ՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ Մի ինչ-որ չգրված օրինաչափությամբ կարծես թե մանկական ներկայացման ժանրը թատերագետներիս աչքից վրիպել է, այնինչ սա ամենակարեւոր ժանրն է թատրոնում, քանի որ գործ ունի ամենակրտսեր ու ամենաազնիվ հանդիսատեսի հետ, ով չունի նախապաշարմունքներ, վերապահումներ. նրան չես խաբի, չես համոզի: Ոչ պակաս կարեւորություն ունեն մանկական ներկայացումների շարքում Ամանորի ներկայացումները, քանի որ դաստիարակչական, գեղագիտական ճաշակի, լեզվի եւ ի թիվս մի շարք այլ կարեւոր հարցերի, այստեղ ավելանում է նաեւ երեխայի մեջ հեքիաթի եւ հրաշքի անգերազանցելիության կարգավիճակի պահպանման խնդիրը, որը նրան պետք է ուղեկցի ամբողջ կյանքի ընթացքումՙ որպես ապագայի հանդեպ հավատի առաջին նախապայման: Ի՞նչ պիեսներ են ընկած Ամանորի բեմադրությունների հիմքում, ո՞ր հեքիաթներն են ընտրում մեր բեմադրիչները կրտսեր հանդիսատեսի հետ երկխոսելու համար: Կան մի շարք երկրներ, որոնք տասնամյակներով ձեւավորված հատուկ Ամանորի ներկայացումների խաղացանկ ունեն: Ռուսաստանում, օրինակ. սերնդեսերունդ Ամանորին կարող են դիտել «Մարդուկ-Ջարդուկը» (Щелкунчик)ՙ սկսած բալետային ներկայացումից մինչեւ երաժշտական-դրամատիկական ու տիկնիկային մեկնաբանությունները: Այնպես որ, ռուս հանդիսատեսը կարող է իրեն թույլ տալ նաեւ համեմատելու շռայլությունը: Իսկ ո՞րն է Ամանորի մե՛ր ավանդական ներկայացման տեսակըՙ անձամբ ես դժվարանում եմ առանձնացնել, չկա այնպիսի մի հեքիաթ-ներկայացում, որը տեսած լիներ տատիկս, հետոՙ մայրս մանուկ հասակում, հետո ինձ տաներՙ եւս մեկ նոր մեկնաբանություն տեսնելու ակնկալիքով: Սակայն, բարեբախտաբար, վերջին տարիներին որոշ թատրոններում առանձին լավ ներկայացումներ են հայտնվել: Դրանցից երկուսի վրա էլ սեւեռելու ենք մեր ուշադրությունը: Ընտրությունը հիմնավորված է նաեւ այս ներկայացումների բեմադրիչների երիտասարդ լինելու հանգամանքով. այն, ինչ կարելի է սպասել ավագներից այս ժանրում, արդեն քաջ ծանոթ է, իսկ ինչպե՞ս են մտածում նոր սերնդի բեմադրիչները, որոնք այնքան էլ չեն հեռացել իրենց մանկությունից ու ի վերջոՙ 21-րդ դարի ստեղծագործող ու մտածողներ են, սա է հետաքրքրական: Մեր ուշադրությունից չէր կարող վրիպել այն ուրախալի փաստը, որ Ամանորի ներկայացումների ցանկում վերջապես հայտնվել է «Մարդուկ-Ջարդուկ» խորագիրը: Կա՞ արդյոք Ամանորի ավելի հրաշալի հեքիաթ, քան 18-րդ դարի գերմանացի ռոմանտիկ հեղինակ Էռնստ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկն ու առնետների թագավորը» ստեղծագործությունը: Ի դեպ, հեքիաթի փոխադրությունը 1844-ին կատարել է Ալեքսանդր Դյումա-Հայրը, սրա հիման վրա Մարիուս Պետիպան գրել է Չայկովսկու հայտնի բալետի