ՄԱՆԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸՙ ԱՌԿԱ «ՅՈԼԿԱ»-ՆԵՐԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ Ով թատրոնի աշխարհին քիչ թե շատ մոտ է կանգնած, հավանաբար զգացած կլինի թատրոնի «ավագների» կողմից մի թաքնված, երբեմն էլՙ անթաքույց արհամարհանք մանկական բեմադրությունների հանդեպ, դրանց վերագրված, այսպես ասած, երկրորդական կարգավիճակը խաղացանկում: Այս վերաբերմունքն առավելապես ակներեւ է Ամանորի բեմադրությունների նկատմամբ, որոնք թատրոնի «խոհանոցում» կիսահեգնական տոնով «յոլկա» են անվանում, ու փորձառուները հիմնականում երիտասարդների են հանձնարարում դրանով զբաղվել, իբրեւ թեՙ մի մեծ բան չէ «յոլկա անելը»: Ավանդաբար Ամանորի ներկայացումները համարվում են թատրոնների երաշխավորված եկամուտի աղբյուրր, որոնց վրա կարելի է առանձնապես ջանք չթափել, միեւնույն է` դպրոցականներն ու կրտսեր հանդիսատեսը միշտ ներկա կլինեն: Կամ, գուցե այն պատճառով, որ բեմադրիչները մտածում են, թե փոքրիկները լավ ու վատը չեն տարբերում: Սակայն խնդիրը անգամ երեխան չէ, այլ թատրոնի եւ բեմադրիչի մասնագիտական բարեխղճությունը. պրոֆեսիոնալը պրոֆեսիոնալ է բոլոր ժանրերում եւ բոլոր պարագաներում: Մեր այս զրույցը ոչ թե մանկական թատրոնների, այլ մանկական ներկայացումների մասին է. որպես կանոն, գրեթե բոլոր թատրոններում երեխաներին ուղղված մեկ-երկու ներկայացում կա բազմազանության համար: Մեր ցանկությունն է ընթերցող-հանդիսատեսին ավելի իրազեկ եւ պահանջկոտ դարձնել, նա չպետք է թույլ տա, որ իր երեխային անճաշակություն հրամցնեն: Չէ՞որ հենց այս տարիքից է պետք երեխաների մեջ արմատավորել գեղագիտական ճաշակի ու պատկերացումների մասին բարձր չափանիշներ, եւ սովորեցնել, որ կա մի այլ իրականություն, որը վեր է էստրադային համերգից, անիմացիոն ֆիլմից, համակարգչային խաղերից, ու ինչպես Դիդրոն է պնդելՙ անգամ կյանքից, եւ դա Թատրոնն է: Բայց բավական է երեխան մի քանի անգամ անհաջող ներկայացումների ականատես դառնա, եւ մենք կկորցնենք մեր ապագա թատերասեր հանդիսատեսին: Սա է հիմնական մտավախությունը: Մեր նախորդ հոդվածը Ամանորի եւ Սուրբ ծննդյան խաղացանկի ամենահաջողված ներկայացումներից երկուսի մասին էրՙ Խամաճիկների թատրոնի «Մարդուկ-Ջարդուկի» (բեմադրիչՙ Լիլի Էլբակյան) եւ Փոքր թատրոնի «Ho-ho-ho. Ամանորյա հեքիաթ»ի (բեմադրիչՙ Վահան Բադալյան)ՙ ընթերցողի հետտոնական բարձր տրամադրությունը պահպանելու նկատառումով եւ մանկական ներկայացումներից հիասթափված հանդիսատեսին մխիթարելու ակնկալիքով: Սակայն, ինչպես որ նշել էինք հոդվածում, խնդիրներն ավելի շատ են, քան հաջող օրինակները, եւ երեխային պատահականորեն թատրոն տանել որոշող ծնողներն իրականում, ավելի հաճախ, տհաճ անակնկալների եւ անճաշակ բեմադրությունների ականատես կարող են դառնալ, ինչպիսին, օրինակ, այս տարվա Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած Ամանորի հանդիսությունն էր: Մանկական ներկայացումների հարցը շատ լուրջ է դրված մեր առջեւՙ սկսած երեխաների եւ ծնողի հանդեպ ադմինիստրատիվ կազմի վերաբերմունքից (այս դեպքում ծնողը եւս կարեւոր գործող անձ է. նա պետք է լավ տրամադրություն ունենաՙ այն երեխային հաղորդելու համար), վերջացրած նրանով, որ ցուրտ դահլիճում չի կարելի երեխաներին մեկ ժամ նստեցնել, իսկ այդպիսի