ՀԱՄԵՐԳՙ ԸՆԴԴԵՄ ԱՆՀԱՅՏՈՒԹՅԱՆ Նաիր ՅԱՆ ՀՀ վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանի մասին կարելի է ասելՙ մոռացված գեղանկարիչ: Ավագ ու միջին սերնդի արվեստագետները նրա անունն ու արվեստը լավ են ճանաչում, սակայն չեն հիշում, թե վերջին անգամ երբ են ցուցադրվել նրա աշխատանքները: Սուրեն Պիպոյանը սոցռեալիզմի եւ հայկական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներից է, որի նկարներն անհատական հավաքածուներում շրջում են, այսինքնՙ անընդհատ ձեռքից ձեռք են անցնում, վաճառվում, իսկ պետական հավաքածուներում դրանց մեծ մասի ճակատագիրն անհայտ է: Սուրեն Պիպոյանը հայ գեղանկաչություն է մուտք գործել նախորդ դարակեսին ու ամբողջ կյանքում եղել ակտիվ ստեղծագործող: Նրա կտավները ներկայացվել են Լուվրում, Մոսկվայում, նախկին Խորհրադային Միության տարբեր քաղաքներում: Նա մասնակցել է Արին-Բերդի, Ս. Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին: Նրա ստեղծագործություններն ընդգրկված են Հայաստանի ազգային պատկերասրահի բոլոր մասնաճյուղերի հավաքածուներում, սակայն 50 տարուց ավելի դրանցից եւ ոչ մեկը երբեք չի ցուցադրվել: Գեղանկարիչը նաեւ դասավանդել է մասնագիտական բուհերում: Վախճանվել է 2005 թվականին: Սովոր ենք մեր արժեքները չգնահատելու համար մեղավորներ գտնել: Թե ինչու Սուրեն Պիպոյան գեղանկարչի անունն ու գործերը մեր ժամանակներում շատերին անհայտ են, ոմանք մեղքը գցում են մութ ու ցուրտ 90-ականների վրա: Բայց չէ՞ որ գեղանկարիչն ապրել եւ ստեղծագործել է մինչեւ 2005 թվականը ու 90ականներից մինչեւ իր մահն ընկած ժամանակահատվածում երբեք չի հիշվել ու առավել եւսՙ ցուցադրվել: Իսկ մահից հետո ընդհանրապես է մոռացվել: Սուրեն Պիպոյանի դուստրը երգչուհի Լիլիթ Պիպոյանն է: Հենց նա էլ բարձրացրել է իր հոր ստեղծագործական ժառանգության անհայտ ճակատագրի հարցը: Տեւական ժամանակ գնացել է կտավների հասցեների հետքերով, քանի որ հայրն իր գրառումների մեջ նշել էՙ ո՛ր աշխատանքը ո՛ր պատկերասրահի հավաքածուում է գտնվում: Անհատական հավաքորդների հարցը դեռ մի կողմ. նրանք կարող են եւ իրավունք ունեն Սուրեն Պիպոյանի գործերը վաճառել, նվիրել կամ ուղղակի դրանց գտնվելու վայրը չասել, բայց ի՞նչ ասես պետական հավաքածուների մասին: Բացի Հայաստանի ազգային պատկերասրահի Երեւանի մասնաճյուղի ու Մարտունիում գտնվող հավաքածուներից, մյուս բոլոր տեղերից Սուրեն Պիպոյանի աշխատանքներն անհետացել են: Լիլիթ Պիպոյանը պատմում է, որ վերջերս իրեն հեռաձայնել են Լոնդոնից ու տեղեկացրել, որ իր հոր կտավներից մեկն այնտեղ է: Մինչեւ դուստրը քայլեր է ձեռնարկել, լուր են տվել, թե աշխատանքը վաճառվել է մեկ ուրիշի: «Գարնանային ջրեր», «Հրազդանի կամուրջը» կտավներն