ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԱԺՇՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ Լեւոն ԼԱՃԻԿՅԱՆ Եկեք խոստովանենք, որ արտերկրից, ի մասնավորի Սփյուռքից ժամանած մեր արվեստագետները, որպես կանոն, իրենց գործունեության ու ելույթների հիմնական վայր են ընտրում քաղաքամայր Երեւանը, իսկ հազվագյուտ դեպքերումՙ նաեւ Գյումրին ու Վանաձորը: Այս առումով, անտարակույս, երեւույթ պետք է համարել ամերիկաբնակ մեր հայրենակից, նշանավոր դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունու մայիսյան համերգների շարքը, որն ընդգրկելու է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի ու Սյունիքի մարզերը, ինչպես նաեւ Լեռնային Արցախը: Մեր զրույցից պարզ դարձավ, որ նման համերգաշար իրականացնելու գաղափարը Շահանին երկար ժամանակ հանգիստ չի տվել, քանի որ, իր իսկ բառերով ասած, «սփյուռքահայ արվեստագետները Երեւանէն դուրս չեն նվագեր»: Ու երբ անցած տարի, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար «Մովսես Խորենացու» մեդալ ստանալու առիթով նա հայրենիքում էր, խոստացավ իրականացնել իր վաղեմի փափագը: Նախապատրաստական աշխատանքները երկար տեւեցին: Բանն այն է, որ մեր անվանի հայրենակիցը մենահամերգներից զատ, իսկ ավելի ճիշտՙ դրանց զուգահեռ, ցանկություն էր հայտնել հանդես գալ հայաստանյան մարզերի շնորհալի փոքրիկների հետ: Ավելինՙ դատելով հյուրախաղային ծրագրից, վարպետության դասեր են նախատեսված Գյումրու, Վանաձորի, Աշտարակի, Գորիսի եւ Ստեփանակերտի մի շարք երաժշտական դպրոցներում: Մարզային հյուրախաղերի գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է, որ համագործակցաբար ՀՀ մշակույթի եւ Արցախի մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունների հետՙ կազմել է հագեցած ու տպավորիչ մի ծրագիր: Համերգային հայտագրում ընդգրկված են Կոմիտասի, Էդուարդ Միրզոյանի, Ալան Հովհաննեսի, ինչպես նաեւ Բեթհովենի, Շուբերտի ու Շոպենի ստեղծագործությունները: Իսկ եթե նկատի ունենանք պատանի երաժիշտների հետ իրականացվելիք համատեղ ելույթները, ապա այդ ցանկում տեղ կգտնեն նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Գեղունի Չթչյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաեւ Բախի ու Պրոկոֆեւի անունները: Դաշնակահար-կոմպոզիտորը Երաժշտական շրջանակներումՙ հայ եւ միջազգային, հայտնի անուն է Շահան Արծրունին: Ծնվել է Կ.Պոլսում, նախակրթությունը ստացել Էսայան վարժարանում, ապա հաճախել ազգային Կեդրոնական վարժարանը: Նրա առաջին երաժշտական քայլերի քաջալերողն է եղել մորաքույրըՙ պոլսահայ նշանավոր երգահան եւ դաշնակահար Սիրվարդ Գարամանուկը: Վերջինս վաղ էր նկատել հայ պատանու բնական ձիրքն ու անթաքույց սերն առ նորին մեծություն երաժշտությունը: Պոլսում գտնվելու տարիներին Շահանը ուսմանը զուգահեռ հետեւել է նաեւ տեղի երաժշտանոցի դասընթացին: 21 տարեկան էր, երբ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության մրցանակ-կրթաթոշակով 1964թ. նա մեկնում է Նյու Յորքՙ մասնագիտական կրթությունը շարունակելու աշխարհահռչակ Ջուլիարդ քոլեջում: Հետաքրքրականն այն է, որ մագիստրոսական տիտղոսը ստանալուց հետո Շահանը սկսում է խորանալ չինական դաշնամուրային երաժշտության մեջՙ այն ներկայացնելով աշխարհի տարբեր ծագերում: «Շատերն էին զարմանում, թե ինչո՞ւ հայ լինելովՙ ես օտար երաժշտությամբ էի հետաքրքրված,- պատմում է