RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24 > #008, 2017-03-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 17-02-2017



Տեղադրվել է` 2017-02-17 01:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 3258, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՍՊԱՐՏԱԿԸ» ԲԵԼԳԻԱՅՈՒՄ

Բրունո ՊԵԵՏԵՐՍ

Անցած հունվարի 27-ին Բրյուսելում կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի առաջնախաղըՙ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով եւ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Այն ներկայացվել է նաեւ Անտվերպեն քաղաքում: Հայտնի է, որ «Սպարտակն» Արեւմուտքում հաճախ չի բեմադրվում, ուստիեւ Բելգիայում հաջողությամբ ներկայացված այս բեմադրությունը մեր օրերում Արամ Խաչատրյանի երաժշտության եւս մեկ հաղթանակն է: Այս առթիվ թարգմանաբար ներկայացնում ենք բելգիական «Կրեշչենդո» հանդեսում լույս տեսած թատերախոսականը:

«Սպարտակը» Անտվերպենում. մի բոցաշունչ խորեոգրաֆիկ էպոպեա

«Ի՞նչ եմ ես ամենից շատ ցանկացել արտահայտել երաժշտության միջոցովՙ ստրուկ Սպարտակի ողբերգությունը ստրկության դարաշրջանում, նրա հախուռն ներշնչանքը, նրա պատմական ձեռքբերումըՙ հանուն ճնշվածների ազատության»: Ահա ինչ է ասել Արամ Խաչատրյանը 1958 թվականին խորհրդային մի թերթի իր նոր բալետի մասին, որի առաջնախաղից անմիջապես հետո այն դարձել է իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Ըստ խաչատրյանագետ Ռոբերտ Մեթյու-Ուոլքերիՙ գոյություն ունի ստեղծագործության առնվազն հինգ տարբերակ, 1956-ին Կիրովի թատրոնի (այսպես կոչված, «Մեծ թատրոն 3»-ի) համար ստեղծված 4 գործողությամբ բնօրինակից մինչեւ երեք գործողությամբ տարբերակը, ստեղծված Մոսկվայում, 1968-ին:

Այս վերջին տարբերակը, Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ, հենց այն մեկն է, որը բալետմայստերի 90-ամյակի կապակցությամբ բեմադրել է «Ֆլանդրիական բալետ» խումբը, աշխարհում միակը (Բավարական պետական բալետի հետ մեկտեղ), որն իրավունք ունի այն ներկայացնել: Այն կենտրոնացած է երկու տղամարդ հերոսներիՙ Սպարտակի եւ հռոմեացի զորավար Կրասոսի վրա, որոնց զուգահեռ տրված են նաեւ իրենց կին «երկրորդ եսը»ՙ ստրկուհի Ֆրիգիան եւ հարճ Էգինան: Բեմադրությունը մեզ 21-րդ դարում կարող է պայմանական թվալ, բայց այն համոզում է: Մենք պետք է գիտակցենք, որ այդ ժամանակաշրջանում Գրիգորովիչը մեծ նորարարություն է կատարել: Աշխատանքը վերլուծվում է ինքն իրենով, իր ներքին դրամատիկ որակներով եւ ոչ 1953-ին մահացած Ստալինի կանոններով: Այսպիսով, Գրիգորովիչը դարձել է դասական մեծ բալետների մասնագետ, մշտապես պատվի արժանանալով այսօր, ինչպես տեսնում ենք, թեեւ այս մոտեցումը, ճիշտ է, հավանաբար կզարմացնի որոշ տեղացիների: Մեկ այլ «նորարարությունն» այն է, որ «Սպարտակ»-ում ուշադրության կենտրոնում ոչ թե հերոսուհի է (Օդետտա-Օդիլիա, Ջուլիետ, Մոխրոտիկ), այլ տղամարդ պարող, ապստամբության առաջնորդը: Անտվերպենի ներկայացմանը մասնակցել են Մեծ թատրոնի երկու հեղինակավոր մենակատարներՙ Իվան Վասիլեւը (Սպարտակ) եւ Անաստասիա Ստաշկեւիչը (Ֆրիգիա): Մեծ Բրիտանիայից Ջոնա Քուքը (Կրասոս) եւ Նենսի Օսբալդեստոնը (Էգինա) նույնպես փայլեցին. մենակատարների այդ քառյակը կատարյալ էր, ճիշտ այնպես, ինչպես ողջ բալետը:

Որոշ պահեր, անշուշտ, կարող էին ժպիտ հարուցել, օրինակ, հռոմեացի զինվորների փեշերը, պլաստիկ սաղավարտները եւ օդում ճոճվող սրերը, որ առկա են 1960-ականների պեպլում ժանրի ֆիլմերում: Ուրի՞շ ինչ: Ամեն ինչ կատարյալ էր, մինչեւ վերջնական Ռեքվիեմը (որի մեջ կարճ երգչախմբային կատարում էր ներառված): Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կարեն Դուրգարյանիՙ էներգիայով լեցուն եւ գունագեղ ղեկավարության ներքո, շողշողում էր հազարավոր լույսերով, եւ ես չեմ կարող չնշել խիստ արտահայտիչ փողայինների կազմը, հզոր տրոմբոններին եւ հարվածայիններին, որոնք կատարեցին մի սարսափելի սոլո: Ներկայացումից եւ բոցավառ ճակատագրից 120 րոպե անց պարտված Սպարտակի մարմինը բարձրացրին եւ ցույց տվեցին բոլորին: Հերոսը դարձավ առասպել:

Ֆրանսերենից թարգմանեց

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 17-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