոններին եւ օրենքներին: «Սայաթ-Նովան» պարտադրաբար դարձավ «Նռան գույն», որովհետեւ ընդհանուր կարծիքի համաձայնՙ միջնադարյան տաղերգու Սայաթ-Նովայի կենսագրական տվյալների հետ իբր ոչ մի աղերս չուներ: Չնայած այդ տվյալները ոչ ոք ստույգ չգիտեր էլ: Փարաջանովը ստեղծել էր պոետական մի կերպար, որի մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը ներկայացրել էր յուրովիՙ գեղագետի, գեղեցիկի սիրահարի աչքերով ու պատկերացումներով: Դա փարաջանովյան հերթական ֆիլմ- հանրագիտարանն էր, որը վերամոնտաժեց, ինչ է թե հասկանալի դառնա հասարակության լայն զանգվածներին:

Սերգեյ Փարաջանովն իրենից հետո թողեց այնպիսի ժառանգություն, որը համաշխարհային արվեստի ուղեծրում է: Նա մեր այցեքարտն է, մեծ կինոյի այն գահը, որի կողքին դեռ մի աթոռակ էլ չենք կարողացել դնել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