ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ, բան. գիտ. դոկտոր Եվրոպական եւ ռուս գրականգիտության մեջ պարբերաբար մեծ հետաքրքրություն է առաջ գալիս գեղարվեստավավերագրական գրականության եւ հատկապես կենսագրական վեպի ենթաժանրային տեսակի բազմազան դրսեւորումների, դրանց գրականագիտական-տեսական օրինաչափությունների բացահայտման նկատմամբ: Մեր գրականագիտության մեջ համեմատաբար քիչ է գրվում այս գրական տեսակի մասին, թերեւս այն պատճառով, որ մեզանում շատ չեն ստեղծվում կենսագրական վեպի գրական տեսակին պատկանող երկեր: Դա կապված է գուցե թե վեպի այս տեսակի բնագավառում ստեղծագործելու համար մասնագիտական հետազոտություններ կատարելու բարդությունների հետ: Բայց եւ այնպես գրականության այս տեսակը արդի հայ գրականության մեջ եւս ունեցել է գրողների համար ձգողական ուժ եւ զարգացել է ուրույն կերպով: Անկախության տարիներին տպագրված կենսագրական վեպերի թվում առավել հաջողվածներից կարելի է առանձնացնել Պ. Զեյթունցյանի «Վերջին արեւագալը» (Ե.,1990) (Գ.Զոհրապի մասին), Ա.Թոփչյանի «Մինչեւ անգամ մահից հետոն» (Ե.,2005) (Ռ.Սեւակի մասին), Հ.Հակոբջանյանի «Սպիտակ էդելվեյսները» (Ե., 1997) (Ռ.Սեւակի մասին), նույնի «Առկայծ ճրագը» (Գյումրի, 2004) (Դ.Վարուժանի մասին), նույնի «Ով մարդկային արդարությունը» (Ե., 2005) (Սիամանթոյի մասին), Հ.Չարխչյանի «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» (Ե., 2004), որի առավելապես վավերագրական շարունակությունն է նույն հեղինակի «Սեւակի մահվան առեղծվածը» (Ե., 2005), նույնի «Չարենցի կրակոցը» (Ե., 2010), Ա.Ավետիսյանի «Մենավոր աստղը» (Վ.Տերյանի մասին), (Ե., 2011): Իսկ արդի սփյուռքահայ գրականության մեջ մեզ ծանոթ է Սարգիս Վահագնի «Արշիլ Կորքի» (Լոս Անճելըս, 2004) վեպը, որին ծանոթանալու առիթը վերջերս եմ միայն ունեցել: Սփյուռքահայ գրող Ս.Վահագնի վեպի հերոսը 20-րդ դարի գեղանկարչության մեջ համաշխարհային ճանաչման արժանացած հայ գեղանկարիչ Ոստանիկ (Մանուկ) Ադոյանն է, ով հանրահայտ է դարձել Արշիլ Գորկի անունով: Գեղանկարչությամբ չհետաքրքրվող հայ ընթերցողներից ոմանց թերեւս կարող է անծանոթ լինել այս անունը, եւ ահա, Սարգիս Վահագնի վեպը նրա կերպարը գեղարվեստորեն կերտելու հաջողված փորձերից է եւ նկարչի կյանքի ու ստեղծագործության հետ ծանոթանալու լավագույն հնարավորություններից մեկը: Նկատենք, որ Արշիլ Գորկու մասին օտար լեզուներով (անգլերեն, ռուսերեն) տպագրվել են մասնագիտական հոդվածներ, գրքեր: Հայերեն եւ անգլերեն զուգահեռ տեքստերով Երեւանում տպագրվել են նրա նամակները, առաջաբանը գրել է Շ.Խաչատրյանը (Տե՛ս Արշիլ Գորկի Ադոյան, Նամակներ, Երեւան, Գրաբեր, 2005,180 էջ): Ուշագրավ է Վ.