ՖՐԱՆՍԵՐԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՄԱՍԻՆ Ա. Բ. Անցյալ տարի Փարիզում լույս տեսավ երկու ֆրանսերեն հատորՙ նվիրված հայ կինոյի երկու մեծագույն կինոբեմադրիչներինՙ Սերգեյ Փարաջանովին եւ Արտավազդ Փելեշյանին: Փարաջանովին նվիրված գրքին «Ազգն» արդեն անդրադարձել է (23 դեկտեմբերի, 2016): Երկրորդ հատորն էՙ «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» («Ելոու նաու», 176 էջ), խմբագիրներն են Կլեր Դենիելը եւ Մարգրիտ Վապերյոն : Գիրքն ունի հետեւյալ ծանուցումը. «Ես համոզված եմ, որ կինոն կարող է փոխանցել որոշ բաներ, որ աշխարհում ոչ մի լեզու չի կարող անել»: Արտավազդ Փելեշյանը մի քանի բառով հայտարարում է հավատի մի գործողություն կինոյին հատուկ բանաստեղծական կարողությունների վերաբերյալ: Կինոն հորինում է անասելի մի ձեւՙ կազմված ձայներից եւ պատկերներից, որը լեզուն չի կարող սպառել: Մի քանի նշանակալից շարժանկարՙ «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչները» (1970), «Տարվա եղանակները» (1975-1977), «Մեր դարը» (1982), «Վերջը» (1992), «Կյանք» (1993) ու մի տեսական գիրք («Իմ կինոն»), նա հայտնաբերել է մաքուր զգացմունքներով մի կինո, որը գտնվում է պոեզիայի եւ երաժշտության միջեւ, որ մասնակցում է մոնտաժի դասական տեսության վերանորացմանըՙ ժառանգված խորհրդային մեծ վարպետներ Էյզենշտեյնից եւ Վերտովից: Կատարված սեղմ մոնտաժովՙ այդ ֆիլմերը կազմված են շարժուն եւ հուզիչ միավորներիցՙ կազմելով լիարժեք հնչյունային կինոնկար: Խորհրդային Միության ժառանգ հայ կինոյի այս վարպետը ստեղծել է հերոսական եւ քնարական մի ձոն վազող մարդկանց, տղամարդկանց հնագույն աշխատանքներին, երկնքի եւ տիեզերքի նվաճմանը: Քննադատները եւ կինոգործիչները հավաքված են այս գրքումՙ քննելու համար կինոյի այս գյուտարարի ստեղծագործությունը, որը պատմում է դարի պատմությունը ազդակների, հույսերի ու մտահոգությունների միջեւ: Ինչպե՞ս է Փելեշյանի կինոն երկխոսության մեջ մտնում մեր օրերի հետ»: Հատորը բացվում է համախմբագիրներից Մարգրիտ Վապերյոյի ներածությամբ, որին հետեւում է Սերժ Ավետիքյանի «Նամակ Արտավազդ Փելեշյանին» հոդվածը: Գրքի առաջին մասումՙ «Հայտնաբերեք Փելեշյանին», ընդգրկված են Սերժ Դանեյի «Փնտրելով Արթուր Փելեշյանին», Մարկ Նշանյանի «Բեկորները եւ արեւը», Դոմինիկ Պենիի «Արթուր Փելեշյան, իկոնային կինոռեժիսոր», Ժան-Միշել Ֆրոդոյի «Լեզուն մինչեւ Բաբելոնը. կինոզրույց Արտավազդ Փելեշյանի եւ Ժան-Լյուկ Գոդարի միջեւ», Ժան-Միշել Ֆրոդոյի «Գյուտարար Փելեշյանը» նյութերը: «Պատկերներ եւ կադրեր» բաժնում երեք հոդված էՙ Ժաք Կերմաբոնի «Ամբոխից հեռացված», Ժան Բրեշանի «Կորուսյալ հովիտը» եւ Կլեր Դենիելի «Արեւային երանգներ. սեւի ու սպիտակի խաղը»: Գրքի երրորդ բաժինն է «Մոնտաժի գեղագիտությունը», որտեղ ընդգրկված է դարձյալ երեք նյութՙ Ֆրանսուա Նինեյի «Վերադարձված ժամանակներ», Ֆիլիպ Ռոժեի «Մի օրգանական երաժշտական գիծ» եւ Վենսան Դեւիլի «Կենդանական տեղաշարժում. «Բնակիչները»: «Ժամանակ եւ պատմություն» բաժնում ներկայացված են Ֆրեդրիկ Սաբուրոյի «Ժամանակի մեքենան» եւ Մարգրիտ Վապերոյի «Բառիցՙ պատկեր եւ պատկերիցՙ բառ» նյութերը: Վերջինՙ «Փելեշյանը ֆիլմ առ ֆիլմ» բաժնի հեղինակներն են Դարիո Մարկիորին («Մի հայացքի ծնունդը. «Լեռնային պարեկը» եւ «Մարդկանց երկիրը»), Կլեր Դենիելը («Փախչող պատկերներ. «Սկիզբը»), Միրիամ Սեմերջյանը («Մենք». մի համընդհանուր կինոպոեմ»), Մարտեն Գուտը (Ժանրերի խառնուրդը եւ տեսակների պատերազմը. «Բնակիչները»), Ֆաբրիս Ռեւոն («Էպիկական եւ քնարական մի գլուխգործոցՙ «Տարվա եղանակները»), Աքսել Ռոշ-Դիորեն («Գտնելով «Մեր դարը»), Մարգրիտ Վապերոն («Մի գրավոր կինո. «Հոմո սապիեսնսը» եւ մյուս սցենարները»), Պրոսպեր Իլերեն («Վերջի» լույսը») եւ Մարի Մարտենը («Կերպարանափոխություններ. «Կյանք»): Հատորը եզրափակվում է Արտավազդ Փելեշյանի հետ հարցազրույցով, որը հրատարակվել է 1993 թվականին, ֆրանսիական պետական կինոդպրոցի (ՖԵՄԻՍ) «Մարդի դե Ֆեմի» (ՖԵՄԻՍ-ի երեքշաբթին) շարքով: |