ՀԱՆԴԱՐՏՙ ՈՐՔԱՆ ԿՅԱՆՔԸ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Սարգիս Վահագնի պատմվածքների նոր ժողովածուն 1953-ինՙ Սարգիս Վահագնի առաջին պատմվածքի հրապարակումից հետո, սկսվում է տարիների գրական բեղուն գործունեությունըՙ ծննդավայրում, Բեյրութում եւ հետագայում շարունակվում Լոս Անջելեսումՙ սփյուռքյան իրականության մեջ կրելով հայ գրողի, այն էլՙ հայերենով ստեղծագործողի դժվարություններն ու պատասխանատվությունը նաեւ: Ինչպես գրում է Գեղամ Սեւանը. «Կյանքում բարդուեց մի սիրելի հոգս եւսՙ սփիւռքում հայ գրող լինելու հոգսը»: Սիրելի հոգս, որովհետեւ անապահով կյանքի պայմաններում, «ի գին ապրուստի ժամանակի անհաշիվ վատնումների» մեջ գրելու համար խլված ժամանակը ամենաթանկն ու ամենասպասվածն է լինում: «...Անկարելի է նաեւ չգրել, որովհետեւ գրելը ոչ ֆանթեզի է մեզի համար եւ ոչ ալ ժամանց: Այլՙ պայքարի ձեւ մը, ընդվզում մը մեզ շրջապատող տգեղութիւններուն եւ անարդարութիւններուն դէմ: Տակաւին, կը հաւատամՙ գրելով հայրենասիրութեան ակտ կատարած ըլլալ, ոյժերուս ներած չափով սատարել մեր ոսկեղենիկ լեզուի պահպանման ու տարածման: Ի՛նչ փոյթ, թէ քիչ է թիւը մեր ընթերցողներուն: Բայց գոնէ ունինք այն հաւաստիքը, թէ ունինք հայրենիք մը, որ կը հասկնայ մեր կացութիւնը եւ մեր կողքին է միշտ», - Սարգիս Վահագնի այս տողերի մեջ ամփոփված են ներքին այն շարժառիթները, որոնք մղել են նրան գրիչ վերցնելու: Բացի այս, հայերենով գրելը սփյուռքի շատ գրողների համար ներքին պահանջ է, որոշ դեպքերում միջավայրի լեզվականՙ երբեմն բացարձակ օտարության մեջ մայրենիով հաղորդակցվելու միակ միջոցը, ինքնության պահպանման ենթագիտակցական անհրաժեշտությունից եկող: Արձակագրի համար ամենակարեւորըՙ շրջապատի, միջավայրի հանդեպ դիտողականությունն ու մարդաճանաչողությունը, հատկանիշներ, որոնց տիրապետում է Սարգիս Վահագնը լիովին, արդեն իսկ բավարար ատաղձ են գրական այն գործերի համար, որոնք ներկայացված են իր վերջինՙ «Ծաղկաքաղ պատմուածքներու» վերնագրով ժողովածուումՙ տպագրված Լոս Անջելեսում, 2016 թ., հրատարակությամբՙ Թեքէեան մշակութային միութեան: Նրա գրական հմտությունները, ավելի շուտՙ նախասիրությունները գեղարվեստական արձակիՙ պատմվածքի ժանրում են առավել բացահայտվել, չնայած գրել է թատերգություններ, ավելի վաղՙ բանաստեղծություններ նաեւ, իսկ 2004-ին գրված «Արշիլ Գորկի» վեպը բավական հետաքրքրություն առաջացրեց եւ գնահատվեցՙ արժանանալով ՀԹՄՄ եւ «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակների: Անբռնազբոս ոճը, լեզվական պարզ կառուցվածքը, առավել հետաքրքրություն ստեղծելու համար ընթերցողի միտքը, ուշադրությունը անհարկի չլարելուՙ Սարգիս Վահագնի արձակին բնորոշ այս հատկանիշները շատ հարիր են այն թեմաներին, որոնք գրողի հետաքրքրությունների շրջանակներում են եւ ենթադրում են պատումի հենց այդ ձեւերը: Իրականությանՙ երբեմն ուղղակի անդրադարձներ են պատմվածքներում կատարվող դեպքերն ու երեւույթները, տարբեր ժամանակներում, տարբեր միջօրեականներում առօրեական կյանքի, առտնին ապրուստի, հոգսի հետ խառնված փոխհարաբերությունների