լիբրետոն: Մարիինյան թատրոնում բալետի պրեմիերան կայացել է 1892-ին, այս թվականից պարբերաբար այն ռուսական թատրոնի խաղացանկում է: Խամաճիկների թատրոնում Լիլի Էլբակյանի ներկայացման հիմքում պիեսի սեփական տարբերակն է եւ Չայկովսկու երաժշտությունը, որի որոշ հատվածներ երգեր է դարձրել բեմադրիչը (երգերի տեքստերի հեղինակը նույնպես Լիլի Էլբակյանն է): Այս եւ նաեւ սյուժետային որոշ պարզեցումները ավելի մատչելի ու դյուրըմբռնելի են դարձնում հեքիաթըՙ մոտեցնելով ամենակրտսեր հանդիսատեսի ընկալման շրջանակներին: Մարդուկ-Ջարդուկի խամաճիկն էլ արտաքուստ բավական արտասովոր, ինչ-որ տեղՙ ծիծաղելի է, եւ հենց ամենակրտսեր հանդիսատեսին հասցեագրված տեսք ունի: Ներկայացման ժանրը պարզորոշ բնորոշել հեշտ չէ, այստեղ միաժամանակ խաղում են թե՛ դերասաններ, թե՛ խամաճիկներ, թե՛ ստվարաթղթե կերպարներ, անգամ գործող անձ է հսկա տոնածառը: Սակայն բեմում կանգնած սպիտակ տոնածառը բոլորովին անսովոր տեսք ունի, այն բավական հնարամիտ եւ բազմագործառույթ բեմական դեկոր է. շարժական անիվների վրա եղեւնի-շիրմա, որ ուզած ժամանակ փոխում է դիրքը (բեմանկարիչՙ Հակոբ Հակոբյան), իսկ դրա հետեւում ամրացված աստիճանների վրա վերուվար անելովՙ դերասանները ստեղծում են ծառին հայտնված կամ դրանից վար իջած տոնածառի խաղալիքների պատրանքը: Տոնածառի ներքեւի մասում բաց թողնված ճեղքերից ելումուտ են անում առնետները: Այսպիսով, գաղափարը բավական հետաքրքրական է, սակայն կատարված ոչ այնքան կոկիկ. բավական հաճախ այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ դերասանները ուր որ է ցած կընկնեն վրայից: Այդ անկայունությունը (հետեւաբար նաեւ հանդիսատեսի ներսում ամեն պահ ծնվող անհանգստության զգացողությունը) առկա է նաեւ մյուս դեկորներումՙ դարպասներ, ճաղեր, պտտվող սառցե արձանիկներ. ամենուրեք առկա է վառ երեւակայություն եւ դրա ոչ հմուտ իրագործում: Սակայն Էլբակյանները կարողանում են տոն ստեղծել, այս թատրոնում ինչ-որ ներքին ընտանեկան ջերմություն ու հարմարավետություն կա, եթե անգամ ինչ-որ բան իր տեղում չէՙ ինչպես սեփական տանդ: Ներկայացման գլխավոր առավելությունը դիպուկ կատարված դերաբաշխումն է, ռոմանտիկ սիրահարի ամպլուայում աչք է շոյում տիկնիկից արքայազնի վերածված Մարդուկ-Ջարդուկի դերակատար Մեսրոպ Աբտոյանի կերպարը: Յուրահատուկ ուշադրության է արժանի երիտասարդ դերասանուհի Տաթեւ Հոռոփյանի Մերիի (գրական տարբերակումՙ Մարի, որոշ տեղերումՙ Կլարա, ռուսական տարբերակումՙ Մաշա) դերակատարումը: Այս աղջնակն իր անմիջականությամբ, թեթեւությամբ, արտիստիկ բնականությամբ, ներքին ավյունով առինքնում է առաջին վայրկյաններից, նա հավատում է բեմում ծավալվող հեքիաթին եւ հավատացնում է մեզ: Բավական ամբողջական է Համո