ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ԲՆԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Հ. Ծ. «Բոցավառ բնություն: Արշիլ Գորկի: Բնապատկերներ: 1943-47» ընդհանուր խորագրի ներքո Նյու Յորքի 69-րդ փողոցում գտնվող «Հաուզեր եւ Ուիրթ» պատկերասրահում նոյեմբերի 2-ին բացվել է աբստրակտ-էքսպրեսիոնիզմի հիմնադիր նկարչի ցուցահանդեսը, որը բաց է մնալու մինչեւ դեկտեմբերի 23-ը: Նկարչի թոռան եւ Արշիլ Գորկի հաստատության նախագահ Սասկիա Սփենդերի կազմակերպած ցուցահանդեսում ներկայացվել են, ըստ «Միրոր-Սփեթեյթրի» վկայության, ավելի քան 50 բնապատկերներՙ ստեղծված նկարչի կյանքի ամենակրիտիկական ժամանակներում: Ցուցահանդեսը բացառապես նվիրված է նրա հասուն գործերին, երբ ապրելով «Քրուքիդ Ռան ֆարմում» նա իր համար նորովի է բացահայտել բնության զարթոնքը, կարոտով հիշել իր մանկության տարիները Վանա լճի ափերին: Միջավայրին օտար լինելով նա իր ուրույն տեղն է զբաղեցրել ամերիկյան նկարչական արվեստի պատմության մեջ: Ցուցահանդեսի առիթով հրատարակելէ նաեւ լուսանկարներով հարուստ մի գեղեցիկ ալբոմ: Նոյեմբերի 21-ին պատկերասրահի հրատարակչատան գրադարանում տեղի է ունեցել Կոզիմա Սփենտերի «Առանց Գորկու» (Without Gorky) ֆիլմի ցուցադրումը: Նկար 1. «Անվերնագիր, 1944-45» մատիտանկար թղթի վրա Նկար 2. «Հովվերգություն», 1947թ. յուղանկար |