RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 12-05-2017



ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-05-11 23:40:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2665, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻՈՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՑ ՀԵՏՈ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Քանդակագործության մեջ կերպափոխությունը, ձեւերի դեֆորմացիան, չափսերի խախտումները արվեստագետի համար ծառայում են որպես սեփական գաղափարի արտահայտչամիջոցներ: Այս միտումն ակնհայտ է երիտասարդ քանդակագործ Աշոտ Գեւորգյանի աշխատանքներումՙ նկատված դեռեւս ուսանողական տարիներից: Նրա «Կերպարանափոխություն» շարքը, որ 2012 -ին արժանացավ նախագահի երիտասարդական մրցանակինՙ արդեն ուրվագծում էր գեղարվեստական մտածողությանՙ թեմաների, ֆորմաների, ծավալների ընտրության եւ ընդհանուր ասելիքի առումով այն առանձնահատկությունները, որ հետագայում բնորոշելու էին նրա արվեստը: Երեւանի գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնում սովորելիսՙ նա մասնակցել է խմբակային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսով ներկայացել «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Մագիստրոսական կրթությունից հետո դասախոսական աշխատանքի է անցել նույն բուհումՙ ստեղծագործական ընթացքը շարունակելով նոր զարգացումներով: Եվ արդյունքը շատ սպասեցնել չի տվել: Այս տարվա մարտի 3-ից 31-ը «Մուսքարի» (MUSCARI) ֆրանսիական միության կազմակերպությամբ եւ ֆրանսահայ Մանուկ Փամբուքչյանի անմիջական աջակցությամբ Լիոնի Les Galeries de la Tour ցուցասրահում կայացավ նրա 50 աշխատանքների («Նետաձիգ», «Կրկես», «Արենա», «Ծովաձիերի մարտը», «Մարտակառք», «Կերպարանափոխություն») անհատական ցուցահանդեսը: Այս առիթով տպագրված կատալոգի ֆրանսերեն տեքստի առաջաբանում «Մուսքարի» միությունը ներկայացնում է հեղինակին, որտեղ զետեղված է նաեւ արվեստաբան Նազենի Ղարիբյանի անդրադարձը ցուցադրված աշխատանքներին:

Լիոնյան ցուցահանդեսի մեկամսյա բավական հարուստ ու բազմազան տպավորություններից Աշոտ Գեւորգյանը հատկապես առանձնացնում է այցելուների դիտումի, դիտողական կուլտուրանՙ ուշադրությունն ու ակնածանքը արվեստագետի եւ նրա աշխատանքի նկատմամբ: Որովհետեւ, ինչպես ինքն է ասում, որքան էլՙ յուրաքանչյուր արվեստագետ ստեղծագործում է նախ իր համար, միաժամանակ նա իր ապրումները, զգացումները, մտքերը կիսում է այլոց հետ, ուստի շատ կարեւոր է դիտողի արձագանքըՙ ինչ է նա ստանում այդ արվեստից: «Արվեստագետի ներքին մտածումները, հույզերը արտահայտվում եւ ավարտուն տեսք են ստանում ստեղծագործությամբ, եւ դրա ու դիտողի, որեւէ անծանոթ, X մարդու հետ կապը, վերապրումը մեծ բան է արտիստի համար: Եւ կարեւոր չէ, որ այն անպայման դրական լինի, միայն անտարբեր չլինելու հանգամանքն արդեն նշանակում է, որ նրան ինչ - որ բան հաղորդվեց, փոխանցվեց հեղինակից: Եվ դու արդեն լավ ես զգում նրա աչքերում տեսնելով արձագանքՙ փայլ, ոգեւորություն, զարմանք, հարցում, կամ մեկ այլ բան: Արվեստի ստեղծագործությունը նուրբ աշխարհների հետ գործ ունի, այն դիպչում է մարդու զգայական շերտերինՙ նրան բարձրացնելու իրականությունից, մեկ այլ իրականություն տեղափոխելու: Երբ այդպիսի ակնածանք ես տեսնում, ավելի պարտավորված ես զգում, ավելի պատասխանատուՙ ինքդ քո եւ գործի հանդեպ» :

Արվեստագետի ստեղծագործական ընթացքը պայմանավորում է հիմնականում երկու գործոնՙ իմպուլսներն արտաքին աշխարհից եւ ներսից: Այս առումով յուրաքանչյուր նոր երեւույթ, նոր հանդիպում ունենում է ազդեցություն մտածողության վրա: Լիոնում,- ասում է նա, - ամեն ինչ նորի հետ էր ասոցացվում, անգամ մայթերը, քաղաքային ճարտարապետության հարմոնիկ լուծումները հայացք են կրթում, այդուհանդերձՙ ստեղծագործական հիմնական իմպուլսը նա համարում է արվեստագետի ներքին համոզմունքները, ապրումները, կյանքի յուրաքանչյուրՙ ամենափոքր դետալի սեփական ընկալումն ու վերաբերմունքը, դրսի ու ներսի համադրումը: «Բոլոր այդ դետալները, դրվագները, անգամ անձրեւաջրից մնացած փոքրիկ հետքերը զգացմունքների ծավալային սիլուետների շարունակություն կարող են դառնալ եւ դրանց համադրումից նոր գաղափար կարող է ծնվել: Այսինքն` շրջապատող աշխարհը, ամենաչբացահայտվածը բացահայտելը, անտեսանելին, որ գուցե տեսել, բայց չեն նկատել, տեսանելի դարձնելը, երբ մարդկանց ասում ես, որ սա էլ կա» :