Ադիյանի Դրոսելմեյերի մեկնաբանությունը: Նա բարի ու խենթ հրաշագործի եւ միաժամանակ հեքիաթասացի ջերմ ու անմիջական կերպարն է, որի մեջ ինչ-որ բան է պահպանվել հենց մանկությունից, հետեւաբար միանգամից սիրելի է դառնում թե՛ բեմի երեխաներիՙ Ֆրիցի ու Մերիի, թե՛ փոքրիկ հանդիսատեսի համար: Բավական հաջող եւ արտաքին կերպարային առումով ճանաչելի են իրագործված բեմական հագուստները (հեղինակներՙ Հ. Հակոբյան եւ Լ. Էլբակյան): Գունեղ, դինամիկ, զգացմունքներով լի այս ներկայացման մեջ երեւակայության պակաս չկա, որոշ տեսարաններ պարզապես դաջվում են հիշողության մեջ. Ամանորի հեքիաթային գիշերը տոնածառից պոկվում ու կենդանանում են կախված խաղալիքներըՙ խամաճիկների գրեթե աննկատ թելերով բեմի վերնամասում սավառնող խաղալիքների ու հրեշտակների տեսարանը գտնված է, իսկ ամենահիշվողն ու տպավորիչը փայտե տնակն է, որն անսպասելիորեն բացվելովՙ հանդիսատեսին ներքաշում է մի շատ խորհրդավոր ու կախարդական աշխարհՙ մանկությանդ հեքիաթի աշխարհը: Լիլի Էլբակյանի «Մարդուկ-Ջարդուկը» իսկական տոն-ներկայացում էՙ հանդիսանքային, վառ, սակայն որոշ տեսարաններում էֆեկտների, իրերի, ատրիբուտների գերառատություն է նկատվում: Բարեբախտաբար, Լիլի Էլբակյանը գտնում է նաեւ Նոր տարվա սիմվոլ-կերպարինՙ Ձմեռ Պապին բնականորեն բեմ բերելու միջոցըՙ փոխելով հեքիաթի սյուժետային ընթացքը (առհասարակ ձմեռ պապիներ արհեստականորեն ներմուծելու պրակտիկան կա մեր թատրոններումՙ անկախ այն բանիցՙ այս կերպարը կապվում է ներկայացման սյուժեին, թե ոչ): Միեւնույն հնարամտությամբ քեռի Դրոսելմեյերին Նոր տարվա գիշերը հյուր բերելով Շտալբաումների տուն ո՛չ միայնակ, այլ իր երիտասարդ ընկերոջ հետ, ի դեմս որի Մերին ճանաչում է իր երազի արքայազնին: Բեմադրիչը չի թողնում բարի ու խիզախ աղջկան ունայն երազի առջեւ, այլ լավատեսական ավարտ է հորինումՙ քաջ ծանոթ լինելով մանուկ հանդիսատեսի զգայուն հոգեբանությանը: Երեւանի Փոքր թատրոնը վերջին տարիներին հայ թատերասեր հանրության համար այն օազիսներից մեկն է, որը գրեթե երբեք չի դավաճանում ճաշակի, բարձրարվեստի, ինքնատիպի իր չափանիշներըՙ լինի դասական խաղացանկում, ժամանակակից կամ մանկական ներկայացումներում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի դերասաններն իր իսկ ստուդիայի տարբեր տարիքի սաներն են, եւ նրա բարձր պահանջները տարածվում են մեծից մինչեւ ամենակրտսեր դերասանի վրա. արդյունքը գրեթե միշտ տեսանելի է ներկայացումներում: Փոքր թատրոնում գրեթե միշտ կարելի է զարմանալ. «Ho-Ho-Ho. Ամանորյա հեքիաթ» կոչվող այս տարվա բեմադրությունը բացառություն չէր: Դժվարը միայն ներս մտնելն է. գրեթե տասը, տասնհինգ րոպեն մեկ վեցից յոթ հոգանոց խմբերին ներս են հրավիրում, ինչն արդեն իսկ անսովոր է: Իսկ մուտքի մոտ հայտնաբերում ես, որ չկա ավանդական դահլիճ եւ բեմը, փոխարենը լապտերը ձեռքին ընդառաջ եկած ծերունի էլֆ Հոլուորդը (Աշոտ Մարաբյան) հանդիսատեսին ողջունելով` նրան միանգամից կտրում է դրսի իրականությունից: Հրաշքն սկսված է, երիտասարդ դերասանին դա հաջողվում է: Ծերունի էլֆը հյուրերին պատմում է, որ անցնելու են լաբիրինթոսով, որի ամեն ոլորանում մի անակնկալ է սպասվումՙ հանդիպում որեւէ հեքիաթի հերոսի հետ, որոնց հանելուկներին հատկապես ուշադիր պետք է լինելՙ կարողանալու համար հայտնվել Ձմեռ Պապի սենյակում: Այս ինտերակտիվ ներկայացման ընթացքում դերասանները հաղորդակցման մեջ են հանդիսատեսի հետ, թեեւ մեր հանդիսատեսն այնքան է անսովոր նման մոտեցմանը, որ գրեթե միշտ լսողի եւ ո՛չ մասնակցողի դերում է: Մասնագիտական հետաքրքրությունս թույլ չի տա, որ զրույցի չբռնվեմ երիտասարդ ու պատանի դերասանների հետ, պարզվում էՙ ի տարբերություն հանդիսատեսի, դերասանները պատրաստ են այս փորձությանը, եւ ամենակրտսեր դերասանից մինչեւ ամենաավագը խաղում են մեծ եռանդով, հավաստի ու անմիջականՙ հանդիսատեսի հետ հանկարծաբանության սկզբունքով շփման պարագայում նույնիսկ չշփոթվելով: Սակայն միեւնույն հանկարծաբանության սկզբունքի հետեւանքով երբեմն ժամանակի ճիշտ բաշխման խնդիր է առաջնում, պատանի դերասանները չեն հասցնում ժամանակին ավարտել իրենց հատվածը եւ հետեւից եկող հանդիսատեսի խումբը բախվում է նախորդի հետ, կամ ստիպված է լինում մի փոքր սպասել, մինչեւ ներս կհրավիրեն մյուս սենյակ: Խորհրդավոր երաժշտությունը, որ մանուկ հասակում հաստատ սարսափ կներշնչեր իմ սերնդի հանդիսատեսին, միայն բորբոքում է այսօրվա փոքրիկ հանդիսատեսի հետաքրքրությունը (երաժշտական ձեւավորումըՙ բեմադրիչի), խավարը, կիսամութը, հեքիաթային լույսերի միանգամայն զարմանահրաշ օգտագործումը ավելի գրավիչ են դարձնում ներկայացման արտաքին կողմը (բեմադրիչը մթնոլորտ ստեղծելու հարցում հմուտ է), իսկ ամեն հաջորդ ոլորանում անսպասելի աղմկոտ հանդիսատեսին դիմավորող հեքիաթի հերոսը անակնկալի է բերում ու որեւէ բարի արարքի մղում: Նրանք մի դեպքում հայտնի հեքիաթների հերոսներն ենՙ Մոխրոտը, «Աղջիկը եւ լուցկիները» հեքիաթի անտուն աղջիկը, Ձյունե թագուհին,Կայն ու Գերդան, որոնք մեր օգնության կարիքն ունեն, մյուս դեպքում Սուրբ Ծննդյան պերսոնաժները (որոնք նոր ինֆորմացիա են հաղորդում երեխաներին) կամ հեքիաթային էլֆերն են, որոնք իսկական տոնահանդես են կազմակերպում մանուկների համար: Մտավոր անհանգստություն, ահա մյուս արժեքավոր տարրը, որ կա այս ներկայացման մեջ, գուցե ներկայացում էլ չանվանենք, այլ իրական ճամփորդություն հեքիաթում: Զարմանալին այն է, որ այս փոքրիկ թատրոնի խիստ սահմանափակ տարածքը լուծված է