95-ԱՄՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ Հ. Ծ. Գլենդեյլի Թուֆենկյան գեղարվեստի կենտրոնի նոր շենքում հոկտեմբերի 22-ից մինչեւ նոյեմբերի 11-ը ցուցադրվում են արվեստագետ Կարո Անդրեասյանի աշխատանքները, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրը»: Բեղուն կարիերա անցած արվեստագետը այսօր էլ 95 տարեկանում շարունակում է ստեղծագործել եւ ցուցահանդեսում ընդգրկված են նրա նոր աշխատանքները: Հրաշալի ռիթմով արտահայտված երկրաչափական, դրվագային, դեկորատիվ այդ պատկերներն ու գույները հարավարեւմտյան ամերիկյան, մերձավորարեւելյան եւ միջերկրականյան ազդեցությունների յուրօրինակ միաձուլում են պարունակում իրենց մեջ: Փայտի, քարի եւ կտավի մակերեսի վրա արված նրա վիմատպությունները ցնցող տպավորություն են թողնում եւ մատնանշում արվեստագետի բազմազան շնորհքը: 1960-ականներին, երբ վիմագրությունը վախճանման եզրին էր, Անդրեասյանը Ջուն Ուեյնի եւ Քլինթոն Ադամսի համագործակցությամբ հիմնում է «Թամարինդ վիմատպության աշխատանոցը» Լոս Անջելեսում եւ վերակենդանացնում այդ արվեստը: Ապա 1970-ին Նյու Մեքսիկա տեղափոխվելով այնտեղի համալսարանին կից բացում է «Թամարինդ ինստիտուտը»: Նրա գործունեությունը լայնորեն վավերագրված է իր եւ Ադամսի կազմած «The Tamarind Book of Lithography: Art and Techniques» հատորում: Այն որպես համապարփակ ուղեցույց է ծառայում այդ բնագավառի աշխատողների համար: Անդրեասյանի աշխատանքները ցուցադրվել են ճանաչված բազմաթիվ թանգարաններում եւ պատկերասրահներում, ինչպիսիք են Նորթոն Սայմոնը, ԼԱԿՄԱ-ն, Գուգենհայմը եւ Սմիթսոնյանը: Վիմագրության ասպարեզում նրա ներդրումը մեծապես գնահատվել է 2011-ի «Նորթոն Սայմոնում» (Լոս Անջելեսում) բացված «Տպագրության զարթոնքը Հարավային Կալիֆոռնիայում» խորագրով ցուցահանդեսի ժամանակ: «Երախտագիտական զգացումներով ենք մենք այս հետահայաց ցուցահանդեսը բացում մեր նոր կենտրոնում, անհամբեր սպասելով ոգեւորիչ եւ բազմաբնույթ հանդիպումների արվեստագետ հասարակության հետ», նշել են Թուֆենկյան կենտրոնի ներկայացուցիչները: |