զրուցակիցս եւ շարունակում,- Նման հարցերի տարափը ազդակ դարձավ մոտենալու իմ ազգային ակունքներին: Մինչ այդ ինձ ծանոթ էին միայն Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի գործերը: Սկսեցի հայ հորինողների ստեղծագործությունները հավաքել: Դրանք կատարելուց զատ նաեւ բանախոսում էի հայկական երաժշտության, ի մասնավորիՙ դաշնամուրային արվեստի վերաբերյալ: Արածս լավ գնահատականի արժանացավ արվեստասերների կողմից»: Հաստատվելով Նյու Յորքումՙ Շահան Արծրունին ծավալում է երաժշտական-հասարակական լայն գործունեություն, դառնում մասնակիցը ամերիկյան ու ամերիկահայ շրջանակներում կազմակերպվող տարաբնույթ համերգների ու միջոցառումների: Ավելինՙ նրա գործուն ներկայությամբ նվագահանդեսներ են տեղի ունենում Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում, Միջին ու Հեռավոր Արեւելքի երկրներում եւ Ավստրալիայում: Միաժամանակ առիթ է ունեցել նվագելու նաեւ ԱՄՆ Սպիտակ տանը եւ Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Իսլանդիայի արքայական պալատներում: Հայկական բարեգործական ընդհանուր միության առաջարկով եւ աջակցությամբ Շահան Արծրունին լինում է աշխարհի հայաշատ վայրերում, մեղմում հայկական մեղեդիների կարոտն օտար ափերում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Հետագայում այդ կատարումներն ամփոփվում են տասնյակ ձայնագրություններում, որոնց շարքը հենց այդպես էլ կոչվում էՙ «Հայ դաշնամուրային երաժշտության ծաղկաքաղ»: Այն ընդգրկում է Սայաթ-Նովայից մինչեւ Ստեփան Էլմասՙ ներառելով նաեւ ժամանակակից սփյուռքահայ եւ հայաստանյան կոմպոզիտորների գործեր: Մեր հայրենակցինՙ որպես բարձրակարգ դաշնակահարի, ըստ արժանվույն են գնահատել օտար շատ կոմպոզիտորներ (Ջորջ Քրամբ, Լուիս Թալմա, Ուիլյամ Մայեր եւ այլք): Նրա մասին դրվատական հոդվածներ են տպագրել «The New York Times», «Fanfare», «Musical America», «American Record Guide» (ԱՄՆ), «La Nacion» (Արգենտինա), «Cumhuriyet» (Թուրքիա) եւ այլ հայտնի թերթեր ու հանդեսներ: Ընդ որում, առկա բոլոր կարծիքներում ընդգծվում են հայազգի երաժշտի վիրտուոզությունն ու կատարման բծախնդրությունը, որոնց շնորհիվ կատարողը վերածվում է ստեղծագործության համահեղինակի: Այսօր ընթացքի մեջ է հայկական գործիքային եւ վոկալ երաժշտության անթոլոգիայի թողարկումը: Արդեն պատրաստ են նշյալ շարքի 3 խտասալիկներըՙ նվիրված Կոմիտասին, նրա ժամանակակիցներին եւ Ալան Հովհաննեսին: Շահան Արծրունին բացի սեփական կատարումներից նաեւ երաժշտական ուշագրավ նախագծեր է իրականացնումՙ կոչված մատաղ սերնդի գեղագիտական պատշաճ դաստիարակությանը: Հիշատակենք, օրինակ, Նիկոլ Գալանտերյանի մանկական երգերի ալբոմըՙ նախատեսված Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցների ու մանկապարտեզների համար: Իսկ 1962թ. տարրական դասարանների աշակերտներին հասցեագրած նրա «Երաժշտություն» դասագիրքը մինչ օրս փնտրված է Պոլսո հայկական վարժարաններում եւ նախակրթարաններում: Համերգային ակտիվ գործունեությանը զուգահեռ Շահան Արծրունին երկար տարիներ պրպտումներ եւ ուսումնասիրություններ է անում հայ երաժշտական մշակույթի արմատների բացահայտման ուղղությամբ: Նշենք նրա բանախոսություններն ու դասախոսությունները Հարվարդի, Կոլումբիայի եւ Միչիգանի համալսարաններում: Գիտական լուրջ հետաքրքրություն ներկայացնող նրա երաժշտագիտական հոդվածները լույս են տեսել ակադեմիական պարբերականներում եւ միջազգային հեղինակավոր հանրագիտարաններում: Ուրախալի է, որ Շահան Արծրունու գործունեությունը բարձր է գնահատվել հայրենիքում: 1996-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը նրան պարգեւատրել է «Սբ. Սահակ եւ Սբ. Մեսրոպ» շքանշանով ու Հայրապետական կոնդակով: Երաժիշտը, չմոռանալով Բոսֆորի ափերին փռված իր ծննդավայրը, հաճախակի է այցելում Պոլիս, հանդես գալիս համերգներով: Հիշենք մեկը միայն. 