Ղազարյանի «Արշիլ Գորկի» հոդվածը (Տե՛ս Հայոց ցեղասպանություն-100, ճանաչումիցՙ հատուցում, Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016), համացանցում կան տեսանյութեր: Խորհրդային տարիներին տպագրվել է Աննա Պետրոսյանի Արշիլ Գորկու մասին «Երկար վերադարձ» վերնագրով պիեսը (Ա.Պետրոսյան, «Եկա, որ մնամ», Երեւան, Սովետ. գրող,1986): Սարգիս Վահագնի «Արշիլ Գորկի» կենսագրական վեպը մեր համոզմամբ ուրույն տեղ ունի ոչ միայն հայ անվանի նկարչի մասին ստեղծված գիտական եւ գեղարվեստական գրականության մեջ, այլեւ ժամանակակից հայ կենսագրական վեպերի շարքում: Այն ստեղծվել է կենսագրական վեպի ենթաժանրի գրական օրինաչափությունների տիրույթում եւ բնականաբար գրվել է նման երկերի ստեղծման համապատասխան անհրաժեշտության թելադրանքով: Մեր կարծիքով այդ անհրաժեշտությունը առնչվում է այն իրողության հետ, որ ժամանակակից քաղաքակրթության պայմաններում հասարակության լայն շրջաններում, անհատ անձնավորությունների վարքագծում առաջացել է համընդհանուր անդեմություն, շահամոլություն, մանրախնդրություն ու բարձր իդեալների ձգտման բացակայություն, իսկ սփյուռքահայ իրականության մեջՙ նաեւ հայ մարդու ազգային արժեքներից հեռացում, ուծացում ու գրականության մեջՙ երեւույթը համապատասխան կերպարների միջոցով պատկերում: Այս իրողություններն, ահա, մեզանում եւ Սփյուռքում հայ գրողների մեջ սուր հետաքրքրություն են առաջ բերում նաեւ ուժեղ անհատականությունների, մեր ժամանակի հերոսին գտնելու որոնումների հանդեպ: Արդի իրականության եւ գրականության մեջ առկա նման կացությունը եւ գրական-հասարակական խնդիրների առկայությունը եւս կարող էր դերակատարություն ունենալ Ս.Վահագնի վերոհիշյալ վեպի ստեղծման գործում: Այս համընդհանուր գործոնները նկատի ունենալուց բացի հեղինակն, ինչ խոսք, հատկապես կարեւորել է սփյուռքում հայտնված ապագա բարձրակարգ գեղանկարիչ Արշիլ Գորկու-Ոստանիկ /Մանուկ/ Ադոյանի ճակատագիրը գեղակերտելու խնդիրը: Վեպի հեղինակը գիտակցաբար կամ ենթագիտակցորեն իր երկն ստեղծել է կենսագրական վեպերին բնորոշ սկզբունքների օգտագործմամբ: Նա իր երկը գրելու կապակցությամբ համենայնդեպս մի քանի կարեւոր նկատառումներ է արտահայտել «Նախաբանում», որոնք վկայում են գրական այս տեսակի վերաբերյալ նրա մտքերի ունեցած ընդհանրությունների մասին: «Այս գիրքը, - գրում է նա, - վէպ մըն է: Որպէս այդպիսին, ան յղացուած ու գրուած է առաւելաբար հեղինակին երեւակայութեան թելադրանքներով, անշուշտ որպէս հիմք ունենալով Արշիլ Կորքի-Ոստանիկ Ատոյեան մարդուն տառապալից կեանքն ու նկարիչին սխրալի գործը: Առ այդՙ եղելութիւնները, դէպքերը, ժամանակն ու միջավայրը, ինչպէս նաեւ Կորքիին հետ առնչուող եւ անոր շուրջը գործող տիպարները, թէեւ սեւեռուած են, մեծ մասամբ, իրականութեան համապատասխանող հաւատարմութեամբ, նոյնիսկ անփոփոխ պահելով անձնանուններն ու տեղանունները, բայց բնաւ չեն յաւակնիր ըլլալու