ՀԱԼԻԴԵ ԷԴԻԲԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ Հ. Ծ. Մորգանվիլից (Նյու Ջերսի) դոկտ. Մելինե Քարաքաշյանը (Գարագաշյան) «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» էջերում գրում է թուրք գրող, վիպասան Հալիդե Ադիվար Էդիբի մասին, մասնավորապես անդրադառնալով նրա Կոմիտասի մասին գրած հուշագրությանը: Թարգմանաբար հատվածներ ենք ներկայացնում այդ հոդվածից: «Ես առաջին անգամ Հալիդե Էդիբի մասին լսեցի Թուրքիայում 1997-ին, երբ շրջագայությանս ընթացքում ուղեվարը Հայոց ցեղասպանությանը ակնարկելով խոսեց «երկրի պատմության մութ օրերի» մասին եւ հիշեց, որ կարդացել է Հալիդեի գրությունները: Հետո թերթերից մեկում մի հոդված կարդացի Կոմիտասի հետ նրա հանդիպման մասին: Այդ հոդվածը պահեցի եւ վերստին ընթերցեցի, երբ գրում էի իմ ուսումնասիրությունը Կոմիտասի մտավոր հոգեվիճակի մասին (տե՛ս «Կոմիտաս: Մեծ եղեռնի զոհը», 2014 թ. գիրքը): Հետագայում գնեցի Էդիբի հուշերը Ա. Պենկոֆի խմբագրությամբ (Memoirs of Halide' Edibe. A. Pankoff, editor, 2005/1926), որտեղ նա ոչ միայն խոսում է Կոմիտասի հետ իր հանդիպման, այլեւ Անթուրայի որբանոցի մասին: Քանի որ զբաղվում եմ Ցեղասպանության հոգեբանական հետեւանքների ուսումնասիրութամբ, գիրքն ինձ մեծապես հետաքրքրեց: Հալիդեն (1882-1964) Սուլթան Աբդուլ Համիդի քարտուղար Էդիբ Բեյի դուստրն էր: Սովորել է հունական վարժարանում եւ մեծացել հանդուրժողականության մթնոլորտում, ըստ գրքի նախաբանի: Նա եղել է հարգված գրող, վիպասան: Գուցե ամենաբեղմնավորը թուրք կին գրողների մեջ: Հեղինակ է 21 վեպերի, 4 կարճ պատմվածքների ժողովածուների, 2 պիեսների եւ 2 ինքնակենսագրական գրքերի: Նրա հուշերը կարդալով ընթերցողը տեղեկանում է «թուրք օջախի» մասին, որտեղ մի քանի շաբաթ, նախքան բանտարկվելը, Կոմիտասը հրավիրվել էր ելույթներ ունենալու: «Այդ դահլիճում է, որ ես ծանոթացա հայ հոգեւորական երաժիշտ եւ երգահան Կոմիտաս վարդապետի հետ: Նա ճանաչված այն երաժիշտներից, դերասաններից եւ դասախոսներից մեկն էր, որին Օջախը հրավիրել էր ելույթ ունենալու իր շաբաթական հանդիպումներում», գրում է Էդիբը: «Կոմիտասը շատ հայտնի էր դարձել իր անատոլիական երգերով եւ հին Գրիգորյանական մեղեդիներով, որոնք հավաքել էր Կոնստանդնուպոլսում եւ Անատոլիայում իր համբերատար աշխատանքի շնորհիվ: Նա հայ երիտասարդների մի երգչախումբ էր պատրաստել եւ հայերի շրջանում մեծ առաջնորդի համբավ ուներ»: Էդիբը ճիշտ է գրելով, որ Կոմիտասը տիրապետում էր թուրքերենին եւ ելույթներ ունեցել է այդ լեզվով, բայց սխալ է գրելով, որ նա Կոնստանդնուպոլսում է զբաղվել բանահավաքությամբ: Նա մինչեւ Կոնստանդնուպոլիս տեղափոխվելը 1910-ին, արդեն Արեւմտյան Հայաստանում հավաքել էր բավականաչափ երգեր»: Էդիբի գրքի անճշտությունները այսքանով չեն սահմանափակվում: Դոկտ. Քարաքաշյանն իր հոդվածում մի քանի այլ մեջբերումներ կատարելով ցույց է տալիս այդ անճշտությունները, որոնցից, գուցե, ամենացայտունը հետեւյալն է. Էդիբը գրում է. «Կոմիտասը Քյոթահիայից էր, աղքատ ընտանիքից: Նրանք հայերեն չգիտեին: Կոմիտասը հետո է սովորել (այդ լեզուն): Ծնողները հավանաբար թուրքական ծագում ունեին, այն թուրքերից էին, որոնք Գրիգորյան եկեղեցուն էին անդամակցել», եւ մի քանի տող ներքեւՙ «նա հայ ազգայնական էր... Բայց խառնվածքով նա իսկական անատոլիական թուրք էր, գուցե եւ անգիտակցաբար»: «Իմ գիրքը բոլորովին այլ ձեւով է ներկայացնում Կոմիտասին», եզրակացնում է դոկտ. Մելինե Քարաքաշյանը: Հետաքրքրական է իմանալ, թե մեր ազգային կոնսերվատորիայում տեղյա՞կ են արդյոք Էդիբի գրքի մասին, եւ եթե այո, ապա որեւէ քայլ ձեռնարկվո՞ւմ է նրա հատորի անճշտությունները շտկելու ուղղությամբ: |