ՍԱՐԻԿԸ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ Երբ կողքի սենյակում նա ծիծաղում էր, անկարելի էր չճանաչել, որ ծիծաղողը Սարիկն էր (Մարտիրոս Սարյանի ավագ որդին): Դա անկրկնելի ծիծաղ էր, բարձր, շա՜տ բարձր, բայց ամբողջովին հագեցած լավատեսական տրամադրությամբ: Եվ ծիծաղում էր ոչ թե կարճ, էպիզոդիկ, այլՙ ամբողջ սրտով, ժողովուրդն ասում էՙ «կուշտ ծիծաղել»: Ես փորձում էի իսկույն մտնել այն սենյակը, որտեղից գալիս էր այդ եզակի ծիծաղի ձայնը, որպեսզի Սարիկին տեսնեի հենց ծիծաղելիս... Սարգիս Սարյանն այդ տարիներին Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտքարտուղարն էր: Փայլուն գիտեր երեք լեզուՙ հայերեն, ռուսերեն, իտալերեն: Եվ եթե նրա հետ կապված իմ ամենավաղ հուշը վերաբերում էր 1947 թվականին, ուրեմն նա երեսուն տարեկան էր: Եվ պետք է ասեմ, որ Սարիկը հաճախ մեր տուն էր գալիս մենակ, բերում էր մի հետաքրքրական հոդված կամ թե գիրք, որը գուցե դուրս էր մնացել Իսահակյանի ուշադրությունից, եւ նա իր պարտքն էր համարում ծանոթացնել այն Վարպետին: Վարպետն էլ իր հերթին շատ էր սիրում Սարիկին, համարում էր նրան իր ժամանակի ամենակարդացած, էնցիկլոպեդիկ գիտելիքներ ունեցող երիտասարդներից մեկը: Հետո սիրում էր նրա օպտիմիզմը, բարի վերաբերմունքը շրջապատի մարդկանց հանդեպ եւ, իհարկե, նրա որոտընդոստ ծիծաղը: «Միայն լավ մարդը կարող է այդպես զորեղ ծիծաղել», - ասում էր Վարպետը: Եվ միշտ սիրով էր ընդունում իր թանկագին ընկերոջ որդուն: Նրանց խոսակցության թեման հիմնականում գրականությունն էր: Իսկ խոսակցության, այսպես ասած, դեսերտի մասը վերաբերում էր Հայաստանին: Սիրում էր նա հատվածներ կարդալ Իսահակյանի «Աբու-Լալա-Մահարի» պոեմից Վալերի Բրյուսովի թարգմանությամբ եւ սեւեռվում այն հատվածների վրա, ուր Բրյուսովը որոշ իմաստով հեռացել էր բնագրից: Դա, անշուշտ, ոչ թե թարգմանչի քմահաճույքն էր, այլ այդպես էր թելադրում տեքստը, քանզի շատ հայերեն դարձվածքներ, բառակապակցություններ անհնարին էր թարգմանել բառացիորեն: Սարիկը հիանալի գիտեր ռուսական պոեզիան, հատվածներ էր արտասանում Պուշկինից, Լերմոնտովից, Պաստեռնակից: Տարիների հետ, եթե հաշիվն սկսենք 1947 թվականից, ապա մինչեւ 1957 թվականըՙ Իսահակյանի կյանքից հեռանալու տարին, Սարիկի հանդիպումները Վարպետի հետ ես արդեն ընկալում էի որպես գիտակից պատանի, բայց եւ հաջորդ տարիներին, մինչեւ 1962 թ. Սարիկի մահվան տարին, ես էլ իմ հերթին մի քանի անգամ հանդիպել եմ Սարիկին, բայց արդեն ոչ թե մեր տանը, այլ Մարտիրոս Սարյանի տանը, իսկ երկու անգամ էլ, 1960 եւ 1961 թվականներին, Սեւանա կղզու Գրողների միության հանգստյան տանը: Սարիկը յուրահատուկ հիշվող արտաքին ուներ. նախՙ բավական բարձրահասակ էր, մարզիկի պես կոփված էր, ուներ շատ ուժեղ ձեռքեր, մշտապես խոշոր ակնոցներով, եւ նրանից անբաժան էր ուզբեկական տյուբիտեյկան: Բանն այն է, որ հինգ տարեկան հասակում Սարիկը