տառացիօրէն ճշգրիտ եւ մանրամասն կենսագրական ուսումնասիրութիւն մը» : (1) Անշուշտ, այս վեպը մանրամասն կենսագրություն չէ, սակայն ճանաչված նկարչի կենսագրության համայնապատկերի վրա գրված գեղարվեստական ստեղծագործություն է, որի կենտրոնական կերպարը ամերիկահայ նշանավոր նկարիչ, ԱՄՆ-ում աբստրակցիոնիստական էքսպրեսիոնիզմի ուղղությունը սկզբնավորող եւ առաջատար դեմքերից մեկն է եղել: Նշանավոր անհատի ճակատագրի միջոցով սփյուռքահայ գրողը, ով արդեն որոշակի գրական ճանապարհ է անցել եւ արժանացել մի շարք գրողների ու գրականագետների գնահատանքին, կերտում է նրա գրական նկարագիրըՙ ԱՄՆ-ի գեղանկարչական արվեստի ներկայացուցիչների ասպարեզում հայտնված, սակայն, ուղն ու ծուծով հայ մարդու, էությամբ իր արվեստին նվիրված գեղանկարչի գեղագիտական որոշ պատկերացումները, հոգեբանությունը, նրա բոհեմական միջավայրի, հայրենիքի մասին հուշերի, ազգային ավանդույթների, բարոյական պատկերացումների եւ ամերիկյան բարքերի համապատկերում: Մեր ընկալմամբ, վեպում ստեղծված վերոհիշյալ համադրությունները, գեղարվեստական կառույցում ընդունված խաղի կանոններն ավելի շատ համընկնում են ռեալիստական պատկերման սկզբունքներին: Այդպես դատելու հիմք է տալիս այն, որ հերոսի արարքները պատկերված են պատճառահետեւանքային առնչություններով: Նույնիսկ միստիկական թվացող վախի առկայությունը նրա հոգեկանում, նախապաշարման հետեւանք լինելով հանդերձ, պայմանավորված էր իր Համասփյուռ տատի կողմից Չարահան Սուրբ Նշան վանքը այրելու մասին հիշողության հետ (վերջինս այդ քայլը կատարել էր գրեթե հոգեկան խանգարման հասած վիճակումՙ թուրքերի կողմից իր հարազատներին սպանելու վրեժը Աստծուց այդպես լուծելով): Իրատեսականորեն եւ Հայոց ցեղասպանության դիպուկ դատապարտությամբ է ներկայացված նաեւ արվեստագետի ծածկանունը ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անունի հետ կապելով իրեն, Վ.Կանդինսկու մոտ աշակերտելու հանգամանքն օգտագործելով: Օտար միջավայրում նաեւ այդ կերպ հարմարվելու եւ ինքնահաստատվելու համար նա չի երկնչում նման պատմություններ հորինելուց: Չէ՞որ այդ վիճակում նա հայտնվել էր իր երկրում կատարված ցեղասպանության հետեւանքով, որի նկատմամբ հանցավոր անտարբերություն հանդես բերեցին քաղաքակիրթ համարվող շատ երկրներ, այդ թվումՙ Ամերիկան: Հեղինակն, ակներեւորեն օգտագործելով Ա.Գորկու պահպանված եւ տպագրված նամակները, որոշ ուսումնասիրություններ նրա գեղանկարչության մասին, հարազատների հուշերը եւ այլն, ստեղծել է հավանական ու հնարավոր մի իրապատում հյուսվածք սփյուռքում հայտնված հայ նկարչի ծանր ճակատագրի, գեղանկարչական արվեստում կատարած որոնումների ու արարումների եւ ի վերջո ԱՄՆ-ում մասնագետների, մոդեռնիստական գեղանկարչությունը գնահատողների շրջանում ճանաչման արժանանալու