«ԽՈՐԱՄԱՆԿ ԹԻԹԵՌՆԻԿ» ՆՈՒՆԵՆ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Ռուսական քաղաքական շարժումների պատմությունն ավանդել է մի շարք հայուհիների անուններ, որոնց գործունեությունը, նման գործիչների մեծ մասի պես, պատմության վերաիմաստավորման հետ մեկտեղ արժեզրկվել եւ մոռացվել է: Սակայն նրանցից մեկն իր հետագա մշակութային գործունեությամբ անմահացել է արվեստի պատմության մեջ: Խոսքը Նինա Աղաջանովա-Շուտկոյի մասին է, որին վիճակվել է լինել բոլոր ժամանակների տաս լավագույն կինոնկարներից մեկը համարվող Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» նշանավոր ստեղծագործության սցենարի հեղինակը: 1889-ի հոկտեմբերի 27-ին Եկատերինոդարում ծնված Նունե Փինարդոսի Աղաջանյանը հետագայում պիտի հայտնի լիներ որպես Նինա Ֆերդինանդովնա Աղաջանովա (ազգանվանն ավելացնելով նաեւ ամուսնու ազգանունըՙ Շուտկո): Հայրըՙ առեւտրական Փինարդոս Մարտիրոսի Աղաջանյանը, տրապիզոնցի էր, որը երիտասարդության տարիներին մասնակցել էր հակաօսմանյան ընդհատակյա շարժմանը, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո փախել Ռուսաստան: Հաստատվելով Եկատերինոդարումՙ զբաղվել է առեւտրով, հասել բարեկեցիկ դիրքի: Ամուսնացել է թեմրյուկցի գեղեցկատես հայուհի Մարիամ Հովհաննեսի Աջանովայի (Աջանյան) հետ, ունեցել Նունե դստերը եւ Գրիգոր որդուն: Կնոջ մահից հետո Փինարդոս-Ֆերդինանդը ամուսնացել է քենու հետ, որից ունեցել է Լելյա դստերը: Նունեն ծննդավայրում հաճախել է մանկավարժական դասընթացների, իսկ Մոսկվայում ուսանել մանկավարժական դասընթացների պատմա-բանասիրական բաժանմունքում: Տակավին գիմնազիայի ուսանողուհիՙ 1907-ին դարձել է բոլշեւիկյան կուսակցության անդամ, զբաղվել ընդհատակյա գործունեությամբ Վորոնեժում, Օրյոլում, Մոսկվայում, Իվանովո-Վոզնեսենսկում, Պետերբուրգում: Ապրել է այլ ազգանվամբ, հինգ անգամ ձերբակալվել է եւ երկու անգամ աքսորվել: Նունե-Նինան եղել է արագաշարժ, եռանդուն, ճարպիկ անձնավորություն. պատահական չէ, որ ոստիկանական խուզարկուները նրա մականունը դրել են «Խորամանկ» կամ «Թիթեռնիկ»: Նինա Աղաջանովան 1914-ին եղել է «Ռաբոտնիցա» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1917-ին ընտրվել բոլշեւիկյան կուսակցության Պետրոգրադի եւ Վիբորգի կոմիտեների անդամ եւ Վիբորգի շրջանի պետրոգրադյան խորհրդի պատգամավոր: Պետրոգրադում 1917-ի փետրվարին կազմակերպել է կանանց ցույցեր, մասնակցել «Կրեստի» բանտի գրավմանը, Ֆինլանդական կայարանում հանդիպել է Լենինին եւ Վիբորգյան շրջկոմի պատվիրակների հետ հանձնել նրա կուսակցական տոմսը: Ամռանը մասնակցել է Պետրոգրադի բոլշեւիկների երկրորդ համաժողովին, իսկ աշնանը եղել այն անձանց շարքում, ովքեր պատրաստել են Վիբորգյան շրջանի խռովությանը: Բոլշեւիկներիՙ իշխանության գլուխ անցնելուց հետո Աղաջանովան նշանակվել է Աշխատանքի ժողովրդական կոմիսարիատի