ունենում է գլխի մազածածկի սնկային հիվանդություն, եւ բժիշկները խորհուրդ են տալիս Սարիկի ծնողներին որդուն բուժման տանել Լենինգրադ, ուր նման բուժումն իրականացվում էր ռենտգեն ճառագայթման միջոցով: Եվ դեռ քիչ փորձ ունեցող լենինգրադյան բժիշկները չափից ավելի են ճառագայթում Սարիկի գլուխը, ինչի հետեւանքով ողջ մազերը թափվում են: Փառք տիրոջը, որ չի վնասվում պատանու ուղեղը, որը բնականոն զարգանում է: Հենց այդպիսին էլՙ ուզբեկական թասակով եւ խոշոր ակնոցներով պատկերված է Սարիկը ե՛ւ հոր արած նկարներում, ե՛ւ բազմաթիվ գրաֆիկական ճեպանկարներում, ե՛ւ իր լուսանկարներում: Չնայած պատահած ողբերգությանը, Սարիկը մնացել էր հոգով ամուր, նրան հատուկ էր բարի տրամադրությունը, լայն ժպիտը եւ այս ամենի ամենաբնորոշ հաստատումըՙ իր լավատեսական ծիծաղը: Մեր տանը թե Սարյանենց մոտ նա ինձ տեսնելով իսկույն գրկում էր, վեր բարձրացնում իր գլխից էլ վեր եւ օդ թռցնում այնքան բարձր, որ քիչ էր մնում խփվեի առաստաղին, հետո շատ ճարպկորեն բռնում էր եւ էլի վեր թռցնում: Նրա խոշոր, ամուր ձեռքերը շատ վստահելի էին, եւ ես շատ հանգիստ էի, որ ցած չեմ ընկնի: Եվ ամեն անգամ վեր բարձրացնելիս ծիծաղում էր իր զրնգուն ձայնով: Այդ տարիներինՙ 1947-1957 թթ., երկրի քաղաքական կյանքում վիթխարի փոփոխություններ էին տեղի ունենում, սակայն Սարիկը չէր խոսում քաղաքական թեմաներով: Բայց նրա մշտական ցավը Ղարաբաղն էր, որի հանձնումը Ադրբեջանին համարում էր մեծագույն սխալ: Իհարկե չէր տալիս այդ սխալը թույլ տվածների անունները, սակայն սրտի ուզածի պես պախարակում էր թուրքերին եւ ադրբեջանցիներին: Այդ թեման նաեւ Վարպետի սրտով էր, եւ նրանք երկուսով զրուցում էին: Մի օր նա ոգեւորված արտասանեց. Как в Нагорном Карабахе В диком городе Шуше... Վարպետը շատ զարմացավ. - Ո՞վ է այս հրաշալի բանաստեղծության հեղինակը: - Ինչպե՞ս, Վարպետ, դուք չէի՞ք լսել այս տողերը: Եվ արտասանեց կրկին նույն հեղինակի բանաստեղծությունըՙ նվիրված հայոց լեզվին: «Սա Օսիպ Մանդելշտամն է, որն Ստալինին անվանել էր «горец в сапогах, с тараканьими усами»: - Ինչպե՞ս չէ, ես Մանդելշտամի անունը լավ գիտեմ, շատ տաղանդավոր բանաստեղծ է, ծագումով հրեա, նրա մասին Փարիզում խոսում էին Իլյա Էրենբուրգը եւ Բորիս Պաստեռնակը: Գիտեմ նաեւ, որ զոհ եղավ ստալինյան բռնություններին: Սակայն ես ի՞նչ իմանայի Փարիզում, որ նա հայկական շարք է գրել, հետո էլ, երբ այստեղ եկա, ինքդ էլ լավ գիտես, որ նրա անունն արգելված էր: Բայց ապրես, Սարիկ, որ ինձ համար բացեցիր հայկական Մանդելշտամին: Եթե դժվար չէ, այս շարքի բանաստեղծություններն արտագրիր եւ այդ օրինակները հանձնիր ինձ, ինձ շա՜տ պետք է: Մի քանի օրից Սարիկը Վարպետի խնդրանքը կատարեց եւ բերեց Մանդելշտամի հայկական թեմայով գրված բանաստեղծությունները, յուրաքանչյուրն առանձին, երկար սպիտակ թերթիկների վրա: - Սարիկ ջան, շնորհիվ քեզ, այս կարեւոր փաստը