«ԵՌԱՆԿՅՈՒՆԻ» Սաղաթել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Այս տարի լրանում է հայ կինոյի շրջադարձային նշանակություն ունեցող ստեղծագործություններից Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» կինոնկարի ստեղծման 50 տարին: Այդ առթիվ թարգմանաբար ներկայացնում ենք Երեւանի «Կոմունիստ» թերթում (1967, հուլիսի 3) տպագրված արձակագիր Սաղաթել Հարությունյանի հոդվածը: Էկրան բարձրացավ «Հայֆիլմի» «Եռանկյունի» նոր կատակերգությունը: Խոսքն այստեղ ոչ մեծ քաղաքի խուլ մի արվարձանում կորած փոքրիկ դարբնոցի մասին է: Երբ քաղաքային բնանկարների ցուցադրումից հետո կինոխցիկը կանգ է առնում արտաքինից եռանկյունի հիշեցնող փոքրիկ դարբնոցի վրա, ակամա լցվում ես ակնածանքով: Սկիզբը, հաստատ, բազմախոստում չէ: Ոչ շատ արագ, դրվագ դրվագի ետեւից կապ է ստեղծվում հանդիսատեսի եւ այն ամենի միջեւ, ինչ որ կատարվում է էկրանին: Ֆիլմի հեղինակները (սցենարիստՙ Աղասի Այվազյան, բեմադրիչՙ Հենրիկ Մալյան, օպերատորՙ Սերգեյ Իսրայելյան) կարողանում են զուսպ, առանց պարտադրանքի հանդիսատեսին դարձնել էկրանի վրա կատարվող դեպքերի մասնակից: Դարբնոցը մարդկային բնավորությունների փոքրիկ, բայց հարուստ աշխարհ է: Հինգ վարպետ, հինգ տարբեր անհատականություն, որոնք ինչ-որ բանով, համենայն դեպս, նման են իրար: Նման են նրանով, որ աշխատում են քրտնաջան, սիրում են իրենց ոչ թեթեւ գործը եւ գիտեն, որ օգուտ են բերում մարդկանց: Նրանք բարի են ու պարզամիտ, կապված են միմյանց բարեկամության կապերով: Նրանց ճակատագրերը տարբեր են: Երկուսը փախել են թուրքական յաթաղանից: Նրանցից մեկը կտրել-անցել է Սեւ ծովը ու հասել Ռուսաստան, մյուսն անցել է այդ ուղին, բայց Ամերիկայով: Երրորդըՙ վրացի Վասոն, այնպես է մերձեցել նրանց, որ դժվար է որոշել նրա ազգությունը: Նրանցՙ միմյանց կապող մեծ զգացումը բարեկամությունն է, բայց Վասոն օժտված է իր ազգային գծերով, որոնք նրան հատուկ հմայք են տալիս: Այստեղ պէտք է նշել դերասան Զուրաբ Լաբերիձեի խաղի անմիջականությունն ու ջերմությունը: Վարպետ Մուկուչը (Արմեն Ջիգարխանյան) տարիներով իմաստնացած, իր գործն ու գինը իմացող, սեփական արժանապատվությամբ լի մարդ է: Իզուր է նրա որդինՙ Հովիկը (Շեւչենկոյի անուան դպրոցի աշակերտ Միշա Հովսեփյան) ասում, թե իր հայրն այնքան արժանապատվություն ունի, որ կբավարարի ողջ հանրապետությանը: Բայց սեփական արժանապատվության զգացումը նրան չի բաժանում ընկերներից, որովհետեւ նա բարի է եւ զգայուն: Իսկ Ջիգարխանյանին հանդիսատեսը վաղուց է սիրում: Նոր ֆիլմում, ինչպես միշտ, նա զուսպ է ու խորաթափանց, օժտված է հանդիսատեսին համոզելու մեծ ունակությամբ: Շատ հետաքրքրական է Գասպարի կերպարը: Սակայն, չնայած Մհեր Մկրտչյանի գերազանց խաղին, Գասպարը լրիվ չի դրսեւորում իրեն, ստացվել է մի տեսակ «մասնատված»: Արդյունքում այդ դերն ընկալվում է նախկինում Մկրտչյանի ստեղծած դերերի սխեմայով, այն դեպքում, երբ Գասպարի կոմիզմը բովանդակում է բոլորովին այլ երանգ, որը, ցավոք սրտի, բացահայտված չէ: Հանդիսատեսի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ բան պակասում է, որպեսզի կերպարը դառնա ամբողջական, ավարտուն: Կարծում ենք, որ Գասպարի կենսագրությունը նրա կերպարի մեջ քիչ է արտացոլված, հանդիսատեսը հավատում է միայն այն, ինչ հնչում է որպես ֆիլմի հեղինակների խոսք: Այս տեսակետից կատարյալ է վարպետ Մկրտիչը, որն ավելի ամբողջական եւ լիարյուն է ստացվել: Ինչ ասել կուզի, Սոս Սարգսյանը վարպետորեն խաղաց իր դերը, բայց կերպարի