ԱՄՆ-Ի ԳԼԱՄՈՒՐԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅԱԶԳԻ ՆԿԱՐԻՉԸ ...ՈՐ ՆԿԱՐԵԼ Է ԵՍԵՆԻՆԻՆ ԵՎ ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻՆ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ 1934 թվականին ամերիկյան «Վենիթի ֆեյըր» («Սնափառության տոնավաճառ») գլամուրային ամսագրի մարտյան համարում ընդգրկվել է Էռնեստ Հեմինգուեյին պատկերող հումորային մի նկարաշար: Այնտեղ արդեն հռչակ վայելող գրողը պատկերված է ստվարաթղթից կտրված «խաղալիքի» տեսքով, որի վրա կարելի է «հագցնել» թղթե զգեստներ, կոշիկներ, գլխարկներ: Հեմինգուեյն, այդպիսով, ստացել է զանազան կերպավորումներՙ «Էռնին որպես Կորած Սերունդ», «Էռնին որպես ցլամարտիկ Դոն Խոսե», «Էռնին որպես նեանդերթալցի», «Էռնին որպես Անհայտ Զինվոր»... Իսկ նկարների բացատրագիրը ծանուցել է. «Էռնեստ Հեմինգուեյՙ ամերիկյան գրականությանը պատկանող քարանձավաբնակ, թունդ խմող, ծեծկռտուքի մեջՙ վայրագ, սիրո մեջՙ սոսկալի, եւ ամենըՙ հանուն արվեստի»: Նկարների եւ տեքստի հեղինակն էր Կոնստանտին Ալաջալովը : Այս անունը ծանոթ է կերպարվեստի հայ մասնագետներին. հայտնի են նկարիչներ Սեմյոն (1902-1987) եւ Ստեփան (1903-1969) Ալաջալովները, որոնցից առաջինը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, երկրորդըՙ մոսկովյան թատրոններում փնտրված նկարիչ-ձեւավորող: Կոնստանտինը նրանց ավագ եղբայրն էր, որին, սակայն, ճակատագիրը նետեց հեռու ափերՙ կտրելով հայ եւ ռուս իրականությունից ու դարձնելով ամերիկյան պատկերազարդման արվեստի ականավոր դեմքերից մեկը... Այսօր նրա արխիվը, գծանկարները եւ երփնագրերը պահվում են Նյու Յորք նահանգի Սիրաքյուզի համալսարանի իր անհատական ֆոնդում, Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում եւ Բոսթոնի համալսարանի արխիվային հետազոտությունների կենտրոնում: Ալաջալովի ստեղծագործություններից նմուշներ գտնվում են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի, Բրուքլինի, Ֆիլադելֆիայի եւ Դալլասի գեղարվեստական թանգարաններում: Նորնախիջեւանցի Իվան եւ Իզաբելլա Ալաջալովների (Ալաջալյան) Կոնստանտին ավագ որդին ծնվել էր 1900 թվականի սեպտեմբերի 18-ին, Դոնի Ռոստովում: Բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքը հոգ է տարել որդիների մասնագիտական կրթությանը, եւ Կոնստանտինը, գիմնազիան ավարտելուց հետո, ինքնուրույն զբաղվել է նկարչությամբ: Մինչեւ Առաջին աշխարհամարտը պատանին մասնակցել է ամենամյա համառուսական ցուցահանդեսներին, իսկ 1917-1918 թվականներին, մինչ Պետրոգրադը փոթորկվում էր բուռն իրադարձություններից, նա իր նկարչական բարձրագույն կրթությունն է ստացել տեղի համալսարանում: 1919-ին վերադառնալով ծննդավայրՙ աշխատակցել է ռոստովյան «Իսկուստվո» («Արվեստ») ամսագրին, ապրուստ հայթայթելու համար նկարել է «հեղափոխության հերոսների»ՙ Լենինի, Տրոցկու եւ մյուսների դիմանկարները, նկարազարդել ագիտգնացքների վագոնները: Դոնի Ռոստովի եւ Նոր Նախիջեւանի ութերորդ գարնանային ցուցահանդեսում ներկայացրել է արդեն հասուն աշխատանքներ: Դրանց անունների թվարկումը պատկերացում կարող է տալ նկարչի թեմաների եւ նախասիրությունների մասինՙ «Ցլամարտիկներ», «Աբելի մահը», «Կաֆե-համերգ», «Բրետանում», «Դեղին առագաստ», «Հանգիստ», «Լողացող կանայք», «Ապաչինը», «Երկու վանական»: Նրա գործերը սկսել են երեւալ Ռոստովի «Դոնսկայա վոլնա» («Դոնի ալիք») պարբերականիՙ 1918 եւ 1919 թվականների համարներում: 1920 թվականին Կոնստանտին Ալաջալովը տարագրվել է Իրան: Հավանաբար այս ուղեւորության ժամանակ է, որ նա գնացքում ծանոթացել է ռուս մեծ բանաստեղծ Սերգեյ Եսենինի հետ եւ ստեղծել է նրա դիմանկարը: Այն առաջին անգամ հրատարակվել է 1929-ին Լոնդոնում լույս տեսած Մ. Դեսթիի «Այսեդորա Դունկանի վախճանը» անգլերեն գրքում: Ռուս արվեստաբան Վ. Կուզնեցովայի կարծիքովՙ առաջին հայացքից չի երեւում, որ դիմանկարը Եսենինինն է. ամեն ինչ կտրուկ է, չկա նրբություն, շուրթերը չեն ժպտում, քիթը մեծ է... Այդուամենայնիվ, նկարն ընդունվել է Եսենինի թանգարանի կողմից եւ հրատարակվել է «Ս. Ա. Եսենինի թանգարանը» գրքումՙ առանց Ալաջալովի անունը նշելու: Ինչեւէ, Թեհրանում քսանամյա հայորդին սկսել է իր մի կտոր հացը վաստակել կինոթատրոնի համար կինոաստղերի դիմանկարներ եւ որմազդեր նկարելով: Ակնհայտ երգիծական ոճով հետագայում նա պատմել է, որ Իրանում ինքը որոշ ժամանակ եղել է ոմն հեղափոխական գործիչ Ուսունալա խանի պալատական նկարիչը (թեեւ վերջինս պալատ չի ունեցել եւ իրեն չի վճարել) ու ստեղծել է խանի պապի երեւակայական լուսանկարը: Շուտով Ուսունալա խանին կախել են, եւ Ալաջալովը 1921-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիսՙ ռուսաստանցի տարագիրների ժամանակավոր օթեւանը: Այստեղ էլ նա նկարազարդել է գիշերային ակումբների ինտերիերներ, նկարել կինոյի որմազդեր եւ ռեստորանների հաճախորդների դիմանկարներ: Երիտասարդ նկարիչը նպատակասլաց կերպով գումար է կուտակելՙ ԱՄՆ մեկնելու տոմս ձեռք բերելու համար, եւ վաստակելով առաջին հարյուր դոլարըՙ 1923-ին հումանիտար օգնության բեռնատարով հասել է Գերմանիա: Այստեղից էլ մեկնել է ԱՄՆ, հաստատվել Նյու Յորք քաղաքում, որտեղ ունեցել է մի քանի սահմանափակ ծանոթություն: Ամերիկայում ապրած առաջին տարիներին Կոնստանտին Ալաջալովն նկարազարդել է մասնավոր տներ, Մանհաթընի ռուսական ակումբները, մասնավորապեսՙ ռուս կոմսուհի