անհետացել են Հրազդանի պատկերասրահից. անհայտության ճանապարհն են բռնել նաեւ «Այրիվանքի քարափները», որ Իջեւանում էր գտնվում: Բոլորին զանգել եմ, հարցրելՙ որտեղ են հորս կտավները. ոչ ոք որեւէ տղեկություն չունի: Պատասխանում ենՙ 90-ականներին երկիրը քանդվեց, էլ ուր մնաց հորդ նկարները պահպանվեին: Բայց չէ՞ որ դրանք պետական գույք էին, արվեստի գործեր, որոնք գումար արժեն, ինչպե՞ս կարող էին հենց այնպես կորչել-անհետանալ: Ո՞վ պետք է պատասխան տա դրանց կորստի համար: Ընդունում եմ, որ հայրս իր բնույթով ու էությամբ արվեստի մշակ էր ու երբեք ինքնագովազդով չի զբաղվել, չի հետաքրքվել, թե ստեղծագործական այն ահռելի աշխատանքը, որ տասնամյակներ շարունակ կատարել է ու արվեստի գործերի վերածել, ի՞նչ եղան, ո՞ւր գնացին, բայց չէ՞ որ կա պետություն, որը եթե այդ գործերը ներառել է պետական հավաքածուներում, ուրեմն եւ պետք է հանձն առնի դրանց պահպանման պատասխանատվությունը»,- տրամաբանական հարց է ուղղում Լիլիթ Պիպոյանը: Նա դիմել է Նկարիչների միությանը, Ազգային պատկերասրահինՙ խնդրանքովՙ կազմակերպել իր հոր աշխատանքների ցուցահանդեսը, բայց մերժվել է: Սուրեն Պիպոյանի 16 կտավները պատկերասրահի պահոցներից դուրս չեն եկել արդեն 50 տարի: Գեղանկարչի արվեստանոցում մոնումենտալ աշխատանք է կախվածՙ «Գաղթը»: Դուստրն առանձնակի գնահատանքով է խոսում այդ ստեղծագործության մասինՙ այն համարելով Եղեռնի թեմայով մինչ այժմ մեր ունեցած գեղանկարների մեջ լավագույններից մեկը: Սակայն ոչ մի ցուցասրահ հանձն չի առնում այն ներկայացնել արվեստասեր հանրությանը. պատճառաբանում են, թե կտավի չափերը մեծ են: Անձնական արվեստանոցում Սուրեն Պիպոյանը հինգ տասնյակ ստեղծագործություն ունի, որոնք եւս հանրահռչակման կարիք ունեն: Լիլիթ Պիպոյանը գտել է իր հոր անունն ու ժառանգությունը հասարակությանը ներկայացնելու ձեւաչափըՙ մենահամերգ: Օգոստոսի 18-ին, այսօր, լրանում է Սուրեն Պիպոյանի ծննդյան 95-ամյակը: Դուստրը որոշել է հենց այդ օրը «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ելույթ ունենալՙ ներկայացնելով մեկուկես ժամանոց համերգային ծրագիր, որը կուղեկցվի իր հոր աշխատանքների վիրտուալ ցուցահանդեսով: Բեմի վրա ինքը կերգի, իսկ էկրանին կցուցադրվեն հոր տարբեր տարիների կտավները: Այդպիսով հանրությունը կճանաչի Սուրեն Պիպոյան գեղանկարչին: Կտավներից շատերի գտնվելու վայրն ու ճակատագիրն անհայտ են, բայց բարեբախտաբար պահպանվել են դրանց սեւ-սպիտակ ու գունավոր լուսանկարները, որոնք էլ հենց կցուցադրվեն էկրանին: Երգչուհին բազմաթիվ հուշեր ունի հորից. դրանք եւս կպատմի, որպեսզի հանդիսատեսը պատկերացում կազմի ոչ միայն Սուրեն Պիպոյան գեղանկարչի, այլեւ մարդ տեսակի մասին: |