RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017



Տեղադրվել է` 2017-01-26 22:10:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3425, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի ՀՈՒՇ ՄԵԾ ԹԱՏՐՈՆԻ ԵՐԲԵՄՆԻ ԱՍՏՂԵՐԻՑ ՄԵԿԻ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

ԵՎԳԵՆՅԱ ՖԱՐՄԱՆՅԱՆՑ

(1920-2016)

Անցյալ սեպտեմբերին վախճանվեց ռուսական բալետի հայազգի գործիչներից եւ ավագագույն ներկայացուցիչներից մեկըՙ պարուհի, պարուսույց, 1968-ից Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի եւ արվեստի վաստակավոր գործիչ, Մոսկվայի պարարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Եվգենյա Ֆարմանյանցը...

Արմատներով Արցախ աշխարհից էր, որտեղից հայրըՙ Կարապետ (Գերասիմ) Պողոսի Ֆարմանյանցը, տեղափոխվել էր նախ Միջին Ասիա, այնուհետեւՙ Ռուսաստան, Տվերի մարզի Բեժեցկ քաղաք, - ի վերջոՙ Մոսկվա: Բեժեցկում էլ ծնվել են Կարապետի եւ նրա ռուս կնոջՙ Եկատերինա Վասիլեւնայի զավակներըՙ Եվգենյան եւ Գեորգին, որոնք վաղ տարիքից նվիրվել են բալետին: Նրանց մասին գրվել է տակավին 1930 թվականին, երբ Մեծ թատրոնի բեմում խաղալիքների խանութի տիկնիկների փոքր դերերով հանդես են եկել տասնամյա Ժենյան եւ իննամյա Ժորան: Քույր ու եղբոր կատարած պարզ, դիվերտիսմենտային պարը, որ հիմնված էր սոսկ մեքենական շարժումների վրաՙ ապշեցրել է հասուն պարողներին...

Եվգենյան աշակերտել է մեծանուն պարուհի Եկատերինա Գերդտին, Գեորգինՙ Պյոտր Գուսեւին: Ավարտելով Մոսկվայի պարարվեստի ուսումնարանըՙ Ֆարմանյանցներն արդեն 1930-ականների վերջին համալրել են Մեծ թատրոնի առաջնակարգ պարողների շարքը: Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գեորգի Ֆարմանյանցը հիացրել է հատկապես իր արտակարգ բարձր ոստյուններով, որի համար նրան անվանել են «մարդ-թռչուն», «երկրորդ Նիժինսկի»: Իսկ զգացմունքային պարուհի, կիսաբնութագրական եւ բնութագրական պարերի անզուգական վարպետ Եվգենյա Ֆարմանյանցը շուրջ 20 տարիՙ 1938-1959 թթ., հանդես է եկել Մեծ թատրոնում: Դերերից ենՙ Կոլոմբինա («Առլեկինադա»), Չագա («Պոլովեցյան պարեր»ՙ «Իշխան Իգոր» օպերայում), Չար քույր («Մոխրոտիկը»), Վիոլանտ փերի («Քնած գեղեցկուհին»), Կրակե կախարդ («Շուրալե»), Լիզա («Իզուր զգուշավորություն»), Փողոցի պարուհի («Դոն Կիխոտ»), Սպասուհի («Ռոմեո եւ Ջուլիետ»), Ժիզելի ընկերուհի («Ժիզել»), գնչուական պար եւ ջիգա («Դոն Կիխոտ»), նեապոլիտենական պար («Կարապի լիճը»): Բնութագրական պարերով մասնակցել է նաեւ «Կուզիկ-Քուռկիկը», «Միրանդոլինա» եւ այլ ներկայացումների, ինչպես նաեւ «Ռուսլան եւ Լյուդմիլա», «Տրավիատա», «Ջրահարսը» եւ այլ օպերային բեմադրությունների:

«Մանրագեղ, շարժուն Ժենյա Ֆարմանյանցը, ինքնատիպորեն կատարում էր արեւելյան պարեր եւ այնքան սքանչելի էր «Ռայմոնդայի» սարակինոսյան պարում» (Նինա Սիմոնովա): «Նա ճկուն, թեթեւ, արտահայտիչ, վառ, իսկ գլխավորըՙ խելացի պարուհի է: Նա հասկանում էՙ ինչ է անում: Նրա պարի մեջ ամեն բան ոչ միայն զգացված է, այլեւ մտածված, կշռադատված: Եվ մտքի ու զգացմունքի այդ համադրման մեջ է նրա կատարման արժանիքը» (Վ. Իրվինգ):

Եվգենյա Ֆարմանյանցը հանդես է եկել նաեւ տարբեր ժողովրդական պարերի կատարումներովՙ մոլդովական, բուլղարական, մոնղոլական, չինական, տաջիկական, ուզբեկական, կատարել է նաեւ հայկական «Նուբար, Նուբար» պարըՙ Իլյա Արբատովի բեմադրությամբ եւ հայկական մենապարՙ Կոմիտասի երաժշտությամբ (Ա. Շացի մշակմամբ): Մեծ թատրոնի կազմում հանդես է եկել մի շարք երկրներում (Չինաստան, Եգիպտոս, Գերմանիա, Լեհաստան, Բուլղարիա, Թուրքիա, Մոնղոլիա):

Վաստակաշատ պարուհին դեռ 19 տարեկանից համատեղել է ելույթները մանկավարժական գործունեության հետ: 1959-ից դասավանդել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում (հետագայումՙ պարարվեստի ակադեմիա), եղել ժողովրդա-բեմական, պատմա-կենցաղային եւ ժամանակակից պարերի ամբիոնի վարիչը: Նրա բազմաթիվ սաների թվում են նաեւ երկու հայազգի արտիստՙ Յուլյանա Մալխասյանցը եւ Ալեքսեյ Բարսեղյանը: Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Յուլյանա Մալխասյանցն ասել է. «Ես երախտապարտ եմ ճակատագրին, որ հանդիպել եմ նրան. Եվգենյա Կարապետովնան բարձրագույն կարգի պրոֆեսիոնալ է»: Որոշ ժամանակ էլ Ֆարմանյանցը դասավանդել է Տոկիոյի ռուսական բալետի դպրոցում, աճեցրել ճապոնացի բազմաթիվ պարողների...

Ֆարմանյանցը նաեւ մասնակցել է դրամատիկական թատրոններում պարային եւ պլաստիկ տեսարանների բեմադրմանը, որոնց թվում է նաեւ Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում Վարդան Աճեմյանի բեմադրած «Իֆիգենիան Ավլիսում» ներկայացումը (համահեղինակՙ Նորայր Մեհրաբյան): Համագործակցել է նաեւ մոսկովյան հայազգի բեմադրիչ Եվգենի Սիմոնովի հետ, մեքսիկական պարեր բեմադրել նրա «Ջոն Ռիդ» ներկայացման համար: Առաջին անգամ Երեւան այցելել է 1958-ին, Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ, տպավորություններով հանդես եկել մամուլում: 1967-ին երկրորդ անգամ կրկին Մեծ թատրոնի կազմում հանդես է եկել Երեւանում, քսանմեկ այլ արտիստների հետ հյուրընկալվել Մարտիրոս Սարյանի տանը: Վերջինս, որ երիտասարդության տարիներին դիտել էր ռուսական բալետի լեգենդար արտիստներ Աննա Պավլովայի, Վացլավ Նիժինսկու, Մաթիլդա Կշեսինսկայայի պարը, ինչպես նաեւ նրա որդինՙ դասական բալետի վերաբերյալ խոր գիտելիքներ ունեցող կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը, երկար զրույց են ունեցել բալետային արվեստի եւ հայ ազգային բալետի խնդիրների վերաբերյալ...

2001-ին Եվգենյա Ֆարմանյանցն արժանացել է «Բալետ» ամսագրի «Պարի հոգի» մրցանակինՙ «Ուսուցիչ» կատեգորիայում: 2008-ին Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում հանդիսավորապես նշվել է նրա բեմական գործունեության 70-ամյակը: Նրան ուղղված շնորհավորական խոսքում մասնավորապես ասվել է հետեւյալը. «Բալետի պարուհի Եվգենյա Ֆարմանյանցի բորբոքուն եւ նրբագեղ, կայծացայտ եւ քնարական պարը հիացրել է Մեծ թատրոնի, մեր երկրի, աշխարհի շատ երկրների թատրոնների հանդիսականներին: Այժմ Ձեր աշակերտ պարողները եւ մանկավարժները աշխարհին տալիս են ժողովրդական-բեմական պարի գեղեցկությունը, ակադեմիական այն գիտելիքները, որոնք Ձեր դասերի ընթացքում նրանց եք փոխանցում այնքան մանրակրկիտորեն եւ սիրով: Նվիրվածությունն առարկային փոխանցվում է Ձեր նման վարպետի, հազվագյուտ եւ հմուտ գիտակի, դասագրքերի հեղինակի, «Ժողովրդական-բեմական պարը» ֆիլմի ստեղծողի ձեռքերից...»: Իսկ 2010-ին Եվգենյա Ֆարմանյանցի ծննդյան 90-ամյակը արդեն նշվել է Մեծ թատրոնում: Նրան է նվիրվել «Բայադերա» բալետի հերթական բեմադրությունը...

Բալետի պարուհիները մի փոքր ավելի են ապրումՙ ի տարբերություն պարողների: Գեորգի Ֆարմանյանցը կյանքից հեռացել է 1995-ին, 74 տարեկան հասակում, իսկ քույրըՙ Եվգենյան, 2016 թվականի սեպտեմբերի 9-ին, իր 96-ամյակից վեց օր անցՙ արդեն իսկ կենդանության օրոք թողած լինելով իր հայկական անունը ռուսական բալետի պատմության մեջ...

Նկար 2. Եվգենյա եւ Գեորգի Ֆարմանյանցները կատարում են Սարակինոսյան պարը («Ռայմոնդա»)։

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 27-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