այնպիսի հնարամտությամբ, որ ճանապարհն անվերջանալի է թվում: Կտորից շիրմաներով ու դռների միջոցով բեմադրիչն օգտագործել է բեմի ու հանդիսասրահի ողջ տարածքը ու անգամ թատրոնի ծառայողական տարածքները, թատրոնի վերեւի ու ներքեւի հարկերը, տարբեր սենյակներ: Դրանցով անցնելով վերջնականապես խճճվում ես ու ապշումՙ այդ ինչպե՞ս վերջում դարձյալ նույն կետում հայտնվեցիր: Գրեթե անթերի է բեմանկարչական կատարումըՙ Վահան Բադալյանի եւ երիտասարդ բեմանկարիչ Ալինա Ալեքսանյանի համահեղինակությամբ: Չկա ներկայացման հեքիաթ հատվածներից գոնե մեկը, որտեղ զարմանահրաշ մթնոլորտ ստեղծված չլինիՙ տվյալ թեմայի համապատասխան էանիշներով ու դեկորներով: Բարեխղճորեն ու բարձր երեւակայությամբ են իրականացված նաեւ բեմական հագուստները: Միեւնույն բծախնդիր աշխատանքը կատարված է մինչեւ ներկայացման ավարտՙ Ձմեռ պապի սենյակը: Սովորաբար ներկայացման վերջում բեմադրիչներն ու նկարիչը հոգնում ենՙ ուշադրություն չդարձնելով շատ կետերի վրա, այնինչ այս ճամփորդության վերջին հանգրվան Ձմեռ Պապի սենյակում ներկայացումն ասես սկսվում է նորից: Ճեփ-ճերմակ պատերն ու գորգապատ հատակը, աստղիկների մեջ ճառագող առաստաղը, հեքիաթային գեղեցկությամբ մի քանի տոնածառերը, Ձմեռ պապի մաքուր ու ձյունաթույր հանդերձները, փափուկ ու հարմարավետ կահավորված միջավայրը հոլիվուդյան ֆիլմերի Սուրբ Ծննդյան տոների ճոխությամբ պատրաստված տուն է հիշեցնում: Հայտնվելով այստեղ մտածում ես, որ արժեր այսքան փորձություններ հաղթահարել: Բարեբախտաբար, Ձմեռ պապն էլ տասնամյակներով մեր թատրոններում հնչող տրաֆարետային խոսքերով չի դիմավորում ու ճանապարհում հանդիսատեսին, այստեղ նույնպես մտերմիկ զրույց եւ անմիջական շփում է սպասվում երեխայի հետ: Վահան Բադալյանի ներկայացումը բացառիկ է իր տեսակով հայ թատրոնում, այն դիտելով քեզ իսկապես 21-րդ դարի հանդիսատես ես զգում եւ ներքուստ գոհանում, որ երեխայիդ հնարավորություն ունես նաեւ այլընտրանքային, ոչ ավանդական ներկայացման հաղորդակից դարձնելու: Իրարից թե՛ ժանրով, թե՛ ոճով, թե՛ արտահայտչամիջոցներով խիստ տարբեր այս երկու բեմադրությունները երկու ընդհանրություն ունեն. առաջինն այն է, որ երկուսն էլ ծնվել են մեր քաղաքի ամենափոքրիկ թատրոններում (պատահականությու՞ն է), իսկ երկրորդը, որ երկուսն էլ բեմադրված են բարձրարվեստ ու ճաշակով եւ հավասարաչափ հետաքրքրեցին թե՛ փոքրիկ, եւ թե՛ ավագ հանդիսատեսին: Մի մտավախություն, սակայն, դեռ մնում է հրատապ. այսօր քիչ չեն հատկապես այն թատրոնները, որտեղ մանկական ներկայացման տանելով իր երեխայինՙ անտեղյակ ծնողը պարզապես կարող է տհաճ անակնկալների առջեւ կանգնել: Հենց այս թեման դեռ մնում է թատերագիտական քննարկման եւ ընթերցողի ուշադրությանը կարոտ: |