ՔԱՐՇԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՕՏՏԱՎԱ Հ. Ծ. Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ու տիկնոջ Մարիայի ջանքերի եւ անշուշտ պետական մարմինների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ հունիսին մայրաքաղաք Օտտավայի Շատո Լորիե (Chateau Laurier) հյուրանոցի առաջ կտեղադրվի 20-րդ դարի մեծագույն լուսանկարիչներից մեկիՙ Յուսուֆ Քարշի հուշարձանըՙ իր լուսանկարչական ապարատով, տեղեկանում ենք «Diplomat» պարբերականի խմբագիր Ջենիֆեր Քեմպբելի հոդվածից, որն արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեթեյթր» շաբաթաթերթը: Յուսուֆ եւ Էստրելիտա Քարշերը այդ հյուրանոցում են ապրել 18 տարի: Աշխարհահռչակ լուսանկարիչը վախճանվել էր 2002 թվին: Հուշարձանի հեղինակն է Մոնրեալում ապրող բժիշկ, քանդակագործ Մկրտիչ Տարաքչյանը : «Սա մի տեսակ երախտիքի արտահայտություն է մեր ժողովրդից դեպի Կանադայի ժողովուրդըՙ Կանադայի կազմավորման 150-րդ եւ հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձների առթիվ», նշել է դեսպան Արմեն Եգանյանը : «Յուսուֆ Քարշը օտտավացիների կուռքն է: Բոլորը ճանաչում եւ սիրում են նրան: Խորհրդարանի խոսնակի գրասենյակում կախված է նրա Ուինստոն Չերչիլի դիմանկարը, որն աշխարհով մեկ ճանաչված է որպես եզակի ստեղծագործություն», գրում է Ջենիֆեր Քեմպբելը հոդվածի վերջում: Յուսուֆ Քարշն, այսպիսով, 15 տարվա բացակայությունից հետո դարձյալ կվերադառնա իր հարազատ Օտտավա: |