գործերի կառավարիչ: Ռուսական քաղաքացիական պատերազմի տարիներին նա աշխատել է ընդհատակումՙ Նովոռոսիյսկում եւ Ռոստովում, Բելոռուսիայի ռազմահեղափոխական կոմիտեում, արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատում, Կոմինտերնում: 1921-1922 թթ. դիվանագիտական աշխատանք է կատարել Պրահայի խորհրդային դեսպանատանը: Գաղափարային կրքոտ համոզվածությամբ տոգորված Նինա Աղաջանովան կինոաշխարհ է եկել 1924-ինՙ խորհրդային կինեմատոգրաֆի կայացման վաղ փուլում, աշխատանքի անցնելով «Մեժռաբպոմֆիլմ» կինոստուդիայում: Ամուսինըՙ Կիրիլ Շուտկոն, 1920-ականներին եղել է Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի կինոյի գործով վարիչը: Նինա Աղաջանովայի սցենարով էկրան բարձրացած առաջին կինոնկարը Բ. Չայկովսկու եւ Օ. Ռախմանովայի «Սպիտակների թիկունքում» ֆիլմն էր (1925): 1925-ին ռուսական առաջին հեղափոխության 20-ամյակի առնչությամբ Համառուսական կենտրոնական գործադիր կոմիտեի հոբելյանական հանձնախումբը հաստատել է Աղաջանովայի «1905 թվականը» կինոսցենարը: Ծխախոտի թղթի մի քանի թերթի վրա նա գրի է առել 1905 թվականի կարեւոր իրադարձություններըՙ Պրեսնյայի կռիվները, համառուսական երկաթուղային գործադուլը, «Պոտյոմկին» զրահանավի ապստամբությունը: Հենց Աղաջանովայի առաջարկով են ֆիլմի բեմադրիչ հրավիրել 27-ամյա Սերգեյ Էյզենշտեյնին, որի դեբյուտըՙ «Գործադուլը», համարվում էր «առաջին պրոլետարական ճշմարտացի ֆիլմը»: Կիրիլ Շուտկոն Էյզենշտեյնին հրավիրել է որոշ ժամանակ ապրել եւ աշխատել մերձմոսկովյան իրենց ամառանոցում: Ստեղծագործական միջավայր էր (այդ տանը Շուտկո ամուսիններից բացի տարբեր հարկաբաժիներ էին զբաղեցնում հայտնի գրող Իսակ Բաբելը եւ նկարիչ Կազիմիր Մալեւիչը): Հայազգի սցենարիստուհու եւ երիտասարդ կինոբեմադրիչի աշխատանքի ընթացքում «1905 թվականի» «Պոտյոմկինի» դրվագը վերածվել է ինքնուրույն սցենարի, որի հիման վրա էլ նույն թվականին ստեղծվել է մինչ օրս իր արտակարգ պաթոսով ու նկարահանման աննախադեպ վարպետությամբ զարմացնող էյզենշտեյնյան կինոգլուխգործոցը: Տեղին է նշել, որ վաղ երիտասարդության տարիներինՙ 1902 եւ 1905 թթ., Նինա Աղաջանովան երկու անգամ անձամբ տեսել է «Իշխան Պոտյոմկին Տավրիչեսկի» զրահանավը: Նինա Աղաջանովա-Շուտկոն հեղինակել է նաեւ ռեժիսորներ Ա. Ռոմմի, Լ. Շեֆֆերի, Ա. Պերեգուդայի եւ Լ. Մուրի «Կրասնայա Պրեսնյա» (1926), Յա. Ուրինովի «Նավաստի Իվան Գալաչ» (1929), Վ. Պուդովկինի «Դասալիքը» (1933, Ա. Լաբեզնիկովի եւ Մ. Կրասնոստավսկիի համագործակցությամբՙ) շարժանկարների բեմագրերը: Նա հանդես է եկել նաեւ որպես բեմադրիչՙ Լեւ Կուլեշովի հետ 1930-ին նկարահանելով «Երկու Բուլդի երկու» ֆիլմը` ռուսական քաղաքացիական պատերազմի տարիներին կրկեսի արտիստների ճակատագրի մասին (սցենարի համահեղինակՙ Օսիպ Բրիկ): Գրել է նաեւ պատմվածքներ («Տրամվայի կանգառը», «1941 թվական») եւ հոդվածներ («Ինչ գրեցինք եւ ինչ տեսանք էկրանին», «Ով կարող է լինել սցենարի հեղինակ» եւ այլն), որոնցում քիչ չեն ուշագրավ դիտարկումները (օրինակ, «Անցյալը, ներկան եւ ապագան համեմատելու, տեսնելու կարողության մեջ են միայն ճանաչվում իրական մարդկային արժեքները»): Իր հուշերում Էյզենշտեյնը Աղաջանովային է նվիրել մի գլուխՙ «Նունեն» վերտառությամբ, որտեղ գրել է մասնավորապես հետեւյալը. «Որպեսզի չվախեցնեմ ընթերցողին, միանգամից ասենք, որ Նունեն Նինա անվան հայկական ձեւն է: ....Նինա Ֆերդինանդովնա Աղաջանովան փոքրահասակ էր, կապուտաչյա, ամոթխած եւ անսահման համեստ: Նա այն մարդն էր, որն ինձ օգնության ձեռք մեկնեց իմ ստեղծագործական կյանքիՙ ինձ համար շատ ճգնաժամային մի պահի: Նրան հանձնարարվել էր հոբելյանական սցենար գրել 1905 թվականի մասին: Նա ինձ ընդգրկեց այդ գործում եւ ամուր ձեռքով ինձ կանգնեցրեց կոնկրետ աշխատանքի ամուր հողինՙ ի հեճուկս վիճաբանելու բոլոր գայթակղություններին եւ Պրոլետկուլտի կողմից ինձ սպառնացող անախորժությունների մթնոլորտում կռվելու չարաճճի տրամադրությանը: Նունեն իր փոքրիկ սամովարի կողքին ինչ-որ զարմանալի կերպով կարողացավ հավաքել եւ բանականության ու ստեղծագործական անդորրի ուղու վրա դնել ինքնասիրությունը վիրավորված եւ ճակատագրից նեղացած բազմաթիվ մարդկանց: Որքան այդպիսի «զարկված» եւ «վնասված» խռովարարների, ամենից հաճախՙ արվեստի «ձախ օպորտունիստների» եւ «էքստրեմիստների» եմ հանդիպել ես այստեղ, նրա հարմարավետ թեյասեղանի շուրջը: ....Սակայն Նունեն ավելին արեց: Նա ինձ ոչ միայն ներգրավեց բավական պատվավոր աշխատանքի մեջ: Նա ինձ ներգրավեց պատմահեղափոխական անցյալի իսկական զգացողության մեջ: Չնայած իր երիտասարդությանըՙ նա ինքն էլ կենդանի (եւ շատ պատասխանատու) մասնակիցն էր եղել նախահոկտեմբերյան հեղափոխական ժամանակաշրջանի ընդհատակյա աշխատանքի: Այդ իսկ պատճառով նրա հետ զրույցներում անցյալի պայքարի ամեն մի բնութագրական դրվագ դառնում էր կենդանի բաբախող «իրականություն»ՙ դադարելով լինել պաշտոնական պատմության չոր տող կամ մի համեղ պատառ «դետեկտիվ» ժանրի համար : Բավական հայտնի է «Պոտյոմկինի» ծննդյան «անհասկանալի» պատմությունը: Պատմություն այն մասին, թե ինչպես այդ ֆիլմը ծնվեց «1905 թվականը» սցենարի կես էջից, որը սկիզբ առավ Նինա Ֆերդինանդովնայի հետ համատեղ աշխատանքից, 1925 թվականի ամռանը: ....Երանի հիմա շատ լինեին հենց նմա՛ն սցենարիստները, որոնք իրենց արհեստի բոլոր ենթադրյալ հնարքներից վեր կարողանային իրենց ռեժիսորներին տանել ամբողջ դարաշրջանի պատմա-զգացմունքային զգացողության մեջ այնպես խորաթափանց կերպով, ինչպես որ անում էր Նունե Աղաջանովան : ....