մեջ ապրող հայ մարդկանց մասին, որտեղ հոգեբանության թաքուն շերտերի այնպիսի բացահայտումներ են արվումՙ երբեմն այնքան ուղղակի ու մերկ ներկայացվող, որ գրականություն - կյանք սահմանների միջեւ տարբաժանում չես էլ զգում: Գործողությունները, որ բնորոշվում են հանդարտ ընթացքներով, ապրվող օրերի սովորական, բնականոն ռիթմով, սակայն ներքին, եթե ոչ տագնապ, բայց անհանգիստ մի բան, այնուամենայնիվ կա դրանցում, գրեթե բոլոր պատմվածքներում կտրուկ կամ անակնկալ ավարտ են ունենում, եւ սա առավել հետաքրքրություն հաղորդողն է նրա այս գործերին: Դրա լավագույն օրինակը «Վրէժը» պատմվածքն էՙ նախաբանում որպես իրական դեպք ներկայացված, որ մի հուզիչ պատմություն է կամքին հակառակ Թուրքիա գործուղված, - որովհետեւ թուրքերենին միակ տիրապետողն էր աշխատավայրում, - հայ մի գործավորի մասին: Նախնիների բնօրրանումՙ Արեւմտյան Հայաստանում առաջին անգամ հայտնվելու, ապրված զգացումների ու հուզումների ֆոնինՙ պատանության տարիներից հորից լսած պատմություններն ու նկարագրություններըՙ կախարդական քաղաքի մասին, միախառնվում են իրականության գորշ ու անձեւ պատկերներին: Հուսախաբության այդ ալիքին, սակայն, բնության գեղեցկությունները փոխում են այն տպավորությունները, որ նա ունեցել էր ուղեւորության այդ կարճ ընթացքում: Դրսի ու ներսի աշխարհների ներդաշնակությունը հայացքի մեկ ընդգրկման, ակնթարթի մեջ խտացնող գեղեցիկ բնապատկերըՙ համատարած կանաչի, զարմանալի, բայց տեղիք է տալիս ներքին խռովքի. հոգեբանական անսպասելի անցումը մի քանի սեղմ բառերի մեջ է ներկայացված: «Ահա լճակ մըՙ կաթիլ մը արցունքի պէս վճիտ: Ահա՛ նաեւ գիւղ մը, ցորենի հասկի պէս դեղնած, ուրիշ մ՛ալ կանաչներու մէջ բռնկած կարմիր երդիքներով: Բայց զարմանալիօրէն խաղաղ եւ ամայի: Գոնէ վերէն այդպէս կը թուէր: Ո՛չ մէկ կեանքի նշան, բայց համատարած կանաչ մը ամէն կողմ: Եվ այդ կանաչը կը խռովէ զիս. մեր ժողովուրդին առատօրէն հոսեցուած արիւնն է որ բռնկեցուցած է այդ կանաչի հրդեհը» : Այն տպավորությունները, որ ունենում է պատմվածքի հերոսը օդանավակայանում, եւ հետո թուրքական քաղաքի փողոցներում, այն դեմքերը, որ տեսնում է այնտեղ, հոգեբանական հետաքրքրական վիճակներ են ստեղծում, դրանք բնավ նման չեն թուրքիՙ իր պատկերացրած անցյալի արնախում կերպարին. «Չէի ուզեր, որ կիրթ, արտաքին սիրալիրութեամբ այս Թուրքիան ինծի մոռցնել տար այն միւսը, որ երէկ տակաւին ֆէս կամ փաթթոց կը կրէր իր գլխուն եւ եաթաղան խաղցնել գիտէր» : Մտքով անցնում, անգամ երազում է հանդիպել այդպիսի մի տիպարիՙ ներսում ալեկոծվող ատելության ու վրեժի զգացումին հագուրդ տալու համար: Եվ ահա մի օր տեսնում է նրանՙ «պատի մը շուքին տակ նստած ծերունի կոշիկի ներկարարին» եւ վրեժ առնելու տարօրինակ ձեւ է մտածումՙ ամեն օր հատուկ կեղտոտ վայրերով անցնելով, կոշիկները թուրք կոշկակարին մաքրել տալու եւ նրան նվաստացնելու հաճույքը վայելելու, երբ մի օր անակնալը շանթահարում է իրեն. ընդմիջման համար կոշկակարին հաց բերող «կարկտնուած հագուստներով» երեխան հայերենով փսփսում է ականջին ՙ «Տէտէ, նանիս ըսաւ քի տաք-տաք ուտես, տոլմա