ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 85-ԱՄՅԱԿԸ ԿԱՐՆԵԳԻ ՀՈԼՈՒՄ Հ.Ծ. Նոյեմբերի 3-ին ՀԲԸՄիության 9-րդ կատարողական արվեստագետների համերգը կայացել է հռչակավոր Կարնեգի Հոլումՙ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության կազմավորման 85-ամյակին: Նյու Յորքի ՀԲԸՄ-ի «Հատուկ միջոցառումների հանձնախմբի» կազմակերպած այս համերգի ժամանակ հանգանակվել է ավելի քան 50 հազար դոլար, որը կծախսվի կատարողական արվեստի նախաձեռնությունները իրականացնելու նպատակով: Համերգին, ըստ ստացված հաղորդագրության, մասնակցել են կատարողական արվեստի բնագավառում կրթաթոշակի արժանացած երիտասարդներ Հայաստանից, Լիբանանից, Շվեյցարիայից եւ Մ. Նահանգներից: Նրանց թվում են եղել Պերճ Քարազյանը (տենոր), Վահան Մարտիրոսյանը (խմբավար, դաշնակահար), Թամար Իսկենյանը (շվի, ֆլեյտա), Լուսինե Հարությունյանը (ջութակ), Անի Կարապետյանը (ջութակ), Ալբերտ Նյուբերին (դաշնամուր), Էդուարդ Պողոսյանը (թավջութակ), Մեթյու Թեյլորը (պար): Նրանք ուսանողներ են կամ արդեն շրջանավարտներ հետեւյալ հաստատություններից. Լոզանի երաժշտության բարձրագույն կրթօջախից, Երեւանի կոնսերվատորիայից, Լոնդոնի Ռոյալ Ակադեմիայից, Նյու Յորքի Ման երաժշտանոցից, Ֆիլադելֆիայի Քըրթիս ինստիտուտից եւ Նյու Յորքի Ջուլիարդ կրթօջախից: Ծրագրում հնչել են արեւմտաեվրոպական (Բեթհովեն, Շոպեն, Շուման եւ այլն) եւ հայկական (Տիգրանյան, Միրզոյան, Սաթյան) երաժշտական ստեղծագործություններ: |