Աննա Զարենկաուի ռուսական ռեստորանի որմնանկարները: Նաեւ պատվերով ստեղծել է դիմանկարներ, որմազդեր թատրոնի եւ կինոյի համար, ձեւավորել ռուս հայտնի բալետմայստեր Միխայիլ Մորդկինի խմբի բեմադրությունները: Կոնստանտին Ալաջալովը դարձել է արվեստի մեկենաս Ռոբերթ Ու. Չենդլերի նկարիչների շրջանակի անդամ, այլ ռուսաստանցի նկարիչների (Բոբրիցկի, Ցիկովսկի, Բուռլյուկ եւ ուրիշներ) հետ մասնակցել Չենդլերի «Ուխտավորների ալմանախի» ստեղծմանը (1925-1926): 1926-ին Ալաջալովն առաջին անգամ իր ստեղծած շապկանկարը վաճառել է «Նյու Յորքըր» ամսագրին, որից հետո գրավել է նյույորքյան մամուլի ուշադրությունը: Նրա շապկանկարները եւ երգիծանկարները սկսել են հայտնվել այնպիսի նշանավոր ամսագրերում, ինչպիսիք են «Վոգը», «Լայֆը», «Ֆորչընը», «Նյու մեսսիզը», «Վենիթի ֆեյըրը»: Ալաջալովը եղել է միակ նկարիչը, որը միաժամանակ աշխատակցել է թե՛ «Նյու Յորքըր», թե՛ «Սաթըրդեյ իվնինգ փոսթ» ամսագրերին: Ամերիկյան արդի կյանքը պատկերող նրա երգիծանկարներն ու ջրաներկ աշխատանքներն իրենց գունեղությամբ, սրամտությամբ, թեթեւությամբ, մանրամասների հանդեպ հատուկ ուշադրությամբ որոշակի ճանաչում են ապահովել Ալաջալովին: «Որպես երգիծաբանՙ Ալաջալովը նկարում է բավականին խղճով, ինչը խոսքերով շատ դաժան կլիներ: Որպես իր ժանրի արվեստագետՙ նրա նկարածն իրականում եզրակացություններ են»,- գրել է «Նյու Յորքըրի» լրագրող, ժամանակին ճանաչված գրող Ջենեթ Ֆլաները: Ամերիկյան հրատարակչությունների պատվերով 1920-1960-ական թթ. նկարիչը պատկերազարդել է մի շարք գրքերՙ Միլերի «Մոխրոտիկը», «Ջորջ Գերշվինի երգերի գիրքը», Պ. Ճավճավաձեի «Ընտանեկան ալբոմը», Հելեն Քաուֆմանի «Եհովայից մինչեւ ջազը», Քորնելիա Սքիների մանկական գրքերը եւ այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում («Քարսթեյրզ» ցուցասրահում), Դալլասում, Հոլիվուդում, Քանզասում: 1942-ին լույս է տեսել Ալաջալովի «Ժանրային պատկերներ» ալբոմը, որի նախաբանում հումորով պատմվում է նկարչի անցած կյանքի ուղին: Եղել է Ֆիլադելֆիայի Ջրանկարիչների ակումբի անդամ, նկարչություն է դասավանդել Նյու Յորքի տարբեր հաստատություններում: Ամերիկացի հայտնի արվեստաբան, Պատկերազարդողների տան նախագահ Ռոջեր Ռիդը , 1984-ին, Ալաջալովի մահից երեք տարի առաջ հանդիպել է 84-ամյա նկարչին եւ նրան հիշել է որպես «նրբագեղ եւ արիստոկրատ մի կերպարի, որը հպարտ էր պատկերազարդման գործում իր հարուստ ավանդի համար»: Եվ իսկապես, ամերիկյան արվեստաբանությունը հայազգի նկարչին իրավամբ համարում է ԱՄՆ-ի գրքի եւ մամուլի պատկերազարդման ոսկեդարի առաջին դեմքերից մեկը... Նկար 1. «Կոնստանտին Ալաջալովի դիմանկարը» (գործՙ Ա.Ե.Յակովլեւի) |