ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴԻ ԿՏԱՎՆԵՐԸ ԲՐԱՆԴԻՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Հ.Ծ. Հասկանալով հիշելու եւ հիշեցնելու, ինչպես նաեւ ողբերգությունն ու ցավը ստեղծագործական աշխատանքներով ամոքելու կարեւորությունը, 1970 թվին Սիրիայում ծնված նկարիչ Գեւորգ Մուրադը նկարների մի ամբողջ շարք է պատրաստել, որն այժմ Բրանդիս համալսարանի «Միլդրեդ Լի» պատկերասրահում (Ուոլթըմ, Մասաչուսեթս) է ցուցադրվում: Մուրադն իր կտավները ստեղծելիս համագործակցում է երաժիշտների, երգահանների եւ պարողների հետ: Մասնագետների բնորոշմամբ նրանցում ե՛ւ թատերայնություն, ե՛ւ լիրիկականություն կա, որոնք սեւ գույնի գերակայության պայմաններում առավել ցայտուն են դարձնում կտավում ներկայացված թեման: Կտավները աբստրակտ պատկերների միջոցով անցյալն են փառաբանում եւ ափսոսանք հայտնում կորստի համար: Դիտորդը մի պահ կանգ է առնում կտավների առաջ եւ երաժշտության հնչյունների ներքո փորձում մտովի վերականգնել քանդված մշակութային արժեքները: Ցուցահանդեսում, որը շարունակվելու է մինչեւ 2018-ի հունվարի 21-ը, ներկայացվել է նաեւ 18-րդ դարի իտալացի փորագրիչ եւ ճարտարապետ Ջիովաննի Բատիստա Պիրանեզիի (1720-1778) փորագրանկարը, որն առնչվում է այժմ քարուքանդ եղած հինավուրց քաղաքիՙ Հալեպի հետ: «Մշակույթը չի կարող սպասել» խորագրի ներքո հանդիպումներ են նախատեսված, որոնց ընթացքում մասնագետները ճգնաժամերի պարագաներում մշակութային արժեքների պահպանման ելքեր են որոնելու: |