ես իմացա, տես, եթե էլի մեկը ռուս բանաստեղծներից գրի մերՙ հայերիս մասին, ինձ տեղեկացրու: - Վարպետ ջան, ձեր մասին Բլոկի միայն մեկ-երկու կարծիքն են ասպարեզ հանել, մինչդեռ նա ավելին էր գրել, եթե հնարավորություն ունենամ Լենինգրադում ուսումնասիրել Պուշկինյան տանը պահվող Բլոկի ձեռագրերը, ապա դրանցից եւս կարտագրեմ ձեր անվան հետ կապված հատվածները: Այդ տարիներին Երեւանում գործում էր ոչ պաշտոնական, բայց իրեն լավ հաստատած «Կոլխոզ» գրողական ընկերությունը, անդամակցությամբ Հրաչյա Քոչարի, Սիրասի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Վահագն Դավթյանի, Սերո Խանզադյանի եւ Սուրեն Աղաբաբյանի: Նրանք շատ հաճախ էին հավաքվում Իսահակյանի տանը: Սարիկը սովորաբար սիրում էր Վարպետի մոտ մենակ գալ, իսկ երբեմն էլ գալիս էր Գրականության ինստիտուտի (ուր նա այդ շրջանում աշխատում էր) իր գործընկերներից որեւէ մեկի հետ: Լավ հիշում եմՙ Գուրգեն Հովնան, Սուրեն Աղաբաբյան, Լեւոն Հախվերդյան, Իվան Ղազարյան, Տիգրան Կարապետյան, Արամ Ինճիկյան, Ազատուհի Գասպարյան, Խաժակ Գյուլնազարյան, Արամ Գրիգորյան, Ալմաստ Զաքարյան. բոլոր այս մարդիկ ընկերություն էին անում Սարիկի հետ: Եվ քանի որ նրանք մտնել ու դուրս գալ ունեին Մարտիրոս Սարյանենց տուն, Վարպետը մեղմ ասած, որդու «խնդրանքով», իր պարտքը համարեց ստեղծելու նրա ընկերների դիմանկարների շարքը: Եվ ինչպես պահանջվում էրՙ կտավի վրա յուղաներկով: Այդ նկարներից մի քանիսը Սարյանը նվիրել էր որդու ընկերներին, իսկ մի քանիսը մնացին նրա արվեստանոցում: Սարիկը մի առանձին հպարտությամբ պատմում էր Վարպետին, որ ինքը հոր արվեստանոցում եւ տանը հանդիպել էր Չարենցին եւ Բակունցին, Մահարուն եւ Թոթովենցին, Պողոս Մակինցյանին եւ Աշոտ Հովհաննիսյանին: Հիշյալ բոլոր այս մարդկանց դիմանկարները նույնպես ստեղծել էր Մարտիրոս Սարյանը եւ որոնք (բացառությամբ Չարենցի դիմանկարի) կրակի մատնվեցին պատկերասրահի բակում... ստալինյան գրական էմիսարների կողմից... Սարիկը, կարող ենք համոզված ասել, որ կոմունիզմի գաղափարին հավատացող չէր, ինչպես, ասենք, իր քեռինՙ Մուշեղ Աղայանը: Մարտիրոս Սարյանի հայացքները հայտնի էին այդ տանը մոտ կանգնած շատերին: Հենց որդին հիանալի գիտակցում էր, որ իր հայրը, որպես մեծ հայրենասեր, միայն գարշանքով էր լցված դեպի մարքսյան փիլիսոփայությունըՙ դեպի Լենինը, Ստալինը: Վարպետը, Սարյանը, երբեք չի կարող ներել Հայաստանի բզիկ-բզիկ անելը, մեր պատմական հողերի բաժանումը Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես եւ կոմունիստ բարբարոսների տարած թուրքոֆիլ քաղաքականությունը: Սարիկը որպես խելոք եւ սրատես մարդ այս ամենը հիանալի հասկանում էր, բայց արի ու տես, որ շատ զգույշ էր եւ դեռ փորձում էր խրատներ տալ հորը, որ «Այս երկրում պատերն էլ ականջներ ունեն. մի՛ խոսա»: Եվ պատահական չէր, որ հաճախ հանդիպում էր ավելի շատ ձախ թեքում ունեցող կոմունիստ մտավորականների հետ: Սարիկի ընկերների մեջ ախպարներ չկային, անգամ կոմունիստ ախպարներ, ինչպես Տիգրան Զավենը, Լեւոն Մեսրոպը, Զաբել Եսայանը: Դուք Սարիկին երբեք չէիք տեսնի հին «Ինտուրիստի» սրճարանում կամ «Արմենիա» ռեստորանի բոհեմիկ երեւելիների սեղանի մոտ: Պարզապես Սարիկը, որ 1937 թվականին ընդամենը 20 տարեկան էր, իր աչքերով շատ մահեր էր տեսել: Երեկ դեռ իրենց տանը սեղանի գլխին առոք-փառոք բազմած Պողոս Մակինցյանը, Արամայիս Երզնկյանը եւ Եղիա Չուբարը այսօր առանց դատ ու դատաստանի գնդակահարված էին, կամ լավագույն դեպքում ԿԳԲ-ի սիբիրյան զնդաններում էին, ինչպես Աշոտ Հովհաննիսյանը, Մահարին, Ալազանը, ճարտարապետներ Քոչարը, Միքայել Մազմանյանը, հայագետ Աշխարհբեկ Քալանթարը... Իմ տատիկի եղբայր Իոսեբ Քոչարյանցը (որն իր մահկանացուն կնքեց սիբիրյան ճամբարներում) երկու աղջիկ ուներ, Մոսկվայում ծնված եւ ՀԿԲ(Պ) ստաժավոր անդամներ: 1964 թվականին ես նրանց հանդիպեցի իրենց հորեղբորՙ Պավելի տանը: Երբ զրույցի ժամանակ հանկարծ օգտագործեցի դաշնակցական բառը, Իոսեբի դուստրերը սաստիկ գունատվեցին, վերցրին իրենց պայուսակները եւ առանց ցտեսություն ասելու մի վայրկյանում չքացան Պավլուշի բնակարանից: - Մի՛ նեղանա, - ուղղվեց դեպի ինձ Պավլուշ քեռին, - պարզապես նրանք մահ շատ են տեսել... Սակայն վերադառնանք դառն մտորումներից դեպի 1960-ական թվականները, արեւավառ Սեւանա կղզին: *** 1961 թվականի օգոստոսին ես ու մայրս հանգստանում էինք Սեւանա կղզու Գրողների հանգստյան տանը: Այդ տարի այդտեղ շատ հետաքրքիր ժողովուրդ էր հավաքվելՙ Նաիրի Զարյանը, Հմայակ Սիրասը, Արշալույս Բաբայանը, բանաստեղծուհի Շողիկ Սաֆյանըՙ դստեր Ագնեսայի հետ, բժիշկ-ակադեմիկոս Լեւոն Հարությունյանը դստերՙ Անուշի հետ, Մոսկվայից պրոֆեսոր, ծագումով ղարաբաղցի Արֆո Պետրոսյանը դստերՙ նկարչուհի Նաիրայի հետ: Բոլորիս առավոտ վաղ զարթնեցնում էր Նաիրի Զարյանի ձայնըՙ «Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն» երգով, որ երգում էր ծովափին, ու նրա բամբ ձայնը բռնում էր ողջ շրջապատը: Այդ օրն էլ նախաճաշից հետո հանգստացողների մի մասն իջավ ծովափ: Մեզ հետ էր նաեւ Նաիրի Զարյանը: Շատ հաճելի, արեւոտ օր էր: Ավտոյի ճանապարհն այդ տարիներին անցնում էր ուղիղ զուգահեռ ծովափին, շատ փոքր տարածք կար խճուղու եւ ջրի միջեւ: Մեզնից ոչ հեռու կանգնեց մուգ կապույտ գույնի «Պոբեդա» մեքենա եւ մեջից դուրս եկավ, օ՜, զարմանք, ինքըՙ մեծ նկարիչը, Մարտիրոս Սարյանը: Մենք իսկույն գնացինք Վարպետին ընդառաջ: Վարպետի հետ էին նրա զավակներըՙ Սարիկը եւ Զարիկը, հարսըՙ Գալյան, եւ երեք թոռները, որոնցից երկուսըՙ Կատյան եւ Ռուբիկը, համարյա իմ հասակակիցներն էին եւ իմ լավ ընկերները, իսկ Ռուզանըՙ ամենակրտսերը, հազիվ երեք տարեկան լիներ... Վարպետն ուղղվելով Նաիրիին, ասաց, թե իմացել է, որ իր հին բարեկամուհինՙ Արֆո Պետրոսյանը, Գրողների տանն է հանգստանում եւ որոշել է այցելել նրան ու խորոված կազմակերպել: Գրողների ծովափից մի քանի քայլ այն կողմ մի փայտե լքված պիրս կար, որ մի 20 մետր ձգվում էր ջրերի վրայով: Այդտեղ մեքենան տեղավորվեց: Ես վազեցի ծովափՙ կանչելու մորս եւ Արֆո Ավետիսովնային: Վարպետն ու Արֆո Ավետիսովնան դեռ պատերազմի տարիներից Մոսկվայից իրար լավ ճանաչել են. ջերմորեն ողջագուրվեցին, բարի խոսքեր հնչեցին: Գալինան այդ պահն անմահացնում էր իր լուսանկարչական ապարատով: Այդ կադրում կանք նաեւ ես ու մայրս: Ղազարոսն սկսում է մեքենայից պայուսակները հանել, իսկ Սարգիսն զբաղվում է ապագա խորովածի պատրաստությամբ: Վարպետը Արֆոյին, Նաիրիին, մորս ու ինձ հրավիրում է իրենց ինքնաշեն «վրանը», որը կազմակերպվել էր պիրսի տակ գոյացած ազատ տարածքում: Եվ մինչ Ղազարոսը կզբաղվեր խորովածի «հոգսերով», Վարպետը, Նաիրին, Արֆոն եւ նրանց միացած Սարգիսը դանդաղ զբոսնում էին պիրսի երկայնքով: Մենքՙ ավելի ջահելներս, նետվում ենք ջուրը: Կա՞ ավելի մեծ հաճույք, քան Սեւանա լճում լողանալը... Մանավանդ երբ կողքդ կա Կատյայի պես գեղեցիկ աղջիկ... Պիրսն այնպես էր կառուցած, որ կարելի էր հենց նրա տակը լողալ եւ տեսնում էիր նրա վրա քայլողներին, լսում նրանց ձայները: Եվ իմ ականջին հասնում է զրույցից մի հատված: Նաիրիի ձայնն է. - Հիմա էլ Էմինն ասում է պիտի գնամ Մոսկվա գրողների պլենումին եւ անձամբ Նազիմ Հիքմեթին (թուրք անվանի կոմունիստ բանաստեղծ, որը մի շրջան ապրել է Մոսկվայում) գանգատվեմ, որ Հայաստանում, հայ գրողների շարքերում աճում է նացիոնալիզմը եւ ատելությունը թուրք ժողովրդի հանդեպ... Եվ հենց այս խոսքերի վրա լսում եմ Մարտիրոս Սերգեեւիչի խրոխտ ձայնը, եւ Աստված իմ, ի՜նչ է նա ասում. - Թող գնա գանգատվի, ես էդ Էմինի էլ, Նազիմ Հիքմեթի էլ, գրողների պլենումի էլ... Ես ականջներիս չհավատացի, երբ Սարյանի կողմից լսեցի մի կատարյալ, երեք հարկանի հայհոյանք: Այնպես հերսով ու համով, որ անկեղծՙ մի անգամ էլ ուզեցի լսել Սարյանի զայրույթը... Անկեղծ ասած եւ զարմացա, բայց եւ սիրտս հովացավ, ա՛յ քեզ Սարյան, ա՛յ քեզ Վարպետ, էս ի՜նչ պոռթկում էր, երեւի տարիներ շարունակ հոգում հավաքված էր, որ հիմա Սեւանի ափին եւ դեռ կին-պրոֆեսորի ներկայությամբ վրա տվեց... Դե իմացե՛ք, թե ինչ է պատրաստվում ձեր գլխին բերել 80-ամյա Վարպետը: Ես ջրից դուրս եկա ու մոտեցա Վարպետի խմբին, նրանք ինձ իհարկե չէին նկատել: Լսածս սոսկ հայհոյանք չէր, այլՙ հանճարեղ մարդու մի ողջ տեսակետ: Եվ Սարյանը, որին ես առանց այդ էլ պաշտում էի, աչքիս է՛լ ավելի բարձրացավ: Իսկական տղամարդ, իսկական հայ մարդ... *** Մարտիրոս Սերգեեւիչի ծննդյան 82-ամյակն է, 1962 թվականի փետրվարի 28-ը: Դա մի զարմանալի օր էր, նախ հրաշալի էր Մարտիրոս Սերգեեւիչի տրամադրությունը, երբ նա բոլոր հյուրերին հրավիրեց սեղանի շուրջՙ երկու մեծ հյուրասենյակում: Սեղանները դրված էին ռեստորանի ձեւով, մի սեղանը 8-10 աթոռով, եւ Սարյանը խնդրեց Սարգսին, որ նա հյուրերին նստեցնի համաձայն նրանց համապատասխան համքարության: Ահա կոմպոզիտորների սեղանն է, այստեղ հիմնականում Սարյանի կրտսեր որդուՙ Ղազարոսի (Զարիկի) ընկերներն են. ինչպիսի վառ դեմքերՙ Առնո Բաբաջանյան, Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Գրիգոր Եղիազարյան, Ադամ Խուդոյան, Գրիգոր Հախինյան, Վլադիլեն Բալյան, Ալյոշա Աճեմյան, եւ բոլորնՙ իրենց կանանց հետ: Գրող եւ գրականագետների սեղանին էին Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Աշոտ Արզումանյանը, Վիգեն Խեչումյանը, Ռաֆայել Արամյանը, Գուրգեն Հովնանը, Սերո Խանզադյանը: Ես, հայրս եւ մայրս բնականաբար նստեցինք գրողների սեղանին, ուր հավաքված էին եւ Սարիկի ընկերները Գրականության ինստիտուտից: Հայրիկիս կողքը նստեցին Լաերտ Վաղարշյանը, Յուրի Երզնկյանը: Թամադա ընտրվեց ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը: Նոր էինք նստել եւ մի երկու կենաց լսել, մեկ էլ նկատեցի իր գեղեցիկ ձեռքով Մարտիրոս Սարյանը կանչում է ինձ իր սեղանին, ես հուզված մոտեցա. - Ավիկ, դու նստիր այստեղ, իմ դիմացը, ես ուզում եմ քեզնից Ավետիքի կարոտն առնել... Այս խոսքերն ասվեցին բավական ցածր, նրանք կարծես հասկանալի էին միայն Սարյանին եւ ինձ... Մեկ անգամ չէ, որ գրել եմՙ մարդկային կյանքը ամենափխրուն կատեգորիան է: Ահա Սարիկը ոգեշունչ, ուրախ, չէր հեռանում հոր եւ մոր կողքից, ուզում էր վայրկյան առաջ կատարել հոր այս կամ այն ցանկությունը: Սարյանն էլ իր հերթին շատ հոգատար էր դեպի ավագ որդին: Ինչ իմանար Վարպետը, որ սա իր վերջին ծնունդը պետք է լիներ, որին մասնակցում էր իր ավագ որդին... Սարիկը իր ժամանակի ամենակարդացած մարդկանցից էր: Նոր գիրքը նա անմիջապես կուլ էր տալիս, իսկ հներից առնում էր փոշին եւ մի առանձին խնամքով տեղադրում անձնական գրադարանումՙ իր սենյակի երկու պատերի երկայնքով ու բարձրությամբ հավաքված գրապահարաններում: Ինքնին ավելորդ է ասել, որ Սարիկը մոլի գրքասեր էր: Բարեբախտաբար, 1950-60-ական թվականներին Երեւանը լեցուն էր գրախանութներով: Սարիկի կարգախոսն էրՙ «Ոչ մի օր առանց գրքի»: Եվ տուն էր մտնում գրքերի տրցակը ձեռքին: Կին էլ չուներ, որ վրան մրթմրթար... Սարիկը սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, թերեւս Խորհրդային Հայաստանի պատմության ամենադժգույն տարիներինՙ 1935-1939 թվականներին, եւ բնականաբար նա տեսել էր, թե ինչպես մի ողջ ընտրանի լավագույն դասախոսների վռնդել են աշխատանքից (իսկ նրանցից շատերն էլ դատապարտվել կամ գնդակահարվել են), եւ նրանց փոխարինելու են եկել «կարմիր պրոֆեսուրայի» շրջանավարտները եւ իրենց գիտական ղեկավարին մատնած դեղնակտուց ասպիրանտները: Այնպես որ, Սարիկի անցած «համալսարանները» կարող էին մարդուն սնուցանել միայն բացասական ազդակներովՙ մատնություն, բանսարկություն, կեղծիք: Սակայն Սարիկը բոլոր իրադարձություններում մնաց մաքուր, անբասիր մաքուր: Այնուհետեւ Սարիկը սովորել է ՍՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, նույնպես ոչ ամենաբարեկեցիկ տարիներինՙ 1945-1947 թթ.: Այստեղ նրա բախտը բերել է, նրա գիտական ղեկավարն է եղել անտիկ շրջանի գրականության եւ թատերական արվեստի խոշոր գիտակ Ալեքսեյ Ջիվելեգովը: Սակայն փոքր-ինչ զարմանք է առաջացնում այն ատենախոսության թեման, որ առաջարկել էր երիտասարդ ասպիրանտին պրոֆեսոր Ջիվելեգովը. «Վերածննդի դարաշրջանի իտալական նովելի զարգացման նոր աստիճանը Մ. Բանդելլոյի ստեղծագործություններում»: Ասպիրանտուրան ավարտելուց երեք տարի անց Մոսկվայի գրականագիտական ամենահայտնի ինստիտուտի սյունազարդ դահլիճում Սարգիսը հաջողությամբ պաշտպանել է հիշյալ թեմայով իր ատենախոսությունը: Անշուշտ, Վերածննդի շրջանի իտալական գրականությունը, ինչպես եւ նրա զարգացման նոր աստիճանը եւ մանավանդ այս ամենի արտացոլումը Մ. Բանդելլոյի ստեղծագործություններում, շատ կարեւոր եւ արդիական թեմա էր: Հայ ընթերցողը կարող է թեթեւ գլխապտույտ ունենալ սույն թեմայի սոսկ վերնագիրը կարդալուց: Այստեղ մի քանի հանգամանքներ են գծագրվում. (ասում են Մարիետա Շահինյանի խորհրդով) Ջիվելեգովը կարողացել է հնարավորինս հեռու պահել իր ասպիրանտին արդիականությունից եւ գրականագիտության ցավոտ հարցերից: Միայն Մարտիրոս Սարյանը կարող էր հարց տալ. «Ինչո՞ւ համար, չէ՞ որ դու քո գիտելիքները ավելի արդյունավետ կարող էիր օգտագործել հայրենի գրականության ոլորտում»: Ես այս տողերը գրում եմ վստահաբար, քանզի շնորհիվ Ռուզան Սարյանի հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու մեծ նկարչի անտիպ մի նամակի ինքնագրի հետ: Մարտիրոս Սարյանը Երեւանից իր կնոջըՙ տիկին Լուսիկին, 1945 թ. հուլիսի 7-ին գրում է Մոսկվաՙ իրեն բնորոշ հումորով լեցուն մի նամակ, որից մենք շատ հետաքրքրական տեղեկություններ ենք ստանում թե՛ Սարիկի ընտրած թեմայի, թե՛ Մոսկվայում նրա ուսման վերաբերյալ: Սարյանը չափազանց հոգատար հայր է եղել եւ բնականաբար անմիջական ուշադրություն է տածել որդու ուսման հանդեպ: Եվ այսպես Սարյանը գրում է. «Ալեքսեյ Ճիվելեքյանը (Ջիվելեգով - Ա. Ի.) վաղը մեկնելու է Մոսկվա, այս նամակը կուղարկեմ նրա հետ: Շատ ուրախ եմ, որ Սարիկը հաղթահարում է երկրորդ հատորը Բանդելլոյի, դրա հերն եմ անիծել, անշուշտ, միության մեջ առաջինը կլինի Սարիկը, հազիվ թե մեկ ուրիշը գտնվի, որ դրա համար յուր կյանքի երկու տարին զոհաբերի, այն էլ լավագույն տարիները: Ես կարծում եմ, որ մի քիչ պետք է հեշտացնի Սարիկը իր գործը, այդպես ՊՏրՍՈվՈսՖվՏ անցնելը լավ է, բայց արժե՞ մեր այս «խալտուրային» դարաշրջանում: Սարիկը ուզում է կազմել բացառություն, ամենայն դեպս քիչ մը թող թեթեւացնի իր գործը: Ճիվելեքյանը ասեց, որ մինիմումը շուտով տալու է Սարիկը, այսօր եթե առիթ լինի կհարցնեմ, կամ չեմ հարցնի, որովհետեւ չկարծի, որ մենք տնով-տեղով նրա ասպիրանտներն ենք, վերջապես Սարիկը ինքը ձեւը