է...» : Ժողովածուի պատմվածքներըՙ թեմատիկ ընդհանրություններով, երեք խորագրի ներքո են զետեղվածՙ «Կարօտի թեւաբախումներ», «Կռանին տակ», «Մեղապարտները»: Հերոսները սովորական, պարզ մարդիկ են, առօրյա կյանքով եւ իրենց նեղ հետաքրքրություններով ապրող, երբ անակնակալ դիպվածներ կարող են փոխել կյանքի հունը, որոնք սակայն պատահական չեն ընտրված, դրանք կյանքի, ապրելու դասեր են եւ ունեն որոշակի ուղերձներՙ լինեն ընտանիքին ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու համար սեփական նկարագրի դեմ արգելված աշխատանքային գործարքի մեջ մտնողի («Համրա»ի լոյսերը»), թե հայկական անունը փոխելու սակարկությանը կուլ չգնալու, ֆրանսացի պաշտոնյայի առաջարկը մերժելու եւ ազգային ինքնությունը պահելու ներքին բավարարությունն ապրողի («Անունը»), կամ թե նախանձի տարօրինակ մոլուցքով միմյանց հետ քաղքենիական մրցավազքի մեջ մտած երկու զարմուհիների, ունեւոր տիկինների զավեշտալի («Սրի Լանքացին») կերպարներն ու կյանքային այն վիճակները, որոնցում հայտնվում են նրանք: Մարդկային կյանքը մանրուքներ թվացող այս երեւույթներից է բաղկացած, սրանք իրականության անդրադարձներ են, որոնք գրականություն բերելը եւ վարպետորեն դրանք ներկայացնելը բավական ազդեցիկ եւ օգտակար նաեւ կարող են լինելՙ բարոյականության եւ մարդասիրության օրինակներ կամ խրատներ որպես, եւ կարեւորըՙ պատումի ոճը բարոյախոսական չէ, այն արվում է շատ սահուն, բնական անցումներով, թափանցիկ ակնարկների միջոցով: Գրական մոդեռնիստական ուղղություններին եւ հոսանքներին, նաեւ կոմերցիոն նպատակներ հետապնդող ներկայիս գրական արտադրությանը քաջատեղյակՙ Սարգիս Վահագնը որեւէ կերպ տուրք չի տվել դրանց: Նրա գեղարվեստական մտածողությունը ավանդական գրականության շրջանակների մեջ է մնացել: Թեմաները, որ շոշափում է գրողըՙ հայ մարդու ճակատագիրն օտարության մեջՙ ճիգերն ամեն կերպ ինքնությունը պահելու, ընտանիքի, սիրո եւ մարդկային այլ արժեքների շուրջ են, ինչն արդեն իսկ ենթադրում է այն ոճը, այն գրելաձեւը, որ հենց սկզբից որդեգրել է նա: Կարեւոր է նաեւ մարդկային հոգու նուրբ շերտերը թափանցելու նրա կարողությունը, որ կերպարաստեղծման, նրանց գործողությունները հոգեբանորեն պատճառաբանող, բացահայտող գործոն է: Պատմվածքների հերոսներից շատերին բնորոշ է ներքին ինքնամփոփ վիճակները, խորհրդածություններին տրվելը, առանձնանալը, ինչ-որ առումով նրանք երազողներ են, անգամ եթե գործնական աշխարհի մարդիկ են, նկարիչներ, լուսանկարիչ կամ բանաստեղծ են, հաճախ իրենց միջավայրի, ընդունված ըմբռնումների հետ ներքին հակասությունների մեջ հայտնված. խառնվածքների այսպիսի բացահայտումները, զարգացումները եւս նովելին բնորոշ հետաքրքրական ու կտրուկ ավարտներ են ունենում: Գրություններից մեկում Սարգիս Վահագնը ասում է. «Կանուխէն սկսեր եմ սիրել գրականութիւնը, որովհետեւ ծնողքիս ինծի ներշնչած վճիտ հայրենասիրութիւնը կրցեր եմ յագեցնել միայն գրականութեամբ» . այն դարձել է իր կյանքի անհրաժեշտ մասը, իմաստը: Նրա գրականությունը մարդասիրության, հայասիրության, հայրենասիրության անկեցվածք, պարզ ու անճիգ պատգամ է: |