հաջողությունը պայմանաւորված է նաեւ սցենարով ու ռեժիսուրայով: Խոսելով սցենարի մասինՙ պետք է նշել, որ Աղասի Այվազյանի սցենարը բոլոր հիմքերն ուներ լավագույնս կինոմարմնավորվելու համար: Արդեն իսկ հեղինակի նոյնանուն պատմվածքում զգացվում էր կինեմատոգրաֆիական մտահղացումը: Ֆիլմի առաջին մասում բեմադրիչը կարողացել է գտնել կինեմատոգրաֆիական անհրաժեշտ միջոցներըՙ սցենարում առաջադրված հարցերը լուծելու համար: Ինչպես ասում ենՙ այստեղ սցենարիստն ու բեմադրիչն ընդհանուր լեզու են գտել, այդ պատճառով էլ առաջին մասը հետաքրքրական է ստացվել, ինչը չի կարելի ասել երկրորդի մասին: Դարբիններից ամենաերիտասարդըՙ Մկոն, դարբնոց է բերում իր հարսնացուինՙ Լյուբային: Գեղարվեստորեն հիմնավորված է այն ձեւը, որով դարբնոցն ընդունում է Լյուբայինՙ ճաշարանում աշխատող ռուս աղջկան, այնքան փոքրիկ, որ հազիվ է հասնում տղայի գոտկատեղին: Բայց շատ շուտով Լյուբան դառնում է դարբնոցի սիրելին: Այդ ինչո՞ւ: Մի՞թե միայն նրա համար, որ դարբնոցում տարածվում է օծանելիքի բուրմունքը, եւ Լյուբան հնոցն անվանում է ինքնաեռ: Հանդիսատեսը չի տեսնում դարբինների եւ Լյուբայի փոխհարաբերությունը, աղջիկը կապված չէ հերոսներինՙ գոնէ սյուժեի հենքով, այլեւս չասած հոգեբանական հիմնավորվածության մասին: Բաց են թողնված Լյուբայի կերպարը լավագույնս բացահայտելու հնարավորությունները: Նոյնը կարելի է ասել նաեւ դարբնոցի մասին: Դա կարծես թե տեղանք է, ֆոն, որի վրա պիտի ծավալվեն գործողությունները: Լրիվ չի երեւում այն աշխատանքը, որ կատարում են դարբինները, ինչի համար կողքով անցնող զինվորականները նրանց պատիվ են տալիս: Չէ՞ որ ուստա Մուկուչի բառերը «զինվորականների պատվերի» մասին անբավարար են, որպեսզի հասկանան դա: Դարբնոցը պետք է ապրի եւ շնչի հերոսների հետ: Եվ դա կօգներ ֆիլմի գլխավոր գավափարի ավելի լավ, ավելի պարզ արտահայտմանը: Թող տպավորություն չստեղծվի, թե այս պահանջները ներկայացնելովՙ մենք մոռանում ենք այն մասին, որ «Եռանկյունին» չունի ավանդական սյուժե, նկարահանված չէ ավանդական ոճով: Բայց այդ ամենի մասին պետք էր եւ կարելի էր ասել հեղինակների ընտրած լեզվով: Խոսքը ոչ թե սյուժետային հակասությունների մասին է, այլ առանձին մասերի, որոնք հաճախ կրում են հոգեբանական մեծ բեռնվածություն, քան այդ հակասություններն են: Մկոյի կերպարի թռուցիկ վերլուծումը չի նշանակում, թե ֆիլմում նրան փոքր տեղ է հատկացված: Ընդհակառակը, Մկոյի կերպարն ամբողջական է ստացվել շնորհիվ դերասան Պավլիկ Արսենովի մտածված, ճշմարտացի խաղի: Թեեւ Լյուբայի կերպարը (Իննա Ալաբինա) ունի սցենարական եւ ռեժիսուրայի լուրջ թերություններ, այնուամենայնիվ, դերասանուհին խաղում է բավականին համոզիչ: Պետք է նշել, որ կատարված է դերասանների հաջող ընտրություն, եւ բեմադրիչը լավ է աշխատել դերասանների հետ: Դրա օրինակն է Հովիկի դերակատար դպրոցական Մ. Հովսեփյանը: Ակնառու է, որ առանց բեմադրիչի լուրջ աշխատանքիՙ շնորհալի պատանին հաջողության չէր հասնի: «Եռանկյունին» երիտասարդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի գեղարվեստական առաջին գործն է: Որոշ տեսարաններ (օդակայանը, գնացքը, դարբնոցից դարբինների տունդարձը) նկարահանված են գեղարվեստական նուրբ ճաշակով: «Եռանկյունին» վկայում է հեղինակների ստեղծագործական հետաքրքրական որոնումների եւ հայտնագործությունների մասին: Եվ նշված թերությունները բոլորովին չեն խանգարում ուղիղ ասել այդ մասին: Թարգմանությունը ռուսերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ |