«ՔԱՆԴԱԿԸ ԻՄ ԿԻՆՆ Է, ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ` ՍԻՐՈՒՀԻՆ» Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ Նիկոլայ Նիկողոսյանը նշում է իր ծննդյան 98-ամյակը Հայ անվանի քանդակագործ եւ գեղանկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի 98-ամյակին նվիրված «Նիկոլայ Նիկողոսյան. Մոսկվայի դասականը կրկնակի հայելու մեջ» խորագրով ցուցահանդեսը հանդիսատեսի պահանջով երկարաձգվեց եւս մեկ շաբաթով: Բեռլինի «Direktorenhaus» արվեստի թանգարանում նոյեմբերի 30-ից հունվարի 6-ը նախանշված ցուցահանդեսը փակվեց հունվարի 13-ին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին վերոնշյալ թանգարանը, Բեռլինի «InteriorDAsein» պատկերասրահը, Մոսկվայի Ռուս-գերմանական ֆորումը եւ «Նիկո» պատկերասրահը: Գերմանացի հանդիսատեսին ներկայացված էին Նիկոլայ Նիկողոսյանի, Հարություն եւ Արմինե Կալենց ամուսինների, Մարիամ Ասլամազյանի եւ Արչի Գալենցի վրձիններին պատկանող 50-ից ավելի ստեղծագործություններ, որոնց մեծամասնությունը դիմանկարներ էին: Նիկողոսյանի աշխատանքների ցուցասրահում էին նաեւ նրա փոքր բոլորաքանդակներից մի քանիսը: Արչի Գալենցի մեկնությամբ, Նիկոլայ Նիկողոսյան արվեստագետի առանձնահատկություններից է այն, որ նա նախ հայտնի քանդակագործ է, բայց ամբողջ կյանքը նաեւ նկարել է, ուղղակի ավելի քիչ է լուսաբանվել որպես գեղանկարիչ: Իր ստեղծագործական նախասիրությունների առնչությամբ Նիկողոսյանն ասել է. «Քանդակը իմ կինն է, գեղանկարչությունը` իմ սիրուհին»: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները, որ ստեղծվել են 5 տասնամյակների ընթացքում` 1969-2015 թթ., հետաքրքրական երկխոսության մեջ լինելով` ցույց էին տալիս սերունդների կապը: «Ասլամազյանից իհարկե նատյուրմորտներն ընտրեցինք: Կուզեի, որ Նիկողոսյանի նատյուրմորտներն էլ զուգահեռ ցուցադրեինք, բայց այստեղ` Բեռլինում, ցավոք չունենք: Մյուս կողմից շեշտը դրված է Նիկողոսյանի ինքնադիմանկարների վրա, եւ մեր հետադարձ իրար պատկերելուն: Սա ցույց է տալիս նաեւ կապը` նրա եւ իր ժամանակակիցների միջեւ` Ասլամազյան, Կալենց ամուսիններ, մյուս կողմից իմ գործերն են: Մեր կապն անշուշտ գնալով ուժեղանում է, մենք իրար հետ հաճախ ենք նկարում: Ես տարիներ շարունակ իր գործերը հավաքեցի Բեռլինում` թե՛ ցուցադրելու, թե՛ նորոգելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց Բեռլինի «InteriorDAsein» պատկերասրահի ղեկավար, գեղանկարիչ Արչի Գալենցը : Զրուցակիցս` Նիկողոսյանը թոռը, պատմեց, որ այժմ էլ պապիկը ամեն օր նկարում է, նույնիսկ պատահում է` մի քանի ինքնադիմանկար է անում: Գծակարելը նրա համար օրվա հացի պես մի բան է: Ներկայացված գործերի շարքում վերջին ժամանակներում ստեղծված գեղանկարն ու քանդակը 97 տարեկան հասակում արվածներից են` ինքնադիմանկար եւ Պարույր Սեւակի բոլորաքանդակը: Արչին իր աշխատանքներից մեկը` «Պապիկի դիմանկարը», հատուկ այս հոբելյանական ցուցահանդեսի համար էր արել: Նրա մի շարք գործեր էլ ներկայացնում էին պատեր, որտեղ համադրված են գեղանկարչությունն ու ինտերիերը: Հեղինակն ուշադրություն է դարձրել այն տարածքին, պատերին, որոնց վրա իր ստեղծած գեղանկարչությունն է տեղ գտել: «Ինձ համար կարեւոր է, թե որտեղ է այն, որտեղ է տեղի ունենում արվեստը, այլապես իմաստ չի ստանա»,- նշում է Արչի Գալենցը: Այս ցուցահանդեսի հիմանական նպատակներից մեկն է եղել պատկերագիրք տպելը, որը Արչի Գալենցը շատ է կարեւորում: |