Նունե Աղաջանովան շատ ավելին արեց: Պատմահեղափոխական անցյալի միջով նա ինձ բերեց դեպի պատմահեղափոխական ներկան: Նունեն առաջին բոլշեւիկ մարդն էր, որին ես հանդիպեցի ո՛չ որպես «զինկոմի»...., ո՛չ որպես «ղեկավարի»...., այլ հենց որպես մարդու: Մտավորականի համար, որը հեղափոխությանն առնչվել էր 1917 թվականից հետո, անխուսափելի է եղել «ես»-ի եւ «նրանք»-ի փուլը, մինչեւ որ տեղի կունենար խորհրդային հեղափոխական «մենք»-ի հասկացողության միաձուլումը: Եվ այդ անցումի մեջ ինձ ամուր կերպով օգնեց փոքրիկ, կապուտաչյա, ամոթխած, անսահման համեստ եւ սիրելի Նունե Աղաջանովան: Եվ դրա համարՙ նրան իմ ամենաջերմ շնորհակալությունը...»: Նինա Աղաջանովա-Շուտկոյի մասին ջերմ հուշեր է գրել նաեւ նրա ուսանող, փիլիսոփա, հրապարակախոս, քննադատ Վլադիմիր Ռազումնին : Հայազգի սցենարիստուհին ԿՀՊԻ-ում եղել է նրա դիպլոմային աշխատանքի խորհրդատուն: Ռազումնին նրան հիշել է որպես «փորձառու, նուրբ մանկավարժի, որ վճռել է շատ տաղանդավոր գրողների ճակատագիրը: ....Մինչեւ հիմա հիանում եմ այն մանկավարժական տակտով, որով Նինա Ֆերդինանդովնան զրուցում էր անսահման տարբեր մասշտաբի տեր ուսանողների հետ: Նրա յուրաքանչյուր, երբեմն բավական խիստ դիտողությունները չէին սպանում, այլ բարձրացնում էին բոլորին, ում հետ նա շփվում էր որպես մանկավարժ եւ խորհրդատու: ....Քիչ ժամանակ չանցավ, եւ Նինա Ֆերդինանդովնան վերջապես 1949 թվականին ստացավ դոցենտի կոչում, չնայած էլ ո՞վ, եթե ոչ նա՛ պիտի լիներ սցենարական վարպետության ամբիոնի պրոֆեսոր: Կրկին չդիմացա եւ խնդրեցի ներկա լինել նրաՙ պաքսիմատներով ավանդական թեյախմությանը: Միակ բանը, որ այդ դաժան տարիներին կարող էի նրան նվիրել, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտի ասպիրանտուրա ընդունվելու մասին քաղվածքն էր, որով նախասահմանվեց իմ ողջ հետագա ստեղծագործական կյանքը որպես դասախոս, հրապարակախոս, գիտնական: Նվիրել եւ համբուրել նրա կանացի փոքր ձեռքը, նրա, որի պայծառ աչքերի լույսը լուսավորել էր նրա աշակերտներից շատերի ապագան, որոնք իրենց պատվավոր տեղը գտան մեր ամենեւին ոչ դյուրին կյանքում...» : Աղաջանովա-Շուտկոն 1934-1938 թթ. աշխատել է Ռիգայի խորհրդային դեսպանատանը: 1939-ին վերադարձել է կինո, եղել «Սոյուզդետֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչի տեղակալ, գլխավոր խմբագիր եւ խորհրդատու: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է էվակուացիայումՙ Տաջիկստանում: 1945-1952 թթ. Նինա Աղաջանովան սցենարական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (1949-ից եղել «Կինոյի դրամատուրգիա» ամբիոնի դոցենտ): Վախճանվել է 1974-ի դեկտեմբերի 14-ին, Մոսկվայում: Աղաջանովա-Շուտկոյի մասին է Ի. Լեյբերովի եւ Զ. Պորեգուդովայի «Նունեի սխրանքը» գիրքը (Լենինգրադ, 1985): Եվ վերջում ավելացնենք, որ Նինա Աղաջանովան անտարբեր չի եղել իր ժողովրդի հանդեպ. դրա վկայությունն են նրա անձնական արխիվում պահվող հայ ժողովրդի պատմության, ռուսական քաղաքական շարժմանը հայ կանանց մասնակցության վերաբերյալ տարբեր նյութերը... |