կգտնի թեթեւացնելու, ինչպես ասում են նախիջեւանցիներըՙ վրայի երեսեն թող անցնի, ՒՌՐՎՈ ՉօՉպջպՑ, Սարիկի համար իհարկե քիչ նշանակություն ունեցող բան է ֆիռման»: (Պահպանված են Սարյանի գրելաձեւի առանձնահատկությունները): Հանգիստ թողնելով թեման, պետք է ասել, որ գիտական պահանջների տեսակետից Սարգիսն իրապես գիտական արժեք ունեցող ուսումնասիրություն էր կատարել: Նա ընթերցել էր Բանդելլոյին բնագրով, այսինքնՙ իտալերեն լեզվով, համառորեն սովորելով իտալերեն, ցույց էր տվել նաեւ հիանալի իմացություն Իտալիայի Վերածննդի շրջանի գրականության: Եվ երկրորդ. գրել էր հյութեղ լեզվով, համոզիչ գիտական ապացույցներով, եւ կարդացողին չէր թվում, որ նա գործ ունի հնադարյան իրականությունն անկենդան ձեւով ներկայացնելու մի հետազոտության հետ, ընդհակառակըՙ գրել է թարմ եւ կենդանի հոգով, մեկ շնչով կարդացվող գործ: Ցավոք, այս աշխատությունը, որը պատրաստ էր հրատարակման Մոսկվայում, այդպես էլ ժամանակին լույս չտեսավ, եւ ճիշտ կլիներ, որ այն հրատարակվեր ներկայումս, որպես մի նոր վկայություն հայ գրականագետի լայն ու հարուստ ներաշխարհի: Սարգիսը Մոսկվայից վերադառնալով հայրենիք, մինչեւ իր կյանքի վերջն աշխատեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում եւ բեղմնավոր կերպով շարունակեց իր գրականագիտական գործունեությունը: Գրեց մի հետաքրքրական աշխատությունՙ «Սովետահայ արդի պատմվածքը» (1959): Կազմեց եւ հրատարակեց «Չարենցը գրականության մասին» ժողովածուն: Ռուսերեն հրատարակեց «Ետպատերազմյան սովետահայ գրականությունը» մենագրությունը (1956 թ.), ինչպես նաեւ «Սովետահայ գրականությունը 1941-1960 թթ.» աշխատությունը, որը լույս տեսավ 1964 թվականին: *** Անցավ ուղիղ մեկ տարի մեր սեւանյան հանդիպումից: 1962 թվականն է: Ես ու մայրս Ռիգայի «Դուբուլտի» գեղատեսիլ վայրում, նույնպես Գրողների տանը, հանգստից հետո վերադառնում ենք Մոսկվա ու հանգրվանում Արֆո Ավետիսովնայենց հյուրընկալ տանը, որը գտնվում էր Արբատ թաղամասի հնագույն նրբանցքներից մեկումՙ Ստարոկոնյուշնայա 19 հասցեում (ի դեպ, այդ նույն շենքում ժամանակին ապրել են Դոլորես Իբարուրին եւ Նիկիտա Խրուշչովը): Արֆոն մեզ ընդունում է շատ սրտաբաց: Լավ հիշում եմՙ օգոստոսի 27-ն էր. - Դե՛ տեղավորվեք, լվացվեք, ու նստում ենք ճաշի: Քիչ անց մորս հետ մտնում ենք ճաշասենյակ: Սեղանը գցած է: Ու հայացքներս ուղղում ենք դիմացի պատին, որտեղ Արֆո Ավետիսովնայի մեծադիր դիմանկարն է, որը հեղինակել էր Մարտիրոս Սարյանը Մոսկվայում 1948 թվականին: Հրաշալի մի գործ: Արֆոն նկատում է մեր հայացքի ուղղությունը եւ ասում ցածր ու տխուր ձայնով. հա՛, մեր Մարտիրոսի արած գործն է, հա, դուք երեւի չգիտեք, որտեղի՞ց իմանայիք, օգոստոսի 20-ին Երեւան-Սեւան խճուղում պատահած ավտովթարից զոհվել է Սարյանի ավագ որդինՙ Սարգիսը: Մնացյալը լռություն: 2017 թ., հունվար Նկար 2. Մարտիրոս Սարյանը կնոջ եւ որդիների հետ |