ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱՇՈՒԿԱՆ ԳՐԱՎԱԾ ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻՆ ՀԱՅԵՐԵՆ ԷԼ ԽՈՍԵՑՐԻՆ Սամվել ՄԵԼՔՈՆՅԱՆ Նախորդ տարեվերջից սկսեց հայերեն թարգմանվել Հարրի Փոթերի մասին հայտնի վիպաշարը, որն ամբողջ աշխարհում վաճառքի թվով երկրորդն էՙ Աստվածաշնչից հետո: Գործն ստանձնած հրատարակչությունը խոստացել է ընթերցողին փոխանցել բոլոր հատորներըՙ հայերենով: Առայժմ դեռ առաջին երկուսն են պատրաստ: Թարգմանությունը ընթերցողների սրտով է. թարգմանչի ուզածն էլ դա էր: Ալվարդ Ջիվանյանը մեզ հետ կիսեց իր անձնական տպավորությունները: Զրույց, որ տեղի ունեցավ «մագլների» (ըստ վիպաշարիՙ մահկանացուՙ ոչ կախարդ մարդիկ են այսպես կոչվում) աշխարհում:
- Մի քանի օր առաջ եմ վերջացրել առաջին հատորը: Տպավորված եմ: Անգլերեն տարբերա՞կն էլ է նույնքան գրավիչ, հետաքրքրական է: - Իհարկե: Թարգմանությունը բնագրի շատ գունատ արտացոլումն է: - Լավ, ի վերջո, ո՞ւմ համար է նախատեսված Հարրի Փոթերի մասին պատմությունների շարքը: Հիմա կարծես երիտասարդներն են ավելի շատ կարդում: - Երեւի թե ճիշտ եք: Ընթերցողների տարիքը մեծանում է: Ես դա կապում եմ գրքի ավելի ու ավելի հանրահայտ դառնալու հետ, գումարած նույնանուն ֆիլմի ազդեցությունը: Նկատել եմ, որ թարգմանված տարբերակները ավելի լայն ընթերցողական լսարան են ենթադրում: Պատճառը չեմ կարող բացատրել: Իմաստի տեսանկյունից գիրքը բազմաշերտ է, նաեւ ոճի առումով, թեմատիկ առումով: Այնպես որ, կարող է ենթադրել եւ շատ հասուն ընթերցող: - Վիպաշարին ե՞րբ եք ծանոթացել: Ենթադրում եմՙ բավականին վաղուց: - Այսպես ասեմ. հեռակայից ծանոթացել եմ, երբ իմ երեխաներն էին ընթերցում եւ բավականին ակտիվ: Շատ մանրամասնորեն ծանոթացա, երբ ստացա թարգմանության պատվերը: - Եթե այդ պատվերը չլիներ, Ձեր մեջ ցանկություն չէ՞ր առաջանա այս հափշտակող գիրքը թարգմանելու: - Չեմ կարծում, որովհետեւ պրոֆեսիոնալի մոտ մի տարիք կա, երբ արդեն չի թարգմանումՙ զուտ որովհետեւ ինչ-որ բան է ուզում թարգմանել: Հնարավոր էՙ այլ բան ընտրեի: Բայց ախորժակն ուտելիս է, չէ՞, բացվում. տրվեցի: Չգիտեմ, նկատե՞լ եք. երբ մի բանի մասին շատ է խոսվում, կարծես դիմադրություն կա մեջդ, որ չես ուզում դու էլ ընդգրկվել այդտեղ, ինչքան էլ մեծ գիրք դա լինի: Բայց տրվեցի այդ հմայքին, եւ իսկապես, շատ բացառիկ վիպաշար է: - Մի անգամ ասել էիք, որ թարգմանությունը 7-8 անգամ աչքի եք անցկացնում: Ե՞րբ եք հասկանում, որ արդեն հերիք է: - Այ, կա այդպիսի մի կետ, որը ես, բարեբախտաբար, դեռ զգում եմ: Ինձ թվում է, թե ուղղում եմ, հետո նայում եմ հատվածն ավելի մեծ տեքստում եւ տեսնում, որ դարձրել եմ ավելի բարդ, քան մինչ այդ էր: Սա նշան է, որ պետք է դադարեցնել ուղղումները: Այլապես կարելի է անվերջ շարունակել: - Իսկ ֆիլմաշա՞րը: Դիտե՞լ եք: - Շատ թռուցիկ, եւ դա միտումնավոր էր, որովհետեւ ուզում էի հնարավորինս զերծ մնալ ֆիլմի ազդեցությունից: Հատկապես երկրորդ գրքի մասին