ԶԱԽԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարություն Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարություն Խաչատուր Աբովյանի անվան հայկական Պետական մանկավարժական համալսարան Կյանքի 92-րդ տարում իր մահկանացուն կնքեց մեր կերպարվեստի երեւելի դեմքերից մեկըՙ Հայաստանի ժողովրդական եւ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Զախար Ավագի Խաչատրյանը: Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնում է հայրենիք եւ 1946-ին ընդունվում Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որն ավարտել է 1948 թվականին: Շնորհաշատ երիտասարդը արդեն 1950 թվականին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, որը գերազանցությամբ ավարտեց 1956 թվականին: 1959-1962 թթ. աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում: 1962 թվականին վերադառնալով հայրենիք, նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետության մշակութային-հասարակական կյանքին: Մասնակցում հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունենում Պետերբուրգում, Ժնեւում, Մոսկվայում, Երեւանում, Էջմիածնում, արժանանում մրցանակների ու դիպլոմների: Նրա սքանչելի կտավները, կատարված պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, աչքի են ընկնում գաղափարական նպատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են հանրապետության առաջընթաց կյանքը: 1970-1992 թվականներին, այնուհետեւ 2012-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնըՙ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին: Նա իր հայրենիՙ Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ-Պետերբուրգի պատերազմի նկարիչ վետերանների խորհրդի նախագան: Զախար Խաչատրյանը պարգեւատրվել է Հայրենական պատերազմի առաջին եւ երկրորդ աստիճանի եւ կարմիր աստղ շքանշանով, արժանացել պետական բազմաթիվ պարգեւների, միջազգային մրցանակների: Հայրենասերի, իսկական քաղաքացու եւ մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա իր մտերիմների եւ գործընկերների սրտում: |