մասին: Բացառիկ գրավչություն ունի նշանավոր մարդու մասին գեղարվեստական բարձր մակարդակով գրված կենսագրական վեպը: Այն փոխադարձաբար միմյանց է մոտեցնում խոշոր անհատականությանը եւ շարքային ընթերցողին: Հեղինակի գերխնդիրն է եղել բացահայտել 1915 թվականի կոտորածների բովով անցած եւ հրաշքով ողջ մնացած հայ գեղանկարչի ճակատագիրը ԱՄՆ-ում 1920-ից 1940-ական թվականներին: Սա կենսագրական վեպի հեղինակային այն տարբերակն է, ուր գլխավոր հերոսի մանկությունը ներկայանում է ընթերցողին վերհուշերի միջոցով, իսկ կերպարի ներքին ապրումների ու մտորումների ինքնաբացահայտումների շնորհիվ զգացվում է հոգեբանական վեպի գեղարվեստական փորձի յուրացումները: Նյու Յորքում ապրող նկարիչը շարունակ իրեն կապված էր զգում ազգային գեղագիտական, բարոյական արժեքների, մանկության հիշատակների, հարազատների, հատկապես հանուն երեխաների սովամահ եղած մոր հանդեպ երախտագիտության զգացումների հետ: Եվ հոգու տվայտանքներից ազատվելու ելքն ի վերջո գտնվում է: Հեղինակը տպավորիչ իրավիճակում է ներկայացնում «Նկարիչն ու իր մայրը» հանրահայտ նկարիՙ Ա. Գորկու գլուխգործոցներից մեկի ստեղծման ընթացքի ողջ բարդությունն ու դրամատիզմը: «Մտալլկումէն ձերբազատուելու միակ ելքը մայրը վերակենդանացնելն էր, այսինքն անմահացնել պաստառին վրայՙ արուեստի հրաշքով, այն տրամաբանութեամբ, որ ապրող, կենդանի էակին, ալ ի՞նչ գերեզման: Որոշելը հեշտ եղաւ, բայց գործադրել, իրականցնելըՙ գրեթէ անկարելի: Հարցը ֆիզիքական նմանութիւնը չէր» (2): Նա դիմանկարներ գծանկարելու մեջ վարժվել էր, նույնիսկ Բոստոնի կինոդահլիճներից մեկում, հինգ վայրկյանում ԱՄՆ-ի հինգ նախագահների նկարները գծանկարելով, հինգական դոլար էր վաստակել: Իսկ ահա մոր դիմանկարը ստեղծելը հոգեբանական ու ստեղծագործական շատ ավելի բարդ խնդիր լուծելու առաջ էր կանգնեցրել նրան: «Ինք կ՛ուզեր, որ մօրը նկարը խորք ու ձեւի միաձոյլ ամբողջութիւն մը ըլլար, ուր համադրուէին գոյն, գիծ, կառոյց, կշռոյթ, ծաւալ ու սլացք: Եւ այս բոլորըՙ պարզ ու մատչելիՙ բոլորին: Եւ որ սակայն անոնք չդադրէին խոր արտայայտչականութեամբ խորհրդանշել մօրը էութիւնը, անոր հոգեկան հորիզոնը, կեանքը, զրկանքներն ու տառապանքը, յոյսերն ու երազները, լացն ու ժպիտը, հայութիւնն ու մարդկայնութիւնը: Մէկ նկարի մէջ այդպիսի բարդ տիեզերք խտացնել, յաւակնութիւն մըն էր, որուն մատչիլ կ՛ուզէր անպայման, որովհետեւ համոզուած էր, թէ կատարելութեամբ միայն արժանաւորապէս պիտի կարողանար վերակենդանացնել մայրը: Ի՛նչ փոյթ թէ դժուարին ուղի էր ընտրածը» (3): Մանկության շրջանում, Վանում, մոր հետ լուսանկարն է գտնվում: Դրա հիման վրա տարբեր գեղանկարչական ուղղություններին բնորոշ ոճերով (ռեալիստական, իմպրեսիոնիստական, կուբիստական, էքսպրեսիոնիստական, աբստրակցիոնիստական) նկարելով տարբերակներ ստեղծելու իրողությունը վկայում է Ա.