կարող եմ ասել, որ դրվագներ կային, որոնք գրքում շատ կայացած էին, իսկ ֆիլմումՙ շատ պարզունակ: Հատակպես օձի հետ պայքարի դրվագը: Բաներ կան, որ գրքում շատ տագնապալից են, իսկապես խորհրդավոր, իսկ ֆիլմն իր տեխնիկական լուծումներով այդ խորհրդավորությունը դարձնում է շատ պարզունակ եւ բավականին մակերեսային: Գրեթե չեմ կասկածում, որ մի քանի տասնամյակ հետո կլինի մեկ այլ ֆիլմ-տարբերակՙ ավելի զարգացած: - Իմիջիայլոց, Ամանորին հեռուստատեսությամբ տալիս էին ֆիլմաշարի հայերեն թարգմանությունը, բայց ես դիմացա գայթակղությանն ու չդիտեցի, որպեսզի գիրքը կարդալն ավելի հետաքրքրական լինի: Թե չէՙ հետո կարծես շփոթում ես պատկերները: - Հա՜: Ճիշտն ասածՙ հայերեն տարբերակին ծանոթ չեմ, անգլերենը նայում էի հատկապես անձնանունների տառադարձման համար: Թեեւ հետո դրանից էլ հրաժարվեցի, որովհետեւ այնտեղ հիմնականում ամերիկյան արտասանություն էր, իսկ ես աշխատել եմ պահպանել բրիտանականը: - Այդ հատկանունների հետ կապված. գրքում կան հայ փոթերասերների համար փոքր-ինչ խորթ ձեւեր: Ասենք, «Հոգվարթս»-ը «Հոգվորթս» է դարձել: Ընթերցողին սրանք ավելի շատ ռուսերենից պատճենումով էին ծանոթ: - Միանշանակ, բայց եթե ռուսերեն տարբերակին հետեւենք, այնտեղ կան թարգմանված անուններ, որոնց մի մասն այնքան էլ համարժեք չէ. երբեմն զավեշտալի ինչ-որ հնչողություն ունեն: Դրա համար ես գերադասել եմ պահպանել անձնանուններն անգլերեն: Իսկ արտասանությունը ոչ թե իմ ընտրությունն է, այլ օգտագործվել են մի շարք հնչող բառարաններ: - Գրքի թարգմանության մեջ կենդանի ու կոլորիտային բառերի հաճելի առատություն կա: Տանը մի փոքրիկ պարբերություն բարձրաձայն կարդացի, մայրս ասաց, թե թարգմանիչը գյումրեցի կլինի: - (Ծիծաղում է) Իմ գյումրեցի լինելը կարող է հետեւյալ ազդեցությունը թողած լինել. ընդհանրապես մարդիկ, որոնք բարբառակիր են, գրականից բացիՙ կարծես թե տիրապետում են եւս մեկ «լեզվի»: Եվ սա հնարավորություն է ընձեռում նեղն ընկած ժամանակ օգտագործել բառեր, որոնք միայն գրական լեզվին սովոր մարդիկ երեւի թե չէին օգտագործի: Առանձին դեպքերում նույնիսկ երբեմն օգտվել եմ միջին հայերենից, եթե, իհարկե, ներդաշնակ է եղել ժամանակակից գրական հայերենին: Եվ սա պարտադրված ընտրություն էր, որովհետեւ վիպաշարը, գիտեք, հարուստ է դիցաբանական կերպարներով, իսկ ժամանակակից հայերենում շատ բարդ է դրանք գտնելը: Կարծում եմՙ մասամբ գոնե ստացվել է: - Շատ է ստացվել: Այսպիսի հաճույքով մեկ էլ գիտե՞քՙ որ գիրքն եմ կարդացել. «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին ու անհետացավ». Արծվի եւ Աշխեն Բախչինյաններն էին թարգմանել: - Այո, գիտեմ, մեծ հաջողություն ունեցավ այդ գիրքը: Պետք է կենդանի լինի: Ծայրահեղությունները միշտ անցանկալի են: - Եթե Հոգվորթսն իսկապես գոյություն ունենար, ո՞ր հոսքի շրջանավարտ կուզեիք եղած լինել: - Վաղուց որոշված է դա: Փոթերի պաշտոնական կայքում կա նմանատիպ թեստ, եւ որոշվեց, որ ես Սլիդերինից եմ: |