թատրոններ այս տարի եղել են (Համազգային թատրոնը, Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը): Իսկ ի՞նչ է ցուցադրվում: Հասանք մի կարեւոր կետիՙ դրամատուրգիային. ի՞նչ չափանիշներով են ընտրվում պիեսները, արդյո՞ք խաղացանկերում կան ժամանակակից հայ մանկագիրների գործեր, հիմնականում ո՞ր հեքիաթներին են նախապատվություն տալիս մեր բեմադրիչները, եւ ովքե՞ր են դրանց բեմավորումներով զբաղվում: Դաշտը բավական բազմազան է, հարուստ: Թատրոնների խաղացանկերում հիմնականում հանդիպում ենք Հանս Քրիստիան Անդերսենի, Շառլ Պերրոյի, Գրիմմ եղբայրների հանրահայտ դասական հեքիաթներին, հաճախ են բեմադրվում նաեւ Թումանյանի հեքիաթները (Մալյան թատրոն, Մհեր Մկրտչյան թատրոն, Համազգային թատրոն, Պարոնյան թատրոն եւ այլն): Դասականներին թատրոնի միջոցով գալու ճանապարհը միշտ ողջունելի է: Վերջին ժամանակներս մեկ այլՙ նոր միտում է նկատվումՙ բեմական հերոսներ դառնում են դիսնեյյան կամ այլ հայտնի մուլտերի կերպարները: Իսկ հայ ժամանակակից գրողների հեքիաթ-պիեսներ հազվադեպ կարելի է տեսնել. խաղացանկերում են Ռուբեն Մարուխյանի, Էլֆիք Զոհրաբյանի եւ էլի մեկ-երկու հեղինակների պիեսները: Որոշ թատրոններում անգամ հայ դասականների անունների չես հանդիպի, այնինչ հայ դրամատուրգիան եթե ոչ գերակշռող, ապա մի զգալի մասը պետք է կազմեր խաղացանկերում: Սա մեր թատրոնի առաջին թերացումներից է: Ժամանակակից գրողների եւ թատրոնների միջեւ պետք է ձեւավորվի սերտ համագործակցություն: Եվ ո՛չ միայն այս առումով. որեւէ դասական հեքիաթի դրամատուրգիական ձեւի վերածելըՙ բեմավորելը, նույնպես թատերագրի գործն է: Այնինչ, մեր դիտարկմամբ, այս գործով հիմնականում զբաղվում են թատրոնի դերասան-ռեժիսորները (ավելի հաճախՙ բավական անհաջող, ինքնագործունեության մակարդակով. սա առանձին լուրջ խոսակցության թեմա է): Նման ինքնագործունեության վերջին օրինակներից մեկը «Գոյ» թատրոնի «Ծովահենների հեքիաթ» ներկայացումն է: Այս դեպքում խոսքը ո՛չ պիեսի, ո՛չ էլ անգամ բեմավորման մասին է, այլ սցենարի (թատերական բեմադրության համար անընդունելի տերմին), որը թե՛ հեղինակել, եւ թե՛ բեմադրել է թատրոնի դերասաններից Գուրգեն Սարգսյանը: Ծովահենները երեխաների ամենասիրած հերոսներն են, եւ թատերական գործչի համար դժվար չէ կռահել, որ բեմի համար նույնպես նրանք ամենաշահեկան եւ խաղարկային կերպարներից են: Սակայն միայն բեմական կոստյումը, երգ ու պարը բավական չեն լավ ներկայացման համար: Ձգձգված ու ձանձրալի բեմադրությունից երեւում է, որ դրամատուրգիական կառույցը առհասարակ բացակայում է. նախորդող վիճակը չի հանդիսանում ներքին կամուրջ հաջորդող իրադարձութունների համար, ընդհատ սյուժետային թելերը հաճախ չեն կապվում միմյանց հետ, առկա է ֆիլմերին հատուկ դրվագային մտածողություն, սակայն, ի տարբերություն ֆիլմերի, այս դրվագներն ավարտուն մանրանկարներ էլ չեն: Սրան են միանում պոպուլիստական տեսարաններ մե՛կ Չինաստանում, մե՛կ Հնդկաստանում (դարձյալ արտաքին դյուրընկալելի ատրիբուտիկան է գրավել բեմադրողին), իսկ դերասանները, վերը նշված մանկական ներկայացմանը վերագրված «երկրորդական» դերի ազդեցությամբ, խաղում են, թատրոնի լեզվով ասած, «կես ոտքից». նրանք այնքան անփույթ են կրտսեր հանդիսատեսի նկատմամբ, որ մեկից մյուս տեսարանին անցման ժամանակ մոռանում են գրողի կողմից գտնված գործողության միակ շարժիչ ուժ հանդիսացող կողմնացույցի մասին ու հայտնվում հերթական երկրումՙ առանց դրա ուղղորդման: Այսպիսով, թատրոնի միակ մանկական ներկայացումը հենց այն տեսակ տհաճ անակնկալներ մատուցողներից է, որոնց մասին սկզբում հիշատակեցինք: Դրամատուրգի հետ չաշխատելու հետեւանքները ակնհայտ էին նաեւ Մալյան թատրոնի 2016թ. Ամանորի ներկայացման մեջ, որի գրական հենքի հեղինակն էր թատրոնի դերասանուհիներից Աստղիկ Աբաջյանը. ակնհայտ էին սյուժետային սկզբունքային թերացումներ: Այս ներկայացման բացասական կերպարներն իրենց վերագրված դերակատարությամբ (արդյունքումՙ նաեւ խաղով եւ արտաքինով) ավելի առաջնային էին եւ հիշվող, քան դրականները, եւ երեխայի համար անհասկանալի է մնում, թե ինչպես, այնուամենայնիվ, վերջում դրականները հաղթեցին: Իսկ սյուժեի հետ առանց տրամաբանական հիմնավորված կապի մեկեն բեմում հայտնվող Ձմեռ Պապերի պրակտիկան, կարծես, համատարած է դարձել Ամանորի ներկայացումներում (հազվադեպ են բացառությունները): Բարեբախտաբար, այս թատրոնում կա մի ներկայացում, որը Հայատանյան մանկական ներկայացումների ցանկում լավագույններից է: Խոսքս Հենրիկ Մալյանի Թումանյանի «Հեքիաթներ»ի մասին է, որը Նարինե Մալյանը մեծ հոգածությամբ փոխանցել է եկող սերունդներին, այժմ արդենՙ նոր, երիտասարդացված կազմով: Հուսանք, որ այն խաղացանկում միակը չի մնա: Առհասարակ, ամենաշատ վտանգները մանկական ներկայացումներում հայտնի մուլտ կամ հեքիաթի հերոսներին բեմում պատկերելու ոլորտում են: Նախ, երբ բեմում հայտնի հեքիաթի հերոսն է, պետք է իմանալ, որ ուզած-չուզած երեխան համեմատում է: Նա գիտի հերոսի անգամ գուլպաների գծիկների գույների հերթականությունը: Փոքրիկ հանդիսատեսի համար սա ոչ թե մանրուք, այլ կարեւորագույն պահ է. նա պարզապես կդադարի հավատալ ձեր ստեղծած հեքիաթինՙ անճշտություն հայտնաբերելու դեպքում: Նման ամենաթարմ օրինակը Պետական կամերային երաժշտական թատրոնի «Խաղալիքների մոլորակ» ներկայացումն է: Բարեբախտաբար, այս բեմադրության հիմքում կա դրամատուրգիա. ընտրված է ռուս ժամանակակից հեղինակ Ալյոնա Չուբարովայի պիեսըՙ գրված հատուկ Ամանորի ներկայացման համար: Առկա է հետաքրքրական ուսուցողական սյուժե, թատերախմբի կողմիցՙ հոգատարություն ու սեր փոքրիկ հանդիսատեսի հանդեպ: Բեմադրիչ Գոհար Փոքրիկյանը պիեսի գործող անձ խաղալիքներն անգամ փոխարինել է սիրված ամերիկյան մուլտերի հայտնի հերոսներովՙ ավելի ժամանակակից ու երեխաներին ըմբռնելի դարձնելու համար հեքիաթի ուղերձը: Ներկայացումը սովորեցնում է հոգ տանել խաղալիքներին, իսկ երբ երեխան նաեւ ի դեմս այդ խաղալիքի ճանաչում է փոքրիկ Ծիածան պոնիին «Իմ փոքրիկ պոնին» մուլտֆիլմից եւ Աննա եւ Էլզա քույր արքայադուստրերին «Սառցե սիրտը» անիմացիոն ֆիլմից, առավել եւս ուշադիր է դառնում սեփական պոնիի ու տիկնիկ Էլզայի հանդեպ: Սակայն մի շարք առավելություններով հանդերձ, այս ներկայացումն ունի նաեւ թերացումներ, դրանցից առանձնացնում ենք միայն մեր խնդրի շուրջ եղածըՙ հայտնի հերոսների արտաքինում կան անճշտություններ, տարբերություն սանրվածքների ու անգամՙ դերասանների վարքագծերի մեջ, որոնք անմիջապես նկատում է փոքրիկ հանդիսատեսը. ներկայացման դերաբաշխումը նույնպես հաճախ չի համոզում: Հայտնի հեքիաթներին դիմելու դեպքում