Գորկու համար դրանց ե՛ւ մատչելիության, ե՛ւ այդքանով չբավարարվելու, ուրույն, ինքնատիպ մոտեցում հանդես բերելու նրա ձգտումների մասին: Հեղինակն իսկապես ռեալիստական պատկերմամբ է ներկայցնում ԱՄՆ-ում Արշիլ Գորկու դեմ ծառացած իրական դժվարությունների հաղթահարման, նյույորքյան բոհեմում ապրելու եւ ստեղծագործելու, ազգային, եվրոպական դասական եւ արդի նկարիչներից ուսումնառության բարդ ճանապարհը: Այդ ամենի միջով անցնելու համար անշուշտ անհրաժեշտ էր օժտված լինել ուժեղ կամքով, նպատակին հասնելու անսպառ եռանդով, գեղանկարչության մեջ նոր գեղարվեստական պատկերավորման միջոցների կիրառմամբ հանդես գալու հետեւողականությամբ: Այդ ամենով հանդերձՙ իր կայուն մտասեւեռումը հայրենիքիՙ Վանի, ծննդավայր Խորգոմ գյուղի, բնաշխարհի գույների ու ձեւերի, իր ընտանեկան ու անհատական դառը ճակատագրի տպավորություններն են:Բայց եւ այնպես նկարիչը կենսասեր է, հայ բանաստեղծների (Թումանյան, Իսահակյան, Տերյան) ստեղծագործությունների ու ժողովրդական երգերի կատարումներով է ուղեկցում հերթական նկարի արարումը: Սակայն, ազգայինի մասին ամերիկյան արվեստասերներին ներկայացնելը եւս փորձության է ենթարկում նրան: Իր նկարներով ցուցահանդեսին մասնակցելու համար հարկադրված է լինում համաձայնվել, որ «Պարտեզ Խորգոմում» նկարը անվանվի «Պարտեզ Սոչիում», քանի որ Սոչին ավելի հայտնի տեղանուն էր: Հեղինակը հաճույքով է կարեւորել 1940-ական թվականներին Ֆրանսիայում ֆաշիստներից խույս տված եւ Նյու Յորքում հանգրվանած ֆրանսիացի նշանավոր մոդեռնիստ նկարիչների, Եվրոպայում սյուրռեալիզմի գրականության նշանավոր հիմնադիր Անդրե Բրետոնի (1896-1966) հետ հանդիպումները: Վերջինիս հետ մտերմությունը պայմանավորված էր Ա.Գորկու նկարներին տված բարձր գնահատանքով, դրանց խորհրդանշական, անսովոր, զարմանալի բնույթով, կյանքի, ազատության խորքային զգացումների գունագծային, ընդհանրապես ինքնատիպ մտածողության, պատկերային արտասովոր արտահայտություններով: Ա.Բրետոնը նույնիսկ նկարչի համաձայնությամբ ինքն է վերնագրում մի շարք նկարներ, գրում է անհատական ցուցահանդեսի բրոշյուրի ներածական խոսքը: Այս կենսագրական վեպի գրավչության նախապայմաններից են նաեւ հեղինակի հստակատեսության դրսեւորումները ամերիկյան բարքերը, արվեստի հետ տարբեր առնչություններով ու տիպական գծերով պատկերված մարդկանց գլխավոր կերպարի եւ նրա կնոջՙ Ագնեսի կյանքում իրենց էպիզոդիկ, սակայն, կարեւոր դերակատարմամբ ներկայացնելիս: Ա.Գորկու գեղանկարչական գործերը մեկնաբանելու հեղինակի խորաթափանցությունը նախ եւ առաջ նպաստում է, որ աբստրակցիոնիստ նկարչի ստեղծագործությունների բովանդակությունն ընթերցվի ու մեկնաբանվի նկարչի հոգուն ու ճակատագրին համահունչ բովանդակությամբ: Չէ՞ որ վերացապաշտ նկարիչների աբստրակտ նկարները ենթարկվում են բավականին բազմազան տարընթերցումների: Ս.