RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 25-08-2017



Տեղադրվել է` 2017-08-24 19:58:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4023, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեկ վերջին հրաժեշտը տվեցինք Պերճ Զեյթունցյանին: Մեզնից հեռացավ 70-ականների հրաշալի սերնդի վերջին մոհիկաններից մեկը: Անշուշտ նրա գլխավոր արժանիքը այդ սերնդին, վերազարթոնքի այդ շարժմանը մասնակից-կերտիչներից մեկը լինելը չէ միայն, այլՙ հայ ինտելեկտուալ արձակի լավագույն ներկայացուցիչը լինելը: Պերճ Զեյթունցյանը ինտելեկտուալ գրող է, այդ բառի ոչ թե կիրառական, կենցաղագիտական, զարգացածության կամ լայնախոհ հանդուրժողականության իմաստով, այլՙ մարդկային խառնվածքների ու պատմական եղելույթների մեջ ճշմարտությունը պեղելու, գտնելու եւ ամենակարեւորըՙ այդ ճշմարտությունը մինչեւ վերջ համոզումով ու կրքով պաշտպանելու ընդունակությունը: Պարագայական ու պայմանական ոչինչ չկա նրա երկերում, կոմպրոմիսային ոչ մի վիճակ, առարկելիության եւ անրոշության ոչ մի իրադրություն, քանզի նախապես հաշվի են առնված յուրաքանչյուր կերպարի ու գործողության համար առաջ քաշվող, հնարավոր եւ անհնար, բոլոր կոմպրոմիսները, բոլոր առարկությունները եւ բացառված են բոլոր անորոշությունները, երկդիմությունները, որոնք երկի ծավալման ընթացքում, դա լինի «Կլոդ Ռոբերտ Իզերլի», «Ամենատխուր մարդը», «Ոտքի՛, դատարանն է գալիս» կամ այլ վեպ կամ թատերգություն, բացահայտվում եւ պատճառաբանվում են հոգեբանորեն ու տրամաբանորեն, եւ արագ ընթանում են դեպի անխուսափելի եւ ճակատագրական բախում:

Այլ խոսքով, Պերճ Զեյթունցյանի գրական-ստեղծագործական առաքելությունը ճշմարտության բացահայտումն է, հաճախ չոր, կոշտ, առանց պերճախոսության ու սիրունաբանությունների, բայց միշտ հատու եւ դիպուկ, տրամաբանված եւ համոզիչ: Նրա երկերը, առանց բացառության, կարծես արդարադատ դատարանի պրոցեսներ լինեն, որտեղ վճիռը, ավելի շուտՙ դատավճիռը անխուսափելի է, եւ որքան էլ ցավոտՙ ընդունելի են ընթերցողի ու հանդիսատեսի համար, նաեւՙ նույնինքն դատապարտյալի՛:

Ահա այս առումով, նաեւ մարդկային օրինակելի առաքինություններով հարուստ մի կյանք է հեռանում մեզնից: Ու երեկվանից մինչեւ այսօր ու վաղը նաեւ, մենք, իսկական արվեստի եւ գրականության սիրահարներս, մեզ հետ կրելու ենք կորուստի այդ ցավը:

***

Մեր թերթը հետագա օրերին կրկին ու կրկին առիթ է ունենալու անդրադառնալու մեծ գրողի ստեղծագործություններին, նրա կյանքին, մարդկային նկարագրին, չմոռանալով նաեւ նրա հրապարակախոսական ժառանգը, որից, հատկապես 1992-2000 թթ.ին, բարերարվել են նաեւ «Ազգ»ն ու ընթերցողները:

***

Հանգիստ իր տառապած ոսկորներին:

Երկնային մխիթարություն հարազատներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 25-08-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