գրողի եւ բեմադրիչի մրցակիցն են դառնում բուն հեքիաթը եւ դրա էկրանավորումըՙ սյուժետային իմաստով: Երեխան թատրոն է գալիսՙ անգիր իմանալով Կարմիր գլխարկի, Երեք խոզուկների, կամ Սպիտակաձյունիկի պատմությունը: Գրողը, որն իր` բեմի համար նախատեսված ստեղծագործության համար նախընտրում է Գրիմմ եղբայրների հանրահայտ հեքիաթը, համարձակ խնդիր է իր առջեւ դնում. մի բան է արձակի (հեքիաթի) խոսքային իրականությունը, որն անսահմանափակ հնարավորություններ է ընձեռում հեղինակին, մեկ այլ բան է խոսքային իրականության տարերքը դրամայումՙ կազմված իրադրության ու միզանսցենի անքակտելի համաձուլվածքից, բեմի սահմանափակ տարածա-ժամանակային պայմանականություններից: Հմուտ գրողը պետք է կարողանա գտնել հեքիաթում խաղարկային եւ զգացմունքային այն ամենաուժեղ կողմերը եւ այն ամենաշահեկան դիտակետը, որը կհաղորդի հեքիաթի բուն ասելիքը եւ կստեղծի բեմական ներքին խարիսխները: Համազգային թատրոնի «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» ներկայացումը (բեմադրիչՙ Հրաչյա Գասպարյան) այս հարցերը չի լուծել: Առաջին հայացքից արտաքին նմանություններն ապահովված են, գունեղ թզուկներն ու գեղեցկուհի Սպիտակաձյունիկը (Նարինե Գրիգորյան) կարծես թե չեն զիջում մուլտի հերոսներին: Բայց մի քանի րոպե անց բացահայտվում է սյուժետային աղքատիկություն, պարզունակացում: Բեմադրիչը փորձում է խոսքային իրադրությունների եւ ներքին խաղային տարածքի բացակայությունը լրացնել միզանսցենային մտածողությամբ (հեքիաթի բեմական տարբերակի հեղինակՙ Աստղիկ Սիմոնյան), սակայն նյութը բեմադրիչին այդ հնարավորությունը չի տալիս. այն, ինչ բեմում է, փառահեղ հեքիաթի ուրվականն է միայնՙ սկսված եւ կիսատ թողնված սյուժետային գծերով: Գրողը անհետեւողական է եղել հատկապես կերպարները հասունացնելու հարցում, նրանցում ակնհայտ է վարքագծերի անմշակություն եւ անավարտություն: Ամենաաբսուրդային վիճակում արքայազնի կերպարն է (Վարշամ Գեւորգյան). հերոսը, որը պետք է դառնար երեխաների իդեալը եւ պիեսի դրական հանգուցալուծման հիմնական պատճառը, այդպես էլ մնում է ներկայացման ամենաավելորդ կերպարը: Գրողն այս կերպարին զրկել է առհասարակ գործելու հնարավորությունից: Փոքրիկ ու անկայուն կամրջակով (նկարիչՙ Դավիթ Մինասյան) բնավ ո՛չ փոքրամարմին դերասանը ստիպված է բազում անգամներ վախվորած գնալ ու գալ աննպատակ, մինչեւ որ վերջապես հասնի Սպիտակաձյունիկին փրկելու պահը: Իմիջիայլոցությունը առկա է գրեթե բոլոր դերասանների խաղում: Հեքիաթի մյուս ամենագունեղ ու լիարյուն կերպարիցՙ կախարդ թագուհուց (Ալլա Սահակյան) նույնպես զուտ արտաքին նմանություն ու կերպարի ընդամենը սխեման են թողել գրողն ու բեմադրիչը: Հերոսուհու վարքագծի պատճառների, դրսեւորումների եւ հետեւանքների միջեւ կապերն անորսալի են: Այսքանով մանկական ներկայացումների ոլորտում առկա խնդիրները չեն սպառվում: Ոչ պակաս կարեւոր եւ բաց հարց է մնում ներկայացումների տարիքային շեմի սահմանումը: Չի կարող, ասենք, Տիկնիկայինի խիստ մանկական «Ծուղ-րու-ղու» ներկայացումը հետաքրքրել նաեւ միջին դպրոցական տարիքի հանդիսատեսին (թեեւ իր անհեթեթ սյուժեով այն անգամ ամենակրտսերների համար էր ոչ հետաքրքրական): Այնինչ տոմսարկղերում աշխատակիցները համոզում են, որ հենց ձե՛ր երեխայի տարիքի համար է նախատեսված: |