Վահագնը Ա.Գորկու նկարներում տեսնում է ե՛ւ համամարդկայինի, ե՛ւ ազգայինի անձնական-անհատականի համադրումներ: Նման մոտեցումները կարող են նպաստել ընթերցողին ճիշտ հասկանալու հայ վերացապաշտ նկարչի ստեղծագործությունների բովանդակությունը, դրանց պատճառահետեւանքային առնչությունները գրողի հետաքրքրությունների ոլորտի հետ: Նման գրողական մոտեցումն ավելի տեսանելի է դարձնում նկարչի խորհրդանշական գունաձեւային պատկերների իրական, կյանքային հիմքերը: Ս.Վահագնի կողմից Ա.Գորկու նկարների ներհուն մեկնաբանությունները կարծում ենք մեծացնում են այս կենսագրական վեպի ճանաչողական նշանակությունը: Դրան նպաստում է նաեւ Գորկու ազգային նկարագրի, հայկականության ու ամերիկյան միջավայրի բարքերի որոշակի հակադրության ու այդ միջավայրում ինքնահաստատման բարդություններին դիմակայելու բացահայտումները: Կանանց հանդեպ սիրո եւ հարաբերությունների պատկերմամբ ավելի է կոնկրետանում նկարչի բարոյահոգեբանական նկարագիրը: Հատկապես համոզիչ եւ դրամատիզմով հարուստ նրբերանգներով են արտահայտված նրա սերն ու նվիրվածությունը Ագնեսի հանդեպ: Կենսագրական վեպում դիպաշարը բնականաբար համընկնում է ֆաբուլայի հետ: Ըստ այդմ նկարչի կյանքի դրամատիկ ու ողբերգական ավարտը դառնում է վեպի վերջին դրվագ: Այն, ըստ էության, բերում է հետեւյալ եզրակացության. Ա.Գորկու-Ոստանիկ Ադոյանի, արդեն ճանաչման արժանացած նկարչի դժբախտությունը ոչ թե տարագիր հայի ճակատագիրն էր, այլ քաղցկեղի պատճառով կատարված ծանր վիրահատությունը, ավտովթարը, որը զրկեց նրան նկարելու հնարավորությունից, կնոջ անհավատարմությունը, երբ նա ի վերջո նրան լքեցՙ այդ վիճակում թողնելով միայնակ: Նկարիչը տարագրության մեջ միշտ հույսը կապել էր իր առողջության ու ֆիզիկական հնարավորությունների հետ: Դրանք կորցնելու հետեւանքով նա զրկվել էր նաեւ իր կյանքի իմաստն հանդիսացող նկարելու հնարավորությունից, իսկ ուրիշ կերպ նա չէր կարող ապրել: Ուստի ինքնասպանություն գործելովՙ նա վերջ է տալիս իր կյանքին: Վեպի բովանդակությունն, անշուշտ, ավելի հարուստ է, այն հեղինակային պատկերավոր խոսքով, բառերով գեղանկարելու ունակ լեզվով գրված լինելու շնորհիվ ընթերցման հաճույք կարող է պարգեւել ընթերցողին: Վեպում ստեղծվել է ազգային արժեքներով հպարտ, առօրյա կենցաղի եւ գեղեցիկի ինքնատիպ դրսեւորումներով ոգեւորվող անվանի ամերիկահայ նկարչի տեսանելի կերպարը, որի նկարներից առավել նշանակալիները ցուցադրվում են ԱՄՆ-ի ու եվրոպական հայտնի թանգարաններում, ամենահեղինակավոր արվեստաբաններ են նրա մասին հոդվածներ ու մենագրություններ հրատարակում: Գյումրի 1. Սարգիս Վահագն, Արշիլ Կորքի, Վէպ, Լոս Անճելըս, 2004, էջ 7: 2. Նույն տեղում, էջ 11: 3. Նույն տեղում, էջ 12: |