RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017



ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-11-16 17:07:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3667, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԿՐԿԵՍԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ռուսական կրկեսային արվեստի պատմության մեջ իրենց անունն են թողել մի շարք հայորդիներՙ արտիստ Գեորգի Աղաջանովը, ծաղրածուներ Վարդան Քեշչյանը (կերպարի անունըՙ Հրաչիկ), Էդուարդ Հակոբյանը, Սեմյոն Մարգուլյանը, ակրոբատներ Ռաֆայել Հակոբյանը, Սուրեն Թորոսյանցը, Բորիս Ղազարյանը, էկվիլիբրիստ Ռուբեն Մանուկյանը, մարմնամարզիկ Զավեն Մարտիրոսյանը, գազանավարժներ Ազիզ Ասկարյանը, Հաննիբալ Նաջարովը, նրա դուստրըՙ կրկեսի բեմադրիչ Թերեզա Դուրովան, արտիստական ընտանիքներՙ հեծանվորդներ Բաբախանները, Վարդանովները (Վարդանիո), ակրոբատներ Մինասովները, գազանավարժներ Բաղդասարովները...

1950-1960-ական թվականներին հայ կրկեսում որոշ ժամանակ հանդես եկան Ահարոնով ամուսիններըՙ Գեորգին եւ Կրիմգիլդան, որոնց գործունեությունը սկսվել եւ շարունակվել է Ռուսաստանում: Նրանք ո՛չ ձեռնածություն են արել, ո՛չ ծաղրածություն, ո՛չ ճախրել են կրկեսի գմբեթի ներքո կամ վարժեցրել վայրի գազաններին, այլ իրենց անունն են թողել, այսպես կոչված, ինտելեկտուալ կրկեսի պատմության մեջ...

Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ահարոնովը (Ահարոնյան, 1913-2007) ծնվել է Բաքվում, ավարտել ծննդավայրի թատերական ուսումնարանը եւ Մոսկվայի Համամիութենական կինոդպրոցի դերասանական բաժինըՙ դառնալով դրա առաջին շրջանավարտներից: Նրա ուսուցիչը ռուս հայտնի դերասան Նիկոլայ Պլոտնիկովն էր, որը հետագայում գրել է, որ ընդունելության քննությանը Գեորգին «շատ զուսպ էր, լեզուն խառնվում էր, մի քանի բառ նա ասաց ռուսերեն, հետոՙ հայերեն, վրացերենից անցավ ադրբեջաներենի, եւ այդ ամենըՙ հանդիսավոր, ավյունով, ջերմեռանդորեն, ամբողջովին տրվելով»: Ահարոնովին լսելով վերջին քննությանըՙ ականավոր դերասան եւ բեմադրիչ Միխայիլ Թարխանովն ասել է. «Լսեք, իսկ այս արտասահմանցուն պետք է անպայման ընդունել, չնայած ամեն բան չհասկացանք» (իսկ «արտասահմանցին» արտասանել էր Կռիլովի հայտնի «Կվարտետ» առակը): Ավարտելուց հետո Ահարոնովը որոշ ժամանակ աշխատել է որպես դերասան եւ ռեժիսոր Միխայիլ Կալատոզովի օգնականը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ էվակուացվել է Տաշքենտ, որտեղ կինոդերասան Իգոր Կուշեւի հետ պատրաստել է «Պրեստո» համարըՙ պարի, աճպարարության եւ մնեմոտեխնիկայի համադրությամբ: Մնեմոտեխնիկան էստրադայում անվանում են այն հնարքին, երբ արտիստներից մեկը փակ աչքերով մնում է բեմում, իսկ մյուսը մոտենում է հանդիսականներին, նրանց որեւէ բառ է գրել տալիս թղթի վրա կամ խնդրում է շշուկով որեւէ խոսք արտասանել, իսկ բեմում գտնվողն արտասանում է այն... Պատերազմից հետո Գեորգին եւ Իգորը նույն համարները ներկայացրել են Մոսկվայում (ներառյալՙ Կառավարական տանը), Գեորգին միաժամանակ հաջողությամբ հանդես է եկել ազգությամբ կորեուհի, կրկեսի արտիստ Յուլյա Ցայի հետ, սակայն շուտով դադարեցրել է այս արտիստների հետ իր ելույթներըՙ ամուսնության պատճառով: Նրա կինը ազգությամբ չինուհի Կրիմգիլդա Ահարոնովան էր (ծն. 1927), չինացի տոհմիկ կրկեսի արտիստների ընտանիքի զավակ, նշանավոր կրկեսի արտիստ Սուն Սիու-Լիի (1883-1960) դուստրը, որը հոր հետ հանդես է եկել վեց տարեկանից: 1952-ից սկսած Գեորգի Ահարոնովը եւ Կրիմգիլդանՙ Ինզա Սու բեմական անվամբ, որպես մնեմոտեխնիկներ սկսել են հանդես գալ «Մտքի թռիչք» համարով, որը նրանց ճանաչման է արժանացրել եւ որը նրանք ներկայացրել են մինչեւ կրկեսից հեռանալը 1984 թվականին:

...Գեորգին մոտենում էր հանդիսատեսին եւ խնդրում էր շշուկով իրեն ասել որեւէ նշանավոր անձնավորության անուն, իսկ կրկեսաբեմում կանգնած նրա կինը նույն վայրկյանին տալիս էր այդ նույն անունը: Ավելին, տալով որեւէ բանաստեղծի անուն, Ինզան սկսում էր արտասանել նրա բանաստեղծություններից, երբեմնՙ բնագրի լեզվով: Եթե նկարչի անուն էր ասվումՙ պատմում էր նրա նկարներից, դերասանի անունՙ դերերից: Մի անգամ մի զինվորական մերժել է անուն տալՙ ասելով, որ արտիստները միմյանց հետ կապի մեջ են քողարկված ռադիոսարքերի միջոցով: Այդժամ Ահարոնովը նրան անունը գրել է տվել ծրագրի վրա, եւ Կրիմգիլդան բեմից անմիջապես արտասանել է այն: Զարմանքից զինվորականի ձեքից ծրագիրը վայր է ընկել... Իրականում արտիստները հաղորդակցվել են մանրակրկիտ մշակված կոդի միջոցով, որտեղ պայմանական ազդանշանների դերը կատարել են բառի ընտրությունը, նախադասության կառուցվածքը, առոգանությունը, ձայնի հնչումը... Չնայած շատ հանդիսականների հայտնի է եղել նրանց համարի սկզբունքը, դրա թողած ազդեցությունը ցնցող է եղել արտիստների ճարտարության շնորհիվ: Մնեմոտեխնիկան նորություն չէր կրկեսային արվեստում, սակայն Գեորգին եւ Ինզան իրենց արտիստականության շնորհիվ կատարելագործել են այն եւ զարգացրել են նրա հնարավորությունները: Մասնավորապես, նրանց վարպետությունը փայլում էր համարի մեջ տարբեր լեզուների գործածությամբ: ԽՍՀՄ-ում հյուրախաղերի ընթացքում Ահարոնովները հանդիսատեսի հետ զրուցել են տվյալ հանրապետության լեզվով, իսկ նրա սահմաններից դուրսՙ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, բուլղարերեն, սերբերեն, խորվաթերեն եւ այլն: Մեզ համար հատկանշական է, որ Խորհրդային Հայաստանի 40-ամյակի առթիվ Եր-անի կրկեսում իր բոլոր մեկնաբանությունները չինուհի Ինզա Սունը կատարել է հայոց լեզվով, որը նախկինում նա բացարձակապես չի իմացել։

«Ինզա Սունը եւ Գեորգի Ահարոնովը կատարում են մնեմոտեխնիկայի ինքնատիպ մի համար: Աճպարարական էֆեկտի հետ մեկտեղ դժվար է գերագնահատել նման «կենդանի հանրագիտարանի» մշակութային նշանակությունը»,- գրել են Ա. Վադիմովը եւ Մ. Տրիվասը «Հին աշխարհի մոգերից մինչեւ մեր օրերի աճպարարները» գրքում (Մոսկվա, 1979, էջ 233): Իսկ Գեորգիի ուսուցիչ Նիկոլայ Պլոտնիկովը գրել է. «Նրանց էրուդիցիանՙ ահա թե ինչն է ցնցող: Նրանք ամեն ինչի մասին գիտեն ամեն բան: Չեմ պատկերացնում որեւէ թեմա, որը նրանց փակուղի տանի կամ ունենան սովորական, մոտավոր պատասխան, որը դուրս չգա հանրածանոթի շրջանակներից»:

Ավելացնենք, որ կրկեսի նվիրյալներ են նաեւ Գեորգիի եւ Կրիմգիլդայի որդին եւ թոռը: Իգոր Գեորգիի Ահարոնովը (ծնված 1957-ին) ձեռնածու եւ աճպարար է, որը հոր պես հանդես է եկել կնոջՙ էկվիլիբրիստուհի, ձեռնածու եւ աճպարար Լարիսա Ահարոնովայի հետ: Միասին ներկայացրել են «Կրկեսաբեմի ռիթմերը», «Խաղային իլյուզիա ժապավեններով» եւ այլ համարներ: Իսկ հայ-չինական կրկեսային դուետի թոռըՙ Գեորգի Ահարոնով-կրտսերը (ծն. 1982), էքսցենտրիկ էստրադային ծաղրածու է, որը հանդես է եկել տարբեր թատրոններում, դարձել կրկեսի արտիստների մրցույթներ դափնեկիր: Դմիտրի Վորոբյովի հետ հանդես է գալիս «Mad-Comedians» («Խենթ կատակերգուներ») ծաղրածուական դուետովՙ իրենց համարներում ընդգրկելով աճպարարություններ եւ ֆաքիրական հնարքներ...

Նկար 1. Գեորգի Ահարոնով եւ Ինզա Սու

Նկար 2. Գեորգի Ահարոնով կրտսեր

Նկար 3. Իգոր եւ Լարիսա Ահարոնովներ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 10-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