2010-ին Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու վերաբացման անդրանիկ Սուրբ պատարագի առթիվ Վանի համալսարանում նրա տված համերգը: Վերջերս էլ իր մի մենահամերգով նա շուք հաղորդեց հարազատ կրթօջախիՙ Կեդրոնական վարժարանի 125-ամյակին նվիրված հանդիսությունների շարքին: Ընդհանրապես մարդասիրությունն այս արվեստագետի գործունեության կարեւոր երեսակներից մեկն է: Բարեգործ երաժիշտը 1990-ականների մութ ու ցուրտ օրերից երկար ժամանակ է անցել: Հայաստանցի շատ երաժիշտներ, սակայն, երբեք չեն մոռանա նյութական այն աջակցությունը, որ ստացվում էր Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմից: Այն ժամանակ դա թույլ տվեց մեր կոմպոզիտորներին ու երաժշտագետներին ոչ միայն գոյատեւել, այլեւ ստեղծագործել: Թերեւս քչերը գիտեն, որ մեծապես Շահան Արծրունու ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ամենակարճ ժամկետներում հավաքագրել բավարար գումարՙ հիմքը դնելով «Երաժշտական հիմնադրամի»: Այսօր Կոմիտասի անվան երաժշտանոցի գրադարանը նորացվել եւ թվայնացվել է դարձյալ մեր հայրենակցի հայթայթած միջոցներով: Նրա բարեգործական ձեռագիրը կա նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում եւ այլուր: Աստվածահաճո առաքելություն է, անշուշտ, հետեւողական ուշադրությունը Վանաձորում գտնվող «Գէորգ եւ Սիրվարդ» տարեցների տան կարիքներին: Ծերախնամ այդ հաստատությունում իրենց կյանքի վերջին տարիներն ապահով ու անվրդով անցկացնող 5 տասնյակից ավելի տատիկներն ու պապիկները անհամբերությամբ են սպասում Շահան Արծրունու այցերին: Գիտեն, որ որեւէ խնդիր նրա աջակցությամբ արագ լուծում է ստանում: Ու բնական է, որ այս անգամ եւս բարեգործ երաժիշտն այդ հաստատությունն ընդգրկել է իր այցելությունների ծրագրում: ...Վերադառնալով վերոհիշյալ մայիսյան համերգաշարինՙ նկատենք, որ այն հետաքրքրական պատահականությամբ համընկավ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Երաժշտական կանգառ» ծրագրին, որ դարձյալ նպատակաուղղված է մեր մարզերի երաժշտական կյանքի աշխուժացմանը: Շահան Արծրունու բոլոր 6 համերգները (մայիսի 17-ինՙ Գյումրու Հայորդաց տուն, մայիսի 19-ինՙ Վանաձորի Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, մայիսի 21-ինՙ Բերդի Մշակույթի տուն, մայիսի 24-ինՙ Աշտարակի Հայորդաց տուն, մայիսի 27-ինՙ Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոց եւ մայիսի 30-ինՙ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ) ունեն բարեգործական բնույթ եւ անվճար են բոլոր մեծ ու փոքր արվեստասերների համար: Ավելացնենք. դրանք պարզ համերգներ չեն, այլ համերգ-դասախոսություններ, որ կրում են «Մտորումներ ստեղնաշարի առջեւ» խորագիրը: Վերջում հույս հայտնենք, որ Շահան Արծրունու օրինակը վարակիչ կլինի սփյուռքահայ մեր մյուս արվեստագետների համար, ովքեր գալով Հայաստանՙ Երեւանից բացի հանդես կգան նաեւ մեր մարզերի բնակչության առջեւ: |