Լիոնի ցուցահանդեսը նրա առաջին արտերկրյա ցուցահանդեսը չէր. 2014-ին Հայաստանի նկարիչների միության երկրորդ հարկի ընդարձակ ցուցասրահում բացվեց սերնդակից հինգ քանդակագործներիՙ Աշոտ Գեւորգյանի, Սարգիս Բաբայանի, Գեղամ Աբրահամյանի, Գեւորգ Թադեւոսյանի, Արգիշտի Հարությունյանի «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսը: «Էմանացիան» ուներ հստակ նպատակ ու ենթատեքստՙ լույսի եւ արվեստի հարաբերակցությունների, լույսի բացահայտման խնդիրներն արվեստում: Սրահում քանդակների միջտարածությունների լռությունը օգնում էր դրանց ավելի խորը ընկալմանը: Ցուցահանդեսն այնպիսի հետաքրքրություն առաջացրեց, որ արձագանք ունեցավ նաեւ դրսում, անդրադարձ եղավ Ստամբուլի «Ակօս» թերթում: Մարսելի քաղաքապետարանի աշխատակցուհի Աննա Զաքը սոցցանցերում տեսնելով այդ աշխատանքներըՙ ցանկություն հայտնեցՙ կազմակերպելու համանման մոտիվներով ցուցահանդես Մարսելում: Իր հայանպաստ աշխատանքներով հայտնի փոխքաղաքապետ Վալերի Բոայեի հրավերից հետո 2015- ին հնարավոր եղավ իրականացնել «Էմանացիայի» մարսելյան ցուցադրությունը, որը նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Աշոտ Գեւորգյանի աշխատանքներում (հիմնականումՙ բրոնզ) մտածողական եւ զգայական աշխարհների համակցություն է առկա, արվեստագետի հայացքը որոնում է բնության հետ մարդուն ներդաշնակ դարձնելու ճանապարհներ, վերականգնելու մարդ- բնություն, մարդ- կենդանական աշխարհ խաթարված հարաբերությունները, բնությանՙ նախնական, անաղարտ վիճակները, երբ մարդուՙ բնությունից, անհրաժեշտությունից զատ, առավելագույնը ստանալու (նյութական եւ հոգեկան վայելքների) ցանկությունները հասնում են տագնապալի աստիճանիՙ վտանգում բնության եւ հենց իրՙ մարդու հետագա գոյությունը: Բազմաթիվ աշխատանքներում արտահայտված է այս վերաբերմունքը, իսկ որոշ գործերում այն առավել է սրվածՙ հասցված մարդուն բնությունից զատելու, նրանից փրկելու գաղափարին («Մատադոր», «Ցլամարտ»): Պայմանական ձեւերի տարբեր համադրությունների միջոցով նա փորձում է տեղ հասցնել իր այս մտահոգությունները:

Լիոնի ցուցահանդեսի բացմանը Մանուկ Փամբուքչյանը , որը նպատակադիր խնդիր ունի հայ արվեստագետներին եւ հայ արվեստը ճանաչելի դարձնել արտերկրում, ներկայացնելով Աշոտ Գեւորգյանինՙ նշել է, որ կարծես նա ենթագիտակցորեն շարունակում է հայկական մշակույթի հնագույն շրջաններից բրոնզե դարի ավանդույթներըՙ նկատել տալով Երեւանի պատմության թանգարանում պահվող կենդանիների կմախք-ցուցանմուշները: Այս առումով եւս ցուցահանդեսն իր նշանակությունն ունեցել էՙ շատ այցելուների առաջին անգամ տեղեկացնելով Հայաստանի, ժամանակակից հայկական մշակույթի, քանդակագործական մտածողության հետ:

Իսկ ինչպե՞ս է ազդում յուրաքանչյուր նոր ցուցահանդես արվեստագետի ստեղծագործական ընթացքի վրա: Այս երեւույթին հետաքրքրական մոտեցում ունի քանդակագործը. «Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո կարծես ազատվում ես այդ գործերից: Դա նույնիսկ անհրաժեշտ է, որովհետեւ փնտրող արտիստը խուսափում է կրկնվելուց, նրա ասելիքը միշտ նոր ձեւեր է գտնումՙ համադրելու դրանք իր ներքին ապրումների, հույզերի հետ» :

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 12-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