ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻՆ ՈՒՆԿՆԴՐԵՑԻՆ ՆԱԵՎ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ Բեռլինում գործող «Գայա Ռոյալ» ընկերությունը, որ զբաղվում է տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ, ականջալուր լինելով բեռլինահայերի խնդրանքներին` երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին Շվեյցարիայի ելույթից հետո հրավիրեց Բեռլին (երգիչ Արտակ Կիրակոսյանի եւ նրա տիկնոջ` Գայանե Խաչատրյանի ջանքերով): Այստեղ սիրված երգիչը ելույթ ունեցավ փետրվարի 10-ին «Luisenkirche» եկեղեցում, որտեղ եւ տեղի են ունենում հայկական համայնքի մեծամասշտաբ միջոցառումները եւ պատարագները: Այս համերգին նույնպես Հախվերդյանին նվագակցում էին թավջութակահար Լեւոն Առաքելյանն ու ակորդեոնահար Գեւորգ Մովսիսյանը: Հրավերով համերգին ներկա էին Գերմանահայոց հոգեւոր առաջնորդ` Տեր Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, հոգեւոր հովիվ Գնել քահանա Գաբրիելյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, մի շարք մտավորականներ, գերմանացիներ եւ բազմաթիվ գերմանահայեր: «Իհարկե, ափսոս կլիներ Հախվերդյանի Եվրոպայում գտնվելու առիթը բաց թողնել: Այդ պատճառով մենք չէինք կարող թե հայերի եւ թե գերմանացիների, ովքեր արդեն շփվել են մեր մշակույթի հետ ու ճանաչում են Հախվերդյանի երգարվեստը, խնդրանքն անտեսել: Շատ ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում` ընդամենը մի քանի օրվա ընթացքում, կարողացանք կազմակերպել միջոցառումը»,- մեզ հետ զրույցում նշեց «Գայա Ռոյալ» ընկերության ղեկավար Գայանե Խաչատրյանը : Բեռլինի հայկական համայնքի մի շարք անդամներ դիմելով կազմակերպությանը` ցանկություն էին հայտնել երգչի հետ զրուցելու, շփվելու առիթ ստեղծել: Այդ հանդիպումը Ռուբեն Հախվերդյանի եւ Լեւոն Առաքելյանի հետ տեղի ունեցավ համերգի նախորդ օրը` փետրվարի 9-ին, Բեռլինի հայկական համայնքներից մեկի սրահում: Հավաքվածները արվեստագետին ուղղեցին իրենց հետաքրքրող բազմաբնույթ հարցեր` նրա կենսագրությանը վերաբերող, ստեղծագործությանը, առօրյային, հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, հետագա անելիքներին եւ այլն: Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաեւ համերգից անմիջապես հետո, երբ եկեղեցու դահլիճում մնացածները դժվարանում էին լքել հախվերդյանական միջավայրը: |